Zapel Yesayan

Պատարագը

Առաջին կիրակին էր, որ պիտի անցկացնեինք Ադանայի մեջ. հազիվ թե լուսացած` արկածյալներու բազմությունը խռնված էր եկեղեցիին բակին մեջ. գլխիկոր և հուսաբեկ, ձեոքերնին ծալած կուրծքերնին վրա` այրիներու շարքը, դանդաղորեն ու երկչոտ քայլերով կդիմեր դեպի եկեղեցի, որովհետև Պատրիարքական պատվիրակ Գնել Ծ. Վարդապետ խոստացել էր պատարագ կատարել մեռելներու հոգեհանգստին ու սգավորներու մխիթարությանը համար: Մեծ հուզում մը կսավառներ դժբախտ ժողովուրդին վրա, որովհետև ընդարմացած ցավն առաջին օրերու ուժգնությամբ արթնացեր էր իրենց սրտերուն մեջ և ամեն մեկ գլուխ քանի մը մեռել ուներ լալիք:

Խարխափող գավազաններու աղմուկը կտնտնար բակին քարերուն վրա և կնշանակեր նաև պառավ կույրերը, որոնք ճակատնին երկնքին դարձուցած, ականջնին սրած ամենափոքրիկ շշուկին` կերթային դեպի խոստացված մխիթարությունը:

Ավերված ու քանդված քաղաքին մեջ միայն կանգուն մնացած Հայոց առաջնորդական եկեղեցիին բարձր աշտարակը կարծես կնայեր իր շուրջի ավերակներուն. ու զանգակը համրացած` կկախվեր հոն անդամալույծ լեզվի մը պես, որովհետև աղետի օրեն ի վեր անոր տխրագին կամ ցնծուն ղողանջները լռեցուցեր էին սուգի համար:

Երբ մենք մտանք եկեղեցի, պատարագը սկսած էր արդեն: Խուռն բազմություն մը, գրեթե բոլորովին կազմված այրիներե և որբուհիներե, կլցներ տաճարը, գավիթներն ու վերնատունը: Ճերմակ քողերու և լաչակներու ներքև ծածկված այդ սգավոր գլուխներու անվերջ տողանցումը փոթորկալի վետվետում մըն ուներ: Ցնցոտիներով ծածկված, խղճալի ու թշվառ կանացի ամբոխին մեջ` այրերը ցանցառ բացառություն կկազմեին, մեծ մասով անդամահատ ու խեղանդամ, այս վերջինները սեղմված էին դասին ետևը, իրենց ամեն մեկ շարժումին հականեխականներու բարկ հոտը կսպրդեր վիրակապներու ներքևեն ու կհիշեցներ դեռ չբուժված վերքերը ու այն օրերուն, այն սև օրերուն թափված արյունը… տժգույն ու դողահար, անարյունած իրենց ստացած վերքերեն ու անկե հուսաբեկ քան այրիացածները, լռին ու չոր ու տենդոտ աչքերով կհետևեին արարողության:

Անսահմանելի խռովք մը կթրթռար մթնոլորտին մեջ. խունկի թանձր ծվեններ կբարձրանային ու հետզհետե անոսրանալով կծածանեին ու կքողարկեին եկեղեցիին ձեղունը. երկու կողմերեն պատուհաններեն եկող լույսը սատափի տմույն ցոլք մը կստանար խառնվելով այդ բուրումնավետ ամպերուն, և երբեմն ժողովուրդը կծածկվեր խորհրդավոր կես մութի մը մեջ ու պատարագվորին ձայնը դողդոջուն և կրոնական հրայրքով մը լեցուն՝ կբարձրանար համրորեն հույլ և նվիրական ելևէջներով այդ արկածյալներու ամբոխին վրա, որ հազիվ կխեղդեր իր հեծեծանքը:

Դասը կանգնած էին խստադեմ ու տխուր քահանաներ, ամենքն ալ մեյ մեկ աղետյալ վայրե հրաշքով ազատված ու ապաստանած հոտ: Անոնց արևակեզ դեմքերը շրջանակված էին ճերմակ մորուքներով և անոնց մթին աչքերը դեո պահած էին, արհավիրքի և սարսափի արտահայտությունը, երբ բազկատարած կհետևեին աղոթքներուն: Հոն էր Ադանայի փոխառաջնորդ Տեր Արսեն քահանան իր փղձկած դեմքով և ցավոտ աչքերով, պատրաստ ամեն րոպե արտասվելու. հոն էր Տյորթ-Յոլի Տեր Սահակ քահանան, արի և վես կանգնած, իր սակավապետ և խորհրդավոր երևույթով և որուն բազուկները դժկամելով ամուլ աղոթքներու համար բարձրանալու, սքեմի սև ծալքերու ներքևեն կարծես դեռ ինքնապաշտպանության օրերուն հրամանները կուրվագծեին: Հոն էին նաև տարբեր եկեղեցիներու պատկանող եկեղեցականներ, կաթոլիկ, բողոքական, հույն, ասորի և քաղդեացի. ամենքն ալ հավաքված Լուսավորչի բազմաչարչար եկեղեցիին մեջ, վերջին մարտիրոսներու հոգիի հանգստյան համար իրենց աղոթքն ըսելու և եղբայրանալու այն մեծ և անսահման վշտի արտահայտության մեջ, որ քանդած էր այլազան աղանդներու մեջ եղած բոլոր սահմանները: Այդ պատկերը կհիշեցներ քրիստոնեության առաջին դարերը. ուխտվածներու և զոհվածներու թափած արյան հետքերը դեռ խոնավ էին ու անոնց հոգին էր, որ կարծես կմխար ծածանող խունկի ալիքներուն մեջ: Որչափ ատեն որ ժողովուրդը ինքզինքը բռնեց, որքան ատեն որ հեծմունքներն ու հառաչանքները խեղդված մնացին իրենց կուրծքերուն մեջ, կարելի եղավ հետևիլ կրոնական արարողության… երբեմն ցավի և վերհիշումի սարսուռ մը կալեկոծեր սգավոր ամբոխը… երբեմն ալ մոլեռանդ տանջանքը խաղաղության ու հանգստի, կփայլատակեր աչքերուն մեջ… Այդ բյուրավոր նայվածքներու մոգությունը հետզհետե ցավագին զգայնություններով կտանջեր մեզ. այդ պահուն էր, որ պատարագվորը ժողովուրդին դարձած խաչակնքելու միջոցին մեջ ըսավ.

- Խաղաղությո՜ւն ամենեցուն…

Օ՜հ, այն տանջալի հառաչանքը, որով այդ սփոփարար խոսքերն ընդունվեցան. ժողովուրդին զանգվածն իր հիմեն դղրդեցավ ու արցունքներ հոսեցան մեղմորեն այտերու վրա. ու այդ խաղաղության բաղձանքը ոչ թե միայն այդ րոպեի համար էր, ոչ թե այդ որոշ մարդկային բեկորին համար, այլ անիկա կհնչեր բարձր ու անդիմադրելի, դարավոր տառապանքին տակ կքած ու հալածանքի ուրվականներեն մոլորած ցեղին համար:

Պատարագը կառաջանար, աղոթքներու և շարականներու մեղեդիներեն օրորված մտածումս կսլանար դեպի հեռուները, դեպի ապրած անցյալ սև օրերը. ինքզինքս լքած ցավի ալքերուն, կզգայի անհատականությանս աստիճանաբար նվազիլը հավաքական տառապանքի մեջ ու տաժանելիորեն կզարթնեի նորատեսակ գիտակցության մը.… ու այդ պահուն էր, որ հաղորդվեցա իմ ցեղիս ճշմարիտ ճակատագրին հետ…: Այդ պահուն էր, որ վերապրեցա բոլոր այն դժոխային տագնապները, որոնք պատմեր էին ինծի և որոնցմե հեռու և օտար մնացել էի այն օրերուն: Նույն եկեղեցիին մեջ… սարսափահար և հալածական ժողովուրդը հավաքված էր նույն այս տաճարին մեջ. այն օրն ալ կիները մեծամասնություն կկազմեին և ամեն անգամե, որ հրացանի մը ձայնը կթափանցեր պատերը, չէին գիտեր թե իրենցմե ո՞րն էր, որ այդ րոպեին կայրիանար… դուրսը կզարնեի՜ն, կզարնեի՜ն… աղջիկներ ու կիներ իրենց ճերմակ քողերուն մեջ պատանքված մեռելներու երևույթովը, մեկ րոպեեն մյուսը գույժերու կսպասեին… արյունը կհոսեր: Վերքերնին բաց, միսերնին պատառատուն թշնամիին գնդակներեն, քաղաքը պաշտպանողներեն ոմանք կուգային կռիվեն ու եկեղեցու շեմին վրա հոգինին կավանդեին, հոն ապաստանած իրենց սիրելիները փնտրելով խելահեղ և վերջին նայվածքով: Մեկ րոպեեն մյուսը սև խուժանին դիմադրող բազուկները կպակսեին, ուրիշներ կդառնային հևիհև, խեղանդամված և պայքարելու անկարող, և պետք չկար, որ տեսածնին պատմեին, որովհետև իրենց վառոդե սևցած դեմքերում վրա գրված էր ամբողջ արհավիրքը հուսահատության…:

Այդ նույն տաճարին մեջ էր… հրացանները կորոտային ավելի մերձավոր, ավելի հաճախ… ոգեվարներուն հռնդյունները խառն էին անեծքներով… կիները դողդոջուն կսեղմվեին՝ տեղ տալու վերադարձողներուն և իրենց պաղատող նայվածքներն իզուր կկառչեին սուրբերու և սրբուհիներու պատկերներուն…

Ինչո՞ւ անոնք, որոնց զորությանը հավատացեր էին միշտ, անկարեկիր և ցուրտ կմնային իրենց տառապանքին, ի՞նչ անեծք ու ի՞նչ պատիժ տնօրինած էր իրենց համար… ո՞ր կուտակված մեղքերու քավությանը համար էր, որ Աստված համր ու կույր կմնար, իբր թե բացակայած ըլլար սրբատեղիեն…:Հանկարծ լուսավոր և շառագույն հայտնություն մը երևաց պատերուն վրա… կրակի տվին, քաղաքը կայրեր. ամեն բան կորսված էր: Հետզհետե ավելի մոտ հրացանները կզարնեին ու գնդակները սուլելով կանցնեին եկեղեցիին պատերուն վրայեն: Օգնությո՜ւն… օգնությո՜ւն, ո՜վ Աստված մեր նախահայրերուն, քո անկարեկիր ու ոխակալ նայվածքդ մեյ մը մեզի դարձուր…: Բոցերը կպատեն ամեն կողմ, օճախները կքանդվին, հրացանները կորոտան ու հաղթական թշնամիին ամբոխը մոտ է, ու ամեն կյանք՝ պլպլացող լույսի մը պես անոր չարագուշակ շունչը կզգա իր վրա:

Այդ րոպեին սպիտակահեր ու ծերունի քահանա մը, տարիքեն դողդոջուն սրունքներն ամրացնելով՝ կերևա ժողովուրդին, ձեռքերը կբարձրացնե՜… - «Մտիկ ըրե՛ք, մեռնելու ժամը հասած է, Տերը Մեր Յիսուս Քրիստոս իր անքննելի տրամադրություններուն մեջ վճռեր է, որ անգամ մըն ալ իր հոտին անմեղ արյունը թափի… սուրերը սուրցած են ձեր պարանոցներուն համար և դահիճները ոգևորված են նախճիրի արբեցութենեն, ու արյունը պահ մը ետքը ձեր երակներուն մեջ չպիտի մնա… խոնարհեցե՛ք ձեր գլուխները ու արձակում խնդրեցեք ձեր մեղքերուն համար… վերջին ժամը հնչած է ու Աստծո ողորմությունն անսահմանափակ է…»: Հրացաններու խլացուցիչ և շտապ շտապ աղմուկին և տուշմանին մոլեգին աղաղակներուն մեջ, պահ մը ծերունի քահանային ձայնը կմարի, բայց անիկա կերկերաձայն կշարունակե թողություն արտասանել խոնարհացած ժողովուրդին վրա:

Բոցավառված երևակայությանս մեջ կշփոթվի այն օրը և այս օրը, որովհետև դարձյալ ժողովուրդը խոնարհած է և ինկած է գետնին, հնձված հասկերու նման. խորանին մեջ, պատարագվորին ձայնը սլացավ. «Խոնարհեալ երկիւղիւ երկրպագանեմ…»:

Ճակատնին գետնի քարերուն զարնելով, քամակը կորացած ժողովուրդը, կրոնական սարսուռե մը թրթռուն՝ իր ցավը մոռցավ… ու մխիթարությունը ճերմակ աղավնիի մը պես րոպե մը սավառնեցավ իրենց արցունքե աղոտացած աչքերուն առջև…: Բուրվառները կճոճեին ծեքծեքալով և խունկի ծվենները կթանձրանային, ու երբ գլուխնին բարձրացուցին' արցունքն ավելի առատ կհոսեր տանջված դեմքերու վրա:

Բայց երբ քիչ ետքը պատարագիչն արտասանեց գերագույն մաղթանքը.- «Հանգի՜ստ ոսկորներուն Կիլիկիո նահատակաց, արանց ու կանանց, ծերոց ու տղայոց, երիտասարդաց և կուսանաց», սգավոր ժողովրդին հուզմունքն այնպիսի աստիճանի մը հասավ, որ բարձրաձայն հեծկլտանքներու մեջ խեղդվեցան աղոթքին ձայները…: Անսահման վիշտեն ալեկոծված ամբոխը սկսավ աղաղակել, երբեք կարելի չէր երևակայել այն կատարյալ ու ցավագին ներդաշնակությունը, որ ինքնին առաջ կու գար և որ հոգեհանգստյան աղոթքին միանալով' զայն կամբողջացներ. պահ մը, միայն լսվեցավ ողբ ու հեծեծանք, մինչև ծերունի քահանաներուն խռպոտ և թավ ձայնը կպատասխաներ այդ ցավագին աղաղակներուն, հնամենի աղոթքներու նվիրագործված բանաձևերով ամոքելու համար այդ այրող Ցավը, որ ամեն մեկան սիրտը կբզկտեր:

Այդ մեկ օրվան, մեկ տարվան, մեկ դարու ցավ չէր, որ կարտահայտվեր, կարծես գերբնական և հազվադեպ ճիգի մը մեջ ցեղին տառապանքը կբաբախեր ուժգնությամբ… ամեն մեկ հառաչանքով ծամածռած շրթունքե կհայտնվեր հավաքական ու անձնական սուգը, անմխիթարելի ու անդարմանելի սուգն Ազգին…: Բոլոր մարտիրոսացածները հեռավոր ժամանակներուն, բոլոր նահատակված զինվորյալները Լույսի, Ազատության և Խաղաղության իդեալներով՝ իրենց դարավոր աճյուններեն կենդանացած, անգամ մըն ալ կտառապեին, ու բոլոր երեխաները գոցված վերքերուն՝ անգամ մըն ալ կբացվեին ու ցեղին վիշտն առատորեն կհոսեր այդ նոր արկածյալներու աչքերեն:

Պատարագեն ետքը ժողովուրդը գլխիկոր և կրած հուզմունքեն խոնջած՝ ցրվեցավ, բակին մեջ դանդաղելով ու խումբեր կազմելով, շատեր լուռ կմնային, կզակին լաչակով կապած դրսեցիներ ու ճերմակ քողի տակ ծածկված կիլիկեցիներ, ցնցոտիներու մեջ հազիվ սքողած իրենց վտիտ անդամներուն մերկությունը, մտազբաղ կհետևեին իրենց արյունոտ հիշատակներուն:

Մենք ալ կդառնայինք Առաջնորդարան. դռան շեմի վրա խելացնոր դեմք մը մեզ կեցուց. աչքերը կույր էին, գլուխը ծածկված էր ցանցառ և գորշ մազերով. խոստացված մխիթարությունը չէր դղրդած իր վիշտը. անիկա անխախտ իր մայրական ցավին մեջ համառորեն կըսեր.- «Լեռներու մեջ ծներ էի զինքը ու իրեն պես կտրիճ չկար, երբ պզտիկ էր, տատիս տնկած ծառներեն օրրան կկախեի ու ձայնս ձգած օրոր կերգեի…: Յոթը գյուղի մեջ կըսեին. «Ռուբենին մորը պես օրոր ըսող չկա»… այսօր ալեմ աշխարհ կըսե. «Ռուբենին մորը պես զավկին սուգը լացող չկա»…: Սինչև ուշ ատեն, վշտահար մորը ողբը համառորեն հնչեց եկեղեցիին բակին մեջ ու մինչև իրիկուն անոր ողբագին եղանակն ընկերացավ ու օրորեց հոն ապաստանող ժողովուրդին հոգեհանգստյան պատարագեն կրած տպավորությունները:

Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

Birth of Thoros Roslin
Birth of Thoros Roslin
Play Online