Yeghishe Charents

Դեպի ապագան

Լցված է անհուն իմ հոգին հիմա
Շփոթ երգերով ու աղմուկներով.
Լցված է սիրտը իմ՝ էլեկտրական
Բորբ հոսանքներով։

Ռադիո-կայան է իմ հոգին հիմա
Ամբո՛ղջ աշխարհի ու մարդկանց հանդեպ,
Ու բա՜րձր է, բա՜րձր է կայանն իմ հոգու՝
Մասիսի նման բարձր է ու հաստատ
Հզո՛ր, ահարկո՛ւ։

Օրերում այս վառ, հողմավար, շփոթ
Հեռու ու մոտիկ միլիոն սրտերի
Ե՜րգն է վիճակվել ինձ երգել այսօր.
Իմ բազմամիլիոն, բյուր ընկերների
Խինդը այսօրվա ու թռիչքը մեծ
Գալիք օրերին նետե՛լն է երգիս
Վիճակվել այսօր։

Ահա՛ թե ինչո՛ւ է երգս հաղթական,
Ահա՛ թե ինչու է իմ ձայնն այսօր
Հավերժի նման համա՜ռ ու հաստա՛տ։

Ահա՛ թե ինչու
Վիթխարահսկա, որպես Էյֆելյան
Աշտարակը մեծ,
Անցած ու գալիք դարերի շեմքին
Հզոր, բարձրաբերձ՝
Կանգնել եմ ամբողջ հասակովս մեկ
Եվ երգում եմ ես։
Եվ հոգիս հիմա՝ ռադիո-կայան՝
Իր հրակարմիր երգն է ուղարկում
Հեռո՜ւ ու հեռո՜ւ,
Բոլո՛ր սրտերին, որ ապրում են, կան
Բոլո՛ր կողմերում։
Երգում է հոգիս, հրեղեն հնչում։
Գիտեմ՝ այսօրվա իմ երգի առաջ
Իմ հոգու կարմիր կայծերի հանդեպ
Ռադիո-կայան է ամեն մի հոգի,
Ո՛ւր էլ նա լինի.
Ամե՛ն մի հոգի, որ ապրում է, կա
Եվ կրում է իր թևերի վրա
Նո՛ւյն խորհուրդը մեծ, խորհուրդը հսկա
Օրերի այս վառ,
Այս վառ օրերի խորհուրդը պայծառ։
Ամե՛ն մի հոգի,
Որ իր երկաթե թևերով այսօր
Զնգում է, շաչում
Եվ փնտրում է նո՜ր հանգիստ ու օրոր
Միլիո՛ն թևերի ըմբոստ շառաչում...

Գիտե՞ք, որ հիմա
Այստեղ Նաիրի իմ երկրում ավեր
Ու հեռու-հեռուն
Կարմիր Մոսկովում,
Տիբեթում դեղին,
Սան Ֆրանցիսկոյում, Լոնդոնում հսկա
Ու Սինգապուրում
Բոլո՛ր վայրերո՛ւմ, բոլո՛ր կողմերում
Աշխարհը մի նո՛ր երգով է հղի։

Հե՜յ, հեռո՜ւ-մոտիկ
Հանքահորերում,
Գործարաններում,
Լայն ստեպներում ու անտառներում
Բոլո՛ր վայրերում, բոլո՛ր կողմերում,
Երկաթի՛, բրոնզի՛, հողի՛ ու հանքի
Երգով օրորված իմ բյո՛ւր եղբայրներ,
Ո՞վ ունի այսօր կամքը մեր հրե,
Ուժը մեր բոսոր
Ու վառ բախտը մեր
Տիեզերական։

Ո՞վ ունի այսօր...

Մե՜նք ենք, որ նո՜ր ենք, հազար ենք ու բյո՛ւր

Երկաթե հսկա մի դիսկի նման
Բյո՛ւր եղբայրների կամքը մեր արի,
Տիեզերական
Նետե՛լ ենք արդեն թափով վիթխարի
Դեպի հողմերը գալիք օրերի,
Դեպի Ապագան...

1920
Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto
Arno Babajanyan

Cello Concerto

Artist's Studio, 1963
Artist's Studio, 1963
Play Online