Vahan Totovents

Լույսի և տրտմության ծաղիկներ

Մի՛ արթննար, քնացի՛ր…
Ներե ինծի, որ մտա քու ննջարանդ գիշերի այս ուշ պահին…
Թեև սառած, բայց ես չեկա զիս տաքցնելու քու շունչովդ…
Թեև տրտում և մինակ, բայց ես չեկա աստղազարդելու իմ միգամած երկինքը քու նայվածքներովդ…
Ես չեկա այստեղ՝ վրդովելու քու երազներդ…
Ես չեկա թեթևցնելու իմ վիշտը քու անկողնիդ շուշաններն համբուրելով,
Ես կանցնեի քու ննջարանիդ լուսամուտին առջևեն…
Ներե՛ իմ սրտիս, որ ննջարանիդ լուսամուտին առջև… տրոփեց…
Անցնելուս ես տեսա այս աշնանային ծաղիկը՝ ինկած գետնին վրա…
Ծռեցա և բարձրացուցի զայն՝ բերելու և մեղմիվ դնելու քու կուրծքիդ վրա…
Ես բաղձացի, որ անիկա վերածաղկի քու կուրծքիդ վրա, աշ­նանային այս որբուկ ծաղիկը…
Ներե՛ ինձ, որ ես մտա քու ննջարանդ կես գիշերին…
Ես չեկա իմ վշտիս համար…
Ես միայն բաղձացի փրկել կյանքը այս աշնանային ծաղիկին…

***

«Մի՛ խռովիր, Սիրելի՛ս, լրացուր քերթվածդ…
Ներե՛ ինձ, որ եկա ստեղծագործությանդ գերագույն ժամին…


Ես երբեք չբաղձացի խզել ստեղծումիդ լռությունը․․․


Կը թողում քեզ քու ներշնչումի քաղցրության և երաժշտու­թյան մեջ առանց ավելորդ զրույցներու․․․


Մնաս բարով, լրացո՛ւր քերթվածը․․․

«Կեցի՛ր, մրմնջեցի ես, բռնելով իր թևեն, քու ներկայությամբդ ամեն ինչ կատարյալ է․․․»
«Ո՛ չ, ըսավ անիկա, ներշնչումը պետք է հասնի իր

հաղթական լրումին»։

Ու անիկա դուրս գնաց լռությամբ, թողելով զիս իր մարմինեն փրփրած բույրի ալյակներուն մեջ…


Ո՜վ գեղեցիկը և ամենակատարյալը բոլոր ստեղծագործու­թյան, ինչպե՞ս լրացնել անլրիվ մը լրիվ թողելով․․․

***

Իր կյանքի վերջին վայրկյաններն էին, երբ ես մոտեցա սնա­րին։

«Մի՛ տրտմիր, ըսավ անիկա, ցուցնելով ինձ տախտակամածին վրա տարածված արևուն տաքուկ շողերը։
Քեզի՛, Սիրելի՛ս, վայելքը արևու ճաճանչին, քեզի վարդերը և պատուհանին ալպյան մանիշակները…»։


Ես շուրջս նայեցա։ Անոնք բոլորը գեղեցիկ էին։
Դարձյալ նորեն իմ սիրուհիին, Անոր աչքերը գոցված էին վարագուրելով վերրջալույս մը իրեն ետին։ Շրթունքնե­րը տժգուն էին և խաղաղ…
Մահը դուրս ելած էր, և ամեն ինչ լուռ էր․․․
Ես դարձյալ նայեցա շուրջս և չգտա ո՛չ վարդ, ո՛չ արևու շող և ո՛չ ալ մանիշակներ…
Ես դառնորեն լացի և ըսի՝

«Քու կյանքեն հեռու ո՛չ շող կա և ո՛չ ալ ծաղիկ․․․»։

***


Խաչե՛ զիս քու կուրծքին վրա և օծե՜ իմ հոգեվարքս քու կու­սական բույրերով…


Երգ մը կաթե քու բուստերեդ իմ վերջալուսվող աչքերուս խորքը…


Լամ բուրներովդ գգվե՛ զիս և թո՛ղ ես բույր տանիմ մահվան…


Զիս խաչե քու կուրծքիդ վրա և փաթթե քու շուշաններովդ…
Քու մեկ երգովդ, հոգիեդ բղխած և մեկ շողովդ, աչքերեդ արշալուսված՝ դամբանական խավարին մեջ ես արևներ կը վառեմ…
Քու մեկ շողովդ կստեղծեմ գարուն մը՛ անկախ գարունեն…
Ես մայիսով կը պճնեմ մահվան միգամած սիրտը…
Քու մեն մի մրմունջեն ես քնարնե՜ր կստեղծեմ.
Ինչո՞ւ չարթնցար՝ մինչև որ ես քեզ չհամբուրեցի…
Ինչո՞ւ չքնացար՝ մինչև որ ես քեզ չհամբուրեցի…
Ինչո՞ւ կարտասվես քաղցրորեն, երբ ես դողդոջուն համբույրով կը մրմնջեմ՝

«Ես քեզ կը սիրե՜մ…»։

Ինչո՞ւ իմ բացակայությանս միայն դու կերգես…
Ինչո՞ւ դու զիս կը գրկես և կը սեղմես կուրծքիդ անձկանոք՝ միայն իրիկնամուտի ոսկյա ալիքներուն մեջ…
Ինչո՞ւ դու կին ես և այնքա՜ն քաղցր…
Ինչպե՞ս է, որ դու կին ես և այնքա՜ն քաղցր…

***


Ես կը բաղձամ և կը կարոտիմ, որ դու հպիս իմ երիտասարդ երազներուս նոր բացված կարմիր վարդերուն քու երգիդ և շողերուդ ալիքներով…
Ես կը բաղձամ և կը կարոտիմ, որ դու ճանչնաս իմ վիշտը, անիկա առաջին ծաղիկն է քու էությանդ։
Իմ օրերս երկու եղանակ ունին միայն գարուն է զեփյուռ­ներով և փթթումներով, երբ դու կանցնիս իմ լուսամու­տիս առջևեն…
Աշուն է ցուրտ, միգամած և քարի պես ծանր մնացյալ իմ բոլոր օրերս…

***

Երբ իմ լուսամուտիս առջև գարնան առաջին վարդը բացվեցավ, ես չմոտեցա երկյուղածությամբ և չհոտոտեցի…


Անիկա էր, որ արևի շողերուն հետ իմ արցունքներովս հուզ­վեցավ…


Օր մը, երբ անիկա թոշնած էր, հիշեցի հանկարծ, որ դու ինձ ըսիր.

Գարնան առաջին ծաղկին հետ քեզի բույր պիտի ուղար­կեմ գերեզմանեն…»


Վարդը թոշնած է հիմա, ինչպես քու հոգին…
Ես կսպասեմ ուրի՜շ գարուններու…

1918 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

Field Flowers
Field Flowers
Play Online