Yeghishe Charents

Աթիլլա

I


Топчи их рай, Атилла!

Вяч. Иванов

Դարերի խորքից արթնացած նորից՝
Անցնո՜ւմ եմ ահա երկրի դաշտերում.
Նայում եմ դեպի հրդեհվող հեռուն՝
Դարերի խորքից բարձրացած նորից։

Ինձ թաղել էին ոսկի դագաղում
Իմ հոները մի հեռավոր գիշեր։
Եվ ո՛չ մի արքա տեղըս չգիտեր
Եվ աճյունիս հետ ոչ-ոք չէ՛ր խաղում։

Մոռացե՜լ էին արքա Աթիլլին։
Եվ հեգնում էին երազը նրա...
Եվ կարծում էին, որ մեռել է նա...
Իսկ ես բարձրացել, անցնում եմ կրկին։

Եվ հրդեհների բոցերը դեղին
Խանձում են ահա աստղերը նորից.
Էլ չե՛ք մոռանա, չե՛ք հեգնի էլ ինձ՝
Հոների արքա հզո՜ր Աթիլլին։

Ես կրկին ահա քանդում եմ, վառում.
Քաղաքներ, գյուղեր փլչում են իմ դեմ.
Եվ այս անգամ ես՝ գո՜ռ, անհա՜ղթ արդեն՝
Մի կարմիր գիշեր կմտնեմ Հռոմ...

Եվ իմ երկաթե բռունցքովը ես
Ձեր տաճարները անդարձ կքանդեմ.
Նորի՜ց կսողան արքաներն իմ դեմ՝
Մանր, ճահճային ճիճուների պես...

Նրանք խեղկատակ ու ողորմելի,
Որ, կույր, խնդացին նստած կրկեսում՝

Երբ Թեոդոսը տեսավ երազում,
Որ կոտըրվել է նետը Աթիլլի։

Նրանք, որ մի օր իմ անակընկալ
Մահով կուրացած, որպես երազում,
Մի ինչ-որ հանգի՜ստ էին երազում
Հոգնած մարդկության ու իրենց համար։

Եվ չըգիտեին, որ ես չե՛մ մեռել,
Որ ես չե՛մ մեռնի, որ եղել եմ, կամ՝
Նորի՛ց կքնեմ, նորի՜ց կարթնանամ,
Ես հազարանուն՝ Մահ, Ավերք ու Նեռ...

II

Տեսնում են նորից իմ աչքերը նեղ,
Որ սեգ նժույգիս սմբակների տակ
Ցնդում են, որպես տարտամ հիշատակ,
Ձեր երազային շենքերը բյուրեղ...

Հե՜յ, արևմուտքից մինչև արևելք
Պիտի հրդեհեմ ու քանդե՜մ հիմա՝
Ես արքա՜, աստվա՜ծ, տե՜նդ, ավերմո՜ւնք ու մա՜հ,
Ես ճշմարտության խարազանը մերկ։

Եվ թո՛ղ աշխարհի տերերն իմանան,
Եվ խոր ըմբռնեն մի վերջին անգամ,
Որ եղե՛լ եմ ես, կլինե՜մ ու կա՛մ,
Ե՛ս անհերքելի ու հավերժական...

Եվ թո՛ղ մարդկային ցեղերն առանձին
Հավիտյան հիշեն աղոթքում, երգում,
Որ խոտ չի՜ բուսնի այլևս այն երկրում,
Որով անցել է Աթիլլի հին ձին...

Թող հիշեն նոքա, որ կամքս բռնի,
Քանդումի, հրի իմ ցնորքը հին,
Երբեք չի՜ ցնդի, երբեք չի՜ մեռնի,
Ոչ-ոք չի՛ հաղթի արքա Աթիլլին...

III

Իսկ երբ մի գիշեր կրկին հագենամ,
Երբ հոգնի խաղից մարմինս արի
Նորի՛ց կքնեմ մի քանի տարի,
Ոսկի դագաղիս գիրկը կգնամ։

Եվ ինձ իմ մռայլ հսկաները խենթ,
Առանց աղոթքի և առանց խոսքի,
Նորից կթաղեն դագաղում ոսկի
Եվ թաղողները կթաղվեն ինձ հետ

Որ իմ մարմինը ո՛չ ոք չգտնի,
Որպեսզի ո՛չ ոք երբեք չիմանա,
Թե ո՛ւր է թաղված հին Աթիլլը նա,
Որ հավասարեց ձեր փառքը գետնի...

Որպեսզի կրկին, երբ երկրի հրից
Երկնի աստղերը գանգատվեն քարին՝
Իր հին երազին մի՛շտ հավատարիմ
Արքա Աթի՜լլը բարձրանա նորից...

1916 թ., Մոսկվա

Be the first who will comment on this
Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria

Self-portrait
Self-portrait
Play Online