Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Ատրպետ

Մարդավարի հաց ուտել

−Ազիզ սահաբ,− ասաց վաճառականն իր օտար հյուրին, որը նվիրական Քեր-Բելա քաղաքից դուրս էր եկել իր հետևորդների մեջ շրջագայելու, անձամբ վերստուգելու նրանց կենցաղը,− կյանքումս երբեք աղոթքից ու ծոմից ետ չեմ մնացել, ուխտագնացությունս ինչպես Քյաբե, նույնպես Մեչեդ ու Նեջեֆ կատարել եմ, վաստակիս տասներորդը ամեն տարի հասցրել եմ ուր հարկն է, որ արժանավոր աղքատներին բաժանեն, զավակներիս դաստիարակել եմ ջերմեռանդության ոգով, ինքս երբեք օրինազանցության մեջ չեմ գտնվել, ո՛չ մի գործով էլ դատավորների դռները ո՛չ մաշել եմ, ո՛չ էլ կանչվել, ասա, խնդրում եմ, ես կարո՞ղ եմ իսկապես մյուսլիմ համարվել, թե դեռ պակասություն ունեմ։

− Ի՞նչ ասեմ, եղբա՛յր, դու ուզում ես մյուսլիմ համարվել, բայց ոչ միայն հավատացյալի պարտականություններից բոլորովին անտեղյակ ես, այլ հավատացյալին վայել հաց ուտել անգամ չգիտես:

Հյուրընկալը ընկավ խոր տխրության մեջ։ Նա, որ ամբողջ քսան տարի այդ սահաբի (տեր) միջոցով յուր վաստակի տասներորդը՝ տարեկան 2−3 հազար, ցրվել էր կարոտյալներին, որպեսզի ալլահի պատվերը կատարած լինի, հանկարծ այնպիսի տգետ և պակասավոր էր հայտարարվում իր դենպետից, որի արդարադատության և կատարելության մասին ոչ մի կասկած չէր կարող ունենալ։ Այս նկատողությունը խոր թախիծի մեջ սուզեց բարեպաշտ հաջուն, և նա ամբողջ քառորդ ժամ չկարողացավ լեզուն բաց անել, և երկու խոսքով մի հարց առաջադրել դենպետին։

Երբ մտավոր հույզերից սթափվեց, նորից հարց տվեց հաջին.

−Ազիզ սահաբ, ի՞նչ պակասություն ունիմ, որ ասում եք, թե օրինավոր կերպով հաց ուտել անգամ չգիտեմ։

− Ասա՛, խնդրում եմ, ինչպե՞ս եք սեղան բազմում։

− Նախ հարցնում եմ զավակներիս միջոցով իրենց մորից, թե արդյոք կերակուրը պատրա՞ստ է։ Երբ դրական պատասխան եմ ստանում, առաջարկում եմ սենյակը մաքրել սփռոցը փռել գորգի վրա, սեղանը զարդարել աղով, հացով, կանաչով և խորտիկներով, ալլահի տվածից ոչ մի զրկողության չեմ դատապարտում անձս և ընտանիքս։ Ապա լվացվում եմ. բոլորս մաքրված նստում ենք սեղանի, «Բիս միլլահ» (աստծու անունով) ասում ու կտրում ենք հացը և սկսում ճաշը կամ ընթրիքը։ Աշխատում ենք ո՛չ շորերս, ո՛չ էլ սեղանի փռոցները և կամ հացի մանրուքը չլափոտել։

− Վե՞րջը,– հարցրեց հյուրը։

− Վերջը ավելացածով կշտացնում ենք մեր բոլոր ծառայողներին և աղախիններին, որոնց երբեք չենք զրկում որևէ բաժնից, ինչ որ աչքերը տեսել է սեղանի վրա։

− Վե՞րջը։

Նորից լվացվում ենք, ալլահին փառք տալիս, ծխում ենք կալիոններս և հետևում մեր գործերին։

Տեսա՞ր, որ «մարդավարի հաց ուտել» անգամ չգիտես ես որ ասացի, մի՞թե կարծում էիր, թե ես ուզեցի քեզ անտեղի վրդովել։

Ուրեմն, Ազիզ սահաբ, խնդրում եմ ինձ ասեք, թե ի՞նչ պակասություն ունինք, որ կարողանանք ուղղվել։ Մեզ ավանդվածները կատարելապես գործադրում ենք, էլ ինչ որ չգիտենք, խնդրեմ սովորեցնեք։

Սեղան նստելուց առաջ պետք է ընկղմվել մտավոր աշխարհը և խղճին հարց տալ, թե արդյոք որևէ մերձավորի կամ հեռավորի խո՞ չեք զրկել։ Պետք է անկեղծությամբ խորհել. թե ձեզնից զրկանքի մատնվածը քաղցի, ծարավի, մերկության և ցրտի խո չէր դատապարտված, սրտով, հոգով խո գանգատ չի՞ բարձրացնում դեպի արարիչը ձեր դեմ կրած զրկանքների, տանջանքների մեջ։ Այն հացին, պանրին, մսին, մրգին ձեռ տալուց առաջ պետք է ներքին աշխարհի խղճին հարց տալ, թե արդյոք դրանց տերերի վարձը ամբողջությամբ վճարե՞լ ես, այդ վճարածդ դրամը քո հալալ ճակատիդ աշխատանքո՞վ ես ձեռք բերել, թե այդ դրամի մեջ ուրիշի քրտինքի մաս կա։ Ահա թե աղոթքից, լվացումից և ձևականությունից առաջ ինչ պարտականություն ունիս խղճիդ հետ վճռելու, որ ապա կարողանաս սեղանին մոտենալ։ Իսկապես իսլամի ամենագլխավոր պարտքն է, որ նախ զրկանքների մատնվածներին, ո՛վ ուզում է թող լինի, իսլամ թե ոչ-իսլամ, վերադարձնե կատարելապես իրեն չպատկանածը, որ ապա կարողանա արդարադատի վայել բարեխղճությամբ սեղան նստել։ Իսկ քանի որ այս չես կատարել մինչև օրս, ես քո սեղանին չեմ կարող մասնակցել։

Ասաց ու հեռացավ արդարադատ հյուրը, խռովելով հյուրընկալի սիրտն ու հոգին։


1909 թ.