Vahan Totovents

Օտար է չսիրողը

Չեմ գիտեր, թե ինչու կդողան այն ամեն շարժուն և ան­շարժ, անզգա իրերը, որոնց կհարիմ ոևէ կերպով. բոլորն ալ կթրթռան երկյուղով մը և կսարսռան չարաճճի տղու մը ձեռքին մեջ բռնած թռչունի մը պես, իբր թե բոլորին ալ վի­րավորած ըլլայի, բոլորին սրտին սուր մը տեղավորած ըլլայի։

Մանուշակը, որ համբույրիս տակ կուլա, և փրցուցած ցո­ղունես արյունը կվազե կաթիլ առ կաթիլ։ Քարերն անգամ իմ հպումիս տակ կդողան և կշարժին։

Աչքերս չեմ կրնար տեղ մը գամել, նայվածքներս առանց
աչքերես դուրս ելլելու կմարին ճրագի մը պես հոգիիս ան­դունդին մեջ լույսի անդունդը…

Բայց ինչո՞ւ դուրսի աշխարհը զիս գիշեր մը կկարծե, և ամեն ինչ խույս կուտա ինձմե։

Բան մը կփնտրեմ, կփնտրեմ և չեմ կարող գտնել։ Չեմ հիշեր, թե ինչ կորսնցուցած եմ, բայց կփնտրեմ և չեմ կա­րող գտնել։ Իբր թե այս աշխարհեն չըլլայի՝ ամեն մարդ ինձ խիստ կնայի, և ես, հոգնած երազելեն՝ դեպի մենությունները կվազեմ։

Կզգամ, թե պարապություն մը կա իմ հոգիիս խորությանը մեջ, զոր ոչ ձայները կրնան լեցնել, և ոչ ալ աշխարհի բոլոր թրթռումները կրնան գրավել այդ թափուր միջոցը։

Օտար եմ ես այս աշխարհին։

Օ՜, սարսուռը վարդերուն, որոնց լացեն կհյուսվի իմ երիտասարդ ողբս։ Օ՜, արյունը կակաչին, որ իմ մենավոր աղոթքս կհալածե իր կյանքի անապատին մեջ։

Եվ ցայգին մեջ չնիրհող առվակը կմրմնջե ինձ. «Սիրե՛, սիրե՛»։

Be the first who will comment on this
Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling

Sea view
Sea view
Play Online