Yatuk Poem Յատուկ Պոէմ պոեմ

Վահան Տերյան

Դու խոսում ես, բայց կարծես

Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...

Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք...

Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո՝
Լիքը սիրով ու վշտով։

Դու չե՛ս, դու չե՛ս, հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում...

Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ,
Դառը տանջանք ու դադար,
Եվ սե՛ր, և վի՛շտ, և հեքիա՛թ...

Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն,
Անուշ թախծի լուսե երգ.
Փռվի՛ր, փռվի՛ր լուսե երգ.
Խաղաղությո՜ւն անեզերք...