Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին
Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս
Անհետ կորել, անցել է չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկիր իմ, կըվառվես վառման:
Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն: