Sipil

Իտեալը

Լուսնին շողն է զոր կը մարե շուտ արփին,
Հուր երազ մը որ այգուն դեմ կը դեղնի,
Փայլակն է այն շանթին վաղանց գարնային,
Ծաղիկ մ՚որուն թերթերն հովեն կը թափին:

Հուր երազ մը որ այգուն դեմ կը դեղնի,
Ծիածանին լույս ժապավենն է նըրբին,
Ծաղիկ մ՚որուն թերթերն հովեն կը թափին,
Լուրթ կամարին հյուսիսյգն է ծիրանի:

Ծիածանին լույս ժապավենն է նըրբին,
Փըշոտ վարդ մը որմե լանջքըդ կ՚արյունի,
Լուրթ կամարին հյուսիսայգն է ծիրանի,
Միշտ փըշըրվող ձույն փըրփուրն է քարափին:

Փըշոտ վարդ մը որմե լանջքըդ կ՚արյունի,
Փետուր մըն է թըռած կուրծքեն կարապին,
Միշտ փըշըրվող ձյուն փըրփուրն է քարափին,
Ինչ որ հովը, օդը, ջուրը կը տանի:

Փետուր մըն է թըռած կուրծքեն կարապին,
Սուրբ համբույր մը եթերին մեջ հոլանի,
Ինչ որ հովը, օդը, ջուրը կը տանի,
Իտեալն է՝ օրորն հոգվույն մըրափին:

Սուրբ համբույր մը եթերին մեջ հոլանի,
Կույսն անմատույց բոց տենչերու տարափին,

Իտեալն է՝ օրորն հոգվույն մըրափին,
Խըռովիչ հույլն անուրջներու պատանի:

Կույսն անմատույց բոց տենչերու տարափին,
Ըզմեզ կյանքին կապող ոսկի մատանի,
Խըռովիչ հույլն անուրջներու պատանի,
Սիրո երգը սըրտի խորունկ պարապին:

1898

Be the first who will comment on this
Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn

Women Rolling Dough, 1972
Women Rolling Dough, 1972
Play Online