Sipil

Ապրի՜լ

Ինչո՞ւ գըրել, խոսիլ, խոկալ,
Հարցում ուղղել չորս հովերուն, տիեզերքին,
Երբ հարցումներդ, գոչյուններդ ալ
Պիտի մարին, պիտի հալին, պիտի ցնդին
Ալքերուն մեջ մեծ անդունդին:

Ինչո՞ւ խորհիլ, տըքնիլ ինչո՞ւ,
Երբ անկարող ես թափանցել, հպանցել գեթ
Կյանքն ըսպառող գաղտնիքներուն,
Երբ խեղճ մտքիդ բոլոր ճիգերն, ավյունն
Անէանա պիտի հավետ:

Ինչո՞ւ երկնել, ինչո՞ւ տալ կյանք
Սրտիդ հըրուտ հուզումներուն, թե ցիրուցան՝
Ժամանակին ճիրանին տակ
Օր մը անոնք բըզիկ-բըզիկ պիտի ըլլան
Մոռացության դարձած ճարակ:

Ինչո՞ւ հեծել, ինչո՞ւ հևալ,
Երբ ոգեսպառ աղաղակովդ անհուն, անծայր
Դուն չես կարող պահ մը վերջ տալ
Թըշվառության հորդ հեղեղին ամպրոպավար,
Որ կ՚ողողե համայն աշխարհ:

Ինչո՞ւ սիրել սերտ, խանդակաթ,
Թե չես կարող պահել գրկեդ հար անբաժան,
Հոգե, ցավե, վերքե ազատ,

Եվ կը թողուս որ մահն անգութ գա խըլե զայն
Զոր սիրեցիր հոգիեդ շատ։

Ինչո՞ւ ապրիլ, թափել արցունք,
Երբ չես կարող ըսել դժբախտ էակներուն
Զորս կը տանջե քաղցն ու պասուք․
«Մի՛ զրկըվիք, ահա՛ մարմինս, ահա՛ արյուն,
Առե՛ք, կերե՛ք, ապրեցե՛ք դուք»։

1931

Be the first who will comment on this
Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Men in an Outrigger Canoe Headed for Shore
Men in an Outrigger Canoe Headed for Shore
Play Online