Stepan Zoryan

Շաքարաման

Թիֆլիսի Սալդաթսկի բազարով (ուր ծախում են թթու դրած վարունգ, կեղծած յուղ, գողացած շորեր և հին ոտնամաններ) անցնում էր մի երիտասարդ՝ մի փոքրիկ կապոց ձեռին։

Նա գնում էր ծանր ու մոլորուն քայլերով և շարունակ շուրջը նայելով, ինչպես տան հասցե որոնող օտարականն, և դրա հետ միասին նրա դեմքն ուներ մի այնպիսի արտահայտություն, որպիսին ունենում են միայն քննադատությունից պախարակված բանաստեղծները՝ կես-վիրավորված, կես-ամոթահար։

Եթե նրա գլխին՝ անգլիական հին կեպիի փոխարեն լիներ ֆրանսիական լայնեզր գլխարկ, կարելի էր կարծել, որ նա գյուղական ուսուցիչ է և քաղաք է եկել իր համար գլխարկ գնելու կամ ներկայացում տեսնելու, իսկ եթե նա՝ իր մի քիչ երկար և շատ նստելուց փեշերը ծալված խունացած պիջակի տեղ հագած լիներ բենզինով սրբած մի նեղ բաճկոն, կարելի էր ենթադրել, որ գավառական քաղաքից եկած մանր գործակատար է։

Բայց, իսկապես, ո՛չ այս էր, ո՛չ այն, այլ, եթե ճիշտը կուզեք իմանալ, մի բանտարկյալ, որ նոր էր դուրս եկել բանտից։

Օ՜, որպիսի խնդությամբ թնդաց նրա սիրտը, երբ բանտի երկաթե դռները բացվեցին նրա առաջ, և նա դուրս եկավ փողոց, ուր փոշու նման մանր անձրև էր մաղվում երկնքից։ Այդ ժամանակ նա, իհարկե՛, շատ բան զգաց, ինչպես բանտից դուրս եկող ամեն մարդ, սիրելի թվացին նրան մարդիկ, բաց լուսամուտներով տները, երթևեկող կառքերը և երկնքից իջնող մանրահատ անձրևը։ Բայց, սրանից զատ, նա զգաց նաև մի ուրիշ բան. հայտնի չէ ո՛ր նկուղից, ո՛ր տնից կամ ո՛ր ճաշարանից նրան հասավ կերակրի անուշ հոտ և նրա մեջ զարթեցրեց տաք կերա կուր ուտելու փափագ։ Ու մտավ նա առաջին պատահած ճաշարանը։ Եվ երբ բոլորովին ճաշից կշտացավ, սկսեց մտածել իր դրության մասին, ինչպես բնականաբար անում են մարդիկ կշտանալուց հետո։ Մտածում էր, թե ո՞ւր պիտի գնա հիմա և որտե՞ղ պետք է գիշերի. քաղաքում չուներ ոչ ազգական, ոչ մոտ բարեկամ, իսկ ձեռին կար ընդամենը մի մանեթ, որից 30 կոպեկ տվեց ճաշին։ Նա մտածեց հեռավոր ծանոթների մասին, իրենց լոռեցիների մասին, որոնցից ամեն մեկը մի գործ ուներ քաղաքում։ Մտածեց գնալ դերձակ Օհանեսի մոտ և օգնություն խնդրել նրանից մի քանի օրվա համար, մինչև որ գործ կգտնի, բայց հետո հիշեց, որ մի տարի առաջ չէր կատարել նրա հանձնարարությունը, գյուղից գալու ժամանակ լոբի չէր բերել դերձակի համար։ Ապա ուզեց գնալ կոշկակար Նիկոլի տուն, սակայն այստեղ էլ անկարելի գտավ, մի անգամ վեճի միջոցին ինքը կոշկակարին անվանել էր բուրժուա, և կոշկակարը սաստիկ վիրավորվել էր։ Հետո նա մտածեց դիմել ուրիշ հայրենակիցների՝ բազազ Սարգսին, գործակատար Բագրատին կամ դարբին Սիմոնին, բայց նորից անհարմար բաներ հիշեց և, վերջապես, որոշեց ուղղակի դիմել խանութպան Աբելին, որը իր հանգուցյալ հոր լավ ծանոթն էր, որին իր հայրն էր «մարդ շինել», գյուղից քաղաք բերելով։ Աբելը ամենահուսալին թվաց նրան։

Եվ այժմ ահա, Սալդաթսկի բազարի աղմուկի միջով, գնում էր նա մանրավաճառ Աբելի մոտ օգնություն խնդրելու։ Գնում էր ու մտածում Աբելի մասին, նրա խանութի մասին, ուր եղել էր միայն երեք տարի առաջ, և նրա ցուցանակի մասին, որի վրա նկարված էր շաքարի մի գլուխ և տանձ ու խնձորով լիքը մի ապակյա վազ։ Այսպես մտածելով, միաժամանակ չէր կասկածում, որ Աբելը մերժի իրեն։

Իհարկե, չի մերժի, ասում էր նա ինքն իրեն, քանի որ հերս է մարդ շինել նրան։ Եթե իմ հերը չլիներ, նա հիմի տրեխները հագին չոբան էր... Իսկ եթե «չեմ ու չում» անի, ձեռնափոխ կուզեմ, հետո կտամ...

Այս մտածումներով հասավ Աբելի խանութին և, կանգնելով, ապակիների միջից նայեց ներս։ Խանութում կար միայն մի գոգնոցավոր փոքրիկ տղա, որն ինչ-որ ծամում էր արագ–արագ։ Երիտասարդն սկզբում օրորվեց անվստահության մեջ. մտնե՞լ, թե՞ չմտնել, ապա մի քիչ ավելի պարզ պատկերացնելով իր դրությունը, որ գիշերելու տեղ չունի, ճաշելու փող համարձակություն ներշնչեց իրեն ու մտավ խանութ։

Փոքրիկ տղան նրան տեսնելով՝ արագ հանեց բերնի ծամոնը և կոխեց գրպանը։

Ի՞նչ եք ուզում, հարցրեց նա համարձակ ձայնով։ Երիտասարդը տատանվեց մի րոպե։

Ես ուզում էի... փնթփնթաց նա։ Պարոն Աբելը. խազեինդ, էստե՞ղ է... տա՞նն է...

Հա՛, ճաշում է... կուզե՞ք կանչեմ։

Երիտասարդը նորից տատանվեց, անհարմար ժամանակ եկավ, եթե մի քիչ հետո գար, լավ կլիներ... Բայց՝ ոչինչ, թող կանչի, եթե այդ չի խանգարի ճաշելուն։

Եվ փոքրիկ տղան արագ անցավ խանութի ետևը, իսկ երիտասարդը մոտեցավ վաճառասեղանին և, մինչև Աբելի գալը, սկսեց դիտել այնտեղ դրված հաստ, միատեսակ խփավոր շաքարամանները, որ սովորաբար գործ են ածում միայն գյուղական քահանաները և քաղաքի սարկավագները։ Նա մեկ-մեկ վերցնում էր նրանց խուփը, դիտում անտարբեր և մտածում, որ Աբելն իրեն դժվար թե ճանաչի, ահա երեք տարի է չի տեսել... Բայց եթե ճանաչի, երևի շատ կուրախանա, չէ որ իր հոր շնորհիվ է այս խանութի տերը դարձել, և, անկասկած, չի մերժի, կօգնի իրեն... «Իսկ եթե իմանա, որ գողության համար եմ բանտ նստել, դժվար թե մի բան տա, մտքում խոսում էր նա, երբեք, չի հավատա, որ անմեղ եմ եղել և այդպես էլ դուրս եմ եկել... Չէ՞ որ մարդիկ չեն հավատում բանտից դուրս եկածի անմեղության»... Եվ նա ուզեց դուրս գալ խանութից, հեռանալ, որ իր հայրենակիցը ոչինչ չիմանա իր մասին, բայց հետո մտածեց, որ վատ բան կկարծեն ետևից, ու մնաց։

Ու հենց այդ րոպեին միջապատի ետևից լսվեց արագ քայլերի ձայն։ Երիտասարդը ինչպես ձեռքը դրել էր շաքարամանի վրա, այդպես էլ մնաց անշարժ, որ բան չկասկածեն։

Ներս մտավ ձեռքերը իրարից հեռու բռնած (երևի յուղոտ լինելու պատճառով) մի միջահասակ մարդ, մի իսկական լոռեցի բարի և ռամիկ դեմքով, որի գլխի ու երեսի ալեխառն կարճ մազերը նմանում էին ոզնու փշերի։ Ներս մտնելով՝ նա հարցրեց.

Ի՞նչ եք կամենում։

Ես, սկսեց երիտասարդը շաքարամանի խուփը շարժելով, ես ուզում էի...

Նա շփոթվեց մի րոպե ճաշը կիսատ թողած մարդու առջև, որ անհամբեր աչքերով նայում էր իրեն.

Ես ուզում էի... շարունակեց նա այս անգամ էլ շաքարամանը շարժելով։

Խանութպանն անհանգիստ շարժում արավ և, տեսնելով, որ երիտասարդը շարունակում է շաքարամանին նայել, հարցրեց։

Ի՞նչ, շաքարաման եք ուզո՞ւմ... Դա կարժենա մի մանեթ...

«Չճանաչեց», մտածեց երիտասարդը և ուզեց հասկացնել, թե ո՛վ է ինքը։

Գիտե՞ք, ես քեռի Խեչանի տղեն եմ, ասաց նա և կարմրեց, ու իսկույն մտածեց, որ հիմար բան ասաց, ի՜նչ կարիք կար...

Քեռի Խեչանի՜, զարմացավ խանութպանը, մեր քեռի Խեչանի՞...

Այո՛, ուրախացավ երիտասարդը, որ գործը լավ սկսեց։

Հիմա երևի Աբելը հարցուփորձ կանի իրեն...

Հա՜, դե՜հ որ մեր քեռի Խեչանի տղեն եք, ձեզ կարելի է մի բան զիջել, շարունակեց խանութպանը, տվեք 90 կոպեկ ու տարեք, շատ լավ ապրանք է, չեք փոշմանի...

Երիտասարդը լռեց։ Նա մտածում էր ինչպես շարունակել սկսածը, բայց ուզում էր, որ Աբելը շարունակի և հարցեր տա իրեն, սակայն Աբելը լռում էր և, ձեռքերը իրենից հեռու բռնած, անհամբեր նայում էր նրան։

Հը՛մ, ձեռք չի՞ տալի...

Ես... գիտե՞ք... խոսեց երիտասարդը և ուզեց ասել, որ ինքը բանտից նոր է դուրս եկել, կարիքի մեջ է, բայց դարձյալ լռեց։

Ինչ կարիք կա այդ ասելու, ինչ կարիք կա...

Հավատացեք՝ պակաս չի կարելի, առաջ տարավ իր խոսքը խանութպանը. էդ էլ ձեր խաթեր համար եմ տալի։ Դրա նմանները միշտ ծախում ենք մեկ ու քսանով, ձեզ տալիս եմ 90-ով։ Ապրանքի մասին էլ խոսք չի կարող լինել, օդեցկի (Օդեսայի), լավ, դիմացկուն։ Եթե չկոտրեք՝ քսան տարի կդիմանա...

Երիաասարդն օրորվեց երկմտության մեջ.

Գիտե՞ք, ես նոր եմ դուրս եկել բանտից, այնպես որ... փորձեց շարունակել նա, բայց նորից նայելով խանութպանին ու փոքրիկ տղային՝ լռեց դարձյալ։

Աբելը նորից անհամբեր շարժում արավ. մի այնպիսի շարժում, որ հատուկ է միայն ճաշը կիսատ թողած կամ մի տեղ շտապող մարդկանց։

Համարյա թե առքի գինն եմ ասում, ասաց նա շտապ–շտապ, առքի գինը...

Երիտասարդն իր հայրենակցի ձայնից զգաց, որ դժգոհություն է պատճառում նրան, գուցե դժդոհություն է պատճառում և այն փոքրիկ տղային, որ այնպես համարձակ, ամբարտավան աչքերով նայում է իրեն, և նա դուրս գալու քայլ արավ։

Ձեռք չտվե՞ց, հարցրեց խանութպանը։

Երիտասարդն արիացավ։

Ոչ, թանկ է։

Դուք որքա՞ն կարող եք տալ։

Նա դիտմամբ ցած գին ասավ.

Յոթանասուն կոպեկ։

Վնաս է լինում...

Ավել չեմ կարող, պատասխանեց երիտասարդն ակամա և շտապեց դեպի դուռը։

Տվեք ութսուն։

Ավել չեմ կարող, կրկնեց երիտասարդը հաստատ ձայնով, և գոհ մնաց ինքն իր ձայնից, իր պատասխանից, ու դուռը բանալով՝ ոտքը դրեց շեմքը։

Լա՛վ, համեցե՛ք, համեցե՛ք, տարեք, կանչեց խանութպանը նրա ետևից, համեցե՛ք... քանի որ մեր քեռի Խեչանի տղեն եք ի՛նչ արած...

Երիտասարդն անխոս ետ դարձավ, տվեց 70 կոպեկ, ունեցած ամբողջ գումարը, և շաքարամանն առնելով՝ դուրս գնաց։

Մի քանի րոպեից արդեն նա քայլում էր նորից նույն Սալդաթսկի բազարով, նույն կապոցի հետ մի նոր շաքարաման ձեռքին...

1916

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Old Tbilisi
Old Tbilisi
Play Online