Vahan Totovents

Հովնաթան որդի Երեմիայի

Միքայել Նալբանդյանի հիշատակին հիշատակին

Ա

Դարերից ի վեր, անժամանակ թվականներից՝ քաղաքը լեռան կատարին էր։

Եվ քաղաքը կառուցված էր սպիտակ քարից, որովհետև լեռն ամբողջ սպիտակ քարից էր։

Քաղաքի տներից, ահավոր անդունդի վրա, կախվում էին պատշգամբներ, որոնք մթնշաղերին օրորվում էին, ինչպես երազում։ Հին ժամանակների իշխողները, ռազմական նպատակների համար, քաղաքի արևելյան կողմը վիթխարի ամրոց կառուցեցին։ Այդ ամրոցի շինության համար իշխողները գործածեցին ձվի միջուկը, կաթ և մարդկային ստրուկների քրտինքն ու արյունը։

Լեռան ստորոտը, ուր քաղաքից իջնելու համար միայն մի ճանապարհ կար, ոլորապտույտ և քարքարոտ, նման երազներում բացված արահետների, այգիներով էր բոլորված։

Այդ այգիները գոյություն են ունեցել բիբլիական ժամանակներից։ Եվ բիբլիական ժամանակներից մինչև հիմա այդ այգիների խաղողի ողկույզը շողշողում է՝ որպես հողի աստղաբույլ։

Այգիներից դենը, ընդարձա՜կ, անհո՜ւն դաշտում բամբակենի է ծաղկում, և ծովի պես ծփում է արևագույն ցորենը։

Դաշտից անցնում է աշխարհի ամենահին գետերից մեկը, ամառը՝ կապույտ և վետվետուն, կարծես երկնքի մի երակը լիներ՝ մխրճված հողի մեջ, ձմեռը՝ մթին և ահարկու, գարնանը վարարում է և մռնչում առասպելական գազանների նման:

Դաշտի ծիրանը լինում է բռունցքի չափ, տանձը՝ ինչպես երեխայի գլուխը, քաղցր ու ջրոտ, խնձորի բույրն ավելի զգլխիչ է, քան արաբական ստաշխը, նուշը, բթամատի մեծությամբ, լինում է այնքան առատ, որքան հացը, թուզը քաղցրանում է մեղրի պես, վարդը, մուգ֊կարմիր և թավշյա թերթերով, վառվում է ճեղքված սրտի նման, կեռասը կախվում է՝ ինչպես արյան վիթխարի կաթիլ, իսկ մեխակը հնձում են՝ ինչպես խոտը:

Այս բոլորի վրա կախվում է արևի հնոցը, որ նույնն է, ինչպես անժամանակ թվականներում:

Բ

Տակավին սրանից հարյուր տարի առաջ՝ քաղաքի բնակիչները, օրը բոլոր, իրենց քրտինքը թափում էին դաշտում և այգիներում, իսկ գիշերները բարձրանում էին քաղաքը, որովհետև գիշերները դաշտն էին լցվում արյունարբու ավազակներ:

Ավազակները սպանում էին մարդկանց, կողոպտում և հեռանում, երբ լուսաստղն էր փայլում պաղպաջուն երկնքում:

Դաշտում, տակավին հարյուր տարի սրանից առաջ, ոչ մի տուն չկար, կային միայն ուռենու ճյուղերից շինված խուղեր, որոնք ծառայում էին մարդկանց միայն ցերեկները։

Բերքն առատ էր լինում, այնքան առատ, որ ոչ միայն պահում էր լեռան քաղաքի բնակիչներին և ավազակների հոծ խմբերին, այլև ձմեռը այդ բերքով կերակրվում էին բազմաթիվ աղքատներ, որոնք թափվում էին լեռան քաղաքը ուրիշ աշխարհներից։

Ժամանակի ընթացքում, ռազմական նպատակների համար կառուցված ամրոցը, որի պատերի մի մասը քայքայվել էր ժամանակի ծեծից և բնական երկրաշարժերից, վերածվել էր շուկայի և ընդարձակ պահեստների։ Հին զենքերի՝ տեգերի, նետերի, աղեղների և զրահների տեղ զինապահեստներում շողշողում էին ծիրանը, դեղձը, նուռը և խաղողը։

Գ

Եվ ժամանակի ընթացքում ավազակները նվազեցին, գնալով անհետացան:

Ո՞ւր գնացին, ի՞նչ եղան, ինչպե՞ս կորան։ Դա ժամանակի քմահաճույքն է և գաղտնիքը, ոչ ոք չի իմանում։

Ասում էին, որ բնակչության մեջ ցանցառ միրուքներով, թուխ մորթով, խճճուն մազերով, կարմրած, սև աչքերով, բարակ, ճկուն և բարձրահասակ այն բնակիչները, որոնք տեղական բարբառը խոսում էին թլվատ և բոլորովին այլ երաժշտությամբ, հին ավազակների մնացորդներն են, որոնց հողի անքննելի, անիմանալի ուժը քաշեց, զոդեց իրեն, և մնացին այդ հողի վրա ու սկսեցին ըմբոշխնել քրտինքով հաց վաստակելու անհուն հաճույքը։

Երբ ավազակներն անհետացան, լեռան քաղաքի բնակիչները նորից ոտները քաշեցին դեպի լեռան քաղաքը գիշերները, ըստ դարերի սովորության, իսկ նրանց աչքերը մնացին դաշտում։

Եվ նրանցից ոմանք մտածեցին այսպես.

«Քանի որ չկան ավազակներ, և կյանքն ապահով է, ինչո՞ւ վեր բարձրանալ ամեն գիշեր և վար իջնել ամեն առավոտ՝ թողնելով մրգերն ու ծաղիկներն անտեր»:

Եվ սրանից հարյուր տարի առաջ դաշտում կառուցվեց, լեռան սպիտակ քարից, առաջին տնակը։

Կառուցվեց և երկրորդ տնակը։

Կառուցվեց երրորդը, չորրորդը, հինգերորդը բոլորն էլ լեռան սպիտակ քարից։

Երբ դաշտում տներ կառուցելը դարձավ առօրյա սովորություն, երբ օրը նոր, տնակը նոր էր, լեռան կողից սպիտակ քար բերելը դարձավ տաժանակիր մի աշխատանք, ո՛չ մարդկային ուժն էր բավում, ո՛չ անասունների փոխադրական միջոցը, որովհետև եթե սրանք բոլորն զբաղվեին այդ աշխատանքով, դաշտի բարիքը կմնար դաշտում:

Երկար էր տևում և տնակ կառուցելը։ Մինչև լեռան կողից քարն էին պոկում, դաշտ բերում, հղկում և պատը շարում, ձմեռը վրա էր հասնում, առանց կտուրը ծածկելու:

Դ

Երբ ջրերը վարարում էին ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից, դաշտում տեղ֊տեղ բնական ավազաններ էին գոյանում:

Այդ ավազանները, կիզիչ արևի տակ, այն արևի, որ քաղցրացնում էր միրգը և արնաներկում վարդը, արագորեն շոգիանում էին, հատակում թողնելով ազնվագույն տեսակի կավ: Իսկ կավը՝ չորանալուց հետո՝ ճեղքոտվում էր թանձր շերտերով։

Եվ երիտասարդ բնակիչներից մեկը՝ Անդրեասը, որդի քարտաշ Դավթի, մտածեց օգտագործել ազնվագույն այդ կավը և շինել աղյուսներ։

Նա տեսել էր դաշտի հին քաղաքների և գյուղերի մնացորդները, տեսել էր նաև, որ հին բնակիչներն աղյուսից քաղաքներ և գյուղեր էին կաոուցել, որոնք անհետացել, հողին հավասար էին դարձել ժամանակի ծանր անիվի տակ։

Եվ դաշտի ցաքուցրիվ տնակներից հեռու՝ բաց դաշտում, երիտասարդ Անդրեասը ճգնեց իրականացնել իր մտածումը։

Որդի՛, ասաց քարտաշ Դավիթը Անդրեասին, մեղք ես, զուր ես ճգնում, դրանից բան դուրս չի գա, կավը չի դիմանա ահավոր կայծակին, քար է հարկավոր։

Հա՛յր, պատասխան տվեց Անդրեասը, կայծակը կխփի հողի մեջ և կկորսվի, իսկ քարին զարնելով՝ կփշրվի, հարյուրավոր գնդակների վերածվելով, քարն ավելի վտանգավոր է, քան կավը։

Հայրը չհամոզվեց, բայց չէր կարող ստիպել որդուն, որ ձեռք քաշի իր նպատակից, որովհետև որդու վերին շրթունքի վրա ոլորվում էին սև բեղեր, իսկ նրա կնոջ կրծքից արդեն երկրորդ մանուկն էր կախվում։

Եվ Անդրեասը արհեստական թմբեր կառուցեց հեղեղների դիմաց և շինեց ավազաններ։ Երբ հեղեղները բարձրացան, եկան լցրին այդ ավազանները, շոգիացումից հետո հատակում մնաց ազնվագույն կավը։

Եվ Անդրեասը շինեց չորս տախտակե շերտից մի քառակուսի շրջանակ, երկու մատի խորությամբ, թափեց ազնվա գույն կավն այդ շրջանակի մեջ և քաշելով շրջանակը դուրս՝ թողեց, որ կավը չորանա ու դաոնա աղյուս։

Այդ տարին դաշտում տասնյակներով տներ կառուցվեցին հում աղյուսից, բայց հաջորդ տարին, առաջին գարնանից, աղյուս թափող Անդրեասը կառուցեց մի հնոց՝ աղյուսը թրծելու համար։

Այդ հնոցը բոլորաձև էր, երկու մարդահասակ բարձրությամբ։ Երբ աղյուսները չորանում էին, Անդրեասը բերում էր, խնամքով դարսում հնոցում կանոնավոր շարքերով և ապա սկսում հնոցի տակ վառել չորացած խոտը։

Մի քանի ժամվա ընթացքում աղյուսները թրծվում էին, մի գիշերվա մեջ սառչում։ Անդրեասը դուրս էր բերում թրծված, կարմրած ու թեթևացած աղյուսները և դարսում արևի տակ։

Այդ տարին տների կառուցումն ավելի և ավելի արագացավ, տները բազմացան, որովհետև Անդրեասի աղյուսից ավելի հեշտ էր պատ շարելը, իսկ էժանության մասին խոսք անգամ չէր կարելի ասել։

Սկզբում Անդրեասն այդ բոլորն անում էր միայն կնոջ օգնությամբ, բայց հետզհետե անկարող եղավ բավարարել կառուցողների պահանջները, ուստի նա բերեց մարդիկ, նրանց տվեց հաց և օրավարձ և աշխատեցրեց իր հետ, մանավանդ, երբ կնոջ գիրկը լցվեց երեխաներով, մեկին հաջորդեց երկուսը, երեքը, չորսը և դեռ պիտի հաջորդեին հինգը և վեցը։

Լեռան քաղաքի բնակիչների մեծամասնությունն իջավ դաշտը, որտեղ մեղմ սղոխը օրորում էր ծառերի տերևները, ծաղիկները և կանանց ծամերը։ Օդը մեղմ էր և առողջարար, հենց լեռան ստորոտից բխում էին քաղցր և սառը ջրերը և առվակներով անցնում դաշտից։ Դաշտի բարիքը լեռան գագաթը փոխադրելու այլևս կարիք չկար, մանուկներն անգամ աշխատում էին պարտեզներում և այգիներում, որովհետև տները կառուցված էին հենց պարտեզներում և այգիներում, մեծ, բազկատարած ծառերի հովանիների տակ։

Դաշտի տները ծածկվում էին եղեգնյա ճյուղերով և հողով։ Հորդառատ, կատաղի անձրևները աշնանը ծակում էին հողե կտուրները և վազում տների ներքնակողմը։ Անդրեասն սկսեց շինել կիսախողովակաձև աղյուսներ, որպեսզի կտուրները ծածկվեն այդ աղյուսներով։

Սկզբում դաշտեցիները չհավատացին, թե այդ կիսախողովակաձև աղյուսները կարող էին անձրևները պահել տների ներսը հոսելուց, ուստի ԱՆդրեասը քանդեց իր տան կտուրը և վերաշինեց այն այդ աղյուսներով։ Օրինակը վարակիչ դարձավ, և հաջորդ տարին կիսախողովակաձև աղյուսները հացի պես ծախվեցին։

Կարմիր կղմինդրներով ծածկված կտուրները պարտեզներում և այգիներում նման էին վարդե փնջերի, բոլորված կանաչ տերևներով։

Այս նոր տեսակի աղյուսը շինելու համար Անդրեասը դարձյալ ուներ պարզ մի ձև. կավը թափում էր մի կիսագլանի վրա, վրան դնում մի ուրիշ կիսագլան` արանքում թողնելով մի բաց շերտ, կիսագլանը քաշում էր դուրս` թողնելով, որ կավը չորանա։ Չորանալուց հետո թրծում էր հնոցում, ինչպես պարզ աղյուսը։

Տները շատացան դաշտում։ Շատացան ոչ թե ամեն տարի, այլ ամեն ամիս և ամեն շաբաթ։ Ի՞նչ գործ ունեին այլևս լեռան գագաթում, մանավանդ ձմեռը պարզապես ահարկու էր այնտեղ, բուք ու բորան, կապարյա երկինք, սառնամանիք, լեռան գագաթը կտրվում է աշխարհից ամիսներով, իսկ գարնան վերջերում և ամառը երկնքի խորքերից ճայթում է ամպրոպը, կայծակը խփում սպիտակ քարե տներին և կիսում դանակի նման։

Անդրեասի գործը մեծացավ, բազմացան դաշտեցիների պահանջները։

Եվ Անդրեասը հիմքը դրեց աոաջին բրուտանոցի։ Սա ընդարձակ և ցածր առաստաղով մի «սրահ» էր փոքր լուսամուտներով, երկարաձև, ինչպես նավը։

Եվ դաշտեցիները չմնացին իրենց պարտեզներում և այգիներում. նրանք կապեր հաստատեցին ուրիշ քաղաքների հետ, ու նրանց հետ կապեր հաստատեցին ուրիշ աշխարհներ։ Առաջ, երբ դաշտի բարիքը փոխադրում էին լեռան գագաթը, շուկա էին հանում հին ամրոցում, այժմ դաշտի բարիքը բյուրապատկված առատությամբ, դուրս էր բերվում նոր քաղաքի ընդարձակ հրապարակը։ Բարիքը լցվում էր այդ հրապարակում, լցվում և բլրանում։ Ամրոցն ամայացավ, ինչպես մեռած ուրուրների բույնը, դարձավ հին մի հուշ, իսկ նոր քաղաքի հրապարակը ծաղկեց և հարստացավ։

Հին գետի ափերով, հարավի արեգակի շողով ու բույրով գալիս էին ուղտերի քարավանները, բերում հարավի քաղցրությունն ու գույնը, փոխում դաշտի հարստության հետ և հեռանում։ Նրանց բոժոժների համերգը վերջանում էր աշնանը, իսկ գարունը սկսվում էր նրանց բոժոժների երգով և դաշտի անձրևով։

Անդրեասը, բացի երկու տեսակի աղյուսից, սկսեք շինել և արդեն կանոնավոր խողովակներ, որոնք գործածվում էին լեռան ստորոտից տները ջուր բերելու համար, շինեց կժեր, փարչեր, զանազան չափի և ձևի ամաններ, գինու և ջրի կարասներ, թասեր և երկարավիզ սրվակներ։

Պարզ, անարվեստ բրուտը սկսեց տալ ազնվագույն կավին իր երևակայության նախնական պարզ ձևերը։

Այս բոլորի համար Անդրեասը բրուտանոցում դրեց չարխեր, որոնց վրա արդեն սկսեցին աշխատել իր չորս որդիներից առաջին երկուսը՝ Երեմիան և Գրիգորը։

Անդրեասը տեսնում էր քաղաքը, որ աճում էր իր աղյուսով և տեսնում էր սերունդը, որ աճում էր իր արյունով։

Եվ նա առանձին խնամքով և ուշադրությամբ հետևեց իր որդիների արհեստի տիրապետմանը։

Երեմիա՛, որդի՛ս, ասում էր Անդրեասը, չկա աշխարհում մի բան, որին կարելի լինի ավելի ձևեր տալ, քան կավը, մանավանդ այս կավը։

Եվ Անդրեասի որդիներն աշխատում էին բրուտանոցում՝ միշտ ունկնդիր վարպետ բրուտին, որ իրենց հայրն էր։

Բրուտանոցում հով էր, կավի զգլխիչ բույրով հագեցած։ Չարխերը դաոնում էին, և բրուտների ձեռքերի տակ լպրծուն կավը պտտվելով այնպես, ինչպես ինքը՝ մայր֊երկիրը, վերածվում էր կանոնավոր և իմաստուն ձևերի: Կավի կոշտ և քաոսային զանգվածը երբ դրվում էր չարխի սեղանի վրա, և բրուտի ոտները պտտացնում էին անիվը, ոչ ոք չէր կարող գուշակել, թե կավի այդ կոշտ զանգվածը ինչ ձև էր ստանալու: Լպրծուն կավը նախ կլորանում էր, լայնանում ինչպես հղի կնոջ փորը, ապա նեղանում, նեղանում դառնում էր երկար մի վիզ, ինչպես վիզը կարապի, և հանկարծ մի փայտիկի ծայրով կտրվում էր, և ահա պատրաստ է հողե երկարավիզ անոթը։

Գինին երբ հոսում էր այդ անոթից, երգում էր ինչպես գարնանային առվակը: Դաշտի բնակիչները ջուրը, գինին և թանը խմում էին Անդրեասի բրուտանոցում շինված և նրա հնոցում թրծված հողե կարմիր թասերով, խմում էին անհատակ բավականությամբ։ Ջուրը լցնում էին կարմիր և թեթև կժերի մեջ, կախում ծառերի հովում և երբ ըմպում էին` ատամների էմալը չէր դիմանում սառնությանը և քայքայվում էր:

Գիշերները նրանք ջրով լիքը կուժը կախում էին լուսամուտներից դուրս, հյուսիսից փչող քամու աոաջ, և նրանք, որոնք իրիկունն առատ գինի էին խմել և մարմինները տոչորվում էին ծարավից, վեր էին կենում, բաց անում լուսամուտը, քաշում կուժը բերանները և խմում։ Խմելիս երգում էր թե՛ կուժը, թե՛ կոկորդը։

Նոր քաղաքի շուրջը փոքրիկ գյուղեր ցանվեցին, կարմիր կտուրներով և կարմիր աղյուսե պատերով։ Կարմիր պատերին մագլցեցին դդմենիները, և պատերի կարմիր ֆոնի վրա կախվեցին դեղին դդումները։

Աշնան վերջերին, երբ դաշտային աշխատանքը վերջանում էր, էլ խաղմուղը փրփրում հնձանում, դաշտը բոլոր դեղնում էր և կարմրում։ Աշնան արևի տակ դեղին և կարմիր տերևներն օրորվում էին օդում ու ծփում կիսամերկ ծառերի տակ։ Թռչունները գաղթում էին դեպի հարավ, ողջ դաշտը թողնելով սառնամանիքի փոքրիկ հերոսին` ճնճղուկին։

Ձմեռը կանայք բամբակի բոժոժներ էին մաքրում, ծամոն ծամում, հղիանում, անվերջ շաղակրատում և ծիծաղում, տղամարդկանցից գաղտնի լպստված պատմություններ պատմում, իսկ տղամարդիկ խմում էին թանձր, թանաքի նման մուգ գինին և քնում։

Իսկ բրուտանոցում լռության էր և ցուրտ։ Կավը սառչում էր, եղյամ կապում՝ սպիտակ և փածկլտուն: Ձմեռը բոլոր՝ բրուտանոցներում ոչ մի ոտ չէր կոխում, չարխերը սառչում էին, դարակներից գինու կժերը նայում էին տխուր և մռայլ, որովհետև նրանց ընդերքը դեռ չէր ալեկոծել գինու ջերմությունը։

Ծերունի Անդրեասը, բոլորված իր որդիներով, աղջիկներով, հարսներով և թոռներով, կարդում էր Ավետարանը, մագաղաթյա հոտավետ գրքերը և պատմում լեռան քաղաքից, քարտաշ Դավթից և ամրոցից:

Զ

Դաշտի առաջին բրուտը, Անդրեասը, որ առաջին անգամ աոաջին աղյուսը թափեց, տեսավ թոռների զավակներին և տեսավ առաջին ծոռին:

Անդրեասի որդիները, թոռներն ու թոռների զավակները սովորեցին ձևավորել կավը: Նրանք երբեք չիմացան, թե երբ և ինչպես սովորեցին, սովորեցին այնպես, ինչպես երեխաները սովորում են ձեռները տանել բերանները։

Ծերունի բրուտին, սակայն, մի խոր ցավ էր տանջում։ Նրա անդրանիկ որդի Երեմիան զավակ չունեցավ: Հիսունն անց՝ կորցրեց Երեմիան իր անպտուղ կնոջը, դարձավ տխուր, մռայլ և հուսահատ։

Մի օր Անդրեասը կանչեց իր անդրանիկ որդուն և ասաց.

Բոլորս էլ հող պիտի դաոնանք, որդի՛, բայց անպտուղ հող դառնալը մեղանչում է աստծո դեմ, որ երկնքումն է: Ամուսնացի՛ր, որդի, դեռ ջահել ես, դեռ ծառդ կծաղկի և պտուղ կտա:

Երեմիայի աչքերը փայլեցին երիտասարդ օրերի նման, արյունը սուրաց երակների մեջ։

Եվ Անդրեասի տունը մտավ մի երիտասարդ հարս, որը, հակառակ իր տարիքին, համարվեց մեծ հարսը՝ իբրև անդրանիկ զավակի կինը:

Եվ Երեմիայի ծառը ծաղկեց ու տվեց գույնզզույն պտուղներ։

Ծերունի Անդրեասն ուրախացավ, փարատվեց ցավը նրա հոգուց, և պատրաստվեց մեռնելու խաղաղությամբ։

Նա սիրում էր Երեմիայի անդրանիկ որդի Հովնաթանին, որովհետև նրա մեջ տեսնում էր պատկերը իր հոգու ու մարմնի։ Նա թոռներ շատ ուներ, ուներ և թոռան զավակներ, տեսավ իր առաջին ծոռին, բայց նրա բովանդակ սերը, այն սերը, որ տածել էր դեպի կավյը, դեպի մայր֊հողը, միասնացած և ավելի հզորացած, կենտրոնացավ Երեմիայի անդրանիկ որդու՝ Հովնաթանի վրա։

Երեմիա, որդի՛, իմ անցնելուց հետո լավ մտիկ տուր Հովնաթանին, ասում էր ծերունի Անդրեասը, բռնում Հովնաթանի գլուխը, շոյում, համբուրում աչքերը։

Եվ Հովնաթանը կապուտաչյա էր ու գանգրահեր։

Բոլոր հին հարսները նախանձում էին Հովնաթանի մորը, որովհետև ծերունին կանչում էր նրան իր մոտ, նստեցնում կողքին, բռնում նրա մինչև ծնկները հասնող ծամերը, շոյում և զմայլանքով ու հողի կարոտով նայում նրա դեմքին, որ դեռևս վարդագույն էր՝ հակառակ նրա արդեն երեք զավակ ունենալուն։

Է

Մի օր ծերունի Անդրեասը կանչեց Հովնաթանին իր մոտ և ասաց.

Բեր գրիչ և թուղթ ու գրիր։

Հովնաթանը, որ արդեն տասնվեց տարեկան էր, բերեց թուղթ և գրիչ և ասաց.

Պապի, պատրա՛ստ է։

Ծերունու ականջին հնչեց կյանքի ոսկյա ծնծղան։ Տիրեց լռություն։ Ծերունին չէր խոսում, որովհետև նա ունկնդրում էր իր կյանքի ամենահրապուրիչ երգին։

Երբ երգը վերջացավ, ծերունի Անդրեասը հառաչեց և թելադրեց Հովնաթանին՝ գրելու.

Հայրապետ ծնավ Առաքել, Առաքել ծնավ Դավիթ, Դավիթ ծնավ Անդրեաս, Անդրեաս ծնավ Երեմիա, Գրիգոր, Պետրոս, Պողոս, Սառա, Յուղաբեր, Հռիփսիմե, Երեմիա ծնավ Հովնաթան, Մարգարիտ և Դավիթ։

Հովնաթանը գրի առավ ծերունու ասածները արագորեն և նայեց պապին խոհականորեն։

Ծերունի Անդրեասը շարունակեց թույլ ձայնով. Հովնաթան ծնավ…

Եվ ծերուհին կանգ առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ և շողշողուն աչքերին։

Հովնաթանը շարունակեց գրել։

Հովնաթան ծնավ Անդրեաս։

Ծերունի Անդրեասի հոգու մեջ թրթռաց անմահությունը։

Նրա աչքերի առաջ ծաղկեց բամբակենին, նրա ականջները լսեցին գարնան առվակի կարկաչը, նրա ռնգունքները ներշնչեցին կավի թարմ բույրը, և երակներում զրնգաց արյունը։

Ը

Բայց մահը եկավ, որովհետև հոգնած մարմինը կարոտում է հողը, կարոտում է իր նախնական ձևը։

Եվ ծերունի բրուտը կյանքի անկողնում, որ պիտի դառնար մահվան անկողինը, ցանկության հայտնեց, որ բոլոր նրանք, որոնք իրենից էին սերել, հավաքվեն իր շուրջը։

Հավաքվեցին։

Հավաքվածների մեջ կային արդեն պատկառելի ծերունիներ և պառավներ, բայց բոլորն էլ եկել էին, ըստ Անդրեասի ցանկության, տոնական զգեստներով, ոսկեզարդ ճակատներով, ատլաս ու խումաշ հագած։ Նրանց մեջ կային մի քանի օր առաջ ծնվածներ, ներկա էին նրանք, որոնք արևի աշխարհի առաջին լուսամուտի ետևում թպրտում էին դուրս գալու, որոնք չպիտի տեսնեին ծերունուն, բայց, թերևս, պիտի լսեին նրա վերջին խոսքերը։

Ծերունի Անդրեասը նշան արավ իր անդրանիկ որդի Երեմիային, որ վերցնի իրեն և նստեցնի անկողնում։ Երեմիային օգնեց տասնվեցամյա Հովնաթանը, գանգրահեր և կապուտաչյա։ Նա դրեց բարձերը պապի մեջքին, թևերի տակ և մի փոքրիկ բարձ էլ, աղավնու փետրից՝ գլխի ետևում։

Ծերունի Անդրեասի սպիտակ, բայց խիտ հոնքերը կախվեցին հանգելու մոտ աչքերի վրա, ինչպես ամպերն են սքողում վերջալույսների արյունաթաթավ արեգակը։ Նրա ձեռքերը, հանգչեցրած սպիտակ բարձերի վրա, գրեթե մի դարի պատմություն ունեին։ Այդ ձեռքերը, որոնց կապույտ երակ ները ճյուղավորված էին, ինչպես գետերը մայր երկրի, թափեցին առաջին աղյուսը, և այդ աղյուսից աճեց դաշտի մեծ և նոր քաղաքը։ Այդ ձեռքերով շինված կարմիր գավերից բյուրավորներ խմեցին մուգ գինին և երջանկացան։

Հովնաթանը, որ բարձերը տեղավորելուց հետո կանգնած էր սնարից մի քիչ հեռու, տեսավ, որ պապը նշան է անում մոտենալու իրեն։

Մոտեցավ նրան կապուտաչյա և գանգրահեր պատանին և ճակատը մոտեցրեց պապին։

Ծերունի Անդրեասը հոնքերը վեր առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ աչքերին, ինչպես լեռներից հեռացող ճամփորդն է հառում լեռնային կապույտ լճակին։

Եվ ծերունի Անդրեասը խոսեց.

Ինձանից մի նեղանար, ի՛մ սերունդ, բոլորիդ սիրում, եմ, բայց Հովնաթանին շատ ավելի եմ սիրում, Հովնաթանն իմ պատկերն է, երբ ես նրան այժմ տեսնում եմ, հիշում եմ ինձ այն ժամանակ, երբ ես առաջին աղյուսն էի թափում։

Ոչ ոք չբողոքեց։

Հովնաթանը նստեց պապի անկողնի վրա։

Լռությո՜ւն, անսահմա՜ն լռություն։

Ծերունին նորից նայեց Հովնաթանին, հիշեց իր մանկությունը և սկսեց խոսել։

Եվ նրա ձայնը բխում էր խաղաղ և լուսավոր լռությունից.

Գնում եմ այս աշխարհից, հոգնել եմ, զավակնե՛րս, մինչև խոր ծերությունս չարխ դարձրի, ամբողջ մարմնիցս այժմ գալիս է կավի հոտը, ուզում եմ, որ ոսկորներս հող դառնան և հանգստանան. կավ էի, նորից կավ եմ դառնալու։ Ինձ թաղեցեք վերի ավազանի հատակում, թող կավի շերտերը գան վրաս, լցվեն, իմ մարմինն էլ խառնվի այն կավին, որ դուք պիտի գործածեք գավերը շինելու։ Ասում եմ՝ ինձ թաղեցեք վերի ավազանի հատակում, որպեսզի իմ կավն էլ խառնվի հեղեղների բերած կավին, այդ կավից գավ շինեք, գինի խմեք նրանով և ձեր շրթունքները հպեն ինձ…

Հեկեկանքի զսպված հծծյուններ լսվեցին հարսներից։

Ծերունի Անդրեասը նայեց նրանց սպիտակած հոնքերի տակից, փորձելով բարկանալ նրանց վրա, բայց մահվան մոտիկությունը չէր թողել նայվածքի ոչ մի խոժոռություն։ Ծերունին զգաց, որ այլևս չի կարող խիստ լինել, օրենք է, որ ինքը պիտի մեռնի և օրենք է, որ մնացողները պիտի հեկեկան, նրանց աչքերի պայծառության վրա էլ պիտի իջնի երբեմն մռայլության քողը, որպեսզի նրանք ևս դառնան իմաստուն և խոհական։

Ծերունի Անդրեասը շարունակեց.

Ես երկար ապրեցի, խմեցի հողի արյունը, այժմ էլ գնում եմ հողի գիրկը, բայց լուսինը մնում է, արևը մնում է, խաղողը կաճի ու կշողա, խաղողի թուփն էլ կչորանա, բայց տակից նորն է ծլում, ահա ես չորանում եմ, բայց իմ կավից կծլի նորը, Հովնաթանն իմ ծիլն է, իմ դալար ճյուղը։

Հովնաթանը գլուխը թեքեց կրծքի վրա, մռայլը պատեց նրան, իսկ ծերունու աչքերից անհետացավ լեռնային կապույտ լճակը, մի անիմանալի և խորախոր անդորրություն պատեց նրան հանգող լույսի խաղաղությունը։

Ծերունի Անդրեասը մի քիչ շունչ քաշեց և նորից խոսեց.

Այս կավից մի հեռանաք, այս կավը շինեց այս նոր քաղաքը, մենք բոլորս էլ կավից ենք շինված, անհատնում է կավը, անվերջ, ամեն ինչ կավ էր և կավ պիտի դառնա։ Տանս բոլոր բանալիները ձեզ եմ հանձնել, ոչինչ չեմ տանում հետս, գնում եմ անճրագ։ Չեմ իմանում՝ ճանապարհս լո՞ւյս է, թե մութ։ Երեմիա, որդի՛, վերի ավազանի թումբերն ուժեղացրու, հեղեղները դիակս չքշեն֊տանեն, միևնույնն է, բայց թող մնա վերի ավազանում։ Ո՞ւր է մեծ հարսս։ Ես նրան բարկացա անցյալ օրը, լավ չարավ, որ ծամերը կտրեց, այնպես լավ էր, երկա՜ր և սիրո՜ւն։

Ծերունի Անդրեասը մարող աչքերով որոնեց մեծ հարսին՝ Հովնաթանի մորը։ Մեծ հարսը մոտեցավ ծերունուն։ Ծերունին ձեռքը երկարացրեց, որ մեծ հարսը համբուրի։ Մեծ հարսը համբուրեց պապի դողդոջուն ձեռքը և երկու կաթիլ տաք արցունք թողեց նրա հողագույն և հողաբույր դաստակի վրա։

Ծերունի Անդրեասը նայեց այդ կաթիլներին և ասաց.

Չչորանա, տանեմ հետս, ճրագ չունեմ, լույս տա ճանապարհիս, այնպես է երևում, որ ճանապարհս մութ է…

Մեծ հեկեկանք բարձրացավ, և չլսվեց ծերունու խոսքերի շարունակությանը։ Ծերունին վերջին ճիգով ձեռքը թափ տվեց, որ լռեն։

Հեկեկանքները խեղդվեցին կոկորդներում։

Ծերունին շարունակեց.

Երեմիա, թող փոքր հարսներս գնան և գինի բերեն, խմեցեք, մեկնելուց առաջ տեսնեմ։

Փոքր հարսները դուրս վազեցին։ Քիչ անց՝ գավերը լցվեցին թանաքի նման մուգ և թանձր գինով։ Բոլորը խմեցին։ Մայրերը մատները թաթախեցին գինու մեջ և քսեցին իրենց մատղաշ երեխաների շրթունքներին։

Ծերունին հանկարծ ժպտաց։

Նրա ժպիտն այլևս այս աշխարհին չէր պատկանում ժպտում էր նա մի նոր աշխարհի։

Հովնաթանը, որ նստած էր պապի անկողնի վրա և նրա ծնկները դիպչում էին իր կողին, միայն նա լսեց պապի վերջին խոսքերը։ Նա վերջին խոսքն արտասանեց բերանն այս աշխարհին, բայց նայվածքը հառած նոր աշխարհին։

Գնում եմ, շշնջաց ծերունին, ցավ չունեմ և ոչ էլ…

Այլևս լսելի չեղավ նրա ձայնը։

Բոլորը ոտի կանգնեցին և գլուխները խոնարհեցին։

Երեմիան խաչակնքեց։

Բոլորը հետևեցին։

Խաղաղությո՜ւն։

Թ

Երկար վիճաբանությունից հետո՝ Երեմիան զիջեց մյուսներին և որոշեցին թաղել պապին ոչ թե վերին ավազանի հատակում, այլ գլխին։ Երեմիան պնդում էր, որ հոր խնդիրքը պետք է կատարվի։

Կեսօրից հետո փայտե դագաղի մեջ դրած պապին իջեցրին բրուտանոցը և դրին այն չարխի վրա, որը պտտացրել էր պապը ավելի քան կես դար։ Երբ երկար մոմերը վառեցին չարխի երկու կողմերին, Երեմիան նշմարեց, որ Հովնաթանը բրուտանոցի հեռավոր անկյունում, ինչ֊որ շինում է կավով։ Հայրը մոտեցավ նրան.

Ի՞նչ ես շինում, տղաս, հարցրեց Երեմիան՝ գլխի չընկնելով, թե ինչ է շինում։ Պապի համար եմ շինում, պատասխանեց կապուտաչյա և գանգրահեր պատանին։

Երեմիան բռնեց նրա գլուխը և համբուրեց։

Հաջորդ օրը բոլորն օգնեցին Հովնաթանին՝ հնոց տանելու այն վիթխարի սնդուկը, որը շինել էր նա իբրև սարկոֆագ։ Ո՛չ Հովնաթանը և ո՛չ էլ դաշտեցիները գաղափար չունեին սարկոֆագի մասին, բայց բոլորն էլ համաձայնեցին, որ լավ էր դնել դագաղը այդ կավե սնդուկի մեջ, որի դրսի պատերի վրա Հովնաթանն իրենց դաշտի ծաղիկները և պտուղներն էր քանդակել։

Այդ գիշեր թրծեցին սարկոֆագը և առավոտյան պապի դագաղը դրին մեջը։

Մեծ հարսը, Հովնաթանի մայրը, բերեց մի փարչ գինի, մի կողով ծիրան և մի փունջ վարդ ու դրեց պապի սարկոֆագի մեջ. գինին՝ դագաղի գլխավերևում, ծիրանը՝ ոտների մոտ, իսկ վարդը՝ կրծքի վրա։

Վերի ավազանի գլխին փորեցին մի խոր փոս, իջեցրին պապի սարկոֆագը մեջը։

Պապի սերունդից մի քանիսը ձայնակցեցին քահանային և տիրացուներին, երբ նրանք երգում էին «ի վերին Երուսաղեմ»։

Մի քանի օր անց՝ Երեմիան և նրա եղբայրները լծեցին սայլը, վերցրին քլունգները և գնացին հին լեռը, քանդեցին լեռան կողը, դուրս բերին սպիտակ և կանաչ երակներով քարի մի խոշոր բեկոր, տվին քարտաշին, որ ձևավորի իբրև շիրմաքար։

Մինչ քարտաշն աշխատում էր սպիտակ և կանաչ երակներով քարի վրա, գանգրահեր և կապուտաչյա Հովնաթանը նորից էր խաղում կավի հետ բրուտանոցի հեռավոր անկյունում։

Սկզբի օրերը ոչ ոք չհետաքրքրվեց նրանով, այնինչ պապի բոլոր որդիները, աղջիկները, հարսները, թոռները և թոռան զավակները բոլորվում էին քարտաշի շուրջը և դիտում նրա մուրճի յուրաքանչյուր հարվածը։ Սպիտակ քարը փշրվում էր, թափվում գետնին և սպիտակեցնում, ինչպես տաշտի ալյուրը։ Իսկ Հովնաթանը թաց, զով և կավի հոտով հագեցած բրուտանոցի հեռավոր անկյունում խաղում էր կավի մի քաոսային զանգվածի հետ։

Մի օր Երեմիան մոտեցավ իր որդուն.

Ի՞նչ ես շինում։

Նայի՛ր, ինչի՞ է նման, պատասխանի փոխարեն հարցրեց Հովնաթանը։

Հայրը երկար դիտեց և ոչ մի բանի չնմանեցնելով՝ ասաց.

Ոչ մի բանի նման չէ, որդի՛։

Շիրմաքարը վերջնականապես ձևավորվեց։ Քարտաշը շիրմաքարի վրա, կանաչ երակներից ազատ մի կետում, քանդակել էր բացված մի մատյան ճաշոցի մեծությամբ, որտեղ պետք է գրվեր տապանագիրը, քանդակել էր նաև մի գինու փարչ՝ գավը կողքին, խաղողի մի ողկույզ՝ որթատունկի տերևներով, իսկ շիրմաքարն ամբողջ ձևավորված էր իբրև աղյուսներով շարված մի պատի մասը։

Անդրեասի անդրանիկ որդի Երեմիան խորհուրդ արավ իր եղբայրների հետ՝ ի՞նչ գրել բացված մատյանի երկու էջի վրա։

Երկար խոսեցին և երկար վիճեցին, իրիկունը նստեցին և առավոտյան կապտավուն լույսին բաժանվեցին ու չկարողացան որևէ եզրակացության գալ։ Վերջապես որոշեցին կանչել դաշտի ամենահասակավոր վարժապետին և խորհուրդ հարցնել։

Վարժապետը եկավ, թանձր գինի խմեց, ձավարի հետ շաղված հում միս կերավ՝ վրան կարմիր և կծու պղպեղ ցանած, պատմեց, թե որտեղ և երբ էր առաջին անգամ հանդիպել լուսահոգիին, ինչ զրույցներ էր ունեցել նրա հետ, մինչև անգամ նա հաստատապես ասաց, թե որտեղ է գտնվում այժմ նրա հոգին։

Երբ վարժապետը խոսեց նրա հոգու մասին, բոլորը ոտի կանգնեցին և խաչակնքեցին։

Ի վերջո Երեմիան հարցրեց.

Ի՞նչ գրենք գերեզմանաքարի վրա։

Վարժապետը մատը տարավ քունքին, մի պահ լռեց դա նրա մտածելակերպն էր և ասաց.

Աստ հանգչի
առաջին բրուտը երկրի
Անդրեաս
ծառա Հիսուսի Քրիստոսի
որդի Դավթի և Մարիամի

Բոլորը ոտքի կանգնեցին, խոնարհեցին գլուխները, խաչակնքեցին լուռ։ Լսվեց ծանր դռան բացվելը, և լսվեց դաշտի քամու երգը, որ գալարվում էր ծառերի, որթատունկերի և բարձր, մարդահասակ խոտերի մեջ։

Քարտաշը փորագրեց օրը բոլոր։

Հաջորդ կիրակին, Անդրեասի հոգու համար մատուցված պատարագից հետո, հավաքվեցին պապի բոլոր որդիները, աղջիկները, թոռները, թոռների զավակները, վերցրին շիրմաքարը, անցան հեղեղատը, հանգչեցրին շիրմաքարը Դավթի և Մարիամի որդի Անդրեասի աճյունների վրա։

Ո՞ւր է Հովնաթանը, հարցրեց Երեմիան։

Բրուտանոցում, պատասխանեց մեծ հարսը։

Ի՞նչ է շինում։

Ո՞վ է իմանում, ուսերը բարձրացնելով պատասխանեց մեծ հարսը։

Բոլորը վերադարձան։

Շիրմաքարը մնաց մենակ։

Երեմիան մտավ բրուտանոցը։

Հովնաթանը նստել էր չարխի կողքին, ձեռքը դրած չարխի վրա, գլուխը կախ, հոգնած և անքուն։

Հայրը մոտեցավ Հովնաթանին, պատրաստված խստիվ կշտամբելու պապի այն թոռանը, որին պապն ամենից շատ էր սիրում, և որը ներկա չգտնվեց նրա շիրմաքարի հանգչեցնելուն, բայց երբ տեսավ չարխի վրայի կավի զանգվածը, ապշահար կանգ առավ։

Կավն արդեն ձև էր ստացել և որոշ չափով նմանվում էր պապին։

Հովնաթա՛ն… բացականչեց Երեմիան։

Հովնաթանը բարձրացրեց գանգրահեր գլուխը և ժպտաց կապույտ և հոգնած աչքերով։

Հայրի՛կ, կերկերաց Հովնաթանը, ուզում եմ, որ պապն ապրի։ Պապի ողջ արևը քեզ լինի, ո՛րդի, շշնջաց պապի անդրանիկ որդին։

Երեմիան դիտեց իր հոր փակված աչքերը, ինչպես մեռած օրը, դիտեց նրա երկար և խիտ հոնքերը, երկար մազերը, բաց և լայն ճակատը, կուրծքը ծածկող միրուքը և մի ձեռքը, ուռած երակներով, որ անկախ թևից, հանգչում էր կրծքի վրա։

Հովնաթա՜ն… նորից բացականչեց ապշահար հայրը, դո՞ւ շինեցիր։

Այո՛, պատասխանեց Հովնաթանը և ժպտաց կապույտ աչքերով։

Առաջին անգամ իր կյանքում Անդրեասի որդի Երեմիան անդրադարձավ կավի այդքան ազնիվ օգտագործման։ Նա երբեք չէր մտածել, որ կավը, բացի թասերից, գավերից, փարչերից և աղյուսներից, կարելի էր օգտագործել և անմահության համար։

Երեմիան, իբրև արձան, միայն տեսել էր Քրիստոսի խաչելությունը։

Ի՞նչ անենք այս…

Երեմիան կանգ առավ, չկարողացավ խոսքը վերջացնել, որովհետև մինչև անգամ չիմացավ, թե ի՞նչ անուն պետք է տալ ո՛չ աման էր, ո՛չ գավ և ո՛չ էլ կուժ։

Արձանը, ասաց Հովնաթանը։

Այո, արձանը, շշնջաց Երեմիան։

Տանե՛նք և թրծե՛նք։

Եվ հայր ու որդի տարին կավը, դրին հնոցի մեջ և գիշերը բոլոր վառեցին հնոցը։

Ո՛չ մի կիրակի իրիկուն հնոցը չէր վառվել։ Երբ ծուխն ամպի նման բարձրացավ, բոլորը զարմացան։

Առավոտյան նրանք վերադարձան տուն և քնեցին։

Նրանք զարթնեցին միջօրեին, զարթնեցին և վազեցին հնոցը, բարձրացան պատերի վրա, հնոցը դեռ տաք էր, բայց տեսան, որ պապի կավը թրծվել էր, կարմրել, ինչպես եփած ճակնդեղը։

Թո՛ղ մնա, մինչև իրիկնային քամին բարձրանա և սառեցնի, ասաց հայրը։

Թո՛ղ մնա, ասաց որդին։ Երեկոյան, երբ քամին բարձրացավ և սառեցրեց հնոցը, նրանք դուրս հանեցին կիսանդրին և դիտեցին։

Հովնաթանը տեսավ և տխրեց, նրա հոգին կարծես մուտք գործեց դեպի գիշերը, իսկ Երեմիան ուրախ էր, որովհետև ոչինչ չնկատեց, նա միայն հափշտակվեց հոր մեծ ճակատով, խիտ հոնքերով և կուրծքը ծածկող միրուքով։

Կիսանդրին մի քիչ այլանդակվել էր՝ թաց֊թաց թրծելու պատճառով։

Հաջորդ կիրակին նորից հավաքվեցին պապի բոլոր որդիները, աղջիկները, թոռները, թոռան զավակները, հարսներն ու փեսաները, գրկեցին պապի կիսանդրին, անցան հեղեղատը և դրին այն սպիտակ և կանաչ երակներով շիրմաքարի գլխավերևը։

Եվ դաշտեցիները բոլոր, զարմացած ու հիացած, գնում էին խումբ֊խումբ տեսնելու կիսանդրին, տեսնում էին և կարդում տապանագիրը՝

Անդրեաս
որդի Դավթի և Մարիամի
Ժ

Թե ո՛րտեղից և ի՛նչպես Հովնաթանը սովորել էր քանդակել՝ բոլորի համար մնաց գաղտնիք, բայց Հովնաթանը երկար էր աշխատել, բոլորից գաղտնի, հափշտակությամբ և ներքին անիմանալի մղումով։

Նա տեսել էր եկեղեցում Քրիստոսի խաչելության արձանը, տեսել էր հրեշտակների արձաններ թևերով և սեռի՝ փոքրրիկ, վարդի կոկոնի նման թարմ նշաններով, տեսել էր նաև լեռան քաղաքի հին ամրոցում կոտրված արձաններ, երբեմն գլուխներ՝ առանց մարմնի, երբեմն մարմիններ՝ առանց գլխի, որոնք բոլորն էլ հավաքված էին մի մութ սենյակում։ Կային արձաններ և ամրոցի պատերի ու պարիսպների վրա, բարձր, էլի կոտրտված, աղճատված վիճակում։

Եվ ամեն անգամ, երբ Հովնաթանը տեսել էր այդ բեկորները, նրա մանկական հոգին խայտացել էր խոր ուրախությամբ, այդ խայտանքին հաջորդել էր ներքին, թաքուն մի դող, որն սկիզբն էր ստեղծագործության և որին բոլորովին անծանոթ էր նրա գիտակցությունը։

Եվ բրուտանոցում, բոլորից բացարձակապես գաղտնի, Հովնաթանը շինել էր ձեռքեր, գլուխներ, ոտներ, փոքր, շատ փոքր մեծությամբ և չէր համարձակվել ցույց տալ հորը կամ հորեղբայրներին, մինչև անգամ ցույց չէր տվել պապին, որն իրեն այնքան սիրում էր, որն իրեն անպայման կքաջալերեր անսահման չափով։ Բացի մարմնի այս մասերից, նա կավից սարքել էր մի փոքրիկ սայլ, ճիշտ նման իրենց սայլին՝ զույգ եզներով։ Հովնաթանը քանդակել էր նաև զանազան տեսակի պտուղներ, տերևներ, քանդակել էր Քրիստոսը՝ խաչի վրա։

Եվ ահա պատանի Հովնաթանը, ցնցված պապի մահվամբ, տոգորված նրան անմահացնելու բուռն տենչով, հանդգնեց քանդակել և նրա կիսանդրին։

Պապի կիսանդրիից հետո՝ Հովնաթանն սկսեց զբաղվել արձաններ շինելով այլևս համարձակորեն։

Նա չէր տեսել ոչ մի վարպետի ձեռք, նա չէր լսել ոչ մի վարպետի հրահանգ։ Նա մինչև անգամ կարծում էր, որ ոչ ոք աշխարհում կավից արձաններ չի շինել, այլ շինել էին ուղղակի քարից կամ բրոնզից, և որ կավից արձաններ քանդակելու գյուտը բացարձակապես պատկանում էր իրեն, որովհետև նա չէր տեսել արձանի ստեղծման ոչ մի պրոցես։ Ահա քարտաշն էլ շիրմաքարը ձևավորեց ուղիղ քարից։

Անվերջ քանդակելով՝ Հովնաթանն ըմբռնեց մարմնի ձևերը, հասարակ աչքերով աննշմարելի խորությունները, բարձունքները և ծավալները։

Պապի կիսանդրիից հետո՝ հայրն սկսեց ուշի֊ուշով հետևել որդու աշխատանքներին, նրա ամենափոքրիկ փորձերը խոր հրճվանքով էին լցնում նրան, բայց միաժամանակ մտածում էր. «Հովնաթանը եղավ տասնևութը տարեկան, ես և եղբայրներս հոգնած ենք, լավ կլիներ Հովնաթանն անցներ չարխի գլուխը, շիներ կուժեր, թասեր, գավեր և փարչեր»։

Մտածում էր Երեմիան, բայց ոչինչ չէր ասում Հովնաթանին, թողնելով, որ նա անի ինչ սիրտը կուզի։ «Դեռ ուժ կա ոսկորներիս մեջ, դեռևս կարող եմ աշխատել», ասում էր նա։

Բայց հորեղբայրները, որոնց որդիները կավն էին տրորում բոբիկ ոտներով, հնոցն էին վառում, ավազանների կավն էին բարձրացնում սայլերը, մեջքերով աղյուսները կրում՝ բողոքում էին, որ Հովնաթանը դատարկ բաներով է զբաղվում և չի աշխատում, որովհետև բրուտանոցը և ողջ բրուտային առևտուրը պատկանում էր բոլորին։

Երեմիա, ասում էին եղբայրները, որդիդ անպետք է, գլուխ շինելը ո՞ւմ փորը կկշտացնի, աշխատել է հարկավոր, թող անցնի չարխի գլուխը։

Երեմիան չէր կարող ասել, որ Հովնաթանը անկարող է աշխատելու չարխի վրա, որովհետև նա երբեմն պտտեցնում էր պապի չարխը և հիանալի անոթներ շինում։

Երբ բողոքողները շատացան, և երբ Հովնաթանը տեսավ հորը խեղճացած այդ բողոքներից, անցավ պապի չարխի գլուխը, և նրա մատների տակ լպրծուն կավն ստացավ սքանչելի ձևեր։ Նրա շինած անոթները բոլորովին այլ ձև ունեին մյուսների շինածներից, նրա անոթներից յուրաքանչյուրն էլ տարբերվում էր մյուսից, նա չէր կրկնում ոչ մի ձև, բայց երկար չէր տևում, ձանձրանում էր, թողնում չարխը, քաշվում բրուտանոցի հեռավոր մի անկյունը և սկսում կառուցել մի զայրացած բռունցք, որ ցցվում էր դուրս կավի քաոսային զանգվածից, մի կռացած և հոգնած մեջք, մի գլուխ և այլն։

Նրա կերտած գլուխները նման էին իր գլխին, որովհետև գլխի ձևը վերցնում էր նա միայն իր գլխից, որը դիտում էր կոտրած հայելուց։

Քանի Հովնաթանի շինած անոթները հարգ էին ստանում շուկայում, հորեղբայրներն այնքան բարձրացնում էին բողոքը և պահանջում էին, որ Հովնաթանը չարխի վրա ոչ թե պատահաբար աշխատի, այլ արևածագից մինչև արևամուտը։

Բողոքում էին և հորեղբորորդիները.

Հովնաթանը վերի արտի ցորե՞ն է, ի՞նչ է, մենք էշ ենք, իսկ նա ձի՞ է, ի՞նչ է։

Բողոքները դառնում էին անտանելի, մանավանդ երբ սկսվում էր քաղաքում կառուցումների շրջանը։

Աղյուս են ուզում, Երեմիա, ասում էր եղբայրներից մեկը, իսկ Հովնաթանը չի աշխատում, ավելի լավ է իրարից բաժանվենք, մենք՝ մերը, դու՝ ձերը, եղբայրն էլի եղբայր։ Երեմիան բռնում էր Հովնաթանի գլուխը, աչքերը ձգում նրա աչքերի կապույտ լճակի մեջ և ասում.

Հովնաթա՛ն, որդի՛, աղյուս են պահանջում։

Եվ Հովնաթանը, հուսահատ ու տխուր, վերցնում էր փայտե նախնական քառակուսի շրջանակը, բոբիկանում և արևածագից մինչև արևամայր աղյուս թափում։

Երեկոյան, երբ բոլորն ուտում էին թանե սպասը և վեր կենում, պառկում, քնում, Հովնաթանը, կտուրի վրա պառկած՝ իրիկնային հովից զովացած անկողնում, աչքերը հառում էր պաղպաջուն երկնքից կաթող աստղերին, աչքերը լցվում էին արցունքով։

Մայրը մոտենում էր որդուն, տեսնում նրա արցունքը, շոյում էր գլուխը և հարցնում.

Հովնաթա՛ն, մատա՜ղ, ինչո՞ւ ես լաց լինում։

Հովնաթանը պատասխանում էր ինչպես հինգ տարեկան մանուկը.

Ես աղյուս չեմ թափի։

Հայրդ ծեր է, որդի՛, նրան պարտական ես օգնել։

Հովնաթանը նայում էր դեռ երիտասարդ մորը՝ լուռ և տխուր։

Եվ մայրը շփոթում էր կապույտ աչքերի արցունքը կապույտ երկնքի աստղի հետ։

Սառչում էին արցունքները, ինչպես մարած աստղերը, քունն իջնում էր Հովնաթանի հոգնած մարմնի վրա, մայրը հեռանում էր, համբուրելով արևից եփած նրա ճակատը։

Առավոտյան Հովնաթանը վեր էր թռչում անկողնուց, երբ դեռ լուսաստղն էր շողում երկնքում, ինչպես մարգարիտը փիրուզյա ֆոնի վրա, վազում էր բրուտանոց և սկսում էր սեփական աշխատանքը։

Կավի զովությունը խնդությամբ էր վառում նրա արյունը։

Հայրը գալիս էր բրուտանոց, մոտենում Հովնաթանին և դիտում նրա աշխատանքը։ Ահա մի ձեռք, որ դուրս էր ցցվել կավի մութ զանգվածից, երկու֊երեք անգամ ավելի խոշոր, քան բնական մեծությունը՝ ուռած երակներով։ Հայրը կարդում էր այդ ձեռքի վրա կես դարու չափ ֆիզիկական աշխատանք կատարող մի մարդու ողջ կենսագրությանը, պատկերում էր քամուց և արևից այրած նրա ճակատը, կոպտացած և կռացած նրա մեջքը։ Հայրն գլուխն օրորում էր ներքին հրճվանքով և միաժամանակ խոր տարակուսանքով, նա զգում էր, որ որդու աշխատանքը մի բան է, բայց ի՞նչ բան է, չէր կարողանում ասել։ Մի ժպիտ, հեզասահ առվակի նման, գալիս տարածվում էր նրա դեմքի վրա, և ինչ֊որ լուսավոր մի ալիք հոսում էր, նույնպես հեզասահ առվակի նման, նրա հոգու մթության մեջ։

Բայց բրուտանոց էին լցվում հորեղբայրներն ու հորեղբորորդիները և խոժոռ նայվածքներ էին նետում Հովնաթանին. նա շորով փաթաթում էր աշխատանքը, թողնում, մոտենում պապի չարխին, որ այլևս իրեն էր պատկանում։ Չարխը դառնում էր աշխույժ։ Հովնաթանի մատների տակ կավն ստանում էր նորանոր և ապշեցուցիչ ձևեր։

Բայց Հովնաթանին այրում էին մարմնի ձևերի այլազան գաղտնիքները։ Գիշերները նա մտնում էր բրուտանոցը։ Ոչ ոք չկար։ Բայց Հովնաթանին թվում էր, որ շնչում է կավը։ Մերկանում էր, վառում մոմը և մոմի օրորուն լույսով դիտում էր մարմինը և տեսնում էր, որ մարմնի ոչ մի կետ չի սառչում, այլ անվերջ փոփոխվում է. խորությունների և բարձրությունների անհուն մի ելևէջ, բայց երբ միևնույն մոմի լույսով դիտում էր ձևակերպած մարմնի մի մասը, գտնում էր, որ գոյություն չունի կենդանի մարմինը, ինքը ձևավորել էր մարմնի ընդհանուր երևույթը։

Երիտասարդ բրուտը, որ ձգտում էր քանդակագործ դառնալ, ոչ մի գաղափար չուներ մոդելի մասին, բայց զգում էր, որ եթե մեկը լինի և նրանից վերցնի մարմնի ձևերը, ավելի ճիշտ կլինի։ Մարմնի մասերը նա քանդակում էր իր մարմնից՝ հայելու մեջ նայելով, և Հովնաթանն զգում էր, որ դա բավական չէ։

Be the first who will comment on this

Other parts of "Հովնաթան որդի Երեմիայի"

Yatuk Music
Shooshiky
Komitas

Shooshiky

Saint Malo
Saint Malo
Play Online