Vazgen Sargsyan

Հայի վերջին խելքը

Աշտարակից Ուջան, ելևէջուն ճանապարհով, ցեխ ու անձրև, արև, արքայություն, ձյուն ու բքի միջով փոքրամարմին մի մարդ է առաջանում, մանդոլինը թևի տակ, գլուխը բարձր։ Երգի դասատու է, 1918-19 թվերին, Պետերբուրգից՝ Թիֆլիս, Թիֆլիսից Երեւան երթուղով է եկել։ Իր կարեցածը հայ երեխային հայ երգ ուսուցանելն է։ Ո՞ւր գնամ, ասել է։ Ուջան, ասել են։ Երդվել ու գնացել է։ Մանդոլինը թևի տակ, նպատակը՝ հստակ։ Տարիներ են անցել, կառավարություններ ու ղեկավարներ, նոտաներ ու երգեր են հաջորդել մեկմեկու, խմբերգերի ժխորում իր զուլալ ձայնը խեղդվել, անձը մոռացվել է։ Դասատուները հրահանգիչ են դարձել, հրահանգիչները՝ քարտուղար, ինքն՝ իր երդումին հավատարիմ, իր նպատակը հստակ, հայ երեխային հայ երգ է պետք։ Հիսուն տարի իր արահետով գնացել-եկել է։ Ոչ ոք չի ասել՝ արահետիդ մատաղ, հետևից կարմիր խնձոր չեն ուղարկել։ Հարազատները ձեռքները անհույս թափահարել, մայրաքաղաքներում իրեն մոռացել են։ Կողքից ծիծաղել ու մերթընդմերթ խղճացել են։ Ինքն իր երդումին հավատարիմ, իր նպատակը հստակ…
Հեքիաթ չէ, ընկերոջս՝ Ղուկաս Սիրունյանի դասատուն է։ Որտեղի՞ց ճանաչեք, իր անունով փողոց չկա. արձան չենք կանգնեցրել։ Պատմությունն իրենց պարզ ու հասարակ, շարքային է անվանում։ Իրենց շարքային ցավը տանեմ։ Շարքայինի կարիք ունենք։ Մի լավ հովիվը, հայ երգի մի երդվյալ դասատուն Մեղրու գյուղերում՝ տասը հոդված արժեն. Վազգեն Սարգսյան։ Ու թե, այնուամենայնիվ, գրելու ես, ուրիշներին թող տնտեսական վերլուծությունները, գրական հնարքները և ազդարարիր, ինչպես, ասենք, Թատերական հրապարակի բարձրախոսից կազդարարեիր.
-Հայրենակիցներ, Մեղրու շրջանի Ալդարա գյուղի նորաստեղծ հայկական-ռուսական դպրոցին անհրաժեշտ են հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ։
Մեղրու շրջանի բոլոր գյուղերին օդի պես անհրաժեշտ են հայ խաշնարածներ։
Մեղրու շրջանի լքված ու կիսալքված շեներին անհրաժեշտ են տեր ու տիրականներ։
Մեղրու ժողովրդին ինչեր միայն անհրաժեշտ չեն, բայց մեղրեցին ուզվոր չէ, մի բան է խնդրում իր ժողովրդից ու իր կառավարությունից…
… Վախենում եմ, որ էս հովերն էլ անցնեն, ու Մեղրին մնա հին ցավերով լեցուն իր հին տաշտակի առաջ։ 1988 թվականն անցավ` 1989-ի կեսն էլ հետը. Երեւանից քանի՞ պատասխանատու ընկեր է եղել Մեղրիում, տեղում քանի՞ հարց է լուծվել… Ցույց տվեք` կոխեք աչքս, իմ արև՝ ուրախ կլինեմ։
Գրող Շահեն Թաթիկյանն էր շրջանում։ Հինգ-վեց տեղից վիրավոր, յոթանասունն անց, չալիկով քայլող տղամարդ է։ Խոսելիս անգամ հևում է։ Այո, բայց Հայաստանում չկա երևի քաղաք ու շրջան, ուր մազը կրակին տային, ու Թաթիկյանը հավարին չհասներ։ Ցավ ունի սրտում մարդը, որ թռչող սրտի հետևից մի կերպ, չալիկով, բայց հասնում է։
Սրտացավության պակասից եմ վախենում։
Ցավի առուծախից եմ վախենում։
Վախենում եմ Լիճքի ու Տաշտունի, Մարալզամիի համար, որ նախագահ ունի՝ աշխատող չունի, տներ ունի՝ բնակիչ չունի։ Բնակիչների հետևից Վլադիկն էլ տեղ չմնաց, որ չգնաց, չեն գալիս, պանսիոնատներում, գետնախորշերում անգամ ծվարել են՝ Մեղրի չեն գալիս. «հեռու է»։ Ինչի՞ց է հեռու՝ իրենք էլ չգիտեն։
Գաղթականների համար եմ վախենում, որ էս վերջին հանգրվանում էլ իրենց տեր չեն զգում, հյուր են զգում։ Երկիր է, սիրելի եղբայրներ, հյուրանոց չէ, գաղթելու էլ տեղ չունենք, վերջ։ Դուք հայ ազգի վերջին գաղթականներն էիք, չհամոզվեցի՞ք, որ մեր փրկությունը էս մի բուռ հողի վրա է։ Ուրիշի բնում ձու դնող թռչունին հանդուրժում են՝ քանի դեռ կչկչալով ձու է ածում։ Դրանից հետո… ինձանից լավ գիտեք, թե ինչ են անում դրանից հետո…
Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։
Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո՝ էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։ Բռունցքված ձեռքն այսօր բուռ է դառնում և գրանցում ու աշխատատեղ է վաճառում գաղթականին, տնակ՝ աղետյալին։ Մի սուտ բանի համար ավտոբուսում կարող ենք մեկմեկու գլուխ ջարդել, հինգ րոպե անց ինքներս մեզ վարկաբեկել. «ազգ չենք, էլի», կես ժամ հետո վանկարկել՝ «մի-ա-ցում»։ Հազար անգամ ասել ենք, որ մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է, բայց այնքան ենք իրարից հեռու, ասես իրավապահ մարմինների աշխատողներս այլ ազգից ենք, գործարարներս՝ ուրիշ, մեկէլներս ու էն մեկէլներս՝ լրիվ ուրիշ… Մինչդեռ հայ գյուղացին, հայ շինարարը, հայ գիտնականն ու կառավարիչն այսօր առավել, քան երբևէ, պարտավոր են մեկմեկու հանդուրժել-օգնել՝ դառնալու աշխարհի ամենալավ հողագործն ու շինարարն ու գիտնականն ու կառավարիչը։ Եվ ամենալավերի հավաքականությունը կդառնա ամենակարող ուժ։ Ուրիշների քանակի դեմ՝ որակ, այլ ելք մենք չունենք։
Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, գաղափարագարությունից, բոշայությունից, ոռբացությունից, ծախված դիրքերից…
Կեղծ ինտերնացիոնալիզմից շատ եմ վախենում։
Վախենում եմ «Ղարաբաղ» կոմիտեի տղերքի ճակատագրի համար։
Մեղրու իննհարկանի շենքերին նայում ու վախենում եմ անպատիժ անպատասխանատվությունից։ Նոր երկրաշարժից եմ վախենում, հնի՝ հետևանքներից։
Ագարակի մոլիբդենի կոմբինատի թափոններից եմ վախենում, ծիրանենիների չորացումից։
Էհ, ամենաառաջին չոբանի հայտնությունից եմ վախենում։ Չէ, հայտնությունից չէ՝ մեր կանչել-բերելուց եմ վախենում։
Վախենում եմ մեր խելքի չգալուց։
Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)։
Վախը պարպելու ամենալավ միջոցն, ասում են, գոռալն է՝ ուզում եմ գոռալ աղաղակել իրենց հավաքական, անվախ ականջում։
Հայրենակիցներ, վախենում եմ. Չէ, վախ բռնողի մոտ մի տարեք, վախս կիսեք։ Մեր փրկությունը նաև մեր հավաքական վախի մեջ է։ Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի էն վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Թե չէ ամեն կողմից պատրաստ սպասում են, նայեք, քրքիջն աչքներում, որ տենչում է պայթել. «Հայի վերջին խելքը իմը լիներ»… Չէ, մեր խելքը մեզ և այսօր, հիմա է պետք։ Խելք-խելքի, եղբայրներ, ուս-ուսի, եղբայրներ, վախենում եմ…

Մեղրի, 1988-89 թթ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

Wild flowers
Wild flowers
Play Online