Vrtanes Papazyan

Աննա

Հոգնակի խոսելը թող, ասաց նա ձեռքս բռնելով, տուր ինձ ձեռքդ, մի՞թե, ասա ինձ, մենք չենք կարող բարեկամ իսկ մնալ:

Չպատասխանեցի և ակնարկս մի ուրիշ կողմ դարձրի։

Խոսիր, պնդեց նա, մեզ հնարավոր չէ՞ բարեկամ լինել միթե։

Ո՞չ, Աննա, պատասխանեցի ես վերջապես, ես մի տարօրինակ մարդ եմ. երբ սիրում եմ մեկին, այդ սերը հետո բարեկամության իջեցնել անհնար է լինում ինձ… կամ ամեն ինչ, կամ ոչինչ:

Վեր կացավ և քիչ հեռու գնաց:

Այդ լավ չէ, դիտեց նա, ես կուզեի քեզ հետ բարեկամ մնալ… հա, գիտեմ, ես մի բան պիտի հայտնեի քեզ, մի նորություն:

Կանգ առավ, վարանում էր։

Օլգան, շարունակեց նա դժվարությամբ, ընկերուհիս, գիտես… մի ուրիշ սենյակ էր վարձել իր կողքին ինձ համար, այնտեղ լավ կլինի ինձ համար, միշտ մի ընկերուհի կունենամ կողքիս, որ կխնամե ինձ, եթե նորից հիվանդանամ։

Ի՞նչ, ասացի ես գունաթափ, ուրեմն ուզում ես հեռանա՞լ արդեն։

Հեռանալ, Ժպտեց նա, ինչո՞ւ, բարեկամս, սենյակս հեռու չէ, կարող ես հաճախ գալ ինձ մոտ։

Ո՛չ, ասացի ես, այնտեղ շատ հեռու է և այստեղի պես չի լինելու. հեռանալով այստեղից, զգում եմ, որ ուզում ես ընդմիշտ թողնել ինձ:

Հուզվեց, մոտեցավ ու մեղմությամբ գրկեց վիզս:

Լսիր, բարեկամ, իմ շատ սիրելի բարեկամ, ասաց սիրալիր,– ես քեզնից հեռանալ չէի ուզիլ, բայց չեմ կարող քեզ սիրել և խնդրում եմ, աղաչում եմ, մեռցրու դեպի ինձ ունեցած այդ զգացմունքդ, այդպես պետք է։

Պահեց մի րոպե ձեռքս իրենի մեջ, հետո հանկարծ թողեց նրան և մի քանի քայլ արավ դեպի դուռը, այնտեղ նա կանգ առավ մի քիչ.

Ախ, մոռացա, ասաց նա շփոթված և առանց երեսիս նայելու.– մոռացա, որ դասախոսության պիտի գնամ… ցտեսություն, վաղը կարող ես գալ ինձ մոտ։

Շտապով դուրս գնաց, դուռը ուժգնությամբ փակեց, հետո գահավիժմամբ մտավ իր սենյակը և մի րոպեից հետո արդեն փողոցումն էր։

Աշխատել էր այնպես արագ հեռանալ, որ գալոշները չէր հագել և երբ մի քանի ժամից հետո հեռվից տեսա նրան փողոցում, ցեխոտվել էր, բայց գնում էր առանց ուշադրություն դարձնելու դրան, ցուրտը կապտեցրել էր նրա ձեռքերը, և նա մոռանում էր ձեռնոցն անգավ հագնել: Եվ այսպես Աննան հեռացավ ինձանից։ Բնական է, որ նախ սակավ, և հետո, մանավանդ ավելի սակավ սկսեցի գնալ նրա մոտ, որովհետև երբեք մենակ չէի գտնում նրան։ Գիտեր գնալու ժամերս ու աշխատում էլ մենակ չլինել։ Դուրս էլ չէր գնում, որովհետև ուզում էր, զգալի կերպով ցանկանում էր տեսնել ինձ, խոսել ինձ հետ։

Եվ դեռ տանջվում էր ամեն անգամ, երբ տեսնում էր ինձ, երբ ես սիրո վրա խոսք էի բաց անում։

Այդ միջոցին էր, որ, չնայելով ձմռան մոտենալուն, խոլերան կոտորածներ էր անում Ռուսաստանի ներքին գավառներում։ Ռուսաց կառավարությունը հրավերներ էր կարդում բոլոր ռուսահպատակ բժիշկ ուսանողներին, գնալ օգնելու առողջապահական կամ օգնող խմբերին։ Ամեն կողմից գնում էին։ Փարիզից էլ գնացին ուսանողներ և ուսանողուհիներ։

Աննայի ընկերուհին էլ չէր դիմանում կլիմային և բժշկի խորհրդով պատրաստվում էր վերադառնալ հայրենիք։ Եվ ահա մի օր, երբ ես Աննայի մոտ մտա, գտա այնտեղ մի տակնուվրայություն։ Աննան կապկպում էր իր գրքերն և շորերը, մի քանի ուսանողուհիներ օգնում էին նրա։

Զարմացած կանգ առի շեմքի վրա։

― Ի՞նչ է եղել, հարցրի, էլի՞ սենյակ եք փոխում։

Աննան գլուխը բարձրացրեց, թողեց գրքերն ու մոտեցավ ձեռքը պարզեց ինձ։

― Ոչ, ասաց հուզմամբ, Ռուսաստան եմ գնում։

Արյունս մի բուռն հոսանքով վազեց դեպի սիրտս, գունաթափվելս զգացի։

― Գնո՞ւմ եք, ասացի, և ինչո՞ւ համար։

― Խոլերայի, ասաց նա, ուզում եմ մտնել նրա դեմ կռվող բանակի մեջ։

― Բայց, գոչեցի ես անձկանոք, կռվելու համար պատրաստ չեք դուք, դուք ոչինչ չգիտեք դեռ։

― Սխալվում եք, միջահատեց նա, ես այստեղ գալուցս առաջ բավական բան գիտեի։

Հետո լռեց և նստեց, ինքն էլ գունաթափ էր։

― Ե՞րբ եք գնում, հարցրի ես դողդոջուն ձայնով։

― Կես-գիշերին, այսօր… երեկոյան ուզում եմ գալ ձեզ մոտ. տանը կլինե՞ք։

―― Վեցից սկսած։

― Ժամը տասին կգամ, ոչ ավելի շուտ։ Թոթափեց իրեն, բարձրացավ, սիրալիր ժպիտով ձեռքը ինձ պարզեց և ավելացրեց.

Նո՜ւ, ցտեսություն, երեկոյան, իսկ այժմ թողեք մեզ կապկպել։

Դուրս գնացի, ամբողջ օրը գժի պես էի, գլուխս տեղը չէր. փողոցներում ման էի գալիս առանց նպատակի, դասախոսություններ լսեցի առանց մի բառ հասկանալու, շատերը ինձ հիվանդ կարծելով՝ առողջությունս էին հարցնում։

Ժամը տասին եկավ Աննան։

Ներիր, բարեկամ, որ չեմ կարող երկար կանգ առնել այդ ետին ժամերի վրա, ուժ չկա։

Խոսեց Աննան, թեյ խմեց․ շատ սիրալիր էր, գորովանոք էր դիտում ինձ զգալի կերպով ճիգ էր գործում անվրդով մնալու, թույլ չտվեց անգամ համբուրելու իրեն, և եթե ես մոտենում էի, նա մեղմությամբ ետ էր հրում ինձ և քիչ նեղացած, բայց մեղմությամբ ասում.

Նո՛ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, բարեկամս, երբ ասացի, որ չեմ ուզում, որ ինձ սիրես…. ո՛չ, մոռացիր ինձ, մոռացիր…

Ժամը 11-ին գնաց։ Հեռանալուց առաջ բռնեց ձեռքս, սեղմեց ջղաձգությամբ, երկար նայեց աչքերիս, հետո արտասվալից աչքերով կպավ կրծքիս, թույլ տվեց, որ համբուրեմ իրեն, ինքն էլ ինձ համբուրեց և ասաց մրմնջալով.

Եթե ապրեմ, բարեկամս, գիտցիր, որ միշտ մի անկյուն կունենաս այստեղ։

Ցույց տվեց սիրտը, խլվեց գրկիցս և արագությամբ դուրս փախավ։

Խնդրել էր, որ կայարան չգնամ, բայց գնացել էի։

Աչքին չերևացի, հեռվից տեսա, թե ինչպես բազմաթիվ ուսանողներ և ուսանողուհիներ սեղմեցին նրա ձեռքն ու բարի ճանապարհ մաղթեցին։

Նա ժտում էր տխուր, գունաթափ ժպիտով․ նայեց բոլորին, աչքերով փնտրեց մեկին՝ ինձ էր փնտրում, հետո ախ քաշեց և մտավ վագոն։

Երրորդ գանգն էր հնչում։

Լուսամատից էլի նայեց, փնտրում էր. քիչ մնաց երևան գայի, վազեի դեպի նա, բայց գնացքը շարժվեց և տարավ իր հետ իմ Աննային, իմ պաշտելի Աննային…

Ամիսները անցան, ոչ մեռած էի, ոչ կենդանի․ ստվերի պես պտտում էի. ամեն մի կին տեսնելուն պես հեռվից, կարծում էի, թե Աննան էր։

Ոչ մի չուր չկար նրանից։ Խնդրել էի, որ մի նամակ գրեր, բայց ասել էր, որ չի գրի և չգրեց։ Եվ ահա մի օր եկավ մի լրագիր, որի մեջ տպված էր խոլերայի դեմ կռվող նահատակված զինվորների, ուսանողների և ուսանողուհիների անունները։

Սրտատրոփ կարդացի. ախ, շատերն էին մեռել, բավական շատերը զոհ գնացել։

Եվ իմ Աննան, իմ Աննան էլ դրանց թվումը։

Հեռու, մի գավառի հեռու անկյունում մեռել էր նա իր գործի մեջ, նահատակվելով յուրայինների համար։

Եվ այն օրից, բարեկամ, հաճախ տեսնում եմ ես այդ նահատակին,որ սիրում էր ինձ, այդ չքնաղ ոգուն, որին պաշտում էի ես. տեսնում եմ հաճախ, հեռու… ամպերի վրա թառած, Ռաֆայելի նկարած հրեշտակներից մեկի պես գլուխը թևերի վրա, ոսկեզօծ լուսով թաթախուն, և իր երկնային դյութիչ ժպիտը՝ գողտրիկ, սիրուն դեմքի վրա։

ՉԻ՛ ՍՏԻ

Կայարանի մայթի վրա էլ են շարվում ամեն առավոտ, այդ աղտոտ հագուստով թշվառ կոշկաջինջները։ Սանդուղքների գլխից սկսած, նրանք բռնում են մայթի մի մասը։ Աոաջին տեղը բռնում է լայն դեմքով մի հայ․ Նրանից քիչ հեռու՝ 5 6 հույն պատանիներ, որոնցից երկուսը անդադար կռվում կամ վիճում են. մեկը համր է և «չիստի» բառը կանչելու փոխարեն «ա՛, ա՛, ա՛» է անում, իսկ չորրորդը, որի գծագրությունները ժամանակից առաջ չափահաս եղած մանուկի գծեր են, անցորդներին է զննում ուշադրությամբ, մանավանդ՝ կանանց։

Մենակ այնտեղ չէ կոշկաջինջների տեղը։ Նրանք Բաթումի անցուդարձ ունեցող բոլոր փողոցների անկյուններում կան. անցնելիս նայում են կոշիկիդ և, եթե նրան մաքուր չտեսնեն, խլացնում են ականջդ իրենց կանչերով, հաճախ իսկ իրենց արկղիկը ուսի վրա, խոզանակով ծեծում են նրան և ետևիցդ են գալիս՝ անդադար «չիստի» կանչելով։

Չի՜ստի…– լսվեց կողքիցս, երբ բարեկամիս հետ կայարանի մայթի վրա էինք։

- Կողքիդ նայիր ասաց բարեկամս կոշկաջինջը հայրենակիցդ է։

Նայում եմ և այդ գեր դեմքով հայի մեջ տեսնում եմ վաղուցվա ծանոթ փիլիսոփա Մանուկին։ Տասը տարի առաջ, ուսին մի մեծ տակառ, քարշ էր տալիս նա Թիֆլիսի փողոցներով և «Գարյաչի բո՛ւլկի» էր աղաղակում. իսկ այժմ կայարանի մայթի վրա և Բաթումի փողոցներում ման գալով, խոզանակով արկղիկն է ծեծում ու «չի՜ստի» ձայնում։ Երևի փիլիսոփա Մանուկին վիճակված էր միշտ քարշ գալ և միշտ աղաղակել. ապրել էր պետք։ Անցլալ օր էլ մի Մարտիրոսի ցույց տվին ինձ, որ նավամատույցի վրա նստած, չճանաչվելու համար գլխարկը մինչև աչքերը իջեցրել, ակնարկը միշտ դեպի ցած, կոշիկներ էր սրբում, «չիստի» գոչում։ Վենետիկի դպրոցից էր այդ Մարտիրոսը, և ով ինձ նրան ցույց տվավ, պատկառանքով էր խոսում նրա մասին։

Ապրել է պետք. ստամոքսը ոչ փիլիսոփա է ճանաչում և ոչ էլ Վենետիկի դպրոց, նա միայն ուտել է ուզում:

Նայեցի Մանուկին։ Նա էլ ինձ տեսավ, ճանաչեց, հայացքը ուրիշ կողմ դարձրեց և դադարեց «չիստի» կանչելուց։

Մոտեցա ու ոտքս դրի նրա արկղիկի վրա։ Հանեց լռությամբ խոզանակները, երեսիս չէր նայում, վարտիքիս ծայրերը դարձրեց ու սկսեց սրբել։

Որտե՞ղ էիր այսքան ժամանակ, հարցրի մեղմությամբ։

Ցնցվեց, բայց առանց վեր նայելու կմկմաց.

Կոշիկ եմ սրբում։

Երկուսս էլ լռեցինք։ Հույն պատանին, որ մի լավ զննել էր ինձ, այժմ վիզը երկարացրել, աշխատում էր գրպանիս եղած գիրքը զննել։

Գիտե՞ս, խոսեցի քիչ հետո, Թիֆլիսից եմ գալիս, այնտեղ Էյնաթենց Տիգրանին տեսա…

Է, արեց նա։

Բուլկի էր ծախում… Ի՞նչ է եղել նրանց, սնանկացե՞լ են։

- Եղբոր փողերը հատա՞վ արդյոք,– ավելացրեց նա, ոտքդ քիչ պինդ կոխիր… աստված արդյոք իր դատաստանը կատարե՞ց վերջապես, խո գիտես նրա եղբոր արածները։

Լսել եմ։

- Լսածդ ի՞նչ կլինի որ… պիտի տեսնել, իր վրա փորձել։ Նրա արածները երկնքին սյուն եղան, սյո՜ւն…

Քո փողե՞րն էլ է կերել։

Իհարկե… բայց քիչ. ինձ շատ խաբել չկարողացավ, դրա համար էլ ինձ մատնեց, քիչ մնաց բռնել տար երկրում։

Ես շատ եմ լսել նրա մասին,– ասացի ես,– բայց զարմանում եմ, թե ինչպես կարող է մարդ այսպես ժամանակ և իր դառն քրտինքը աչքերը բաց ուրիշի ձեռքը տալ։

Չտվիր՝ ի՞նչ կանես, մոտն ես գործում, փողը իրեն չես տա, կասի՝ «ինձ չե՞ս հավատում, դեհ, որ չես հավատում, գնա, ինձ մոտ էլ մի ծառայի»։ Ի՞նչ կարող ես անել: Չափում ես, կշռում և մտածում ես. «Չտամ, ինձ դուրս կանի, թե որ տամ, գուցե խղճա ու ուտի… ուրեմն տամ, գուցե չուտի…» և տալիս ես։

Առանց ստորագրությա՞ն։

Ստորագրությո՞ւնը որն է. «նրան չե՞ս հավատում, գո՞ղ ես համարում, որ ստորագրություն էլ ես ուզում, քանի՞ քեզպեսների փող կա նրա մոտ. 10 15 տարի է սաղ վանեցոց ու աշխարհին էլ հայտնի է, որ Էյնաթենց Կարապետը փող ուտող մարդ չէ, որ…»։ Ահա թե ինչ կասի քեզ։ Բացի դրանից, շատ էլ ստորագրություն եղավ, ի՞նչ կարող ես անել։ Դատ բանալը հե՞շտ բան է. չէ՞ որ եթե հարյուր մանեթ առնելիք ունենաս, երկու հարյուր էլ դատի ծախս պետք է քեզ… Երկիր փող ուղարկելու համար ստորագրությո՞ւնը որն է։

Քե՞զ ինչ է արել նա:

Ինձ շատ բան չի արել… կոշիկներդ, գիտե՞ս, հալից ընկել են, կրունկները փոխել տուր… Ուզեց շան պես դատածս, մի քիչ ունեցածս ձեռքիցս խլել՝ չկարողացավ, չտվի, վարպետ եղա. մոտիցն էլ շուտ դուրս եկա, ինձ և մյուսներին, օրինակ, ասել էր, որ իր տված բուլկիներից քանի հատ որ մնաց ամեն երեկո, պիտի ետ առներ։ 3 4 օր լավ է… մեկ օր էլ բարկացավ. «Շան որդիներ, ասաց, ձեր քարթու հացերը ե՞ս պիտի սաղացնեմ, հոգիներդ դուրս գա՝ ման եկեք ու ծախեք»։ Ասում էր. «ման եկեք»… Առավոտյան ժամը վեցից, երբեմն հինգից մինչև 11, կեսօրից հետո 4-ից մինչև 9-ը էլ տեղ չէր մնում, առանց կանգնելու ման էինք գալիս, ձայներս կտրվում էր գոռալուց. թափառական հրեայի պես և մի րոպե մի դռան շեմքի վրա նստել չէինք կարող… «քալե, քալե», գոչում էր մեզ մեր ստամոքսը, «քալե», ձայնում էր աղան… և մենք քայլում էինք, անդադար քայլում… ըշտե այսպես ենք ապրում մենք… Մյուս ոտքդ բեր, աս լմնցավ։

Պահ մի մեզնից ոչ ոք չխոսեց, ես տվի մյուս ոտքս, նա ներկը քսեց և երբ խոզանակով սկսեց շփել, շարունակեց.

Ըշտե ասանկ, աղաս… օրը մինչև երեկո, վեց ամիս անդադար քալեցի ու քալեցի, գռռացի ու կանչեցի, հացպանրից ու երբեմն էլ ասորի կամ պարսիկ խոհարարների աղտոտ կերակուրներից զատ բան չկերա… քիչ փող ետ ձգեցի։

Որքա՞ն։

Հիսուն մանեթ… լավ փող էր, կարող էի երկիր վերադառնալ, մի թեթև գործ բռնել։

Է, ինչո՞ւ չվերադարձար։

Հիվանդացա, ունեցածս էլ կերա ու մի քիչ էլ պարտք արի. շատ էի «քայլել»… Ժպտաց դառնությամբ ու լռեց։ Պատկերացան մտքիս մեջ այդ իսկապես թափառող թշվառ հայրենակիցներս, որոնցից հաճախ կարելի է տեսնել Թիֆլիսի փողոցներում քարշ գալիս։ Փոշոտ, հոգնած խռպոտ ձայնով գոչում են նրան՝ «Գարյաչի բուլկի» և ոչ ոք չի գթում նրանց, ոչ ոք…

Կլոր-դայիի Խաչոյին ճանաչո՞ւմ ես,– հարցրեց հանկարծ Մանուկը առանց ինձ նայելու և շարունակելով սրբել։

Չէ, այդ ի՞նչ Խաչո է:

Էն, որին ռուս Խաչո էլ էին ասում։ Ռուսեթ շատ էր մնացել, մի տղա ուներ, միասին էին Թիֆլիս: Որդին աշչի էր, հայրն էլ բուլոչնիկ՝ էյնաթի Կարապետի մոտ։

Լավ, հետո՞։

Կարապետը Խաչոյին սկսեց համոզել, որ իր աշխատածից որդուն չտար և տուն էլ չուղարկեր։ «Տնավեր, ասում էր նրան, որդիդ էլ է աշխատում, թող նա տունը պահի, իսկ դու փող ետ ձգիր, որ էգուց մեկել օր թե տղադ քեզ չուզի պահել, դու խեղճ չմնաս…»։ Խաչոն համոզվեց, ամսական մինչև 10 15 մանեթ ետ էր ձգում, շան պես էլ կյանք վարում։ Փողերը թողնում էր Կարապետի մոտ։ Տարի մ’երկու, մոտ 300 մանեթ աշխատեց, էլ նրա քեֆին քեֆ չէր հասնի, ուզեց փարեն առնել ու երկիր վերադառնալ։ 30 35 ոսկի էր. բոլ փող էր, ուզեց Կարապետից։

Ստացա՞վ։

Համբերիր… Կարապետը, աղիս ասեմ, նրան համոզեց, որ փող հետը տանելը վտանգավոր է, քուրդերը կխլեին և այլն, որ թող Խաչոն երկիր երթա, ու Կարապետը հեռագրով նրան փող կհասցնի՝ «փողը տիրոջ առջև դուրս կգա»… Հավատաց Խաչոն, ուրիշ ճար էլ չուներ, թե որ չհավատար։ Հասավ երկիր՝ «փողը տիրոջ առջև» չելավ։ Նամակ գրեց, պատասխան չկա։ Ետ դարձավ Թիֆլիս եկավ։ Կարապետը վռնդեց իր խանութից. «Շա՞ռ ես ձգում վրաս, ասաց, ի՞նչ փող, ի՞նչ բան, թուղթդ ո՞ւր է»… Հուսահատ Խաչոն այս դուռ, այն դուռ ընկավ ու… այս մեկ կոշիկդ էլ հալից ընկել է, գիտե՞ս…

Հետո՞, հետո՞, գոչեցի ես նեղացած, Խաչոն ի՞նչ եղավ։

Ի՞նչ պիտի լիներ, մառախից, ցավից մեռավ։ Տարանք թաղեցինք Վերայի գերեզմանատուն։ Որդին էլ երկիր երթալու ժամանակ սպանվեց։ Տասը՝ կին ու տղա, հոգի ունե, աստված նրանց ումուդին հասնի, ով գիտե այժմ քանիսը քաղցածությունից մեռել են…

Վերջացավ սրբելուց։ Վճարեցի. ոչ ես խոսեցի և ոչ նա, այլ հեռացա։

Երբ իջնում էի սանդուղքներից և հեռանում կայարանից, դեռ բավական հեռու լսում էի Մանուկի տխուր ձայնը, որ գոչում էր.

Չի՜ստի…

1814

ՔԱՐ ՋԱՐԴՈՂՆԵՐ
(Տուրիստի հիշողություններ)

Իմ բարեկամը սիրում է լավ ապրել, երբ կարող է։ Ամեն հարմարություններ ունի և ոչինչ չէ խնայում լավ բնակարան ունենալու համար: Դրա համար էլ նա իր տունը վարձած ուներ քաղաքի ամենալավ տեղում, խճուղու վրա։ Բնակարանի ամենալավ մասը պատշգամն էր, որ կիսովին դուրս էր պարզվում դեպի խճուղին և ուներ իբր տեսարան՝ գետը, այգին, լեռներն ու բերդը մի կողմից, իսկ դեմուդեմից էլ մի քանի հարուստների պերճ տներ։

Պատշգամբը զարդարված էր վարագույրներով, որոնք ես իջեցրի մի օր ժամը 12-ին և, սպասելով ճաշի, առի մի գիրք, նստա բազկաթոռի մեջ ու այդպես հանգիստ և հովանու մեջ՝ սկսեցի կարդալ։

Կարդում էի, բայց գլուխս բան չէր մտնում. ուղեղս դեռ չէր տաքացել, ուշադրությունս չէր կենտրոնանում, մի նախադասությունից հետո աչքերս գրքից հեռացնում էի և ուրիշ բանի ուղղում։ Օրինակ, հենց նայում էի դեպի ցած խճուղու վրա քար փշրողներին ու նրանց գործողությունը դիտում։ Սկզբում չէի էլ զգում, հետո էր միայն, որ տեսա նրանց պարսիկ լինելը, իսկ ավելի հետո էլ կենտրոնացնել հաջողվեց ուշադրությունս և սկսեցի հետազոտել այդ տեսարանն ու նրան բաղկացնող մասերը։

Երկու պարսիկներ էին Պարսկաստանից՝ երևի Թավրիզից կամ Խոյից։ Թաղյա թասաձև գլխարկ էին կրում, կապույտ կտավի արխալուղ էին հագել և այն էլ այնպես կտրտված, խունացած ու նոր կտորներով կարկտնած արխալուղ, որի պես պարսիկները միայն կարող են հագնել: Կտրտվածներ ու ծակեր անպակաս էին, թե թևերի և թե կրծքի վրա: Սպիտակ շալվարը կեղտոտ ու կտրտված՝ ձգելու աստիճանի, իսկ նրանք ձգելու անգամ չէին մտածիլ, որովհետև տնտեսագետ էին երևում, չէ՞ որ միշտ քարերի վրա էին նստում։

Ոտքերի կոշիկները՝ տրեխներ, պատած էին հաստ կաշու կտորներով, որովհետև քարերին շատ էին շփում ոտքերը։ Նստել էին ոտները պարզած դեպի առաջ․ դնում էին քարի մեծ կտորը, ոտքերով բռնում, իսկ կռանով ջարդում․ ջարդելուց հետո ոտներով հրում և ետ տալիս, ահա նրանց պարբերական ամբողջ գործողությունը։

Կիզիչ արևը այրում էր նրանց մեջքը ետևից․ երևի միշտ էլ այդ դիրքով էին նստում նրանք, որովհետև նրանց լերկ վիզը ետևից հասել էր նեգրային սևության։ Սև էր դեմքերն ու ձեռքերը․ դեմքը թշվառներին հատուկ խոր կնճիռներով լիքը, աչքերն արյունով լցված, քթերի կաշին պոգոճկված, այտերը այրված, ձեռները հողոտ ու կոշտ, ոտների ոլոկներն աղտոտ ու թուխ։

Երբ ես զննում էի այդ բոլորը, իմ մեջ հարց ծագեց, թե արդյոք որքանո՞վ են վճարվում նրանք այն փոքրիկ ջարդված քարից պիրամիդի համար, որոնցից ամեն ոք կարող է տեսնել խճուղիների կողքին։ Հետո էլի մի հարց գոյացավ այդ հարցից, այն է, թե օրական արդյոք քանի՞ պիրամիդ կարող էին ջարդել երկուսը միասին։ Մտաբերեցի, որ մի քանի տարի առաջ էլ այդ հարցը հետաքրքրել էր ինձ, հարցրել էի, գիտեի, աշխատեցի հիշել, բայց մոռացել էի։

Նայում էի անընդհատ։ Նկատեցի իսկույն, որ կտրտվող քարերը լավ կարծր էին. պետք է, որ որձաքար լինեին, բայց կային և գրանիտի կտորներ, որովհետև դեսուդեն էին ցայտում հաճախ կրիստալային կազմվածքներ, որոնց մուրճի 5 6 հարվածներ հազիվ էին կտոր-կտոր անում:

Ո՜ւֆ, ի՞նչ դժվար գործ էր։ Արևի տակ, այդպես անհարմար կերպով նստած և անդադար միևնույն տաղտկացուցիչ գործը։ Ինձ եթե մի պիրամիդի համար 10 ռուբլի իսկ տային՝ չէի անիլ։

Այստեղ հիշեցի, որ բարեկամիս ծառան խմելու սառը ջուր մատակարարելու համար, պահ մ’առաջ երկու վեդրոներ կախ էր արել մի կոր ճկուն փայտից, լցրել էր նրանց ջրով և վերադառնում էր մի վերստ հեռու աղբյուրից։ Հևում էր քրտնաթոր, ծնկները կքվում էին և ես մտածում էի, թե որքան սոսկալի բան կլիներ, եթե ինձ ստիպեին այդ գործը կատարել։ Բարեկամս ասում էր, որ 100 ռուբլի էլ տային, ինքը չէր անիլ այդ։ Կուզենայի, որ նա դուրս գար, և ես նրա ուշադրությունը հրավիրեի քար փշրողների վրա։ Անշուշտ, նա այդպիսիների հարյուր անգամ տեսած կլիներ. տեսած կլինեն շատերը, միշտ էլ տեսնում ենք. բայց ոչ մի ժամանակ առանձնապես կանգնած, գոնե ես, չէի դիտել այդ տեսարանը։ Հետաքրքիր մի տեսարան էլ չէ, ոչ էլ գեղարվեստական. սարսափելի է միայն. արևը մի ճեղքից քիչ խփելու ժամանակ իսկույն ամեն հնարք գործ դրի, որ վարագույրները գնդասեղով և այլն միացնեմ ու ճառագայթի մուտքն արգելեմ, իսկ ինձնից քիչ հեռու, առավոտյանից ի վեր, 7 ժամ անընդհատ կատարյալ արևի մեջ քար են փշրում երկու խղճալի արարածներ։

Արդյոք ի՞նչ պիտի ստանային ամբողջ օրվա այդ տանջանքի համար։ Խոսում էին. սկսեցի լսել, որ գուցե հարցիս պատասխանը իմանալ հաջողվեր ինձ։

Լսելու համար քիչ ծռվեցի դեպի փողոցը։

Այդ միջոցին էր, որ մի սուր ձայն լսվեց։

Բուլկի, աղաղակում էր մեկը, որ մի մեծ սակառ աջ ուսին, կքված նրա ծանրության տակ, ձեռքի փայտը իբր հենարան գործ ածելով, բարձրանում էր փողոցն ի վեր, անցնելով ճիշտ քար փշրողների կողքից։

Բուլկի՛, կրկնեց նա ակնարկը մեքենայորեն քար փշրողներին դարձրած։

Ի՞նչ. հարցրեց պարսիկներից մեկը և մուրճը ցած դրեց,– բուլկի… դա ի՞նչ բան է։

Հաց ծախողը կանգ առավ նրանց կողքին։

Հաց է, ասաց։

Բաս հացը այդպե՞ս կծախեն։

Մյուս պարսիկն էլ դադարեց, մուրճը գետին դրեց ու դառնալով ընկերին նկատեց անհամբերությամբ.

Չես հասկանում, Մահմեդ, դա չայի հաց է։

Ցույց տուր, նայենք, ասաց Մահմեդը հաց ծախողին:

Վերջինս երևի հոգնել էր և մի փոքրիկ առիթի էր սպասում, որ սակառը ցած դնի։ Ցած էլ դրեց, բայց երեսի ծածկոցը չհանեց։

Բաց, տեսնենք, հարեց Մահմեդը պարսկական հատուկ համարձակությամբ, տեսնենք ինչ տեսակ հաց է։

Խո չեք առնելու, էլ ինչո՞ւ բանամ։

Մյուս պարսիկը վիրավորվեց։

Ինչից գիտես, որ չենք առնելու, ա՛յ, հա՛յ:

Հայ էր ծախողը, կռացավ և սակառի ծածկոցը ետ քաշեց.

Ահա տեսեք, ասաց, բուլկի է էլի:

Սակառը լիքն էր բուլկիներով, նոր էին եփված ու մի շատ անուշ հոտ փչեցին պարսիկի քթածակերի մեջ. շատերի երեսի կարմրության վրա մարգարիտների պես փայլփլում էին շաքարավազի հատիկներ: ― Էս ինչ տեսակ հաց է մատը դրեց մեկի վրա Մահմեդը,– և ինչ փափուկն էլ է. սա ուտում են։

― Իհարկե, ծիծաղեց ընկերը։

Չայի հետ են ուտում, ավելացրեց ծախողը, շատ համովն է։

― Մեկ նայիր այստեղ, է, Շիրին, դրդեց ընկերոջը Մահմեդը և ուզեց ձեռքն առնել մի բուլկի։

Ձեռք մի տալ, կփշրես, արգելեց ծախողը։

Պարսիկը ձեռքը ետ քաշեց, հետո ուզեց մուրճը ձեռքը առնել, բայց էլի թողեց և մի տենչալի հայացք ձգելուց հետո սակառի վրա ասաց.

― Փա՛հ, փա՛հ, ինչ լավ հացեր են է՜է՜:

Ծախողը ծանրությամբ սկսեց ծածկել բուլկիների երեսը։

Մահմեդը ցուցամատի վրա բութով մի եղնկաչափ ցույց տալով.

- Մի այսքան կտրի տուր, ասաց, տեսնեմ ինչ համ ունի։

Մյուս ընկերը ժպիտը դեմքին լսում էր. չէր էլ ջարդում. երբեմն միայն կռանը տափակեցրած հեռվից մոտ էր քաշում քարի թռչկոտած կտորները։

Ինչպե՞ս կարելի է, պատասխանեց ծախողը և սակառն ուսի վրա ձգեց, չէ՞ որ կփչանա։

Մի այսքան, էլի , պնդեց Մահմեդը, խո ավելի չեմ ուզում, զաքե եթե լավն է՝ առնեմ։

Շատ լավն է, չե՞ս տեսնում, որ շաքարով է շինված։

Շաքարը երեսն է, խո մեջն էլ չէ։

Մեջն էլ է շաքարով։

Բույ… զարմացավ Մահմեդը, մե՞ջն էլ։

Իհարկե, ասաց ծախողը, յուղով էլ։

― Բույ… իսկ ի՛՛նչն է կարմրեցնողը։

Յուղն է և ձուն։

Ձո՞ւ էլ կա մեջը։

Կաթ էլ։

Մահմեդը ընկերոջը նայեց, նրա աչքերը մեծացան փափագից, քթի ծակերը լայնացան ու վերի շրթունքը բաժանվեց ցածրինից. ախորժակը խիստ գրգռվել էր։

Ծախողը մի քայլ արավ գնալու։ Մահմեդը անձկանոք նրան նայեց և սակառին։ Շիրինը տեսավ այդ, մի վայրկյան կնճռեց ճակատը, հետո դարձավ ծախողին ու ասաց կտրուկ ձայնով.

Մեկը քանի՞։

Հինգ կոպեկ, պատասխանեց ծախողը և կանգ առնելով կիսովին դարձավ։ Կարծեց, որ առնելու էին։ Բո՛,-բացականչեց Մահմեդը իսկույն. անհետացավ դեմքի անձկալի արտահայտությունը, այդքան թա՞նկ, կրկնեց նա, հետո մուրճը ձեռքն առավ և մեղմ ձայնով ավելացրեց։

- Չեմ ուզում, գնա. դեհ, գնա, էլի՜։

Հաց ծախողը նրան նայեց մի քիչ, հետո.

Գնում եմ էլի, ասաց, ինչո՞ւ ես բարկանում:

Հեռանալ սկսեց։

Երեք կոպեկով չե՞ս տալ, գոռաց նրա ետևից Շիրինը։

Ո՛չ, չեմ ուզում, թող գնա, վրա տվեց Մահմեդը, կատաղությամբ մուրճը քարին խփելով։

Ո՛չ, պակաս չի լինիլ, գոռաց հաց ծախողը, որ հեռանում էր:

Նա գնում էր դեպի դիմացի տունը, երևի այնտեղ նստող աստիճանավորին սուրճի համար հաց տալու։

Շիրինն էլ էր տաքացել և բարկությամբ յուր մուրճը քարի կտորներին էր խփում։ Քիչ հետո դարձավ և նայեց Մահմեդին, հետո հաց ծախողի ետևից գոռաց.

Երկուսին յոթ կոպեկ տամ, բեր։

Այս անգամ Մահմեդը ձայն չհանեց։ Հաց ծախողը հեռացավ և մտավ մեծ տան մեջ։

Արդյոք ովքե՞ր են ուտում այդ տեսակ հացը, խոսեց Մահմեդը։

Ովքե՞ր, պատասխանեց Շիրինը, շատ պարզ է, աստիճանավորներ և հարուստներ։

Մոռացավ կրոնավորները, մտածեցի ես։

Իսկ մեզ պես աղքատները, շարունակեց Շիրինը, դրա համն էլ առնելու իրավունք չունին։

Հինգ կոպեկ. մռմռաց Մահմեդը, ինչքան էլ փոքր էր, մի բրտուճ կարելի էր անել միայն։

Սկսեցին պահ մի լռությամբ քար ջարդել, որից հետո Մահմեդը նորից խզեց լռությունը.

Քաղցած չե՞ս, հարցրեց նա Շիրինին։

Ուտենք։

Մուրճերը ցած դրին. Շիրինը վերցրեց կարմիր թաշկինակով կապած հացը, բաց արավ, տարածեց քարերի վրա և սկսեցին հաց ուտել:

Միայն ցամաք հաց էր, Մահմեդը ախորժակով էր ուտում և հաճախ նայում էր դեպի աստիճանավորի տունը, ուր մտել էր բուլկի ծախողը: Տեսնես ինչ յուղով կլինի շինած,– ասաց նա մեկեն,- կարագո՞վ:

Գժվե՞լ ես, պատասխանեք Շիրինը,– կարագ յուղով էլ հա՞ց կթխեն… դմակ յուղով կլինի։

Եվ լռեցին։ Շոգը սաստիկ էր. անցուդարձը դադարել էր. երբեմե միայն ցածի փողոցից երևում էին եզան սայլեր։

Մեր երկրում այդպես բաներ չեն թխում, ասաց նորից Մահմեդը։

Այո՛, բայց ուրիշ ավելի լավ քաղցրեղեններ կան. միտդ չէ՞, թե Նովրուզի օրը ինչեր չեն լցնում խանութներում. փախլավանե՜ր, ինչ լոխումնե՜ր։

Բայց մենք, գյուղացիներս, խո այդպես բաների համը չենք առնում. դրանք քաղաքացոց համար են։

Շիրինը քիչ լռեց, հետո մեկենիմեկ ասաց.

Իսկապես, Մահմեդ, կուզե՞ս մի հատ առնենք։

Չէ, չէ– շտապեց պատասխանել Մահմեդը,– օրական 45 կոպեկ աշխատանք անենք, գիժ խո չե՞մ, որ 5 կոպեկ փողը մի բրտուճ հացի տամ… բաս պարտքե՞րս ով տա, որդիների՞ս ով կերակրի։

Լռեցին։ Մահմեդի տրամաբանությունը էլ առարկություն վերցնել չէր կարող ըստ երևույթին։

Կերան ինչ որ կար։ Շիրինը թաշկինակն թոթափեց, կոխեց ծոցը: Կռանն առավ ու ասաց.

Դե՜հ, վերջացնենք, քիչ մնաց։

Հաց ծախողը երևի ուրիշ կողմով էր դուրս գնացել աստիճանավորի տնից և կամ թե հենց նրա տակի մառանումն էր բնակվում։ Երեկ ես նկատել էի, որ այդ մառանում կանայք և մանուկներ կային։

Երևի լավ առևտուր ունի… հը՞, Շիրին, հարցրեց դարձյալ Մահմեդը։

Իհարկե, հատը 5 կոպեկով, որ օրական 20 հատ ծախե, այդ քեզ մի ռուբլի, քի՞չ փող է։

Լավ աշխատանք է, աստված վկա… մեր մի երկու օրվա աշխատանքը։

Այդ միջոցին բարեկամիս ծառան դուրս եկավ պատշգամբ և ասաց ինձ.

Աղա, խորովածը պատրաստվեց, համեցեք։

Երանի այդ հարուստներին, ասում էր ցածում Մահմեդը,– այդպես լավ հացեր են ուտում միշտ…

Ու այսպես էլ արևի տակ չեն այրվում… ավելացրեց դառնությամբ Շիրինը և սրբեց ճակատի ծորող քրտինքը։ Վեր կացա ներս մտնելու։

Վերջին խոսքը, որ լսեցի, դա Մահմեդի խոսքերն էին, միացած մի խոր հառաչի հետ։

― Էհ… ասում էր նա խորին տխրության շեշտով, երևի մեր ճակատագիրն այդ է… տեսնել և չկարողանալ վայելել։

Գիշերային ժամերգություն

Տըլը՛նգ, տըլը՛նգ, տըլը՛նգ…

Զարթնում եմ։ Ձյունի սպիտակությունն ու աղոթարանի լույսը լուսնկայի պես հում լույսով ողողել են սենյակս։ Մոտ եմ գնում լուս ամուտին և փողոց նայում։ Ասաղերից շատերը դեռ պսպղում են երկնակամարի վրա. խոր լռություն է տիրում, ձյունի սպիտակությունը լուսավորել է Վան քաղաքի Խաչ-փողանի այդ մեծ ծառուղին, ծառերը ծանրաբեռնված ձյունով՝ ճյուղերը խոնարհել են գետին, և փողոցի ձախ կողմի կածանով քայլող միակ անձն այդ միջոցին Հայնկույսներ եկեղեցվո ժամկոչ Սահակն է։

Քայլելով սերտ ձյունի վրա, թևից քաշ արած տանձենու տախտակին ուժգին հարվածներ է հասցնում նա փայտյա մուրճով, հետո գլուխը ցցում և զիլ ձայնով երգում.

Ո՜վ բարեպաշտ ժողովուրդ, ժամ հրամմեցեք…

Ու… տըլը՛նգ, տըլը՛նգ, տըլը՛նգ…

Որքա՜ն քաղցր ձայն ունի անպիտանը և որքա՜ն ոգևորությամբ է երգում։ Երբ վերջացնում է, կանգ է առնում յուրաքանչյուր դռան առաջ, բարձրացնում է կռանը և երեք ուժգին հարվածներով բախում։

Այդ նույն պահին լսվում են հեռավոր թաղերից խուլ, այլևայլ շեշտերով հրավերներ, կոչնակի ձայներ և դռների բախումն։

Տըլը՛նդ, տըլը՛նգ, տըլը՛նգ…

Հագնվում եմ։ Չնայելով, որ ցուրտ է, իջնում եմ փողոց և առվի վրա կռացած՝ սկսում եմ լվացվել։ Ամայի, մշուշային լույսով փողոցի մեջ մեկ-մեկ երևում են մարդիկ, ճռնչում են դռներ, նրանցից դուրս են գալիս մանուկներ, որոնք խշրտացնում են ձյունը, քայլում ձյունից սրթսրթացող ծառերի տակից և իջնում դեպի ձորակի եկեղեցին. ժամկոչը վերջացնում է և կամ հոգնել է դռներ ծեծելուց և իր ծանր կոշիկներդ քարշ տալով անցնում է մեր դռան առջևից։

Բարի լույս, Սահակ ախպեր, ձայնում եմ նրան՝ կկզած առվակի եզրին: - Աստծու բարին… արդեն զարթնե՞լ ես։

- Կոչնակիդ ձայնը թողնո՞ւմ է քնել,– ժպտում եմ ես.– բայց ես շատ եմ սիրում դրա ձայնը, այնպես քաղցր է հնչում քնի մեջ։

- Աղեն զարթնե՞լ է,– հարցնում է նա՝ կամենալով անցնել։ Հետո, առանց պատասխանի սպասելու, վերսկսում է.

- Ո՜վ բարեպաշտ ժողովո՛ւրդ…

Որքան գեղգեղ գիտե՝ հնչեցնում է։

- Ձայնդ խռզոտվել է, հա՜…

- Իհարկե կխռզոտվի. ցուրտը չե՞ս զգում։

- Մտիր մեկ տաքացիր, թոնիրը վառված է կարծեմ։

Եվ ժամկոչը, ցրտից զլված ձայնն իր վերին աստիճանին հասնելուց հետո, կանգ է առնում։

- Աղեն զարթնել է, ավելացնում եմ ես, վերից լսում էի, թե ինչպես Նարեկ էր քաղում։

- Աստված օրհնի աղին, շա՜տ ջերմեռանդ է. սաղ Նարեկը անգիր գիտի…

Ու մտնում է ինձ հետ։ Մի քանի դուռ էր մնացել բախելու դեպի վեր, շատ էլ կարևորներիցը չէին։

Տանտունի դռան առաջ ոտները թափ է տալիս Սահակը և հետևում ինձ։ Թոնիրը ներսում վառվում է և մի մեծ բոց գալարում դեպի երդիկը։ Կողքին, մի դոշակի վրա նստել, բարձին թիկն է տվել իմ հյուրընկալ Մկրտիչ աղան ու մեծահնչուն ձայնով սուրճ է խմում կում առ կամ։ Ամեն կումից հետո երկար փողով պապիրոսը բերնին է դնում, մեծ քանակությամբ ծուխ ներս քաշում, գլուխը բարձրացնում, վիզը երկարացնում և քթածակերից ու բերնից դուրս է վիժում ծխային մի ամպ։ Ծանր, պաշտոնական և խիստ մտախոհ կերպարանք ունի Մկրտիչ աղան։ Խորշամուտ ճակատ, արևակեզ ոսկրոտ այտեր և փաթոթավոր մեծ ֆես, երկար ֆարաջա ու ծալապատիկ նստած դիրք՛ նրանից քեչ հեռու, մի աղջիկ ավլում է հատակի կարպետն ու աշխատում, որչափ կարելի է, քիչ ձայն հանել։ Տանտիկինը հեռու անկյունում մի քանի մանր-մունր մանուկների է հագցնում, մանուկներ, որոնք տկլոր նստած կամ կանգնած՝ կիսամթան միջից շողացնում են աչքերը։ Սենյակի մի կողմից լույս է տալիս ձեթի կանթեղը, որ դրված է պատին խփած փոքրիկ պատվանդանի վրա՝ բարձրում։ Եթե թոնրի բոցը չլիներ, այդ լույսը միայն մի փոքրիկ շրջան հազիվ կարող էր լուսավորել։ Սենյակը մեծ է և բարձր։ Վերից մի երդիկ միայն կա, այն էլ ծածկված գմբեթաձև վանդակով և ապակու փոխարեն՝ պատած յուղոտ թղթերով, բակի վրա նայող պատը շատ բարձրից ունի երկու միջնադարյան, յուղոտ թղթով պատած լուսամուտներ։ Եվ դրանք են տանտունի լույս տվողները։ Դրա համար էլ հեռավոր անկյունները մնացել են կատարյալ խավարի մեջ։ Ինչե՜ր ասես, որ այդ անկյուններում դարսված չլինեն, կործած կաթսաներ, բարձր դիզած անկողիններ, հետո կարասներ, կուժեր…

Թոնրի շուրջն է միայն, որ քիչ կանոնավոր է։ Բարձր սաքու՝ կարպետներով պատած, մի քանի ներքնակ, մի քանի բարձ և մի աթոռակ, որի վրա են դրել աղայի ֆինջանի ափսեն և պապիրոսի մոխրամանը։ Խարույկի լույսը թոնրից ելած՝ կիսովին լուսավորում է այդ բոլորը, սուր լույսի և սուր ստվերի կոնտրաստներ գծում աղայի դեմքի վրա. կրակը ֆշֆշում է, լսվում է ավելի չոր-ռիթմային հարվածները, աղայի սուրճ խմելու երկար շառաչյունը…

Դրսում կատարյալ լռություն է. երբեմն միայն, մի աքաղաղ կանչում է հավաբնի խորքից, նրան հեռվից արձագանք է տալիս մի ուրիշը՝ ժանգոտ ձայնով, ապա հեռավոր տըլընգոցներ և այդ բոլորից հետո, ներսից, մթան մեջ ստվերի պես երևցող տանտիկնոջ խոր հազը…

Սահակը դռան կողքին է թողնում կոչնակը, կոշիկները հանում և ինձ հետ թոնրին մոտենում։

- Բարի լույս, Մկրտիչ աղա։

- Ա՛յ, աստծու բարին… այդ ո՞վ է հետինդ։

- ժամկոչն է։

- Հա՞… դե լավ. այս կողմ հրամմե, որդիս, եկո կողքիս նստե։ Դու էլ, Սահակ, եկո քիչ մը տաքցիր, մրսած կլնես։ Ցուրտ է, հա՞։

- Հա՛, հրամանք ես, լավ ցուրտ է։ Արարք գնացող սխկայեցիք մեկ-մեկ հոխա սառցի քուլաներ ունեին իրենց բեղ ու մորուսի վրա։

- Դաշտում, իհարկե, ավելի ցուրտ կլինի, ասում եմ ես։

Ավելածությունը դադարում է. սիլուետների պես, կիսամթան մեջ, ջարժվում են մանուկները։

- Մանավանդ Սխկայի կողմը, դիտել է տալիս ժամկոչը, հետո ձեռքերը պարզում կրակին և՝ «Օ՜ֆ, ինչ լավ կրակ է…» ։ - Կնի՜կ, դառնում է աղան տանտիկնոջ, ժամկոչ ախպոր մեկ օղի, թող ներսի կրակն էլ վառվի…

Ծիծաղում ենք։ Տանտիկին–խաթունը մոտ է գնում պատի միջի պահարանին, հանում օղու շիշը, մի փոքրիկ պնակով էլ չամիչ, լցնում է բաժակը օղիով և պարզում ժամկոչին։ Սա առնում է, բարեմաղթում, խմում, չամչից երկու հատ վերցնում, սրբում է բեղերն ու ասում․

- Ուխա՜յ… աստված շեն պահի, լա՜վ տաքացա։ -Մեկ էլ տուր, կնի՛կ,– հրամայում է աղան։

Ժամկոչը այդ երկրորդը առանց բարեմաղթելու է կոնծում, թևովը սրբում է բերանը և որպես թե սկզբում մի բան էր ասել և կիսատ թողել, շարունակում է,

-հա՛, է՛ն էի ասում… էդ տնավեր սխկայեցիք… այնքա՜ն տեղից, էս ցուրտ-ղիամաթին, ծանր-ծանր, իրենց էշերի քայլքով քաղաք են գալիս թե ինչ… մեկ իշու բեռ փթիր կամ երկու ջվալ պտըտուր պիտի ծախեն… Տնավերներ, 5 6 ղուրուշի համար այդքան տանջվել կլինի՞։ Հալա մեկ-երկու ժամ էլ այս ցրտին, ոտները վեր-վեր անելով, Արարուց մեյդանի վրա պիտի սպասեն, մինչև որ ժամավորն ելնի և պտըտուրն առնի…

Թե որ ծախվի էն էլ, մեջ եմ մտնում ես, չե՞ս տեսել, որ շատերը չեն կարողանում ծախել մեյդանի մեջ և էշն առաջ արած՝ մինչև երեկո փողոցներն են չափում և գոռում…

-խա՛, խա՛, քե մեռնեմ… շան կյանք է, ողջ օր ու գիշեր տանջվեն, ցուրտ ուտեն, հիվանդանան, մի երկու ղուրուշ վաստակեն, էն էլ տանեն կամ պարտատիրոջ տան, կամ նյուֆուս առնողի բերան լցնեն։

Թե որ մենակ նյուֆուս լինի…, ասում է աղան մռայլ դեմքով,– ապա ուրիշ հարկե՞րը, ապա կաշառքնե՞րը…

Բոլորս լռում ենք։ Կրակը ճարճատում է, բոցը իջնում և արնեգույն լույսի մի շրջանով ներկում մեր դեմքերն ու թոնրի եզերքները։

«Ձայն հառաչանաց, հեծության սրտի, ողբոց աղաղակի… քեզ վերընծայեմ… ստեղծողդ ամենի…», լսվում է այդ լռության միջից աղայի մելամաղձոտ, սրտի խորքերից դուրս եկող վշտալից խուլ ձայնը։ Հետո, երբ մի րոպե ամենքս լուռ մնացած, ակնապիշ՝ կրակն ենք դիտում, նա դառնում է ժամկոչին և հարցնում․

Պատարագիչն ո՞վ է այսօր, Սախակ։

Տեր Եղիշեն։

Ամբիծք էլ ունի՞ք։

Հրամանք ես, երկու հատ։

Նորից լռություն։ Կայծեր են դուրս սլանում թոնրի խորքից, միմյանց ետևից պնդում կարծես և սենյակի վերին, մութ տարածության մեջ, ճաթռտում, կորչում։

Աղջիկը դեռ ավելում է, բայց շատ հեռու, հազիվ երբեմն լսվում է ավելածության չոր ձայնը։ Տեր Հովսեփին կասես, խոսում է աղան,– որ ժամից հետո գա մեզ մոտ ճաշի, թող ամբիծքը ուրիշներին թողնի։

Հազըր որ էսօր ամբիծքն ուտի և էգուց էլ ձեր ճաշ՛ը… ասում է ժամկոչը. ինչո՞ւ իզուր կորցնի ամբիծքները։

Բոլորս ժպտում ենք։ Նա նկատում է այդ։

Խաչը՜ , ապա…– շարունակում է նա, դուք չեք իմանում, թե որքա՜ն ծանր է տերտերների համար, կորցնել մի ամբիծք, թեկուզ թագավորի ճաշին անգամ հրավիրված լինի։ Կտեսնեք, ա՜յ…

Չէ՛, ժամկոչ, պնդում է աղան, տեր Հովսեփը կգա. ի՞նչ կա, իր բաժին ամբիծքը թող տուն ուղարկի։ Ասա, որ մի լավ քյալագյոշ ենք եփել չորթանով։

Քյալագյո՞շ…

Եվ ժամկոչի բերնի ջրերը շատանում են։

Հը՜մ… մռմռում է նա, ինչ լավ բան որ չինի, իսկույն տերտերին են կանչում… ժամկոչը չոռ ու ցավ ուտի…

Լա՜վ, լավ, ժպտում է աղան, քո բաժինն էլ կտա խաթունը։

Աստված շե՜ն պահի… Դե՜հ, տաքացա․ գնամ․ ժամ օրհնելու Ժամանակ է. հիմա տերտերները եկած կլինին, մանավանդ ծուռ տեր Ստեփանը, որ հոգիս մինչև այստեղս է հասցրել։

Կոկորդն է ցույց տալիս և սկսում կոշիկները հագնել։

խա՜ գեո… շարունակում է նա, մինչև այստեղս է հասցրել։ Ամենից շուտ է գալիս, դուռը շխկոցով բաց է անում, կոշիկները հանելով թևի տակ է դնում, գժի պես վը՜զզ… վազում դասը։ Վա՜յն եկել է ինձ, եթե ժամ օրհնելու զանգը իսկույն չխփեցի։

Չէ՞ որ նրան դադարեցրել են քահանայագործությունից։

Ըմ… ո՞վ կարող է նրա վրա։ Ամեն օր կռվում է տեր Հովսեփի, տեր Եղիշեի հետ… տեր Վարդանի հե՞տ խո… աստված ազատի շուն ու կատու են։ Ժամի կես տեղում, մեկ էլ տեսար, սա նրան, նա սրան․ էլ բան չի մնալ, որ չասեն, է՜հ էհ, ո՞րն ասեմ… դե՜հ, մնաք բարին, սա՜ղ լինիք…

Եվ բաց է անում դուռը։

Չմոռանաս, Սախակ, կանչում է աղան։

Չե՜մ մոռանալ․ մնաք բարին։

Բարի եկար։

Ժամկոչը բաց արած դռնից երկնքին է նայում։

Հո՜, հո՜, ասում է նա, հիմա լույսը բոլորովին կբացվի, տեր Ստեփանը կրակ դրել՝ եկեղեցին վառում է ով գիտե, թե որ տեր Վարդանն, էլ եկել է, է՜լ աստված ազատի… Եվ ծանր քայլերով հեռանում է։

Դուրս եմ գնում ես էլ։ Փողոցում սկսում են երևալ դեպի եկեղեցին իջնող կանանց, տղամարդկանց և մանուկների խմբեր, որոնք միմյանց ետևից, շարքով անցնում են նեղ կածանով՝ կծկված ու քչփչալով։ Մանուկներն իրար ձյուն են նետում, սահում են, վազվզում, գոռգոռում… Ու նրանց ստվերները կարճ գծվում է զառիվայրի շողշողան ձյունի վրա։

Եվ ժամկոչ Սախակի կոչնակի ձայնը իր վերջին տըլընգ-տըլընգն արձակելով իջնում է դեպի Հունկույսների ձորակը, ուր գնում են ձորագլխի վրա միմյանց միացող ժամկոչները։

Ձորի խորքից խո՜ւլ կերպով լսվում է այժմ եկեղեցու տանիքի վրա դրված երկրորդ մեծ կոչնակի ձայնը, որ իր կողմից արձագանք է սփռում ձորակի մեջ և դղրդեցնում Զըմփ-զըմփ մաղարայի լեռը…

* * * 

Այդ բոլորը հիշում եմ մի առ մի, ամենափոքր մանրամասնությամբ։ Հիշում եմ ապա փոքրիկ կամուրջը, որ ձգված է ձորակի գետի վրա, հետո՝ եկեղեցու բարդիները, պուրակը, կից պարտեզները, Զըմփ-զըմփ մաղարայի քարոտ լեռը՝ ճիշտ շենքի ետևում ցցված, եկեղեցու և դպրոցի պարսպապատ շենքը, վերի առուն՝ իր ուռենիների շարքերով…

Հիշում եմ եկեղեցու քարե դռնից սրթսրթալով ներս մտնող ժամվորներին, որոնք շրթունքները շարժելով աղոթք են մրմնջում և մտնելուց առաջ քարե շրջանակը համբուրում, հիշում եմ դռան առջևի առվից լվացվողներին, որոնք տանը չեն լվացվել և եկել են եկեղեցվո առվից լվացվելու և որոնք կարմիր թաշկինակներով երեսները սրբելուց հետո խաչակնքում են, ձեռքերի մեջ փչում և եկեղեցի մտնում…

* * * 

Ահա և եկեղեցին։

Մի մեծ շենք է. ցած ու մութ։ Լուսամուտները փոքր․ ջահերը վառված չեն, սեղանի վրա և տեղ-տեղ՝ պատկերների առաջ վառվող բարակ մոմերի լույսերը շատ նեղ շրջաններ են լուսավորում։ Դռնից նայողին ներկայանում է դեմ առ դեմ, հեռվում, մի մեծ բաց դռան ներսի կողմում՝ մատուռի լուսավորած ոսկեզօծ սեղանը։ Նրա դրսի կողքերում՝ երկու փոքրիկ սեղաններ, նույնպես սակավ լուսավորված։ Երկու մեծ սյուներ կազմում են դասը, որոնք և փայտյա վանդակորմով զատված են։ Սյուների կողքին են կանգնել քահանաները։ Դասերից սկսած դեպի պարզվում են երկու անոճ, փայտյա սյուների շարքեր և ժողովրդի կանգնելու տեղը՝ մինչև դուռը։ Շենքի հատակը քարյա է, բայց ծածկված ամեն տեսակ հին ու նոր կարպետներով ու գորգերով։ Պատերը զարդարված են հնամաշ, սևացած, մոմի կաթվածքներով բծավորված, բոցերովը խանձված, երբեմն շատ տգեղ, հազիվ ուրեմն գեղեցիկ՝ զանազան պատկերներով։

Հատակից հետո, դռան գլխին է գտնվում կանանց բաժինը՝ երկհարկ լայն օթյակ, որ թառմա է կոչվում։ Եվ որպեսզի ցածում աղոթող տղամարդիկ կանանց դեմքերը չտեսնեն, թառման ունի առջևից մանր ծակերով տախտակորմ։ Թառմայի տակն է աղքատների կանգնելու տեղը, երեսփոխի մոմի սեղանը և կոշիկներ հանելու տեղը։

Ներս եմ մտնում այն ժամանակ, երբ դասից լսվում է

-Օրհնյալ տեր մեր Հիսուս…

Բայց հազիվ թե նա կմկմալով ուզում է շարունակել, որ եկեղեցու դան մոտ մի խլրտում է առաջանում։ Տեր Ստեփանն է։ Ներս է ընկնում, կոշիկները թևի տակից դուրս թողնում դեպի գետին, սլանում է դեպի մյուս դասը առանց փիլոնի, խլում է տեր Վարդանի բերանից աղոթքը և գոռում.

- Օրհնյա՛լ տեր մեր…

Եվ ահա հանդիսատես եմ մի տեսարանի, որի հիշողությունն իսկ ինձ ծիծաղեցնում է։

Տեսնում եմ կուզ տեր Վարդանին, որ հանկարծակիի եկած այդ հարձակումից, քարանում է։ Ստիպված էր լռել, որովհետև ձայնը շատ ցածր էր, արտասանությունը ծանր։ Ծերացել է տեր հայրը, խիստ ծերացել։ Լռում է և այլայլվում։ Տեր Հովսեփ ավագերեցից հետո ժամ օրհնելու իրավունքն իրենն էր. ոչինչ չէր կարող այնքան վիրավորել նրան, որքան գիժ տեր Ստեփանի այդ վարմունքը։

Տեր Ստեփանը գիժ է, մի խենթացած քահանա, որի հետ չգիտեն ինչպես վարվել, որտեղ ուղարկում են՝ փախչում է։ Մոլեգին սիրահար է ժամերգության, որ թողնեն, ամբողջ առավոտյան ժամերգությունը՝ քահանայի, դպիրների, փոխասացների բաժինները միմյանց ետևից կասի և դեռ էլի կուզենա ասել։ Ամբողջ օրը իր տան կտուրի վրա ճեմում է և զիլ ձայնովն ու ստեղի շարականներով ողողում փողոցը։

Բայց ահա տեսնում եմ տեր Վարդանին, որ ցցվում է, կարմրում և գոռում.

- Ադաբսըզ (անամոթ), չե՞ս ամաչում… էլի՞…

- Եվ թող մեզ զպարտիս մեր…– շարունակում է տեր Ստեփանը արագությամբ, գլուխը ցցած, հաղթական ժպիտը դեմքին։ Տեսնելով, որ հաղթողն էր, ձեռքերն է շփում, փիլոնը վրան առնում և անընդհատ, երգելու պես, կարդում է աղոթքները։

Ծո՛ւռ… շարունակում է նախատել տեր Վարդանը ավելի բորբոքված։

Եվ մի տանիr զմեզ ի փորձություն… գոչում է տեր Ստեփանը շեշտելով և թշվառ ծերունուն դարձած։

Տեր Վարդանը, վերջնականապես հույսը կտրած, դողում է բարկությունից. լռել է, բայց քթի տակից փնփնթում է. և բավական բարձր ձայնով փնփնթում.

Այսպես գժերի մորուքը չեն ածիլում… հերիֆ, հերիք չեղա՛վ արածդ. քո ի՞նչ բանն է աղոթել, հայվան Մարկոս ծուռ Փիլիպո՜ս…

… Զի քո՛ է արքայություն և զորություն… նետում է դեպի նա տեր Ստեփանը զորեղ ձայնով։

Չոռ ու ցա՛վ…

… Եվ փաոք հավիտյանս…

Գետին անցնիս…

Ամմեն։

Թառմայում այդ միջոցին քչփչոցը սկսել է։ Կանայք բավական հավաքվել են. տղամարդիկ էլ հետզհետե հասնում են, կոշիկները թողնում դռան մոտ՝ ժամհարի կողքին, գլխարկները կամ հանում և կամ հենց ֆեսով՝ ցրվում են կիսախավար եկեղեցվո զանազան կողմերում։

Ահա և ավագերեցը. կարճահասակ, բարեհույս դեմքով ծերունի, որ դռան շեմքի առաջ կանգ է առնում և դիտում է դասի մեջ կատարվող տեսարանը: Ասպարեզի տերը դեռ տեր Ստեփանն է. անցել է այժմ մատուռի առաջ և շարունակում ջրվեժի պես բերնից դուրս տալ անհասկանալի արագությամբ աղոթքներ՝ մոնոտոն, արագ ու զիլ արտասանությունով։ Պարզել է վիզը և ամբողջ մարմնով տարուբերվում է։ Ոչ մի տեղ չի նայում, բացի օճորքից. կատարյալ էքստազի մեջ է։

Այդ միջոցին վրա է հասնում չորրորդ քահանան՝ տեր Եղիշեն։ Հաղթանդամ ու հսկա երիտասարդը ցածում կանգ առնելով, հասկանում է ամեն ինչ. հետո, ձեռքի հաստ ցուպը ցած դնում մոմավաճառի մոտ և մի քանի հսկայական քայլերով կտրում տարածությունը։ Հասնում է ատյան, բռնում խենթի թևից և այնպես ցնցում, որ թշվառ երգիչը գալարվում է, դառնում, տեսնում է իր թշնամուն, նրա դեմքը և բոլորովին լռում։

Այդ ժամանակ միայն ամեն ինչ կարգի է ընկնում։ Տեր Հովսեփը շարունակում է աղոթքը, վրա հասնող տիրացուները, աշակերտները շարականներ են սկսում, իսկ տեր Ստեփանի ձայնն այլևս չի լսվում: Խե՜ղճ տեր Ստեփան։

Եվ ահա լույսն այդ պահուն դրսում բացված, կիսովին դռնից ու բարձրագիր լուսամուտների ապակիներից աղոտ կերպով ներս է թափանցում:

Եկեղեցին լցվում է հետզհետե։ Հասնում են ծերեր, պատանիներ, մանուկներ։ Ամեն կողմ ծնրադնողներ, կրծահարներ, պատկերապաշտներ ու մոմ վառող-խաչակնքողներ։ Հաճախ լսվում են խուլ մռմռոցներ։

Ոմանք մեղմ ձայնով երդում են տիրացուների հետ կամ անգիր կարդում քահանայի հետ։ Երբեմն, մի հեռավոր անկյունից, տարածվում է հորանջելու ձգված ձայն և երբեմն էլ որևէ բարեպաշտ, երկար աղոթք փսփսալուց հետո, հանկարծ բերանը բաց է անում և հորանջելու միջից ձայնում.

Տե՛ր-ողորմյա, տեր-ողորմյա՛…

Դրսում՝ դռան առաջ երևում են կազմվող և ապա քանդվող խմբեր։ Եկողներ են, որոնք պահ մի կանգ են առնում, միմյանց բարևում, մի քանի խոսք փոխանակում, ապա դռան քարե շրջանակը համբուրում և խաչակնքելով ներս գալիս։ Վանդակորմից երևում են կանայք, որոնք ծալում են նախ սպիտակ սավանները, թևի տակ դնում, ապա կարմիր երկար շապիկով կանգնած՝ սկսում են մի քչփչոց, որ ընդհատվում է կրծահար պառավների աղիողորմ աղոթքներով.

Մեղա՛ ամենայնի, տե՛ր…

… Արարի՛չ աստված, թող զմեղս իմ…

Հա՛յր երկնավոր, մեղուցյալ եմ առաջի քո…

Միշտ մեղավոր են ճանաչում իրենց և համոզված են այդ բանում. ուրեմն և զարնվելու, պատժվելու, պատուհասի արժանի…

Այդպես էին աղոթում կանայք վերևում, այդպես էլ տղամարդիկ՝ ներքևում…

Ի՞նչ են եղել արդյոք այժմ այդ բոլորը՝ եկեղեցին ու ձորը. արդյոք ո՞վ է կենդանի մնացել այդ ծանոթ, վշտերով լի, բայց ջերմեռանդ ծերունի դեմքերից, այդ կտրիճ երիտասարդներից, այդ առողջ, բարեպաշտությամբ աղոթքի կանգնած կանանցից…

Արդյոք հունիսյան այն սև-սև օրերից հետո ձեզնից մեկնումեկը ազատվե՞ց ձեր բազմադարյան ջերմեռանդության, կրծահարության և «մեղավորության» շնորհիվ…

ԱՐՏԸ

Անիից էի վերադառնում և անցնում էի հայկական մի գյուղի միջով:

Գիշերը սաստիկ անձրև էր եկել. այնքա՛ն սաստիկ, որ շատ պատեր ու խրճիթներ փլցրել էր։ Փողոցներից հեղեղներ էին վազում քչքչալով։

Երկինքը միաձույլ կապարագույն ամպերով ծածկված էր. դեռ էլի մեկ-մեկ անձրևում էր:

Լույսը նոր էր բացվել: Կանչում էին մի քանի ուշ մնացած աքաղաղներ, ղողանջում էին եկեղեցու զանգակները: Խրճիթների երդիկներիդ սկսել էին ծխի սյունակներ խիստ ծանրությամբ բարձրանալ և տարածվել տանիքների վրա:

Ձիուս սանձը քաշեցի. և ո՛չ իսկ արագ քայլել էր հնարավոր. փողոցներում առվակներ էին գոյացել։

Գյուղի վերջին խրճիթին էի հասել, երբ նրա դուռը ճռնչաց, գոմի ներսում կովի բառաչը լսվեց, մի քանի մանուկների ճիչեր ականջիս հասան և առաջս դուրս եկավ մի ալեզարդ ծերունի, բահն ուսին։

Մի վայրկան ինձ նայեց, հետո պատերի տակով անցք փնտրեց քայլելու։

Քիչ հետո գյուղից դուրս էինք եկել։ Ես էլ նրա քայլերով սկսեցի գնալ:

Դեմուդեմ, ալիքաձև բարձրանալով, մինչև մշուշալից հորիզոնն էր տարածվում սև լեռնաշղթան։ Նրա կուտակված տարածությունը վերևից թաքնվում էր մառախուղի մեջ և ցածի կողմից ճղփում թացությունով։ Ձյուն էլ, թվում էր որ կար, բայց շա՜տ հեռու. ամպի սպիտակ շերտեր լինեին կարծես։ Թանձր, սևագույն-սպիտակախառն մշուշը ծանրացել էր նաև ձորերի և հովիտների, լեռների և բլուրների շուրջը։ Տեղ-տեղ ցանցաձև, երկնքից գետին իջնող շեշտակի գծերը ցույց էին տալիս, որ խիստ անձրև էր տեղում զանազան կողմերում: Երևում էր, որ ամպերը դեռ շատ ջուր ունեին և այդ գծերը պիտի քայլեին։ Մշուշի քուլաները թավալվում էին բլրակներն ի վար, քարշ գալիս, ցրվում դեպի դաշտերը… և արոտների կանաչ խոտերը, արտերի ցորենի հասկերը կռացրել էին գուխները՝ կաթիլների ծանրության տակ։

Ծերունին սկսել էր ավելի հանդարտ քայլել։ նրա հնամաշ տրեխներից ջուրը հոսում էր գուլպաների մեջ, ոտը թրջում։ Խոնավությունը թափանցում էր բաց կուրծքը և վերարկվի վրա մշուշից կաթիլներ էին դիզվում։

Անցնելով, մի առ մի դիտում էի երկու կողքի արտերը։ Շատերի միայն մի քանի ակոսներն էին ավերվել և մեջտեղում լճակներ գոյացել։

Մի քանիսները լիովին ողողվել էին։ Ջրի հոսանքները արմատախիլ

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

The Greek Woman, 1921
The Greek Woman, 1921
Play Online