Vrtanes Papazyan

Երկրի ձայնը

1

Արևը սաստիկ կիզիչ էր, մանավանդ նավահանգստի վրա, ուր նրա տաքությունը պատերի մեջ մթերված՝ անդրադառնում այրում էր վրայի աշխատավորներին։

Նրանք կրում էին։ Սև քրտինքը աղբյուրի պես ծորում էր սևացած դեմքերի վրայից։ Վագոնի մեջ մտած Մկոն ու Ակոն կարճ բահերով վերցնում էին մարգանեցի կույտից, լցնում կողովների մեջ, դրսի կողմից մի առ մի առաջ էին գալիս ուրիշները, շալակում կողովները, ու տախտակյա կամուրջից շոգենավ վազելով, դատարկում էին այնտեղ։

Այդ բոլորը կատարվում էր սև, թանձր փոշու մի ամպի մեջ։ Կուլ էին տալիս նոքա ածխային փոշի։ Ոմանք տապից կիսովին մերկացել, մերկ մասն էլ լավ սևացած, ուրիշները մուր թքելով… աշխատում էին, արագ աշխատում…

Քսան հոգի էին. մի թուրք կապալառուի մշակները։ Բոլորն էլ թուրքահայեր։ Թողած տունուտեղ, կին ու որդի, վաղուց էր, որ նրանք այնտեղ էին և մարգանեցի փոշի էին կուլ տալիս։

Մկոն էլ նրանց հետ էր, իր հորեղբորորդի Ակոյի հետ։ Մեծ շոգենավը կաթսան վառել, շոգի էր ճնշում. բեռնվել էր. մի ժամ ևս և մտադիր էր դուրս գնալ դեպի ծովը: Պատյանը սարսռում էր շոգու ճնշումից, իսկ լայն ծխնելույզը թանձր ծուխ էր ժայթքում։ Նավի կամուրջի վրա կանգնել էր անգլիացի գեր նավապետը, ծխամորճը բերնի անկյունին, հափրացած աչքերով դիտում էր մշակների աշխատանքը և հազիվ, ուրեմն, շարժում էր գործում՝ տեսնելու համար, թե շա՞տ էր մնում ամբարի լցվելուն։

Նավահանգստի ներսում ջրերը խաղաղ էին. քարե նավամատույցի վրա կենդանություն կար։ Դեմ առ դեմ, ավազոտ ափին ձկնորսները վահանաձկեր էին փռել արևի դեմ, իսկ նոցա գլխի վրա թռչունները խուլ ճիչեր արձակելով՝ իջնում֊բարձրանում էին։

Թուրքահայերն աշխատում էին. պարբերական արագ և միակերպ աշխատություն։ Չէին խոսում։ Հազիվ երբեմն լսվում էր ընդհատ բառեր, կարճ, կտրուկ հրամաններ, որոնք ուղղվում էին մշակներին՝ քիչ հեռու կանգնած վերակացուի կողմից։

Այդ բոլորը կատարվում էր պատի այն մասում, ուր երկաթուղու գիծը հասնելով, շոգենավի համար վագոններով մարգանեց էր բերել կանգնեցրել։ Պատի վերևի մասը դատարկ էր։

Երբ բավական կրել էին, Ակոն կանգ առավ և դառնալով հորեղբորորդուն ասաց.

Կարծեմ կեսօրը մոտ է։

Հա՞ արեց միայն Մկոն և գործը շարունակեց։

Շոգենավից քիչ հեռու խարսխել էր հունական մի առագաստանավ. նրա մեջ նավապետի ընտանիքը այժմ բազմել էր հովանոցի տակ և ճաշում էր. կերակուրի հոտը բուրում-հասնում էր մինչև աշխատավորները։ Իսկ մարգանեցի սև փոշին հոսում էր դեպի մշակների բերանը, քթածակերը։ Երբեմն թքում էին, սևացած թևերով սև ճակատի սև քրտինքը սրբում, որ ծորում էր մինչև մարմնի խորքերը։

Պարտքիցդ շա՞տ է մնացել, հարցնում էր այդ միջոցին Ակոն Մկոյին, կամենալով մի բան խոսել։

Ակոն տրամադիր չէր, բայց ցուցամատը աղեղնաձև ծալեց և նորանով աջից ձախ ցած հոսեցրեց քրտինքը, և երբ ճակաաը քիչ սպիտակի էր, ասաց.

Դեռ կա… քսան մանեթ էլ կա:

Ակոն լռեց և բահը մղեց մարգանեցի մեջ:

Խե՜ղճ Մկո. մինչև երբ պիտի կարողանար այդ գումարը վճարեր: Չէ՞ որ քսան ռուբլի վճարելու ընթացքում նրան ապրել էր պետք, տուն փող ուղարկել… Ուրեմն էլի պարտք պիտի աներ, էլի պիտի հաշիվներ ունենար։ Խե՛ղճ Մկո։

Այդ մտածելով, Ակոն նայեց Մկոյի սև դեմքին։

Կուզես իմ օրականից քիչ վերցրու, խոսեց նա պահ մի հետո։

Դու քի՞չ պետք ունես, մռմռաց Ակոն, Սրապիոն աղայի անհատնում պարտքդ մոռացե՞լ ես։

Եվ երկուսն էլ միաժամանակ բահերը խրեցին մարգանեցի կույտի մեջ։

Այդ միջոցին հեռվում կանգնած մի շոգենավի վրայից լսվեց նախ զանգակի և իսկույն հետո սուլումի ձայն։

Կեսօ՛ր, գոչեց մեկը ցածից։

Կեսօր… ասացին միմյանց ետևից ամենքը և տեղնուտեղը ցած գցեցին կողովները։

Հոգնել էին, սաստիկ հոգնել։ Ցած դրին կողովները և նրանց կողքին էլ նստան։

Հաց ուտենք, ասաց Ակոն։

Անոթի չեմ, առարկեց Մկոն, բայց գնանք, նավամատույցն վերին ծայրը ելնենք, սիրում եմ ծովին նայել, դիտել հեռու, շատ սիրուն է տեսարանը, ծայր չունի…

Աչքերը տրորեց, թևով մի այտը սրբեց ու դուրս թռավ վագոնից՝ վերի պատի վրա: Ակոն հետևեց նրան։ Ամեն կողմ, իրենց կողովների մոտ նստոտել էին և հանգստանում սև թշվառները։ Մեկը ընկողմանած մարգանեցի կույտի վրա, մյուսը՝ մեջքի վրա փռված այրող արևի մեջ տաք քարերի վրա, մի ուրիշը թիկն տված վագոնին… Ջուր չկար լվացվելու. ծովը խոր էր, ջուրն էլ աղի։ Ստիպված էին սև մնալ ու իրենց մի կտոր ցամաք հացը սև ակռաներով խածնել ու փոշու հետ կուլ տալ:

Վագոնի մի անկյունից Ակոն հանեց թաշկինակով կապած հացը, երկու եղբորորդիները հեռացան դեպի նավամատույցի ծայրը, հով տեղ չկար․ արևի տակ, կիզիչ քարերի վրա նստեցին և պահ մի լուռ՝ սկսեցին ուտել։

2

Ալիքները գալիս ռումբի պես պայթում էին՝ խփվելով կարծր պատին։ Հեռվում մի քանի փոքրիկ առագաստանավեր բուռն կերպով օրորվում էին և կայմի ծայրով ջուրը համբուրում։ Ալիքներից կազմվող փրփրային գծերը միմյանց հրում, միմյանց վրա ելնում, փոքրերին կլանում, մեծից կլանվում, ի մի էին ձուլվում և գալիս ծեծում էին ամբարտակը:

Այդ մռնչյունի միջոցներում լսվում էին ծիծառների ձայներ և շոգենավի ճնշված շոգու նուրբ սուլումը։

– Ցած չի գնում,– ասաց Մկոն կուլ տալով հացի մի կտոր. բողազս անապատի պես չոր է։

Փոշին է արել. իմն էլ այդպես է. կուզե՞ս, ջուր բերեմ։

– Ո՛չ, նստիր, ջուրը շատ տաք է:

Եվ շարունակեցին ուտել։

Որքան շքեղ է ծովը, խոսեց դարձյալ Մկոն քիչ հետո՝ աչքը ծավի հորիզոնին ուղղած։

– Այո՛… բայց ալեկոծություն կա։

– Այդ ոչինչ. շոգենավը դրանից չի վախենա։

Ակոն քիչ լռեց, հետո խորունկ շեշտով ասաց.

– Ի՜նչ լավ կլիներ, եթե մեզ էլ տաներ շոգենավը։

Մկոն ծիծաղեց։

– Ու՞ր տաներ, ասաց նա.– Եվրոպա՞, Պոլի՞ս

– Տրապիզոնի մոտից է անցնելու։

– Կանգ չի առնի այնտեղ։

– Կկանգնի, առավոտյան ես ղեկավարին հարցրի. թուրքերեն գիտեր:

– Է, ինչո՞ւ հարցրիր, միտքդ ի՞նչ էր։

– Հենց այնպես, ժպտաց Ակոն,– ուրախացա։ Որ Տրապիզսն կանգ է առնելու։

Մկոն կտրեց մի շերտ հաց, հետո տխրությամբ և մեղմ ասաց.

– Երեխա ես, Ակո։

– Ի՞նչ անեմ… Չէ՞ որ Տրապիզոնից են երկիր գնում։ Երկրի ձայնը խոսեց իմ մեջ… Ի՜նչ լավ կլիներ, եթե այդ շոգենավը մեզ վերցներ, իր ամբարների մեջ կոխեր, այդ մարգանեցի հետ թեկուզ ներս լցներ, միայն երկիր տաներ մեզ…

– Լավ կլիներ, այո… շատ լավ… բայց պարտքե՞րը… բացի դրանից, երթայինք երկիր, ի՞նչ անեինք…

– է՛հ, ասաց հուզմամբ Ակոն,– աստված է վկա, որ այստեղ ավելի վատ ենք ապրում… Որ մեզ նեղացնող չլինի այնտեղ, որ հարկերը պարտքերը չլինեն, մեր երկրի բանջարեղենը միայն կկերակրի մեզ ողջ տարին…

Այո, բայց հարկերն էլ կան, պարտքերն էլ և ապա՝ կոտորած, արյուն, թալան…

Լռեցին գլխիկոր երկուսն էլ։

Ցածրում մյուսները ճաշել էին և պարզվել վագոնների հովանու տակ: Ամեն ինչ համարյա լռել էր։ Մկոն սրբեց բերանն ու ելավ։

ժողովի՛ր հացը, ուզում եմ քիչ քնել, ջարդված եմ։

Ասաց ու պարզվեց պատի վրա։ Լայն պատ էր, մեջքը դարձրեց արևին, երեսը՝ ծովին։

Ակոն հացը հավաքեց, քիչ հեռու գնաց և նույնպես պարզվեց գետնին։

Լսվում էին միմիայն ծովի շշուկը, շոգենավի դողալը և հեռուն, անտառոտ լեռներից ու ձորերից, ճահիճների մեջ կոկռացող գորտերի ձայներից կազմված խուլ աղմուկների համերգը, որ գալիս շշնջալով ընկղմվում էր ծովի շշուկի մեջ։ Բնության մրմունջն էր. անորոշ, բայց օդը լցնող մրմունջ։

Մկոն ծովն էր դիտում։ Աչքը կապուտակ անհունության, մտքով գնում էր ավելի հեռու, անցնում էր ծովի հորիզոնը և դեռ ավելի հեռու, շա՜տ հեռու…

Եվ նա տեսնում էր։

Տեսնում էր այնտեղ, ծովի, սարերի և ձորերի ետևում, շա՜տ, շա՜տ հեռու, մի սքանչելի դաշտի վրա իր գյուղը, որի հորիզոնն էր Տավրոսի լեռը, շրջապատն էր՝ Մշո ծաղկավետ ու գեղածիծաղ դաշտը իր անոշ զեփյուռով, ճլվլան թռչուններով, պարզ, ականակիտ վտակներով։ Սողոսկում էին այնտեղ զղզղուն ջրեր ամեն կողմից, փայլում արծաթի պես, շողշողում արևի տակ, միմյանց գալարվում օձերի նման, համբուրում, գգվում գիներբուկների և շուշանների, կյանք տալիս բազմազան բանջարեղենների։ Սխտորուկն ու սպիտակ-բանջար, եղինջն ու մանդակ, բողիկն ու ավելուկ, կովու-ճակտեկն ու սիբեխ՝ բուսած էին շուշանի, կակաչի ու մեղրածծուկի, մեռոնածաղկի և գետնի վարդի անուշահոտության մեջ…

Եվ ծածանվոմ, օրորվում էր, կանաչ արտերի ամբողջ տարածությունը, քամին սուրումկռացնում էր նրանց պարարտ-գլուխները… Մարգագետնի, մարդահասակ խոտերի մեջ արածում էին պարարտ կովեր, դմակալից ոչխարներ, թռչկոտում էին կայտառ այծեր, միմյանց գլուխ բռնում ուլեր և գառնուկներ… Հովիվն իր թաղիքի հետ փռվել էր խոտերի մեջ, հոտը շներին պահ տվել, ինքը գլուխը անուշահոտ ծաղիկների վրա դրել քթածակերը օդի բուրմանը տվել, զեփյուռից հովհարած՝ քնել էր, բարձրահասակ խոտերի հովանու մեջ…

Այնտեղ էլ կեսօր էր, արևը տաք։ Հոտաղները վերադառնում էին։

Մանուկները ոտաբոբիկ վազվզում են աղբյուրիցը տուն, կանայք գույնզգույն հագուստներով տներից ել ու մուտ են անում․ խրճիթների երդիկներից անոսր, համարյա աննշմարելի ծուխ է բարձրանում, կերակուրների հոտը սփռվել էր ամեն կողմ…

Պարտեզի մի ծառի տակ ահա Մարիամը փռել է սփռոցը կանաչ խոտերի վրա, անուշահոտ ծաղիկների կողքին, վճիտ առվակը հոսում-անցնում է նրանց մոտից, եզերքների շուշանն ու նարգիզը օրորվում են փոքրիկ քամուց, որ շարժում է նաև ծառի ճյուղերը և նստողների գլխին սփռում ծաղիկների վերջին թերթերունքները։

Ամառնամուտ է, Մշո սքանչելի, դրախտային ամառնամուտը։ Որպե՜ս երգում են արտույտն ու դեղձանիկը, սարեկն ու ծիծառը, ինչպես օդը լի է անբավ ծաղիկներից գոյացած անուշահոտությամբ։ Հոտ է արտադրում խոտ ու ծառ, նույնիսկ ջուրն ու հողը, ամեն ինչ բուրում է, անու՜շ բուրում…

Եվ այդ բոլորի մեջ նստել է նա մեջքը ծառին տված։ Գաբոն ու Ռկոն՝ որդիները, ցեխոտ ձեռքերով ու երեսներով, հողաթաթախ ոտներով ու մազերով, բայց ուրախ զվարթ ճիչերով, մոտ են վազում, հայրիկի մորուքի հետ խաղում, ծնկների վրա նստում։ Գաբոն իր ցեխից շինած տունն է ուզում ցույց տալ հայրիկին, Ռկոն ուզում է իր փոքրիկ մարգի մասին խոսել… Իսկ Մարիամը՝ իր կինը, առողջ կարմիր թշերով, անկեղծ ժպիտը դեմքին՝ մոտ ենում է նրան, համբուրում է, դնում է նրա առաջ տախտակյա մեծ կուշի մեջ լցրած թանապուրը, երեսին նարգիզի և կապույտ ծաղիկի թերթերունքներով խառն անուշ սոխառածը փռած… Վանա ձուկը իր անուշ հոտով լայնացնում է նրա ռնգունքը, սոխ ու գինձ, սամիթ ու կոտեմ, բողկ ու նանա՝ դիզացած են սփռոցի վրա՝ մի մեծ կտոր բանջարով պանիրի կողքին։

Եվ նա կտրում է հացը, երեսը խաչակնքում, ուտում է թանապուրից, ճաշակում ձկնից, ձեռքի ափովը առվակից ջուր է վերցնում, պապակած կոկորդը թրջում…

Որպիսի՜ անուշահամ ջուր. օ՜հ, որքան քաղցր է նա։ Եվ խմում է անհագությամբ։ Ծարավ է, շա՜տ ծարավ…

…Զարթնեց ու բարձրացավ։ Սև ձեռքով քնաթաթախ՝ սրբեց ճակատը, անորոշ հայացքով ծովի անհունությանը նայեց, ապա պառկեց նորից ու փակեց աչքերը։ Նորից երկրում է, նորից իր գյուղում, պարտեզի մեջ, կնոջ, որդիների մեջտեղ։

…Հանկարծ աղմուկը ընկնում է գյուղը։ Ցած է ձգում գդալը։ Մարիամը գունատ՝ վեր է թռչում, երեխայքը կպչում են մորը։ Ի՞նչ կա, ի՞նչ է եղել:

Ոչինչ. հարկահանն էր, գյուղ էր մտել, տուրք էր ժողովում և մտրակներով, սվիններով ժողովում…

է՛հ, այնուհետև էլ ի՞նչ կյանք, էլ ի՞նչ նշանակություն ունի այդ սիրուն երկրի տեսքը, կլկլացող առվակները. էլ ինչո՞ւ այդքան սքանչելի, անուշաբույր ծաղիկներ, էլ ինչո՞ւ զով քամին, պարարտ արտեր, գեր տավար… էլ ինչո՞ւ կին, որդիք… Չէ՞ որ այդ բոլորը վերցնում, ապականում, կոխոտում, պղծում, քանդում են հարկահանները, վաշխառուները, քրդերը, աղաները…

էլ ինչո՞ւ այդ բնությունը, երբ նրա վայելողները իրենք չեն, այլ այնպիսիները, որոնք ո՛չ աշխատում են, ո՛չ գործում, ո՛չ նրա հարգը դիտեն և գալիս հափշտակում են, պղծում ու ավերում…

էլ ինչո՞ւ պարտեզ մշակել, երթ նրա արդյունքը հարկահանի կոկորդն է անցնում. ինչո՞ւ արտ ցանել, երբ նրա ցորենը շահնայի գրպանն է ուռեցնում, ինչո՞ւ մարգագետինը խնամել, երբ նրա խոտը տուրքի է գնում, իսկ կովն ու տավարը քրդի խնջույքին ծառայում։ Ինչու ուրեմն տունուտեղ շինել, երբ նրանք մի խումբ կանոնավոր կամ անկանոն հաճույքները լուսավորելու համար այրվելու էին։ ինչո՞ւ, մի խոսքով, աշխատել ու տքնել, երբ ոչ աշխատանքիցդ մասն ունիս և ոչ էլ քրտինքիդ տերն ես… Ինչո՞ւ ուրեմն աշխատել, ինչո՞ւ…

Էլ ի՞նչն է կապում իրեն այդ բնության, այդ երկրի հետ։ Հո՞ղը, չէ որ չեն թողնում նրան առանց պղծելու. օջա՞խը, չէ՞ որ բոլորի կրակը մարեցին՝ տավա՞րը, չէ՞ որ նրա կաթն էր իր բերանը մտնում և ոչ էլ կարողանում էր խնամքների փոխարենը ստանալ. եկեղեցի՞ն. մնա՞ց մի եկեղեցի, որ չքանդվեր։ Ի՞նչը ուրեմն, կի՞նը, որդի՞քը… Ի՞նչպեա իմանար, որ մինչև այժմ իր կնոջը չեն բռնաբարել, չեն առևանգել և որդոց գլուխները ջախջախել՝ քարերի խփելով…

Ի՞նչն էր կապում նրան ուրեմն այդ երկրի հետ… Ինքն էլ չգիտեր։ Մի բան քաշում էր նրան այնտեղ, թեկուզ ոչ մի սեփականություն չունենար, թեկուզ իր գլխին կանգնած՝ խփեին ու ձեռքիցն առնեին իր յուրաքանչյուր րոպեի վաստակը…

Բայց նա կուզեր իր հայրենի երկրի մեջ գտնվել, իր դաշտի ջուրը խմել, իր պարտեզի ծաղիկները հոտոտել, իր լեռների խոտերով կերակրվել, իր կնոջ ու որդիների հետ տանջվել… Մի ձայն, մի խոր, հոգու լարերը հնչեցնող, աղիքները գալարող, սիրտը արյունոտող ձայն կանչում էր նրան։ Երկիրը կանչում էր. երկրի ձայնը անընդհատ հնչում էր ականջին, ծովը, քամին, ծառը, բույսը, նույնիսկ սև փոշին բերում էր այդ ձայնը, մղում նրա հոգու ջղերի մեջ…

Այո, գնալ, գնալ այնտեղ, գնալ իր հողի վրա տանջվել, իր երկրի մեջ շնչել, այնտեղ մեռնել, միայն այնտեղ…

Վեր կացավ նորից: Քնել չէր հաջողվում նրան, քրտինքը ծորում էր, ծորում, և նա, աչքը ծովին, ալիքներն էր դիտում, ականջը ձայնին պարզում, երկրի քաղցր գրավող, կոչող ձայնին…

Տանջվե՞լ… Այո, իհարկե, այնտեղ տանջանք կա։ Բայց մի թե այստեղ սակավ էր տանջվում։ Սև փոշու մեջ կրում է, կրում. կեսորին տաք արևի տակ մի կտոր ցամաք հաց ուժով մղում-անց է կացնում չորացած կոկորդը, երեկոյան մի աման կեղտոտ ու անհամ կերակուր ուտում սև և մութ սրճատանը, մենակ, տխուր՝ պառկում է հոտած օդի մեջ, հիվանդություն և ախտ շնչում…

Աշխատածը ի՞նչ է. մի քիչ փող. դրանով ոչ միայն վեց ամիս կրած հիվանդության ժամանակվա պարտքը պիտի վճարել, այլև ուղարկել երկիր՝ վաշխառուին մեղմացնելու, ընտանիքին հաց տալու…

Տանջվել, այո՛, կնոջ ու որդոց կարոտը քաշել… Ի՞նչ էր շահել այստեղ. չէ՞ որ երկու տարի շարունակ տանջվել էր, ուրիշների գրպանը լցրել, իսկ ինքը մաշվել էր, տքնել, ոչ կանոնավոր կերել և ոչ էլ խմել:

ինչո՞ւ այս բոլորը, ինչո՞ւ դատապարտված լինել միշտ տանջվելու. մի՞թե, իրենց վիճակված է այդ. բայց ինչո՞ւ, ի՞նչ մեղք են գործել, որին զրկել, որի հացը կտրել, ո՞ւմ կողոպտել…

Ա՛հ, կողոպտե՞լ, գողանա՞լ… Չէ՞ որ միմիայն կողոպտող, զրկող և գողացողներն են, որ կարողանում են ապրել, հարստանալ, առանց տանջանքի կյանք վարել և իրենց պես հարյուրավոր թշվառների բանեցնել փոշիների մեջ…

Չլինե՞լ արդյոք այդպես. կողոպտել, զրկել, զոհերի ճիչը երկինք հասցնել, չարագործության սյուների վրա պալատներ կանգնեցնել։

Ո՞չ, ամեն մարդու բանը չէ այդ. դա մի առանձին արհեստ է, կաթի հետ ծծվող ու հոգու հետ ելնող արհեստ… Իսկ իրենք՝ նա և իր նմանները, դատապարտված են նրանց զոհը դառնալու, նրանց երջանկության հիմքը կազմելու…

Պառկեց նորից։ Աչքերը փակվում էին. ա՜խ, եթե կարողանար մի րոպե քնել, մոռանալ բոլորը։ Բայց արևը տաքացնում էր նրա գլուխը և քնելը անհնար դարձնում։ նեղվում էր, անախորժ քրտինքով ծածկվում… Թևը աղեղ շինեց, շարժեց անդամները, գլուխը թևերի մեջ առավ և էլի սկսեց մտածել։

…Ուրեմն, այնտեղ անհնար էր ապրել, այստեղ էլ… էլի, երբեմն թվում է, որ այնտեղ լավ է։ Գիտես, որ երբ այնինչը մոտ է գալիս, խփելու է. պատրաստվում ես՝ կամ մեջքդ ես դեմ անում կամ բռունցքդ… Իսկ այստեղ։ Սողոսկում են քրտինքիդ մոտ և երբ կարծում ես, թե աշխատել ես մի բան, մեկ էլ տեսար՝ չկա, ոչինչ չմնաց… Եվ շատ ավելի տանջվում ես, քան այնտեղ… էլ ինչու՞ ապրել ուրեմն․ արդյոք Աստված նրանց ավելորդ չէ՞ր ստեղծել…

Հանկարծ ցատկեց, նստեց և կռացավ դեպի ջուրը։ Անդունդը, երերուն անդունդը քաշում, կարծես կանչում էր նրան։

Բայց շուտով սթափվեց, մի մեծ ալիք բարձրացավ և ջրի բուռն հոսանքով լվաց նրա գլուխը։

Ինչե՜ր էի մտածում, ժպտաց նա. մի՞թե ուղում էի ինձ ջուրը ձգել։ Ինչո՞ւ ձկներին կերակո՞ւր… Ի՜նչ ծիծաղելի ճակատագիր, որ կողմդ դառնաս, մեռած կամ կենդանի՝ կերակուր ես ուրիշների…

Ջուրը քիչ զովացրած լինելով նրա գլուխը, այս անգամ նա քիչ մնաց ննջեր, բայց էլի՛ միտքը գնաց երկրին, էլի՛ ալիքները հնչեցին և երկրի ձայնը ականջին հասցրին…

Հիշեց, որ երկրից վատ լուրեր էին գալիս, սոսկալի բաներ էին պատմում։ Արդյոք ի՞նչ դրության մեջ էր այժմ իր գյուղը։ Ամեն ինչ անշուշտ ավելի քան երբեք՝ տակնուվրա, ո՜չ մշակություն կլիներ, ո՛չ տավար մնացած, ո՛չ արտ, ո՛չ կայք… Խլում են, թալանում, այրում և սպանում… Կենդանի՞ է արդյոք Մարիամը և ո՞ր քրդի հարեմում, իսկ Ռկո՞ն, Գաբո՞ն, ո՞ր թփի տակ արդյոք իրենց վերջին շունչն են արձակում… Իսկ ծերունի մա՞յրը…

Եվ այդ բոլորի հետ, իրենք այս կողմը, տանջվում են, պակաս արյունոտ հաց չեն ուտում, պակաս չեն թալանվում, մեռնում…

Ուժգնությամբ ելավ նստեց և արյունոտ աչքերը պտտացրեց չորս կողմը։

Ինչու՞ ուրեմն, մտածեց նա ուժգնությամբ, ինչո՞ւ այս բոլորը չկրել գոնե այնտեղ, երկրում, յուրայինների մոտ… Ինչո՞ւ այնտեղ, նոցա հետ չտանջվել, ինչո՞ւ չգնալ իրենց հողի վրա տքնել, երկրի օդը շնչել և այնտեղ էլ մեռնել…


1894

Be the first who will comment on this
Yatuk Music
Spartacus - Adagio
Aram Khachatryan

Spartacus - Adagio

Family-Generations
Family-Generations
Play Online