Թախիծ
Ամայի փողոցում մեգ-մշուշ,
Լռություն է մեռած.
Կարոտ է իմ սիրտը քո անուշ
Գգվանքին, իմ երա՛զ…
Հեռավոր կողմերից, հեռավոր,
Հայտնվի՛ր լուսավառ,
Անհուն է գիշերըս ահավոր,
Եվ դժնի, և խավա՛ր։
Իմ սերը անարատ է ու խոր,
Իմ հոգին՝ հնազանդ,
Ամոքիր իմ սիրտը մենավոր,
Իմ թախիծը հիվանդ։
Մահից չեմ վախենում, գալիքին
Նայում եմ հավատով,
Կարոտ է սիրտըս քո հմայքին
Մաքուր ու հոգեթով։
Աղոթքըս պարզ է և նրբահյուս,
Մեռնողի վերջին կա՛նչ,
Հայտնվիր որպես լույս-արշալույս,
Իմ հոգուն մահատանջ…
Ամայի փողոցում մեգ-մշուշ,
Լռություն է մեռած..
Հայտնվիր հմայքով քո անուշ,
Իմ երա՛զ, իմ երա՛զ…