Ղողանջ՝ համազանգի արձագանքով
Հայ դպրության մեջ Սյունիքը հազար հինգ հարյուր տարի հերոսանում էր, դավաճանում էր, իմաստնանում էր, դառնում էր միջնաշխարհ, կուսաշխարհ, մենաշխարհ և սակայն մնում էր հայոց աշխարհագրական բազում աշխարհներից մեկը։ Հետո Սյունիքով անցավ Ակսել Բակունցը, և այդ երկիրը բնակեցվեց զարմանալի թախծոտ, սրամիտ և արդար մարդկանց մի մեծ բազմությամբ.- Դիլան դայու երկար կյանքի համար միջնասյուն է դարձել եղած, անցած-գնացած մի կին, դարձել է, որովհետև եղել է միակը, և նրա ապրած այդ միակ օրը շաղախված է արյամբ. որսորդ Ավու հուշերի հովիտներում ապրում է կյանքի դաժան հրճվանքը՝ մի կապուկ ցախի համար կռիվը արջի հետ. Սաքանը քաղաքաբնակ կնոջ մերկ ազդր է տեսել և այլևս չի տեսնելու. Վանդունց Բադին մի անգամ հպարտացավ որդիով, գրեթե խրոխտացավ և ահա դարձյալ մտել է փայտի շալակի տակ, որդուն սպանել են. ծառի՛ պես, խոտի՛ պես, անմռունչ անասունի՛ պես հողից աճեց Պետին, մի անգամ թաքուն հրճվեց՝ երբ տուն ու կին ունենալու միտքը խլրտաց նրա երակներում, և ահա որպես հնձած խոտ անշշուկ ընկել է և իր ավիշն ու ոսկորները վերադարձնում է հողին, իսկ Խոնարհ աղջիկը գրեթե մեղսավոր է, քանի որ ուսուցիչը կպել է նրա ձեռքին և ասել «Խոնարհս...», և գյուղից հեռանալիս ուսուցիչը ձորի գլխից ձեռքով է արել դեպի արտը, ուր Խոնարհը կանգնել էր՝ ձեռքին քաղհանի բիրը, կարմիր կակաչ և մոլախոտի մի կապ. «Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա». հետո անցավ տասներկու տարի, «դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները։ Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս։ Այս տարվա ժանտախտից էին խոսում։ Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն։ Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտքերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած։ Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա։ Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը։
Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը։
- Հետո մի ճար կլինի,- ասաց։
Ամուսինն անցյալ տարի էր մեռել։ Ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը։ Իսկ տանն ուրիշ աշխատող չկա։
Ես ճանաչեցի Խոնարհին։ Բայց չգիտեմ նա ինձ ճանաչե՞ց...»։
Չճանաչեց։ Բակունցյան հերոսները մեկ անգամ են «ճանաչում»։ Եվ ակսելյան աշխարհի այս բոլոր բնակիչների ճակատին գրած է. ճաշակելով ճաշակեցի զսակավ մի մեղր և ահա մեռանիցեմ։
Նա գյուղատնտես էր և լրագրող. ուսուցանում էր, թե ինչպես է հարկավոր խնամել վիկի ցանքսը և համրում էր, թե քանի մարդ ու գյուղ է մնացել հին խաչքարերի ու մատուռների երկրում եղեռնից ու քաղաքացիական կռիվներից հետո. նրա ակնարկները երբեմն ֆոտոմեղադրանքներ էին, երբեմն օգնության կանչեր, հաճախ՝ կծու ֆելիետոններ և նրանցում կարծես թե չկար ինքնանկարող արվեստագետը։ «Զսակավ մի մեղրը» ոչ թե գեղագիտական սկզբունք էր, այլ ժամանակի իրականության ճշգրիտ պատկեր։ Դժվար կյանք - լավի կարոտ - դժվար կյանք - խորտակված կարոտ փշալարն իր մեջ էր հավաքել բնորդների մի մեծ բազմություն, որ իր ժամանակագրին ու կենսագրին պարտադրում էր իր կյանքի վերուվարումների հետագիծը։ «Զսակավ մի մեղրի» գեղագիտական «շատությունը» վրա հասավ որպես կուտակված կենսափորձի ինքնաբուխ ժայթքում՝ տեղափոխվելով բնորդների կենսագրության ոլորտից արձակագրի պոետիկայի ոլորտ։ Դա միջավայրի և անհատի, միջավայրի և «դեպքի» եթե ոչ հակադրման, ապա գոնե անհարիրության գեղագիտությունն էր՝ երբ միջավայրը իրենով, ինքնին «չուզենալով» ցայտունացնում է անհատի և «դեպքի» գույնը, նրանց դարձնելով կենտրոն, միակ, անկրկնելի։ Դա բացարձակ սև ֆոնի վրա սպիտակ կետի գեղեցկությունն է, կամ, իր բառերով՝ «մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ»։
«Խոնարհ աղջիկը» սիրո մասին է։ Ես հավակնում եմ ընդգրկել ամբողջ այն բառամթերքը, որով շրջապատված է «մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին» նախադասությունը այո՛, հենց նախադասությունը. ձմեռ, վիզը ծուռ որսորդ, հիշողությունը թուլացած ծերունի, ցեխ, աղբաջուր, երեխաներ, շարականի գիրք. «հայրը գնում էր առջևից՝ չոր ցախի կապը շալակին», «մյուսների պես ճուտիկն էլ մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, ճուտիկը փաթաթվեց ծնկներիս»,- մի խոսքով՝ հին գյուղ, հին գյուղի ձմեռ, գորշություն, «ութ-տասը տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին», և այդ գորշության շնորհիվ գեղեցկություն ու սեր դարձող մի Խոնարհ աղջիկ, որ «մի քիչ հեռու կանգնել էր՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին»։ Շրջանառության մեջ չեն դրվել սիրել բառը և աղջկա նկարագրական գովքը. այդպես՝ մեր հին շինարար-վարպետները վանքերի համար ոչ թե վիթխարի ու բազում զանգեր էին անում, այլ զգայուն արձագանքիչներ. ոչ թե նախշազարդում էին վանքերն ու իջևանատները, այլ միակ զարդը հնչեցնում էին զարդախմբերի ուժով։ Բակունցն այդ վարպետների զուգահեռ սկիզբն է մեր արձակի մեջ։
Հաղթահարելով գեղեցիկ բառի խարդավանքը, նա հասավ ճշգրիտ բառի գեղեցկությանը, ավելին՝ վրիպած բառի ճշգրտությանը։ Հաղթահարելով բուն նյութին, կարևորին, կենտրոնին, կորիզին կարճ ճանապարհով հասնելու խարդավանքը, նա վրիպած բառերով պատմեց երկրորդականի, կողմնակիի, քչի, ոչ էականի, արձագանքի մասին, և այդ պատմությունները այսօր մեզ համար երկու տասնյակի հասնող գլուխգործոցներ են, քանի որ անպտուղ չորացած կանայք պատերազմի մասին շատ ավելի են ասում, քան ինքնաթիռ-ռումբ-տոննա-բանակներ համապարփակ նկարագրությունը։ Պաուստովսկու՝ այլ գալակտիկաներից վերադարձող աստղագնացը մեր վիթխարի հողագնդից հիշում է սամիթի բույրը արևի տակ։ Բակունցի գործերում «հիշատակվում է» ահա հենց այդ կարևոր երկրորդականը, հենց այդ երկրորդական մնայունը։ Քչի այդ շատությունը, անշարժության այդ թափը հիշեցնում է Սանահինի կամրջի բարձրաքանդակ առյուծները. այդ առյուծները, կամրջի որձաքարե բազրիքներին, ճապաղված դարան են պահել. նրանք քար են, բայց և ոստյունի պատրաստ առյուծ։
Չարենցի զգայուն աչքը նրա գյուղագրության, գյուղանկարագրության, ակնարկների, թղթակցությունների, ձախողումների և շուրջ քսան բացարձակ գլուխգործոցների միջից առանձնացրել է այն մնայունը, ինչի համար որ մենք հիմա նրան մեծ ենք համարում.
... Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան...
«Գրական թերթ», 20.06.1969թ.