Vrtanes Papazyan

Ստամոքսի համար

Սև, բարդ կույտերով լեռների գագաթին, հեռու, ամպերի սպիտակ քողի տակ, ծերպ-ծերպ քարերի, ժայռոտ բարձրությունների խոր լռության և խաղաղության ծայրագույն կետին, խորշանման ծործորի կողին բույն էր դրել մի սրաթռիչ արծիվ:

Այնտեղ էր նա դարերից ի վեր կատարների ժառանգական տեր, անդունդների վրայից թևերի մի թափահարումով անցնող, լերկ ու մեծ ապառաժների վրա կանգուն ու երբեք, սերնդից-սերունդ չէր իջել դեպի ցած և տեղերի գոյության մասին չգիտեր անգամ:

Ապրում էր անվրդով, զերծ որսորդներից, թշնամիներից:

Ներքևի որսորդները գիտեին նրա մասին: Երբեմն, երբ անոսրացած օդի մեջ պսպղում էին լեոների կատարները, և երկնային մաքուր կապտությունը մանիշակագույն ստվեր էր տալիս խոր հովիտներին, տեսնում էին նրանք այն սև լայն բիծը, որ, երերուն ու սավառնող, լողում էր արևի դեմ, ամպերի քողը ծակում սլանում, հետո անշարժ դիտում անդունդների խորքը և դարձյալ սլանում դեպի բարձրերը:

Եվ մտածեցին որսորդները լեոների բարձր կատարների այդ արծվին որսալ, խորհեցին բարձրությունների այդ մենակյացին վար` դաշտն իջեցնել, ղրկել կատարներից, անդունդի խորքը հասցնել, ապառաժների ստորոտը լզել տալ: Արծիվը չիմացավ այդ, ինչպես ամեն լեռ չի տեսնում անդունդ, մեծությունը չի իմանում, թե ի՞նչ է նյութում իր դեմ չնչինությունը, աղավնին չի հավատում օձի գոյությանը։

Ու փորձեցին որսորդները վերելքներ սարքել, կատար առ կատար լեռները մագլցել, փորձեցին նետ ու հրացանով արծվին հարվածել, սակայն ոչ կարողացան նրա բույնը ելնել, ոչ էլ նետն ու հրացանը, հաջողվեց արծվին հասցնել։

Փորձեցին որսորդները կատարը պաշարել, արծվի ելումուտին հսկել, հանկարծական հարձակումներով նրան կաշկանդել, սակայն նա, գոռոզ ու վսեմ, սավառնում էր նրանց գլխից ու գնդակներից շատ բարձր, և կարծես այնտեղից, գլուխը ծռած արհամարհանոք՝ սողունների ջանքն էր ծաղրում, ճիգը քամահրում։

Եվ այն ժամանակ կատարվեց այն, ինչ որ գործադրվում է այս աշխարհում՝ արծվի իջեցնելու, առյուծի կաշկանդելու, ինչ որ հաջողված է մտային թռիչքների թևերը կտրտելու, ըմբոստ ու մեծ ոգիների ընկճել-ոչնչացնելու։

Որսորդները թարմ դիակներ գտան, նրանցից կտորներ նախ մի ժայռի վրա դրին, ուրիշ կտորներ ավելի ցածր և այսպես դիակների աստիճաններ շինեցին, որի մի ծայրը ցած՝ տիղմի մեջ էր հանգչում։ Արծիվն այդ տեսավ, երկար վարանեց, չուզեց ցած իջնել, բայց… անոթի էր, առաջին կտորի վրա ընկավ, ճիրանները մղեց ու հրճվանոք կերավ։

Եվ այդ իսկ առաջին քայլն էր, որ մղեց նրան երկրորդ քայլն էլ իջնելու, հետո երրորդը, ապա չորրորդը…

Ու որսորդները ծիծաղեցին գոհությամբ։ Մեծությունը իջնում էր ստամոքսին պաշտելու, վսեմությունը ստամոքսի սանդուղքն առած գլորվում էր դիակների վրայով…

Եվ իջավ արծիվը օրեցօր, այլևս չէր սավառնում նա ամպամած բարձրությունների վրա, այլևս բարձր կետ չէր նա ցածրերի համար։ Հեշտությամբ կշտանալը սկսեց մարել նրա մեջ բարձրերը թռնելու պահանջը, և նա թևերը քիչ-քիչ ավելի սակավ բաց արավ, հետո թռնելն էլ մոռացավ ցատկել սովորեց։

Եվ այժմ, թևատարած մեծ վսեմությունից սկսում էր ձևանալ մի անճոռնի հսկա, որ դիակների ճարպով վիզն էր հաստացնում, փորը մեծացնում, աչքերը հափրացնում։

Ու որովհետև հաստանում էր կորցնում էր նաև թռնելու ցանկությունը: Ու որովհետև իջնում էր և իջած տեղում ավելի առատ կեր գտնում արդարացնում էր իր փոխվելը, բնական գտնում իջնելը, մոռանում մինչև իսկ արհամարհում էր կատարներն ու սիրել սկսում ցած տեղերը, ծանր օդը, հարթ տարածությունը…

Եվ որսորդները ծիծաղեցին: Մեծությունը իջնում էր ստամոքսին երկրպագելով, վսեմությունը ստամոքսի սանդուղքներով գլորվում էր դիակների կողքին…

* * *

Եվ այն աչքերը, որ վարժ էին երբեմն, անոսր օդի բարձրությունների մեջ պսպղացող հսկա լեռների կատարների վրա սավառնած հպարտ թռչունը տեսնել, այն հայացքը, որ հիանում էր երկնային մաքուր կապտության մեջ այդ երերուն մեծությունը դիտելով- մի օր էլ տիղմի մեջ գտան արծվին ճարպացած, արծվին լեշացած…

Գծուծ որսորդների ոչ թե գնդակները, այլ ստոր գավազանները ջարդել էին փորը կշտացնելու համար բարձրությունից իջած մեծությանը և լեշ դարձրել նրանից: Հետո, երբ օրեր անցան, նրանից խրտվիլակ շինեցին և մի հեշտակյաց խոզի պալատը զարդարեցին…

Այսպես էր, որ ընկավ արծիվը բարձր կատարներից և այդ այն օրը, երբ մտածեց ստամոքսը կշտացնելու համար թևերը ծալել և իջնելու առաջին քայլն անել…

1904

Be the first who will comment on this
Yatuk Music
New flower
Elen Yolchyan

New flower