Yeghishe Charents

Հեռացումի խոսքեր

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս։
Երգերիս մեջ-դու գիտե՞ս-ինձ ոչ ոք չի ճանաչում
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս։

Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:

Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում-ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան…

Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ

Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
– Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

1917թ
Be the first who will comment on this
Yatuk Music
Masquerade - Waltz
Aram Khachatryan

Masquerade - Waltz

Still life of flower
Still life of flower
Play Online