Vano Siradeghyan
Մի քանի բան ճշտենք ճտերը հաշվելուց առաջ
Գնացող իշխանությունը նոր «բոբո» է գտել ապագա ընտրողներին վախեցնելու համար: Ընդ որում, «դեզոն», սովորության համաձայն, մատուցել է ոչ իշխանական մամուլում՝ ավելի համոզիչ երեւալու համար: Իսկ դեզինֆորմացիայի իմաստն այն է, որ իբր Ռուսաստանը որոշել է Մոսկվայից մարդ ուղարկել Հայաստանը կառավարելու:
Բայց «ստի ոտքերը կարճ են լինում» միայն ժողովրդական բանահյուսություն-փափագի մեջ: Այս խաբարը խաբար չէր լինի, եթե «կարաբախսկի պիարի» իր ազիզ ճանապարհը չանցներ: Ուրեմն, այն բանից հետո, երբ ոչ պետական երկու թերթ առաջին բերանի անհամբեր դերը կատարում պրծնում են, խաբարը, բնականաբար, գնում շաբաթ-կիրակի պտտվում է Բաքվի մամուլով եւ երեքշաբթի վերադառնում Երեւան, որպեսզի ռամկավարական օրգան-բերանի մեջ փթթի-ուռճանա նոր հանգամանքներով, թե ազերիների կարծիքով, նախագահության ամերիկացիների թեկնածուն Դեմիրճյանն է, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի թեկնածուն (եթե վերհիշելու լինենք անցած տարիների նույն մամուլը), բնականաբար, Տեր-Պետրոսյանը: Իսկ թե ով է մնում հայերի թեկնածուն, խաբարը չի ասում, որովհետեւ լավ էլ հասկանում եք: Ինչ մեղքս թաքցնեմ, նույնիսկ ձեր խոնարհ ծառան, որ ուշադիր է հետեւում քաղաքական անցուդարձին դեռ յոթանասնական թվականներից, երբ երկրում քաղաքականություն էլ կարծես թե չկար, բայց նույնիսկ այդ ժամանակ Ցեկան հանրապետություններում նոր մարդ նշանակելիս (ոչ թե ընտրելիս) հասարակական կարծիքը պատրաստում էր՝ մեկ տարուց ավելի ժամանակ հատկացնելով այդ գործին, ահա այդ բազմափորձս ու կյանքից, քաղաքականությունից ինչ-որ բան հասկացողս անգամ կես օրվա չափ անտրամադիր եմ եղել այդ ակնհայտ հիմարությունը կարդալուց հետո:
Ճիշտ է, վհատության այդ նոպայի օգուտն էլ այն եղավ, որ արդեն վերջնականապես համոզվեցի, որ, այնուամենայնիվ, մինչեւ Հայաստանի սովետական (հավասարապես եւ Սփյուռքի՝ ոչ պակաս սովետական) մեր սերունդը իր մահկանացուն չկնքի եւ իր ներկայությունից չազատի անկախության սերնդին, այս երկիրը երկիր չի դառնա: Պետք է արժանին մատուցել «դեզի» հեղինակին, որը Ամերիկային նույնպես խառնել է Մոսկվայի «նշանակման» գործին: Հմտությունը նրանում է, որ սկզբում նշվում է, թե Ամերիկան ու Ռուսաստանը միասին որոշում են ընդունում Հայաստանի նախագահության թեկնածուի հարցում (սա գործընթացն է), բայց միտքը ավարտվում է նրանով, թե Մոսկվան արդեն որոշել է: Ժուռնալիստական կամ հոգեբանական պարզունակ այս պրիոմի հետեւությունը այն է լինում, թե Ամերիկան համաձայնել է, որ Մոսկվան որոշի: Կամ՝ պարտադրվել է: Ինչպես կուզեք հասկացեք: Սա՝ ըստ առաջին բերան խաբարի: Բայց քանի որ ընթերցողը կարող էր լավ հասկացած չլինել «նամյոկը», «Ազգը» Բաքվից լուրը ետ է ստանում՝ Տեր-Պետրոսյանի եւ Դեմիրճյանի հովանավորներին «պարզած»: (Անհեռատեսություն կլինի թերագնահատել Մոսկվայի դերը պետական անկախության համար անպիտան մեր ազգի կյանքում, բայց 2003 թվականի առումով ամենազվարճալին այն կլինի, որ Հայաստանում էլ գործի կադրերի հարցում Պուտինի «պիտերյան» նախասիրությունը եւ պարզվի, որ Լենինգրադում ուսանած եւ բնիկ լենինգրադցու փեսա Տեր-Պետրոսյանը ավելի Պուտինի թեկնածուն է, քան Բուշի): Այս «բոբոն» ժողովրդին վախեցնելու համար չէ (ժողովուրդը կընտրի ում ասես, միայն թե Մոսկվան համաձայն լինի), այլ ուղղված է ընտրությունները կազմակերպողներին՝ բյուրոկրատիայի փողատերերին, կուսխմբակներին, «ավտարիտետներին», թե այնպես մի արեք, որ Մոսկվայից անծանոթ մեկը գա ու խլի ունեցվածք, պաշտոն, երթուղի, լիցենզիա, պագոն-մագոն: Եվ թե մինչ դուք արդեն մտմտում եք Տեր-Պետրոսյանի կամ մեկ այլ անձի մասին, Ամերիկան նրանից ձեռ է քաշել, եւ այնպես չստացվի, որ հանկարծ զրկվեք նաեւ Քոչարյանից: Խայտառակ պարզունակ է, բայց հենց պարզունակ բաներն են աշխատում հատկապես խակ հասարակության մեջ:
Նվաստիս ամոթալի մտահոգության օրինակը ցույց է տալիս, որ մեզնից քաղաքականության մեջ քիչ թե շատ «շնացածներն» իսկ այն աստիճան կարող են կորցնել իրականության զգացումը, որ մտքի մոտով կարող են անցկացնել, որ երկրի վրա մեկուկես միլիարդ դրած հզոր Ամերիկան թույլ կտա, որ Մոսկվան չեղած տեղից մեկին վերցնի ու «նշանակի» Հայաստանում նախագահ: Էլ չեմ խոսում ընտրական տեխնոլոգիաների տեսակից այդ բանի իսպառ անհնարինության մասին: Բանականություն, բայց զգայական մակարդակում ինչ մտորումներ պիտի ունենա այս բանը կարդացող հայ-միջին-մարշրուտնու-տերը: Սրանից բխում է միակ եզրակացությունը. «Է, եթե ըտենց ա ստացվում, ավելի ճիշտ չի՞ Քոչարյանը մի քիչ էլ մնա: Հետո կնայենք»: Այսինքն, պիտի գործի էքստրեմալ անասնապահությամբ զբաղվողի վիճակում դրված էլեկտորատի գեղջկական զգուշավորությունը. նա գիտի, որ կովի ետեւից պիտի անցնել, ձիու՝ առջեւից, բայց ուղտի պարագան մտահոգիչ է, որովհետեւ հանկարծ կարող է պարզվել, որ ուղտը ոչ միայն թքում է, այլեւ, թե´ կծում է եւ թե´ քացի է տալիս: «Դեզոն» մյուս ծայրով հասցեագրված է ամերիկացիներին, թե տեսեք ինչեր են մտմտում Մոսկվայում եւ լավ կլինի Ղարաբաղի հարցում շատ էլ չճնշեք Քոչարյանին: Եվ այն էլ կա, որ եթե շատ չճնշեք Քոչարյանին, այդ ստորությանն էլ կարող է գնալ եւ իշխանությունը կարող է իր ձեռքով հանձնել պատահական, բայց Մոսկվայի մարդուն: Ինչպես ունեցվածքն է հանձնում: Սա էլ շանտաժի մասն է, բայց դա ինչպես իրենք են ասում՝ Ամերիկայի պրոբլեմն է:
Իսկ հուսադրող հանգամանքն այն է, որ, ըստ երեւույթին, հին բոբո Տեր-Պետրոսյանի վերադառնալը այլեւս այնքան էլ չի վախեցնում ընտրազանգվածին: Հասարակության տրամադրությունների փոփոխությունը իմանալու համար իշխանությունը անհամեմատ շատ ավելի միջոցներ ունի, քան քարոզչական ինքնաբավարարման էքստազում հեւացող իր սպասավորները, եւ ահա «իմանալ-չհայտնելով» իր վարձկաններին իրերի բուն վիճակի մասին, իշխանությունը հորինել է թափ-թազա բոբո: Հատկապես հուսադրող է այն հանգամանքը, որ իշխանությունը ժողովրդին նախընտրական տրամադրություններով եւ ռուսամետ բնույթով վախեցնել է փորձում հասարակության ակտիվ մասում: Ասել է թե՝ կասկած կա՝ վերջիններս մտադիր են խաչ քաշել Քոչարյանի վրա:
ինֆորմացիա՝ բնակչության մեկ տոկոսի համար
Ինտրիգ պարունակող «դեզոն» այն միջոցներից մեկն է, որով որեւէ իշխանություն կամ իշխանության տարբեր կլաններ օգտագործում են ոչ պետական թերթերին եւ առաջիկայում Հայաստանում կօգտագործեն ավելի հաճախ: Ինչպես օգտագործվել են սկսած Աղվան Հովսեփյան-Վահան Հարությունյան համագործակցության ժամանակներից: Այնպես որ, ոչ պետական թերթերը Հայաստանում չեն փակի: Ժամանակ առ ժամանակ մանր ու մեծ կեղտոտություններ կանեն: «ԱրմենՏելի» միջոցով մասնակի բլոկներ կդնեն թերթերի ինտերնետային էջերի վրա, դատական հետապնդումներով հունից կհանեն թերթերի անձնակազմերին, շուտ-շուտ շաղ կտան փորձված կուտը, թե նախկիններն են ֆինանսավորում, եւ թերթերը բան ու գործ թողած՝ համարից համար կտապակվեն ինքնաարդարացման ճտճտան-անպետք ձեթի մեջ... Չեն փակի: Ինչ որ պետք էր փակել, արդեն փակել են. երկու հեռուստաալիք: Անցած չորս տարիներին, չասենք օպոզիցիոն (արդար չենք լինի), այլ բազմակարծություն դավանող հեռուստաալիքները եւ թերթերը իրենց գոյության փաստով առավել էֆեկտիվ ծառայեցին ռեժիմին, քան դաշնակցա-կոմունիստա-ռուսական մամուլը, որը ֆաշիստական քարոզչության իր խնդիրը առանձին վերցրած, իհարկե, կատարեց:
Բայց 27-ի դատավարության վերջնագծին մոտ Մեղրու դավադրության անխուսափելի բացահայտման նախօրյակին եւ ընտրություններից մեկ տարի առաջ բազմակարծություն քարոզող հեռուստաալիքը դառնում էր իշխանության համար վտանգավոր եւ փակվեց: Հիմա հայերից քանի՞ հոգի գիտի, որ ըստ արդեն տուժողների վկայության, Ազգային Ժողովի դահլիճում հոկտեմբերի 27-ին մարդասպաններին աջակիցներ են եղել, հիմա ո՞վ գիտի, որ Մեղրին հանձնելու մտադրությունը արդեն վկայել է Ֆրանսիան, բացի «Առավոտի», «Հայկական Ժամանակի» եւ «ՉԻ»-ի մի քանի հազար ընթերցողներից, որոնք առանց այդ էլ կասկածներ չունեին: Ամենեւին չթերագնահատելով ոչ պետական թերթերի՝ մի քանի հազար մարդու համար կենսական նշանակությունը (բառիս բուն իմաստով՝ կենսական, որովհետեւ առանց այդ թերթերի գոնե մի քանի հարյուր մարդ կաթվածահար կմեռնեին այս տարիներին), եւ չանտեսելով պատմության անաչառ տարեգիրը լինելու ձգտումը, կարծում եմ, արժե, որ ազատ մամուլ ասվածը ավելի հստակեցվի: «Կա՞ խոսքի ու մամուլի ազատություն» հարցի պատասխանը այն է, որ կա, որքանով կա ապրելու իրավունք, որովհետեւ հայերի մեծ մասը դեռ ապրում է: Նմանապես կա աշխատանքի իրավունք, քանի որ հայերի մի մասը նաեւ աշխատում է: Բայց բոլոր սահմանադրությունները այդ ոլորտների դրույթները պարզեցնում են այնքան, որ տարընթերցման քիչ տեղ թողնվի: Այն է՝ իրավունքներ պիտի ունենա «ամեն ոք»:
Հետեւաբար, եթե շահագրգռություն կա պարզելու ճշմարտությունը, հարցադրում պիտի լինի. արդյո՞ք Հայաստանում «ամեն ոք» ունի տեղեկություն ստանալու իրավունք: Այդժամ կպարզվի, որ «Ա1+»-ը փակելուց հետո այդպիսի իրավունք ունի Հայաստանի բնակչության 1 տոկոսից էլ պակասը (ոչ պետական թերթերի 5-10 հազար ընթերցողները կազմում են 2 միլիոն բնակչության 0.2-0.4 տոկոսը): Քոքված ընդդիմախոսը կհարցնի՝ իսկ ո՞վ է խանգարում քաղաքացիներին բաժանորդագրվել, ասենք, «Հայկական ժամանակ» եւ թերթի տիրաժը հասցնել 70 հազարի: «Փողը»- կպատասխանի առաջին պատահողը եւ մոտեցած կլինի խնդրի արմատին, որովհետեւ կպարզվի, որ իրականում չկա նաեւ աշխատանքի իրավունք՝ դրանից բխող բոլոր անիրավություններով: Իհարկե, Չինաստանում, ասենք, կա աշխատանքի իրավունք, ինչն ինքնին չի երաշխավորում տեղեկություն ստանալը... բայց սկսեցինք խոսել ուրիշ «ֆրուկտից»:
Ոչ պետական թերթերը բացի իշխանության դեմոկրատական լինելու իմիջը ապահովելուց, այս տարիներին իշխանությանը մի այլ, անուրանալի ծառայություն եւս մատուցեցին՝ ակամա աջակցելով ֆիկտիվ օպոզիցիա եւ ֆիկտիվ օպոզիցիոն գործիչներ բուծելու՝ իշխանության համար ստրատեգիական խնդրին: Այստեղ էլ վիճակը անելանելի էր, երբ թերթը մատնվում է ինֆորմացիոն սովի, իրադարձությունների բացակայության անապատում ձեռքն ընկած «մատերիալից» սարքում է ինչ-ինչ բաներ, որպեսզի տպագրվի վաղն էլ ու մյուս օրն էլ: Ինֆորմացիոն սովի այդ վիճակը, բնականաբար, օգտագործում է իշխանությունը՝ իր օգտին ժամանակ առ ժամանակ մանր-մունր կոմպրոմատներ ու դեզինֆորմացիա գցելով «հավաստի աղբյուրներից»: Խմբագիրները, անշուշտ, երեխա չեն, բայց «դեզոյի» կամ կոմպրոմատի դիմաց իշխանության բարձր գրասենյակներից պոկում են, ասենք, ոչինչ չասող մի մինի հարցազրույց, որի արժեքը միայն այն է, որ բացառված չէ, որ միջին մի փողատեր այդ փաստից ենթադրի, թե իշխանության վերաբերմունքը թերթի հանդեպ այնքան էլ թշնամական չէ, եւ հանկարծ պատվիրի մի 500 մանեթանոց ռեկլամ: Այս էլ սեփականություն ունենալու իրավունքի հայկական ըմբռնումի պտուղները:
ո՞ւր է ժողովրդի փողը, գրողը տանի
Բայց վիճակը այս է: Վիճակը նաեւ անհեթեթ է, որովհետեւ պարզվեց, օպոզիցիան, ի թիվս այլ պակասությունների, նաեւ փող չունի: Ավելին՝ վիճակը ցավալի է, որովհետեւ Մեսրոպի նման մարդը, որը ի պաշտոնե պիտի որ քաջատեղյակ լիներ, կարծում է, թե եթե ինքը նախկինների հետ լիներ, հիմա «կպտտվեր յուղի մեջ»: Բայց ո՞ւր է նախկինների այդ «յուղը», եթե Արամ Աբրահամյանը, իր իսկ խոստովանությամբ, ստիպված է լինում միանվագ մուծման դիմաց սրա-նրա համար հոդված կամ «ընթերցողի նամակ» տպագրել թերթում: Ո՞ւր է այդ փողը, եթե Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ու Ղափանի կյանքը պատմելով՝ զզվեցրել է ընթերցողին, ինչ է թե այնտեղ մի թղթակից կարողանում է պահել եւ չի կարողանում դա անել Հայաստանի ուրիշ ոչ մի շրջանում: Երբ «ՉԻ»-ն չի կարողանում Սամվել Մկրտչյանի նման տաղանդավոր հրապարակախոսին շահագրգռել գրելու գոնե շաբաթը մեկ հոդված: Ո՞ւր է «նախկինների յուղը»: Մի՞թե, իրոք, փող ունեն ու չեն ծախսում: Բայց եթե ունեն, տղամարդը փողը ուրիշ ի՞նչ ավելի կարեւոր բաների վրա պիտի ծախսի, եթե ոչ սեփական հավակնությունները սպասարկելու, սեփական գաղափարը, արժանապատվությունը, անձի անվտանգությունը՝ վերջին հաշվով պաշտպանելու վրա: Իսկ եթե չունի... Ախր նախընտրական տարում փող չունենալը խոստովանելն էլ վտանգավոր է: Ո՞վ գործ կբռնի փող չունեցողի հետ: Բարեբախտությունն այն է, որ չեն հավատա: Իսկ եթե, այնուամենայնիվ, հրաշք պատահի, ու մի խայտառակ օր հայությունը իր համար պարզի, որ նախկինները իրոք փող չունեն, ի՞նչ է, դուք կարծում եք ներողամտությա՞մբ են լցվելու նրանց հանդեպ... Վստահ եղեք, արհամարհելու են: Որովհետեւ այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչո՞վ են զբաղված եղել այդ իդիոտները ամբողջ 8 տարի, եթե հիմա պարզվում է, որ միայն բենզին ծախելով ձեռի հետ հնարավոր է 4 հեռուստաալիք, մի քանի ռադիոալիք եւ 9 թերթ պահել: Այսպիսով, ոչ պետական թերթերը մտնում են նախընտրական շրջան՝ տարակուսած, օպոզիցիան եթե փող ունի, ինչո՞ւ չի տալիս, իսկ եթե չունի, ինչի՞ վրա է հույս դնում:
Վիճակի դրամատիզմը այն է, որ կա անամոթ իշխանության պորտը տեղը դնելու հասարակական պատվեր, կարծես թե կուսակցություններ էլ կան՝ մամուլի հետ միասին, որպես այդ պատվերի գործիքներ աշխատելու համար, բայց չկա փող: Ոչ կուսակցական փող, ոչ հասարակական պատվերը տվող ժողովրդական (բաժանորդագրության ու հատավճարի) փող: Ակադեմիական վեճի վիրտուոզը այստեղ կառարկի, թե՝ եթե պատվերը պինդ լիներ, փող էլ կլիներ: Այդպիսի «խելոքին» պատասխանել է «Նո-6 պալատի» Չեխովի հերոսը. «Քո այդ փիլիսոփայությունը գնա սաղացրու Հունաստանում, որտեղ տաք է, եւ տարին բոլոր մանդարին է աճում»: Չարժե անօրեն երկրում օրինաչափություններից խոսել: Իհարկե, այնպես չի լինում, որ նախընտրական տարում թերթերը ավելի աղքատ լինեն, քան սովորական տարիներին, եւ ինչ-ինչ աշխուժացում այս ասպարեզում կլինի, բայց ոչ պետական թերթերի վիճակը կբարդանա այս անգամ գաղափարախոսական մասով: Բացի այն, որ խառնակ, նաեւ ֆիկտիվ օպոզիցիան սեպտեմբերին չսպասելով՝ սկսեց իր դեմքը ցույց տալ, արդեն նշաններ կան վերջին կես տարվա հրապարակումներում, որ աջ թեւից էլ իշխանության կողմը «մանրից» անցնողներ էլ են լինելու՝ չափավոր փնթփնթալով իշխանության մասին աջ մամուլում (միաժամանակ ապահովելով լիբերալին վայել հակադաշնակցական քարոզի բավարար դոզա), այսպիսով, կազմակերպական ու գաղափարական շփոթ ստեղծելով աջ դաշտում եւ աջ մամուլում:
Վերջը բարի լինի:
29.08.2002