Vahan Totovents

Աստվածային կոմեդիա

Մեր վաճառատան կառավարիչը հեռախոսի լսափողը կախելուց հետո մոտեցավ ինձ և ասաց.

Շուտ գնա մր. Ֆինկլշտայնի տունը և տես, թե ինչ արևելյան գորգեր կան, որոնք կարիք ունեն նորոգվելու և մաքրվելու:

Շատ լավ, ասացի և դուրս եկա անմիջապես դեպի մր. Ֆինկլշտայնի ապարանքը։

Մր. Ֆինկլշտայնը Ամերիկայի Միացյալ Նահանգների միլիարդատերերից մեկն էր։ Ամերիկայի շատ հարուստների տներում եղել էի շնորհիվ արևելյան գորգերի մասնագետ լինելուս, բայց մինչև այդ չէի եղել Ֆինկլշտայնի բնակարանում:

Մր. Ֆինկլշտայնի բնակարանը գտնվում էր արիստոկրատների թաղում, բլուրի ամենաբարձր կետի վրա, շրջապատված զանազան տեսակի ծառերով, որոնց յուրաքանչյուր ճյուղին դիպել էր մարդկային մկրատը և արվեստական ձև տվել։

Դեռևս ծառուղին չմտած՝ իմ դեմ տնկվեցին երկու նեգր,որոնք պաշտպանում էին մր. Ֆինկլշտայնի բնակարանի մուտքը։ Անմիջապես ներկայացրի մեր վաճառատան այցետոմսը և նրանք բաց արին դուռը:

Դռանը դիմավորեց երիտասարդ և գեղեցիկ մի սպասուհի, որի սպիտակ գլխանոցը միայն մատնում էր նրա սոցիալական դրությունը։ Բարևեցի սպասուհուն և երկարեցի մեր վաճառատան այցետոմսը։ Սպասուհին իսկույն ինձ հրավիրեց դեպի դահլիճ, խնդրեց նստել, իսկ ինքը հեռացավ այցետոմսը ձեռին։

                           490  Դահլիճում ամեն ինչ թանկագին էր, բայց չափազանց պարզ։ Մր. Ֆինկլշտայնի մարմարե բյուստը դրված էր դահլիճի վերևի ճակատին, բարձր պատվանդանի վրա։ Մր. Ֆինկլշտայնի դեմքը ոչ մի խորշոմ չուներ:

Երևի երիտասարդության բյուստն է, մտածեցի,- կամ ինքը ցանկացել է, որ վարձու արվեստագետը երիտասարդ քանդակե իրեն։

Պատի օջախում դարսված էին համաչափ փայտեր, որոնց ետևում վառվում էր էլեկտրական կարմիր մի լամպ՝ սոսկ վառվելու իլյուզիան տալու համար։ Աջակողմյան լուսամուտներից, ծառերի արանքում, երևում էր փոթորկալի մի ծով, իսկ ծովի անմիջապես ետևը ցցվում էր հարևանի տան կտուրը:

Այս քաղաքում ծով չկա, մտածեցի, սա ի՞նչ ծով է, որ երևում է։ Երբ շարունակեցի նայել, գլխի ընկա, որ փոթորկալի ալիքները չէին շարժվում սոսկ դեկորացիա էր, նատուրալիստական մի նկար:

Դահլիճի խորքի մուգ֊կարմիր թավշյա վարագույրները բացվեցին, ներս մտավ մի պառավ կին, չափազանց պարզ հագնված և մոմի պես դժգույն դեմքով։ Ծովային պատրանքը ինձ մի վայրկյան մտածել տվեց, որ ներս մտնողն էլ դեկորացիա է այնպես նկարային դեմք ուներ, բայց ոչ, սկսեց խոսել:

Դուք եկել եք արևելյան գորգե՞րը տեսնելու։

Այո, մադամ, պատասխանեցի և ոտքի կանգնեցի։

Գնանք ցույց տամ։

Ես հետևեցի նրան։

Նա ինձ առաջնորդեց մատենադարանը և խնդրեց, որ մատենադարանի արևելյան գորգերը նորոգեմ, լվամ և արդուկեմ:

Շատ լավ, պատասխանեցի մեքենայաբար, որովհետև այդ րոպեին իմ աչքերը հափշտակված էին մատենադարանի գրքերով։

Համաշխարհային ամբողջ գրականությունն այստեղ կար, բոլորը ոսկեզօծ, յուրաքանչյուր դարաշրջանի և ազգության գրականությունը դարսված միաչափ հատորներով և միագույն շապիկներով։ Օրինակ՝ հելլենական գրականությունը ամբողջական դարսված էր դահլիճի արևմտյան պատի վերևում, ոչ մի անուն պակաս չէր՝ հունական երկնքի նման կապույտ շապիկով։

Կյանքումս առաջին անգամն էր, որ խորապես նախանձեցի հարուստին։ Գրքեր, գրքեր՝ ահա իմ կյանքի երազը։

Պետք է խնդրել մադամից, որ թույլ տա աչքի անցկացնելու բոլոր գրքերը, մտածում էի, երբ տեսա, որ պառավը գնում էր դուրս։

Պառավի ետևից ես էլ դուրս եկա և գնացի վաճառատուն կառք բերելու և տանելու գորգերը նորոգելու և լվանալու համար։

Վերադարձիս արդեն որոշել էի խնդրել, որ ինձ թույլ տան գեթ տեսնելու Դանտեի «Աստվածային կոմեդիայի» մեծ հատորը, որի վրա շլացուցիչ տառերով գրված էր «Արքայական հրատարակություն»:

Վաղուց լսել էի, որ «Աստվածային կոմեդիայի» մի այդպիսի շքեղ հրատարակություն գոյություն ունի, որի նկարազարդումը գերազանցում է ցանկացած գրքի նկարազարդումը։

Անպայման այդ հրատարակությունը կլինի,– մտածում էի:

Երբ վերադարձա մր. Ֆինկլշտայնի ապարանքը, էլի ինձ դիմավորեց նույն գեղեցիկ սպասուհին։

Ի՜նչ լուռ բնակարան է, ասացի սպասուհուն՝ միջանցքներով անցնելիս, որպեսզի մի խոսք բանամ և հետզհետե հասնեմ գրքերի հարցին։

Լուռ է, այո, և շատ էլ տխուր, պատասխանեց սպասուհին։

Տխո՞ւր, ընդհակառակն, լավ է այստեղ, լուռ, խոր։

Այս հսկա տան մեջ միայն այդ պառավն է և մին էլ մր. Ֆինկլշտայնը՝ նրա ամուսինը, ուրիշ ոչ ոք չկա, շատ գործ էլ չկա, որ չտխրեմ։ Ես դիմավորում եմ միայն այցելողներին և ճանապարհ գցում նրանց, ճաշն էլ դրսից է գալիս, ոչինչ չկա անելու, այնքան տխրում եմ, որ երբեմն մտածում եմ գնալ դուրս, լինել գործազուրկ, բայց լինել մարդկանց մեջ, աղմուկի մեջ։

                          492  - Կարդացեք,  ասացի զսպված բարկությամբ,  կարդացեք, կարդացեք, ա՛խ, եթե ես ժամանակ և գիրք ունենամ կարդալու...

- Կարդում եմ, պատասխանեց սպասուհին, շատ եմ կարդում, «Կապույտ գրքի» վերջին համարն ամբողջ վերջացրել եմ, ուզու՞մ եք ձեզ տամ, կարդացեք։

- «Կապույտ գիրքը» չեմ ուզում, ասացի և մատենադարան չմտած՝ բռնեցի նրա ձեռքը։ Չդիմադրեք։

- Մի՛ վախենաք, փսփսաց նա։

- Մի բան եմ խնդրում քեզանից։

- Պատրաստ եմ, պատասխանեց սպասուհին։ Նրա դեմքի վրա հրճվանքի մի մեծ ալիք բացվեց։

Սպասի՛ր, գորգերը հավաքեմ, կասեմ։

Գորգերը հավաքեցի, հանձնեցի նեգրին, որ դարսի կառքի մեջ, և մոտենալով սպասուհուն՝

-Երիտասարդ լեյդի ասացի, թույլ տուր առնեմ Գանտեի «Աստվածային կոմեդիա»-ի մեծ հատորը:

Սպասուհին ապշած նայեց իմ աչքերին և սկսեց բարձր ծիծաղել ու հռհռալ.

Խնդրեմ, խնդրեմ:

Առանց ուշք դարձնելու կանացի հռհռոցին արագորեն վերցրի «արքայական հատորը»։ Թեթև էր, փորձեցի բանալ, բայց չկարողացա, դես-դեն շուռ տվի, անօգուտ։ Սպասուհին շարունակում էր դաժանորեն ծիծաղել:

Զայրացած՝ գետին շպրտեցի Դանտեն։

- Այս բոլոր գրքերը կարտոնից են շինված, հարեց սպասուհին, ավելի լավ է, որ վերցնես «Կապույտ գիրքը» և կարդաս։

- Շնորհակալ եմ,– պատասխանեցի և սկսեցի քայլել դեպի դուրս:

Միջանցքից լսում էի, որ սպասուհին ծիծաղում էր անգութ կերպով։

1929 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn

The Mat Weaver
The Mat Weaver
Play Online