Vano Siradeghyan

Դաշնակցություն կամ ՀՀՇ

Երրորդը տրված չէ: Երրորդ ճանապարհը գուցե սոցիալիզմը լիներ, եթե Իրանի տեղը լիներ Չինական Հանրապետությունը, բայց դա, բարեբախտաբար, այդպես չէ: Հետեւաբար, Հայաստանում այսօր կա իշխանության հավակնող երկու քաղաքական գաղափարախոսություն՝ հայաստանակենտրոն, որը ազգային շահ ասելով հասկանում է նախեւառաջ Հայաստանի պետական շահը, եւ երկրորդը՝ անպետություն, անհայրենիք ժամանակների ծնունդ ավանդական կոչվածը, որը ազգային շահ ասելով՝ նկատի ունի ուղիղ հակառակը:

Ոչ հայաստանակենտրոն, ավանդական-հայրենիք չունեցողի գաղափարախոսությունը եւս մեկ անգամ ապացուցեց իր սնանկությունը: Այդ ավանդականը չհանեց ու միտք չունի հանել Հայաստանը պատերազմից ու շրջափակումից, հետեւաբար, խոչընդոտ է Հայաստանի զարգացման ճանապարհին: Առաջին հայացքից թվում է, թե, ինչ կա որ, «հանուն ազգային հարցերի» թող միառժամանակ Հայաստանը չզարգանա... Կզարգանա հետո: Իբր կարելի կլինի երբեւէ սառեցման կետից մեկնարկել: Բայց խնդիրն այն է, որ մեր պարագային չզարգանալը ընդամենը վիճակի սառեցում չէ: Եթե աշխարհի որեւէ այլ աշխարհքաղաքական վերաձեւումների փուլը անցած տարածաշրջանի երկրներից մեկում քաղաքական ու տնտեսական լճացումը այդ երկիրը կարող է ետ շպրտել ընդամենը, ասենք, մի տասը տարով, ապա մեր տարածաշրջանում, որտեղ հիմա է որոշվում, թե որ երկիրը ինչ կշահի եւ ինչ կկորցնի տասնամյակների հեռանկարում՝ կախված իր արտաքին քաղաքականությունից, այս պարագայում կորցնողը կորցնում է գրեթե ամեն ինչ: Այն էլ՝ մերի նման՝ բնական հարստություններից եւ ծովային ելքերից զուրկ երկիրը: Իսկ ի՞նչ են առաջարկում այն ուժերը, որոնք ժամանակավորապես փոխարինում են ընդդիմությանը: Շեշտեմ՝ ժամանակավորապես, քանի որ ընդդիմություն չեն կարող լինել, քանի որ չեն հռչակել երկիրը կործանող գաղափարախոսությանը հակառակ գաղափարախոսություն: Իսկ պարզ իշխանափոխության պահանջը չի անցնի, որովհետեւ սա ձեզ համար Արեւմտյան Եվրոպան չէ, ուր կարելի է սոցիալական կամ էկոլոգիական ծրագրով իշխանություն փոխել: Եւ եթե արտաքին քաղաքական զարգացումները չխառնեն իշխանության խաղաթղթերը, այս 13-ի ընդդիմադիր տվայտանքը տխուր վախճան է ունենալու: Հերթով լքելու են ասպարեզը, եւ 13-ից մեջտեղը չի մնալու գեթ մեկը, որին կարելի լինի համարել դավաճանության օբյեկտ:

Դավաճանության հակված են բոլորը, անկախ այն բանից՝ դա կանեն գիտակցաբա՞ր, թե՞ անգիտակցաբար: Եւ դավաճանության օբյեկտ կմնա ժողովուրդը: Առաջին հայացքից թվում է, թե դավաճանելու են Ստեփան Դեմիրճյանին, որովհետեւ բոլորը պարազիտանում են Կարեն Դեմիրճյանի նույն էլեկտորատի վրա: Բավականաչափ կեղծ ընկալում է իրականության: Բացի այն, որ Դեմիրճյանի էլեկտորատը այլեւս այն ոգեւորությունն ու միամտությունը չունի, ինչպես 98 թվականի ընտրություններին էր, բացի այն, որ այդ նույն էլեկտորատը այն նույն պաշտպանվածությունը չունի բանակի ու երկրապահի կողմից, ինչպիսին կար 99 թվականի պառլամենտական ընտրություններին, բացի այն, որ Ստեփանը, այնուամենայնիվ, Կարեն Սերոբիչ չէ,- Ստեփանը նաեւ կուսակցություն չունի եւ մինչեւ վերջ պայքարող բնավորություն չէ: Պայքարող չէ թեկուզ այն պարզ պատճառով, որ մինչեւ վերջ վստահ չի կարող լինել գոնե երկրապահական «Հանրապետության» վրա: Իսկ առանց ուժային բաղադրիչի այսօրվա պայմաններում ընտրությունների գնալը լինելու է միայն հավուր պատշաճի եւ Դեմիրճյանը (եթե գնաց ընտրությունների) հանգիստ ընդունելու է իր պարտությունը՝ սպասելով ավելի լավ ժամանակների: Համենայնդեպս: Որ ժողովուրդը անիրագործելի միսիա է դրել Ստեփան Դեմիրճյանի ուսերին, դա հասկանալի է: Անհասկանալի է հասուն տարիքի, բավականաչափ կարդացած այն տղամարդկանց ու կանանց վարքը, ովքեր իրենք իրենց ու ժողովրդին ներշնչում են, թե հեղափոխական ժամանակները անցել են, եւ ժամանակն է, որ իշխանության գան հեղափոխական ժամանակների մարդիկ: Հենց որ, ուրեմն, վերջին «հեղափոխական» Ռոբերտը գնաց, Հայաստանը կսկսեն մարդավարի կառավարել դեմոկրատները, սոցիալ-դեմոկրատները, նոր սերնդի լիբերալները եւ այլ սիրուն, լեզվանի տղերք: Այսինքն՝ Արթո՞ւրը: Գեղեցիկ միտք է: Միայն թե մոռանում են մի չնչին հանգամանք՝ Ղարաբաղը: Քանի կա Ղարաբաղի հարցը, օդում կախված է մնում Հայաստանի Հանրապետության պետական սուվերենության հարցը, քանի կա երկրի սուվերենության հարց, հեղափոխությունը չի կարող ավարտված լինել: Իսկ քանի դեռ հեղափոխությունը չի ավարտվել, հնարավոր չէ, որ կողքից, թեկուզեւ շատ լեզվանի, նույնիսկ շատ խելացի տղերքի մի խումբ հանկարծ գա իշխանության: (Այդպիսի հնարավորությունը սթափ ու ճշգրիտ էր ձեւակերպում Շանթ Հարությունյանը. «Այ թե սամթը գցեմ-կվերցնեմ իշխանությո՜ ւնը...»): Այդ ինչպե՞ս են սամթը գցելու ոչ հեղափոխական տղերքը՝ հեղափոխական ժամանակներում: Մեր աչքի առաջ Իսրայելի նման գերզարգացած (դեմոկրատական, ի դեպ) երկրի պատմությունն է, որի քաղաքական էլիտան մինչեւ հիմա գրեթե բացառապես ներկայացնում են այս կամ այն պատերազմական կամպանիաների հերոսներն ու ուժային կառույցների ղեկավարները, որովհետեւ պատերազմը չի ավարտվել:

Այս բանը հասկանում է անգամ ձեզ քաջածանոթ ապարանցի կինտոն, որը ամեն կերպ ուզում է իրեն կցմցել Էրեբունի թանգարանի մոտ սովետական զորքերի հետ տեղի ունեցած ընդհարմանը: Այդ բանը լավ են հասկանում դաշնակները՝ փող չխնայելով պատերազմին իրենց «մասնակցությունը» գրելու գործում: Եւ այդ բանը, ինչպես միշտ, չի հասկանում լիբերալ արժեքների հակված մտավորականությունը: Եւ երազում է հետհեղափոխական դեմոկրատական իդիլիա՝ ծովը չտեսած բոբկանալով՝ ավելի հեռացնելով այդ ապագան: Այնպես որ, գեներալները մեր կյանքում դեռ երկար ժամանակ լուրջ դեր են ունենալու: Եւ պետք է ամեն ոք իրեն հաշիվ տա, որ մի քանի գեներալ փչացնելը չի նշանակում գեներալների դերի նվազեցում՝ հանուն քաղաքացիական հասարակության, այլ նշանակում է տեղ բացել մի այլ խումբ գեներալների համար: Ավելի կեղծ գեներալների, բնականաբար: Երբ հայ լիբերալ գործիչները տարիներ առաջ նույն թվաբանությամբ էին զբաղված, իբր, Հայաստանում ուժային կառույցներից մեկը թուլացնելով՝ պակասեցնում են ուժային բաղադրիչներից մեկը ներքաղաքական կյանքում, բնականաբար, չէին հասկանում, որ մյուս ուժայինը պարզապես դարձնում են միահեծան ու վտանգավոր՝ դեռ պատերազմի մեջ գտնվող երկրի համար: Այն օրերի դառը փորձը գոնե պիտի դաս լինի, որ «դեմոկրատիային սպառնացող» երկու վտանգներից մեկը չեզոքացնելը չի նշանակում վտանգը կիսել, այլ նշանակում է ուղիղ հակառակը՝ քառապատկել վտանգը՝ երկիրը հանձնելով միահեծան սպառնալիքի տնօրինությանը: Թե 13-ից որին որի դեմ եւ երբ կհանի իշխանությունը, 14-րդ Արտաշին ե՞րբ բացահայտ քսի կտա մնացածի վրա, 15-րդ Պարույրին երբ մեյդան կգցի՝ որպես անկախության գաղափարի վարկաբեկիչ,- նախընտրական տակտիկայի հարց է, մանավանդ որ, ամենքը մի քանի փոր արդեն օգտագործված են: Դրանց մեծ մասը կդնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Ոչ թե որ մտածում են նախագահ դառնալ, ոչ, պարզապես մի մասը՝ քաղաքական կապիտալ, մի մասը՝ տառացիորեն մի քիչ կապիտալ ձեռք գցելու համար: Եւ գրեթե բոլորը կաշխատեն նախկին իշխանության, այսինքն՝ Քոչարյանի բուն հակառակորդի դեմ: Օրենքով կզբաղեցնեն եթերային ժամանակը՝ հանուն Քոչարյանի: Իհարկե, Քոչարյանի փողերով: Աշխատող միջոց է, եթե չեք մոռացել 98 թվականն ու նույն Արամ Սարգսյանի, Հայրիկյանի, Գեղամյանի, Հրանտ Խաչատրյանի եւ այլնի «քարոզարշավը»... Հիմա դրանց կմիանան Սադոյան-մադոյան, եւ ընտրարշավը կվերածվի զավեշտի, ինչը եւ պետք է իշխանությանը: Ընտրությունների դերը նսեմացնելու նույն նպատակն էր հետապնդում 98-ին ոմն ռեկտորի քարոզարշավային միմոսությունը: Դա Ռուսաստանում արդեն փորձված պրիյոմ էր՝ Ժիրինովսկու կատարմամբ (հատկապես լիբերալիզմը ծանակելու նպատակով) նախկին ԿԳԲ-ի փայլուն պրոյեկտներից մեկը, որը միաժամանակ աշխատեց կոմունիստական կուսակցության դեմ: Այսպիսով, ինչքան մասխարայության վերածվի ընտրարշավը, այնքան կեղծելը արդարացված կլինի ժողովրդի աչքում: Համենայնդեպս, այնքան հեշտ կմարսվի: Այսօրվա քաղաքական սիստեմի (եթե ոչ քաղաքական, ապա դա ինչ-որ սիստեմ է իշխողների եւ իր «օպոզիցիայի» գոյակցությամբ) տրամաբանական զարգացումը սա է լինելու:

Տնտեսական ու սոցիալական աղետը, որ առկա է երկրում, սոցիալական ցնցումների չի բերում: Բարեբախտաբար թե դժբախտաբար, հայերը իրենց ապահովագրել են սոցիալական ցնցումներից դեռ վաղնջական ժամանակներից սկսած-լքում են երկիրը: Սկզբում՝ խոպանչիության տեսքով, հետո՝ ընտանիքներով, հետո՝ տոհմով, գյուղերով... եւ սոցիալական ընդվզումը երբեք չի հասնում կրիտիկական զանգվածի: Ճիշտ է, այդ ներքին «կայունության» դիմաց երկիրը մաս-մաս զիջել են օտարներին, բայց դե... Սիստեմի կրախը վրա կհասնի արտաքին ազդակների թելադրանքով: Ե՞րբ: Երբ պարզ կդառնա, որ Հայաստանը ինքն իրեն կործանում է այն աստիճան, որով արդեն վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: Ըստ երեւույթին, դրսում հաշվել են, որ Հայաստանը իր բնակչությունը կարող է կրճատել եւս 500 հազարով: Եւ երբ իջավ մեկուկես միլիոնի, արդեն կմիջամտեն տարածաշրջանի անվտանգությամբ շահագրգռված ուժերը: Իհարկե, միջամտության պահը չեն կապի ստույգ այդ թվի հետ, երկու հարյուր հազարով այդ թվից ավել, երկու հարյուր հազարով պակաս՝ դա բնակչության այն մոտավոր քանակն է, որը չորս երկրի հետ սահման ունեցող, եւ ոչ մի ռեսուրս չունեցող երկրին հնարավորություն կտա ունենալ՝ բանակի փոխարեն 10 հազարանոց գվարդիա, ոստիկանություն, մաքսային ծառայություն, իրականացնել կալանավայրերի պահպանությունը եւ ունենալ նվազագույն քանակի դեսպանատներ: Այդ արտաքին վճռական միջամտությունը առայժմ ձգձգվում է նաեւ Մերձավոր Արեւելքի այսօրվա վիճակի պատճառով: Բայց այդ վիճակը այդպես չեն թողնի, որովհետեւ անկայունության մի օղակից սնվում է անկայության մյուս օղակը: Արաբներն ու պարսիկները իմանալով իրենց գլխի գալիքը՝ շունչ քաշելու ժամանակ չեն տալիս Ամերիկային եւ ահաբեկչություն ահաբեկչության ետեւից են հրահրում Իսրայելում: Զառամյալ Եվրոպան էլ մյուս կողմից է իր ավանդական փալասությամբ կախվել Ամերիկայի երիտասարդ դեմոկրատիայի ոտքերից եւ ձգձգում է ահաբեկչությունը բացահայտ հովանավորող երկրների հատուցման ժամը: Բայց Կասպյան էներգակիրները Արեւմուտքի համար կենսական նշանակություն ունեն՝ բառիս չծամծմված իմաստով, եւ կգա այն պահը, երբ Ամերիկան, կգտնի թե ոչ շունչ քաշելու դադարը, կպատժի Իրաքին: Եւ տեղը կդնի Իրանին: Եւ կսկսվի նավթամուղների եւ գազատարների շինարարությունը:

Եւ այժմ Հայաստանի քաղաքական ավանտյուրիզմին չեն օգնի ոչ Ֆրանսիայի հակաթուրքությունը, ոչ արաբական հակասեմիթականությունը: Դրան կհետեւի ոչ միայն իշխանության, այլեւ պահանջատիրության վրա պարազիտացող ողջ համակարգի կրախը՝ իր հետ սրբել տանելով այն քաղաքական աղբը՝ իր «ռեյտինգների» հետ միասին, ինչից արհեստականորեն սարքվել է Հայաստանի քաղաքական դաշտ կոչված՝ գավառական քաղաքի բարդակը վերջին 5 տարիների ընթացքում: Եւ արտաքին, հետեւաբար եւ ներքին, քաղաքական կյանքում դոմինանտ կդառնա հայաստանակենտրոն - այսինքն՝ ՀՀՇ-ի գաղափարախոսությունը, անկախ այն բանից, թե ինչ անուններով այն կանձնավորվի: Այս է այլընտրանքը: Այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի արտաքին ճնշում, չի լինի նաեւ իշխանափոխություն, որովհետեւ անիմաստ է, որ սնանկ դուրս եկած քաղաքականության կրող խմբին փոխարինի նման մի այլ խումբ: Այդպիսի բան բացառվում է քաղաքական կյանքի օրենքներով, որոնք գրեթե նույնքան հաստատուն են, որքան բնության օրենքները:

Այնինչ, թե´ իշխանությունը, թե´ «օպոզիցիան» իրենց համար հորինել են քաղաքական վիրտուալ մի դաշտիկ, որտեղ, իբր թե, ռեյտինգ ունեն ոմանք ու ռեյտինգ չունեն մյուսները: Ով ով, բայց ռեյտինգների ցուցակը կաբինետներում գրող եւ հաջորդ ամիս մասնակի տեղափոխություններով (անշուշտ, երրորդ տեղից հետո) արտագրող տղերքը լավ գիտեն դրա արժեքը, այլապես ամեն օր չէին տա ռեյտինգ չունեցողների անունները: Ի՞նչ տրամաբանություն կա այն բանում, որ շուտ-շուտ հիշում ու հիշեցնում ես ռեյտինգ չունեցողներին, եթե իրոք չունեն: Նման դեպքերում չեղած բանի մասին չխոսելն է ճիշտ: Այն էլ ասեմ, որ քանի դեռ հեղափոխությունը չի ավարտվել, ռեյտինգ կոչվածը մեկ ամսում գլխիվայր շուռ գալու ընդունակ է: Եւ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ դրսից հայերիս արդեն կոպտորեն հասկացնել կտան, որ նա արդեն տեսել է (պետք չէ կույր ձեւանալ) այն անդունդի հատակը, որի մեջ գահավիժել է քաղաքական սարսաղության հերթական նոպայով: Բարեբախտաբար, սթափեցնելու պահը կարծես թե մոտենում է: Դրան կարծես թե մեծապես նպաստում է Հնդկաստան-Պակիստան պատերազմի վտանգը: Քաշմիրի պատմությունը նույն Ղարաբաղի պատմությունն է՝ ատոմային պատերազմի վտանգով: Եւ աշխարհի բախտը տնօրինելու հավակնող երկրները ստիպված են իրենց խաղերը մի կողմ դնել եւ ապացուցել, որ նման կոնֆլիկտները լուծում ունեն: Կամ իրենք վճռականություն ունեն պարտադրելու լուծումներ: Ըստ այնմ, թե ինչպես են ռուս պետական գործիչները իրար անցել Կովկասում, Ղարաբաղի հանգուցալուծումը մոտենում է առաջանցիկ տեմպով: Մեզ մնում է չկորցնել զգոնությունը եւ չնչին իսկ հնարավորության դեպքում Ասկերանի բանդան դուրս շպրտել Հայաստանից: Նրանց չի կարելի թույլ տալ, որ հասնեն ընտրություններին: Նրանք վաղօրոք կեղծել են ընտրությունները, մարդահամարով կրկնապատկելով ընտրողների թիվը: Այդ 300 հազար չեղած հայաստանցիների ընտրաթերթիկները շուտով կսկսեն ապահովաբար տպել «ազատագրյալ տարածքներում» եւ կբերեն Հայաստան ճիշտ ժամանակին: Եվ անպատկառություն կունենան տարածքները հանձնելուց հետո անգամ իշխել կամենալ Հայաստանում: Իսկ Ղարաբաղից Հայաստան ներգաղթող տղերքի համար նախապես պաշտոններ են ապահովում նաեւ տեղական կառավարման մարմիններում: Այդ նպատակով է փոփոխություն մտել տեղական ինքնակառավարման մարմինների օրենքում, ըստ որի, Հայաստանում մեկ տարվա ապրել-գրանցված լինելը բավարար պայման է համայնքապետ դառնալու համար: Այսինքն՝ նպատակ ունեն գյուղերի ու քաղաքների ղեկավարումն էլ խլել հայերի ձեռքից: Բնականաբար, ընտրակեղծիքների եւ նույն «պետականամետ»-դավաճանների օգնությամբ: Հետո, ինչպես կյանքը ցույց տվեց, հերթը կհասնի նաեւ դավաճանների պաշտոններին ու հարցին, բայց՝ փոքր-ինչ ավելի ուշ: Ընտրությունները հորով-մորով անելուց անմիջապես հետո:

Իսկ Վիկտոր Դալլաքյանը կարծում էր օրենքի այդ դրույթը գրել է Ջավախքի փախստականների համար:

8.06.2002

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

The disaster of war
The disaster of war
Play Online