Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Շուշանիկ Կուրղինյան

Հավերժական զրույցներ

Թող օրհնվի պայքարն անհաշտ
Մտքերի․
Եվ չզիջող պահանջները
Ալեկոծ․
Ե՛վ տարաժամ հորձանքն անզուսպ
Կրքերի,
Կյանքն՝ անարժեք, ճիչն՝ հուսահատ,
Լացն ու կոծ․
Երբ երկնում է՝ ցավն է լափում
Ամեն ինչ․
Երկունքի դեմ զենք մեկնելու
Չիք ոչինչ․․․
Ընկերացած ամբոխն ահա
Աներկյուղ
Ավերում է ապարանքներ,
Շեն ու գյուղ․
Հոր կերտածը որդին կանե
Հիմնատակ,
Եղբոր սրից եղբայրն է հեզ
Նահատակ։
Երբ երկնում է՝ պիտի ծնվի
Անարգելք․
Երկունքով միշտ լուծվում է պարզ
Ամեն ելք․․․
Հայրենիքներ ընկան, ելան
Եվ կընկնեն․
Ազգերն անփորձ նոր պատրանքներ
Կը գտնեն։
Եվ ոճրագործ հերոսների
Վաշտերով
Մահ կը շրջե դալարազարդ
Դաշտերով։
Երբ երկնում է՝ լինում է ցավ
Եվ արյուն․
Երկունքով է ծնվում կյանքին
Այգ, գարուն․․․
Ու երբ հանգչի մարդը հզոր,
Գերիմաստ,
Բաղձանքների թափը լինի
Վեհ, զգաստ՝
Ա՜հ, ապրեի գեթ մի վայրկյան,
Ակնթարթ,
Իրավունքիս սրբազան տեր,
Ազա՜տ մարդ՝
Երբ երկնում էր՝ ես խոստացա
Ողջակեզ,
Որ քե՛զ համար մնամ կայուն,
Սիրեմ քեզ․․․



1918 թ. 17 դեկտեմբերի