Teresa Amryan

Խատունի թուրքական ոսկեղենը

Տասնհինգամյա Խատունը բռնել է իր երեք տարեկան եղբոր ձեռքը և դանդաղ քայլում է հայրական տան այգում։ Փոքրիկ տղան քաշում է քրոջ ոսկե թևնոցը, Խատունը մի կողմ է տանում եղբոր փոքրիկ ձեռքերը և գրկում է նրան։ Երեխան փորձում է քաշել Խատունի սև մազերը, ձեռք տալ նրա ոսկե վզնոցին և ականջօղերին այդ ոսկեղենը Խատունը նվեր է ստացել իր արտասահմանյան եզդի փեսացուից։ Խատունի ընտանիքի անդամները տանը չեն, տեղ են գնացել: Արդեն մի քանի ամիս է Խատունին իրենց հետ ոչ մի տեղ չեն տանում հարկավոր չէ, որովհետև Խատունին արդեն նշանել են։ Մանկամարդ Խատունն արդեն հարսնացու է, մի քանի ամսից նրան ամուսնու մոտ՝ արտասահման կուղարկեն։ Խատունն ընտանիքի երրորդ աղջիկն է: Նրա երկու ավագ քույրերին ամուսնացրել են: Խատունից փոքր երկու քույրերին էլ հինգ-վեց տարի հետո կնշանեն։ Խատունին նշանելուց հետո ազգականներն ու բարեկամները շատ ուրախացան, հայրը թեթևացած շունչ քաշեց, իսկ մոր տարեց հորաքույրն ասաց.

– Լավ է, այս աղջկանից էլ պրծան: Աղջիկ են էլի, թող ամուսնանան գնան, իրենց ծնողների վզից դուրս գան…

Բոլորն ուրախացան․․․ Բացի Խատունի տատից՝ բոլորն ուրախացան։ Չգիտես ինչու էր մթնել տատը, չգիտես ինչու էր այդպես լուռ ընդիմանում Խատունի արտասահմանյան եզդի փեսացուի գոյությանը։

Գարնանային արևը տերևների արանքից մի կերպ սողոսկել և կանաչ երանգ է տարածել Խատունի կարմիր շարֆին։ Խատունին ընտանիքի անդամները չեն թողնում, որ Խատունն անգամ արևի տակ զբոսնի թող մաշկը չսևանա չէ՞ որ նրան շուտով արտասահման են ուղարկելու։ Խատունը խնամքով ուղղում է թևնոցներն ու ականջօղերը՝ փեսացուի նվերները։ Չէ՛, չէ՛, փեսան արտասահմանից չի ուղարկել դրանք փեսացուի ծնողներն ու ազգականներն այդ նվերները Խատունի համար գնել են երևանյան մի ոսկու շուկայից՝ թուրքական ոսկեղենի բաժնից։

Խատունն իր արտասահմանյան փեսացուին չի ճանաչում, միայն նրա նկարն է տեսել նշանվելուց հետո երկու անգամ տեսազանգի միջոցով զրուցել է փեսացուի հետ։ Ամեն անգամ ոսկյա զարդերն ուղղելիս Խատունը սկսում է մտածել նրա մասին, նրան պատկերացնում է որպես բարձրահասակ, ամրակազմ տղամարդ։ Լսել է, որ արտասահմանյան բոլոր եզդի փեսացուները բարձրահասակ են, ամրակազմ։ Լսել է, որ արտասահմանյան եզդի փեսացուները հեռվից հեռու Հայաստանում են եզդի հարսնացուներ փնտրում։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանի եզդի հարսնացուները համարվող, խոնարհ ու հավատարիմ կանայք են դառնում։ Հայաստանի եզդի հարսնացուները շատ պահանջկոտ չեն, միայն թե փեսացուն եզդի լինի։

Նշանադրությունից հետո հայրը Խատունին դպրոցից հանեց։ Դասագրքերն այլևս Խատունին հարկավոր չեն չէ՞ որ նրան շուտով արտասահման են ուղարկելու։ Հարսանիքից մի քանի օր հետո Խատունի արտասահմանյան եզդի ամուսինը կսկսի վաղ առավոտյան աշխատանքի գնալ և վերադառնալ շատ ուշ երբեմն էլ կգնա ու չի գա տուն։ Խատունն ամբողջ օրը մենակ կմնա չէ՞ որ արտասահմանյան եզդի փեսայի ծնողներն էլ Խատունի ծնողների պես Հայաստանում են մնացել։ Խատունը ոչ մի ընկերուհի չի ունենա, Խատունը մենակ տանը նստած չի կարողանա սովորել ու հասկանալ այլ երկրի լեզուն, Խատունն օտար երկրում ոչ մեկի հետ հարևանություն չի անի երբեմն շքամուտքում կբարևի տարեց հարևանուհուն՝ գնչու մի կնոջ՝ հալո, հալո։ Գնչուհու գլխաշորն ու գնդիկների տեսք ունեցող ականջօղերը տեսնելիս Խատունը կհիշի իր տատիկի գլխաշորն ու ականջօղերը ։

Կանցնեն Խատունի արտասահմանյան օրերը պարապ ու գունատ։ Մի օր Խատունի ոսկե զարդերից մեկը կկոտրվի։ Խատունն ամուսնու ձեռքը բռնած նեղ փողոցներով կքայլի՝ ոսկերիչ վարպետների մոտ զարդը նորոգելու: Խոշորացույցով կոտրված զարդն արհեստական լույսի տակ տնտղելուց հետո վարպետները կշարժեն իրենց գլուխները, փշրված զարդի կտորները կվերադարձնեն Խատունի ամուսնուն և անծանոթ լեզվով ինչ-որ բան կասեն:

Խատունն ամուսնու հետ կքայլի մի անծանոթ շուկայի միջով:

Օն օյղո, օն օյղո, օն օյղո, – ամենուրեք կլսվի շուկայում։

– Ի՞նչ է նշանակում «օն օյղո», – կհարցնի Խատունը:

– «Օն օյղո» նշանակում է «մի եվրո»։ Այս ժամերին միրգն էժանանում է, առևտրականներն արագ վաճառում են, ծածկում են իրենց սեղանները և տուն գնում, – կպատասխանի Խատունի ամուսինը:

– Ինչքան շատ թուրք կա այստեղ, – կասի Խատունը:

– Հա, սա թուրքական շուկա է, մենք հիմա թուրքերի թաղամասում ենք, – կպատասխանի Խատունի ամուսինը, ապա կավելացնի, – իմ թուրք ծանոթի հայրը ոսկերիչ է, նրան կխնդրեմ նորոգել զարդը:

Կոտրված զարդը տնտղելուց հետո թուրք ծանոթի հայրը ժպտալով կասի «Օլում, բու բակիր»:

Խատունի ամուսինը կվերցնի զարդի կտորները։

– Ինչու՞ չնորոգեց։ Ոսկին կե՞ղծ էր, – կհարցնի Խատունը։

– Մի՛ նվնվա, – սրտնեղած կպատասխանի ամուսինը։

Եվ նորից կքայլեն «օն օյղո, օն օյղո» բղավող մարդկանց շարքերի միջով պեպենոտ դեմքով մի անծանոթուհի կկտրի եզդի զույգի ճամփան, ոտքից գլուխ կտնտղի Խատունին և հարցական կնայի Խատունի ամուսնուն։ Խատունի ամուսինն օտար լեզվով ինչ-որ բաներ կասի նրան և քաշելով Խատունի թևը՝ առաջ կքայլի։

– Ո՞վ էր այդ կինը, – կհարցնի Խատունը։

– Ավելորդ հարցեր մի՛ տուր, ոսկեղենդ վերցրո՛ւ և տանը վե՛ր ընկիր, – կոպտորեն կպատասխանի ամուսինը։

Պատուհանի մոտ մենակ կանգնած՝ Խատունը կարտասվի, դրսում կտեսնի գնչու հարևանուհուն, կհիշի իր տատիկին, կհիշի տատիկի խոսքերը։

– Իմ խեղճ երեխային ո՞նց եք արտասահման ուղարկելու ու՞ր է փեսան փեսայի նկարին նայելով՝ ձեր աղջկան տվեցիք նրան, նկարից ի՞նչ իմացաք, արդյոք արժանավո՞ր տղամարդ է․․․ Արդյո՞ք այդ տղան իմ խեղճ երեխայի համար ամուսին կդառնա։

Նորից Խատունին տանը մենակ թողնելով՝ ամուսինը կգնա ու՞ր կգնա երևի կգնա շուկայի պեպենոտ անծանոթուհու մոտ, որի հետ այդպես էլ չծանոթացրեց Խատունին։ Տանը մենակ նստած Խատունը կմտածի՝ տեսնես ինչու էր տեսազանգով փեսացուն իր աչքին այդքան լավը թվում։ Տեսնես ինչու՞ տեսազանգն իսկական փեսացուին ցույց չէր տալիս։ Տեսազանգով զրուցելիս Խատունն ու փեսացուն նայում էին էկրանին ու փոքր տեսախցիկին, որոնք չէին փոխանցում ո՛չ բույր, ո՛չ հույզ, ո՛չ իրականություն։

Հետո Խատունը կհիշի իր նշանդրեքից մի քանի ամիս առաջ գյուղ եկած երիտասարդներին, որոնք գյուղապետարանի շենքի մոտ իրենց շուրջ հավաքեցին մարդկանց և ճառեր ասացին պատմեցին, որ շուտով ամեն ինչ կփոխվի, որ բոլոր եզդի աղջիկներն ու տղաները ուսում կստանան․․․ Ասացին, որ իրենք չգիտես որտեղից ազատություն և հավասարություն կբերեն, կնվիրեն աշակերտուհիներին, աշակերտներին։ Գյուղի երիտասարդները նախանձով հիացան ճառասաց հյուրերի գունավոր շապիկներով, կանայք թերահավատորեն նայեցին այդ կրթված եզդի ջահելներին, գյուղի տղամարդիկ կեղծավորաբար տմբտմբացրին իրենց գլուխները՝ ձևացնելով, թե համաձայն են պերճախոս հյուրերի հետ։ Ազատության և հավասարության քարոզիչները լուսանկարվեցին բոլորի հետ, խոստացան, որ նորից կվերադառնան ու հեռացան։ Մի ամիս հետո Խատունին նշանեցին և դպրոցից հանեցին։

Այս պահին իր հայրական տան այգում, եղբոր ձեռքը բռնած, ծառերի տակ ճեմող մանկամարդ եզդի հարսնացուն չգիտի, թե ինչ է լինելու ապագայում նա հիանում է իր ոսկե զարդերի փայլով, նա երբեք այդքան զարդ չի ունեցել:

Խատունը չգիտի, որ թուրքական ոսկեղենը նրա փեսացուի ծնողներն ու բարեկամներն են գնել երևանյան ոսկու շուկաներից մեկից:

Չգիտի, որ արտասահմանյան եզդի փեսացուները օրուգիշեր աշխատում են՝ չգիտես ում համար, չգիտես ինչի համար։

Չգիտի, որ արտասահմանյան եզդի փեսացուներից շատերը պեպենոտ անծանոթուհիների երկրորդ կեսն են։

Չգիտի, որ թուրքական ոսկին շուտ է կոտրվում հաճախ այդ ոսկին կեղծ է։

Չգիտի, որ գյուղ եկած ճառասաց երիտասարդների թավշյա գաղափարները չեն մտնի իր հոր տան պատերից ներս ճառասացները կխոստանան նորից գալ և այլևս չեն վերադառնա։

Չգիտի, որ արտասահմանյան իր եզդի փեսացուն էլ այդ ոսկու նման կեղծ կլինի։

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

Red horse
Red horse
Play Online