Հետո անտառն սկսեցին կտրել
Սկսվեց նրանից, որ ճրագթաթն անտառ էր։
Գարունը գալիս է ներքևից, անտառը շագանակագույն դարձնելով բարձրանում է վեր։ Մութ-շագանակագույնին հետևում է բացը, ապա ներքևում ինչ-որ տեղ բացվում ու հանգիստ ծավալվում է դեպի վեր՝ կանաչը։ Ձմեռը գնում-կանգնում է Զարդաքար սարի կատարին. թագի պես բոլորված ամպի տակ միայն մատանու ակի չափ ձյուն է մնում՝ առնված ջերմ գարնան մեջ։ Տերևը դեպի Զարդաքար գնում է կկվի կանչերով։ Կկուն հայտնում է ամեն մի ծառի կանաչելը և ամեն մի բողբոջի ճմլկոտելը արթնանալիս։ Անտառը շատ է մեծ, և դուրս է գալիս, որ կկուն է շատ խոսում։ Գետի զահլան գնում է. Լշշեցինք, հիշշում ենք, նոր աշշացիր... Վա՜հ... այշպեշ էլ շատախխոշշշ... Ուրեմն գետը խոսում է գրական հայերենով, բայց շվվոցով որովհետև ատամները թափված են։ Իսկ կկուն չի վիրավորվում, որովհետև գիտի, որ գետը ծեր է ու անքնությունից դժգոհ, և կկուն շարունակում է իմաց տալ բողբոջների բացվելու մասին՝ մինչև անտառի վերջին ծառը։
Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին մգանում է կենտ հաճարենու տերևը. մուգն սկսվում է այդտեղից, կամաց բարձրանում, հասնում Զարդաքարի լանջը։ Ու հենց մուգ կանաչ է դառնում լանջի կենտ բոխին, անլսելի ելևէջ տալով, մշուշ են դառնում, անէանում սարի գլխին ամպի տակ կուչ եկած վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ։ Անէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած՝ նոր ձյուն... Դա ամռան վերջը և աշնան սկիզբն է։ Անտառը կարմրում է։ Լո՜ւռ... Ինչ-որ տեղ միայն՝ զա՜նգ՛ զնգում է ժայռից քամվող աղբյուրը։
Ձորերի վրա մի այնպիսի տխուր մեղեդի է կախում անտառը...
Ահ, չեք տեսել ճրագթաթը, ձեզ ի՜նչ եմ ասում...
Հա, սկսվեց նրանից, որ ճրագթաթն անտառ էր, իսկ անտառը ձորերի վրա տխուր մեղեդի չի կախում։ Ընդհակառակը... շինափայտ ու վառելափայտ է անտառը և հարկավոր է շահագործել։ Եվ գետն ի վեր, ձորով բարձրացավ Հրաչիկ Մաթևոսյանի ճանապարհանախագծային բրիգադը։ Հրաչիկն ահնիձորցի է, ալարկոտ։ Գյուղի կարծիքով նրանից մարդ դուրս չի գա։ Այսինքն՝ ծիծաղով սկսվեց աշխույժ կյանքը Ահնիձորում։ «Հրաչիկը ճամփա է քաշում։ Ահնիձորը քաղաքի հետ պիտի կապի»։ Իսկ Հրաչիկը, ծխախոտը բերանին, իր գործին էր. սկսեց Սոթի կամրջից՝ խճուղու ծայրից, հասավ գյուղ, պլանի մեջ գցեց հոր ցանկապատը, իննսուն տարեկան Ավագ պապի հազար տարեկան բոխին, Քարկապ ժայռը։ Հո՜ւ, Քարկապը... Հրաչիկը տեղանքը թուղթ է դարձրել, Քարկապը նշանակել խաչով ու, պապիրոսր բերանին, ճամփան Քարկապից այն կողմ է անցկացնում... Հիշեցին, աշխարհ հանեցին Հրաչիկի՝ երբ դեռ գյուղից չէր հեռացել այն ժամանակվա ալարկոտ հրամանատարությունը. կկանգներ աշխատողի կողքին ու՝ «այստեղ պիտի քար լինի, այստեղ պիտի տախտակ խփվի, այստեղ դրվի ծուռ խողովակ, ուրիշ կերպ ջուրը դուրս չի բերվի», և ոտքով, ձեռքերը գրպաններում, ցույց կտար, թե ուրիշ ինչ պիտի արվի, որ գործը գլուխ բերվի... Հները հիշեցին, Քարկապն ավելացրին դրանց ու մի լավ ծիծաղեցին։ Սարերում քիրվա-թուրքերի հետ խմելիս Հրաչիկին նրանց այսպես ներկայացրին» «Թոմա Սարքիսին օղլու դուր, ինջիներ դըր»։
Հրաչիկը գնաց՝ թողնելով, որտեղ ճանապարհը շրջադարձ էր տալու, Vr70 նշանները, որտեղ քար էր՝ շրշանագիծ՝ մեջը կետ, որ նշանակում է ուժանակ, և թողնելով անեկդոտներ։
Ծիծաղը կիսատ մնաց, որովհետև դեպի ձորերը գրոհի նետվեց Երանոս Գասպարյանի՝ ճանապարհաշինարարների մոտորացված բանակը։ Որտեղ Հրաչիկը ոչինչ չէր նշանակել, բուլդոզերը լայնեց ու հարթեց, որտեղ մեջը կետով շրջանագիծ էր նշանակել կանգնեց ծակող մեքենան։ M֊K նշանը դարձավ կամրջակ, ոլորան։