Sergey Dovlatov

Հանդիպեցինք, խոսեցինք

Բոլորը նրան ձախողակ էին համարում: Նույնիսկ նրա ազգանունը մի տեսակ թեթևսոլիկ էր. Գոլովկեր: Այդպիսի ազգանուն հարմար է, որ ունենա աննշան տեսք ունեցող, կարճատես մարդը՝ հակված է ռեֆլեքսիայի: Գոլովկերը հենց այդպիսի մարդ էր:
Դպրոցում հաջողեցրել էին պարզապես չնկատել նրան: Ծնողական ժողովների ժամանակ ուսուցիչները խոսում էին միայն գերազանցիկների և ծույլիկների մասին: Գոլովկերի նման միջակ դպրոցականին տրամադրվում էր մեկ րոպեից ոչ ավելի:
Գեղարվեստական ինքնագործունեությանը Գոլովկերը չէր մասնակցում: Նկարել և բանաստեղծություններ գրել չգիտեր: Նույնիսկ բանաստեղծությունները կարդում էր, ինչպես ասում են, առանց առոգանության:
Մարմնամարզության դասերին չէր այցելում: Ազատված էր՝ հարթաթաթության պատճառով: Թե ինչ է հարթաթաթությունը՝ գաղտնիք է: Ես կարծում եմ դա ուղղակի մարմնամարզությամբ չզբաղվելու առիթ է:
Երգի ուսուցչուհին ասում էր նրան.
– Ձայն դու չունես: Եվ հոգի, կարծես թե, նույնպես չունես:
Ուսուցչուհին ունքերը վշտալի բարձրացնում էր և ավարտում.
– Ինչո՞վ ես դու երգում, Գոլովկեր…
Հասարակական աշխատանքով Գոլովկերը չէր զբաղվում: Թատրոն գնալ չէր սիրում: Պիոներական հավաքներում Գոլովկերին հարցնում էին.
– Ինչո՞վ ես հետաքրքրվում: Ազատ ժամանակդ ինչի՞ն ես տրամադրում: Միգո՞ւցե դու ինչ-որ կոլեկցիա ես հավաքում, Գոլովկեր:
– Այո, – ծուլորեն պատասխանում էր Գոլովկերը:
– Ի՞նչ կոլեկցիա:
– Դե հենց այնպես:
– Կոնկրետ ի՞նչ:
– Փող:
– Դու փո՞ղ ես հավաքում:
– Դե, այո:
– Ինչո՞ւ:
– Այսինքն՝ ինչպես թե ինչու՞: ՈՒզում եմ գնել:
– Ի՞նչ:
– ՈՒղղակի, մի բան:
– Բայց ի՞նչ: Պատասխանի՛ր: Կոլեկտիվը հարց է տալիս քեզ:
– Ձմեռային վերարկու, – պատասխանում էր Գոլովկերը…

Դպրոցը ավարտելուց հետո Գոլովկերը ընդունվեց ինստիտուտ: Այն ժամանակ համարվում էր, որ դա կյանքում միակ ճանապարհն է: Մրցույթը համարյա ամեն տեղ հսկայական չափերի էր հասնում: Գոլովկերը շրջահայեցորեն վարվեց: Փաստաթղթերը հանձնեց այնտեղ, որտեղ մրցույթ փաստացիորեն չկար: Ավելի կոնկրետ՝ սանիտարա-հիգիենիկ ինստիտուտ:
Այնտեղ նա սովորեց վեցը տարի: Ընդ որում, այնպես, ինչպես դպրոցում, մնաց աննկատ: Գեղարվեստական ինքնագործունեությանը չէր մասնակցում: Դասախոսներին պրովոկացիոն հարցեր չէր տալիս: Աղջիկներից խուսափում էր: Գինի չէր խմում: Սպորտի նկատմամբ անտարբեր էր:
Երբ Գոլովկերը ամուսնացավ, բոլորը ապշել էին: Չափից դուրս քիչ էր աչքի ընկնում Գոլովկերը, որպեսզի ինչ-որ մեկի համար դառնար միակը և անփոխարինելին: Թվում էր, թե Գոլովկերը չի կարող լինել ընտրության առարկա: Չի կարող դառնալ նախընտրության օբյեկտ: Գոլովկերը անձնային որակներ բացարձակապես չուներ:
Եվ այնուամենայնիվ, նա ամուսնացավ: Լիզա Մակովսկայան նրա բացարձակ հակադրությունն էր: Նա կարմրահեր էր, հանդուգն և գրավիչ: Նա ծխում էր, հայհոյախոսում էր և երգում էր ֆակուլտետի ջազային խմբում: Նրա շուրջը մշտապես խմբվում էին սպորտային, լավ հագնված երիտասարդներ:
Բոլորը սիրատածում էին Լիզային: Նա այդպես էլ չամուսնացավ: Իսկ հինգերորդ կուրսում երեխա ունեցավ: Աղջիկը նման էր մորը, ինչպես նաև գաղափարաբանության գծով՝ կոմերիտ-կազմակերպչի տեղակալին:
Կարճ ասած, Լիզան վերածվեց դժվար ճակատագիր ունեցող կնոջ: Արտահայտվում էր ցինիզմով և ջղային: Քսանհինգ տարեկանում հասցրել էր հիասթափվել կյանքից:
Եվ այստեղ հայտնվեց Գոլովկերը: Լռակյաց, ամաչկոտ: Նրա համար բերում էր ոչ թե ծաղիկներ, այլ՝ բանջարեղեն, և միրգ՝ երեխայի համար: Իր տենչանքը ցույց չէր տալիս: Տնային մանր-մունր հանձնարարությունները անբասիր էր կատարում:
Մի անգամ նրանք մարմելադով թեյ էին խմում: Երեխան քնած էր վարագույրից այն կողմ: Գոլովկերը վեր կացավ: Լիզան ասում է.
– Նախերգանքը ձգձգվեց: Մենք պետք է քնենք իրար հետ կամ բաժանվենք:
– Հաճույքով, – պատասխանեց Գոլովկերը, – միայն մյուս անգամ: Ես կարող եմ մնալ ուրբաթ: Կամ շաբաթ:
– Ո՛չ, այսօ՛ր, – գրգռված արտաբերեց Լիզան, – ես ցանկանու՛մ եմ դա:
– Ես նույնպես, – ուղղակի պատասխանեց Գոլովկերը:
Եվ հետո.
– Կմնամ, եթե դուք տաքսու համար ինձ մեկ ռուբլի ավելացնեք: Վերադարձի պայմանով, բնականաբար…
Այդպես նրանք դարձան ամուսին և կին: Ամուսինը ճաշարանների վարչության հիգիենայի գծով մասնագետ-տեսուչն էր: Կինը երեխային մանկապարտեզ տալուց հետո ընդունվեց գործարան: Այնտեղի տեղական ամբուլատորիայում էր աշխատում:
Իսկ հետո սկսվեցին սկանդալները: Ընդ որում՝ առանց որևէ հիմքի: ՈՒղղակի Գոլովկերը գոհ էր կյանքից, իսկ Լիզան՝ ոչ:
Գոլովկերը տարաժամկետով ձեռք բերեց գունավոր հեռուստացույց և պահարան: Կենդանաբանական խանութից ակվարիում գնեց: Սկսեց մտածել կոոպերատիվի մասին: Լիզան ի պատասխան դրան ասում էր.
– Ինչի՞ համար: Դա ի՞նչ է փոխում:
Եվ հետո.
– Մի՞թե սա ամբողջն է: Ախր տարիները գնում են է՜…
Լիզան, ինչպես ասում են, կյանքի մասին էր մտածում: Ընդհատելով լվացքը կամ մի կողմ դնելով կարուձև անելը, ասում էր.
– Ինչի՞ համար է այս ամենը: Լավ, ասենք էլի մի երկու հազար թխվածքաբլիթ կերա: Մաշեցի մի տասներկու զույգ երկարաճիթ կոշիկ: Մի տասն անգամ Մերձբալթիկա գնացի…
Գոլովկերը չէր մտածում նման լուրջ բաների մասին: Նա հարցնում էր. «Մերձբալթիկան ինչո՞վ չէ քեզ գոհացնում»: Նա ընդհանրապես չէր մտածում: Նա ուղղակի ապրում էր և վերջ:
Միայն մեկ անգամ Գոլովկերը մտքերի մեջ ընկավ: Դա շարունակվեց քառասուն րոպեից ավելի: Հետո նա ասաց.
– Լիզա, լսի՛ր: Երբ ես առաջին կուրսի ուսանող էի, Դիմա Ֆոգելը էպիգրամ էր գրել. «Բոբ Գոլովկերի հետույքը ճակատից լայն է երեք անգամ»: Դու լսո՞ւմ ես: Ես այն ժամանակ նեղացա, իսկ հիմա մտածեցի. ամեն ինչ նորմալ է: Հետույքը ճակատից հենց լայն էլ պիտի լինի: Ընդ որում հենց երեք անգամ, ես հատուկ չափել եմ…
– Եվ դու, – հարցրեց Լիզան, – հինգ տարի մտածե՞լ ես այդ մասին:
– Չէ՛, դա ուղղակի այսօր մտքովս անցավ…
Մեկ տարի անց Լիզան նրան արհամարհում էր: Երեք տարի անց սկսեց ատել:
Գոլովկերը դա զգում էր: Փորձում էր նրա նյարդերի վրա չազդել: Երեկոները հեռուստացույց էր նայում: Կամ հարևանին օգնում էր «Ժիգուլին» վերանորոգել:
Միասին նրանք հազվադեպ էին քնում: Ամեն անգամ դա կնոջ անսպասելի քմահաճույքն էր լինում: Ամեն ինչ վերջանում էր արցունքներով:
Իսկ հետո սկսվեց արտագաղթը: Սկզբում դա վերաբերվում էր միայն ուրիշներին: Հետո սկսեցին գնալ ծանոթները: Քիչ ավելի ուշ՝ ծառայակիցները և ընկերները:
Հրեաները, ինչպես ասում են, գլուխ էին բարձրացրել: Կիսաձայն զրուցում էին իրար մեջ: Ծխախոտաթղթի շերտերն էին խշխշացնում:
Նրանց միջավայրում շրջանառվում էին ինչ-որ հատուկ փաստաթղթեր: Տարածվում էր ինչ-որ ներքին ինֆորմացիա: Նրանց շրջանում ի հայտ եկան ինչ-որ իրենց գործեր:
Եվ այստեղ Գոլովկերը անսպասելիորեն կերպարանափոխվեց: Սկզբում նա անփութորեն հայտարարեց.
– Արի՛ մեկնենք:
Հետո այդ թեմայի շուրջ խոսեց ավելի լուրջ: Ինչ-որ պատճառաբանություններ էր բերում: Մեջբերում էր ինչ-որ Գաբիի նամակներ:
Լիզան ասաց.
– Ես չեմ գնա: Մայրիկը այստեղ է: Այսինքն՝ նրա գերեզմանը: Ամենաթանկագին բաները այստեղ են: Էրմիտաժն այստեղ է…
– Որում դու տասը տարի չես եղել:
– Այո, բայց ես կարող եմ գնալ այնտեղ մոտակա շաբաթ օրը…Եվ վերջապես՝ ես ռուս եմ: Դու հասկանո՞ւմ ես. ռո՛ւս:
– Հենց դրանից էլ սկսեիր, – արձագանքեց Գոլովկերը և նեղացած լռեց: Կարծես կնոջը ստիպել էր, որ խոստովանի կատարած հանցագործությունը:
Եվ ահա Գոլովկերը մեկնեց: Նրա մեկնումը, ինչպես դա ամենից հաճախ պատահում է, մի փոքր նման էր ամուսնալուծության:
Էմիգրացիան ի հայտ բերեց մի տարօրինակ յուրահատկություն: Կամ, միգուցե, օրինաչափություն: Մարդիկ ինչ-որ պատճառով չէին կարողանում բաժանվել: Դժվար էր երկու տարբեր բնակարաններում գնալ-ապրելը: Իսկ ա՛յ տարբեր երկրներում՝ հեշտ:
Այդ պատճառով էմիգրացիայում այդքան շատ միայնակներ կան: Ընդ որում՝ ինչպես տղամարդիկ, այնպես էլ՝ կանայք: Կախված նրանից, թե ով է եղել ամուսնալուծության նախաձեռնողը:
Երեք ամիս Գոլովկերը ապրեց Իտալիայում: Հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ:
Ամերիկայում նա անսպասելիորեն հարմար եկավ: Հայրենիքում ամենից շատ գնահատվում էին խելապակաս հերոսները և թեթևամիտ տաղանդները: Ամերիկայում՝ բարեխիղճ հարկատուները և ազնիվ աշխատողները: Գոլովկերը գնաց անգլերենի դասերի: Սովորեց մեքենա վարել: Աշխատեց որպես մերսող, ցրիչ, պահակ: Մեկ տարի ծառայեց ավտոսերվիսում: Ֆերմայում ճագարների էր խնամում: Հատուկ մեքենայով ավլում էր օդանավակայանի տարածքը:
Սկզբում Գոլովկերը տաքսի գնեց և այն վարելու իրավունք: Հետո՝ հողակտոր Դելավեր գետի ափին: Մեկ տարի հետո էլ՝ ներքին գնով՝ սեփական բնակարան Լեֆֆերտս-բուլվարում:
Տաքսին նա վարձակալության տվեց: Հողակտորը վերավաճառեց: Փողի մի մասը ներդրեց որպես ժամկետային ավանդ: Մնացած տասնչորս հազարով «Ալի-բաբա» ռեստորանի բաժնեմաս գնեց:
Ապրում էր նա լավ միկրոշրջանում: Կոստյումները գնում էր Բլյումինգդեյլից: Վարում էր «Օլդսմոբիլե-ռիջենսի»:
Կանանց նկատմամբ Գոլովկերը սիրալիր էր: Նրանց հրավիրում էր լավ, ոչ թանկ ռեստորաններ: Նվիրում էր նրանց արդուզարդ և կոսմետիկա: Ընդ որում՝ իրադարձությունները չէր արագացնում:
Ամերիկուհիներին Գոլովկերը հարգում էր և ամաչում նրանցից: Նախընտրում էր համերկրացիներին՝ առանց երեխաների: Ամուսնության մասին չէր մտածում:
Երեք անգամ նա եղավ Եվրոպայում: Մեկ անգամ՝ Իսրայելում: Երկու անգամ՝ Կանադայում:
Նա վաճառում էր տներ, բնակարաններ, հողակտորներ: Նրա գործերը հիանալի էին գնում: Նա բնատուր առևտրային գործակալ էր: Ուրիշների շահերի ներկայացուցիչը: Այսինքն մարդ՝ առանց անհատականության: Իզուր չէ, որ գոյություն ունի այսպիսի կարճ անեկդոտ: Ոմն մեկը զանգում է առևտրային գործակալին և հարցնում է. «Դուք սիրու՞մ եք Բրամս…»…
Ընդ որում՝ Գոլովկերը միաժամանակ սիրահոժար էր և օժտված սեփական արժանապատվության զգացումով: Համադրություն, որը հազվադեպ է պատահում:
Լիզայի հետ նամակագրություն չէր պահում: Չափից դուրս դժվար էր մի աշխարհից մյուսը գրելը: Մի մոլորակից՝ մյուսը:
Բայց նա օգնում էր նրան և աղջկան: Սկզբում ծանրոցներ էր ուղարկում: Հետագայում սահմանափակվում էր գումարային փոխանցումներով:
Դա նորմալ էր: Չէ՞ որ նրանք բաժանվել էին: Իսկ դուստրը. նա ընդհանրապես որդեգրված էր: Չնայած հենց նրան Գոլովկերը հիշում էր: Օրինակ, թե ինչպես է նա արձակում պստլիկ կոշիկների կապերը: Կամ կոճկում է կրծկալի սպրդող կոճակները: Եվ նաև, թե ինչպես է նա, ուղղելով աղջնակի ռետուզը, թեթևակի ցնցում նրան:
Լիզային նա չէր հիշում: Նա վերածվել էր ինչ-որ անտեսանելի ատյանի: Ինչ-որ էական, բայց անդեմ բանի: Յուրատեսակ հարկային վարչության:
Իսկ հետո հանկարծ ամեն ինչ փոխվեց: Գոլովկերի մոտ հայտնվեց իսկ և իսկ սևեռուն գաղափար: Ընդ որում՝ ոչ թե կամաց-կամաց, այլ միանգամից: Մի գեղեցիկ օր: Գոլովկերը նույնիսկ հիշում էր, թե հատկապես երբ դա տեղի ունեցավ: ՈՒթսուն վեց թվի օգոստոսի տասնյոթի ժամը մեկի ու երկուսի միջև:
Գոլովկերը մեքենայով գրասենյակ էր գնում: Հենց նոր մի շահավետ գործարք էր ավարտվել: Միջնորդավճարը կազմել էր տասներկու հազար:
Ավտոմեքենան հեշտությամբ սահում էր հանքաձյութով ծածկված խճուղով: Գոլովկերը բաց կանաչ ֆլանելե կոստյումով էր: Նրա ձախ ձեռքից բարձրանում էր «Քենթ» ծխախոտի ծուխը:
Եվ հանկարծ նա տեսավ իրեն ուրիշի աչքերով: Դա պատահում է: Իսկ ավելի կոնկրետ. իր նախկին կնոջ աչքերով: Ահա սլանում է սեփական ավտոմեքենայի ղեկին հաջողակ գործարար Գոլովկերը: Նրա խիղճը մաքուր է, դրամապանակը լեփ լեցուն է փողով: Հարմարավետ գրասենյակում նրան է սպասում սիրունատես քարտուղարուհին: Նրա առողջությունը հրաշալի է: Հեմոգլոբի՞նը: Նա նույնիսկ չգիտի թե դա ինչ է: Նրա մոտ ամեն ինչ լավ է: Նրբաքսուքից հետո՝ հարթ մաշկ: Թանկագին կոշիկները չեն սեղմում: Եվ, ահա, Լիզան նայում է այդ մարդուն: Եվ մտածում է. ի՜նչ գանձ եմ ես կորցրել…
Այդպես էլ Գոլովկերի մոտ հայտնվեց սևեռուն գաղափարը: Այն է. նա պետք է հանդիպի կնոջ հետ: Նա կհասկանա և կհամոզվի: Իսկ ինքը միայն կհարցնի՝ «Եվ ի՞նչ» – և վերջ: Եվ ուրիշ ոչ մի բառ…«Եվ, ի՞նչ…»:
Գոլովկերը պատկերացնում էր վերադարձի պահը: Ահա նա ժամանում է: Ուղևորվում է հյուրանոց: Մեքենա է վարձակալում: Ըստ կուրսի փոխում է հազար դոլարը: Իսկ միգուցե և՝ երկուսը: Կամ՝ երեքը:
Հետո զանգում է նրան. «Լի՞զա: Այդ ես եմ… Ի՞նչ է նշանակում՝ ո՞վ: Հիմա ճանաչեցի՞ր… Այո՛, ճանապարհի վրա եմ: Ես, անկեղծ ասած, բավականին բիզի եմ… Չնայած այսօր, կարելի է ասել, ֆրի… Կներես, որ անցնում եմ անգլերենի…»:
Նրանք նստած են լավ ռեստորանում: Գոլովկերը պատվիրում է: Լիզային՝ որսամիս: Իրեն ինչ-որ թեթև բան: Մի քիչ ծնեբեկ, մուսս…Կոնյա՞կ: Նախընտրում եմ «Կորդոն բլե»: Հայկակա՞ն: Դե, բերեք…
Գոլովկերը Լիզային ճանապարհում է տուն: Դուրս է գալիս մեքենայից: Բացում է դուռը: «Դե, բարո՛վ մնաս»: Եվ հետո. «Ա՛հ, այո, այստեղ հուշանվերներ են»:
Գոլովկերը Լիզային է մեկնում շափյուղե վզնոցը: «Չ՞է որ սա քո քարն է»: Հետո՝ պլաստիկե տոպրակ՝ կանադական երկնագույն կաշվե վերարկուով: Ուսումնական համակարգիչ՝ Օլյայի համար: Մի փաթեթ՝ լի բրդյա իրերով: Երկու զույգ երկարաճիթ կոշիկներ:
Հետո նա մեղմորեն հարցնում է.
– Կարո՞ղ եմ մի քիչ փող թողնել քեզ համար: Բառացիորեն՝ մեկ ու կես, երկու հազար: Զուտ սիմվոլիկ…
Նա մեղմորեն և հաստատակամորեն մեկնում է նրան ծրարը:
Նա.
– Կա՞նցնես ներս:
– Կներես, ես վաղը առավոտյան գործնական հանդիպում ունեմ: Մտածում եմ մի համեստ կոնցեսիայի մասին: Բամբակի նման մի բանի մասին: Կամ միգուցե էլեկտրոնիկայով զբաղվեմ: Ինձ շուկան է հետաքրքրում:
Լիզան.
– Շուկա՞ն: Նեկրասովյա՞նը, թե՞ Կուզնեչնին:
Գոլովկերը ժպտում է.
– Ես խոսում եմ սպառման շուկայի մասին…
Երեկոյան Լիզան նստած է նրա մոտ, հյուրանոցում: Գոլովկերը վերցնում է խոսափողը.
– Շամպայն:
Եվ հետո.
– Դու ամսագրերը թերթի, ես պետք է մի քանի զանգ կատարեմ: Հե՛լլո, միստեր Բելյաե՜ֆֆ… Գոլովկեր սպիկինգ: «Դորալ Էջենսի»-ի ներկայացուցիչը…
Շամպայնը խմված է: Լիզան հարցնում է.
– Ես մնա՞մ:
Նա՝ մեղմորեն.
– Կարիք չկա: Այս պուրիտանական երկրում…
Լիզան ընդհատում է նրան.
– Դու ինձ այլևս չե՞ս սիրում:
Գոլովկեր.
– Մի հարցրու ինձ այդ մասին: Չափից դուրս ուշ է…
Ահա նրանք գնում են գետափով: Մտնում են Էրմիտաժ: Դիտում են իտալացիների կտավները: Գոլովկերը ասում է.
– Ես կառնեի այս կանաչավուն Տինտորետտոյին: Հարցնել է պետք՝ միգուցե բոլշեվիկները վաճառքի համար ունենա՞ն ինչ-որ բան…

Կնոջ հետ հանդիպման մասին մտքերը չէին լքում Գոլովկերին: Դա տարօրինակ էր: Ամեն ինչ այլ կերպ պետք է լինի: Առաջին տարիներին մարդը կարոտում է բարեկամներին: Հետո սկսում է դանդաղորեն մոռանալ նրանց: Եվ վերջապես մնում են միայն հիշողությունների ուրվագծերը: Անորոշ ուրվագծեր հիշողության հորիզոնում, և վերջ:
Գոլովկերի մոտ ամեն ինչ այլ էր: Սկզբում նա Լիզայի մասին չէր հիշում: Հետո սկսեց մեկ-մեկ մտածել նրա մասին: Եվ վերջապես սկսեց անընդհատ մտածել նախկին կնոջ մասին: Հուզմունքով, որը նրան զարմացնում էր: Որը վախեցնում էր հենց իրեն:
Ընդ որում` սիրո մասին չէ, որ մտածում էր Գոլովկերը: Եվ ոչ էլ իր նախկին կնոջ կողմից զղջման մասին: Գոլովկերը մտածում էր արդարության, տրամաբանության և կարգուկանոնի հաղթանակի մասին:
Ահա նա գնում է Նեվսկիով: Մտնում է կոոպերատիվ ռեստորան: Չորս կողմն է նայում: Ճաշացանկն է աչքի անցկացնում: Հետո ոչ բարձր ասում է.
– Գրողի ծո՛ցը գնացեք:
Եվ վերջ: «Գրողի ծո՛ցը գնացեք»: Եվ այլևս ոչ մի բառ…
Ռուսաստանի մասին միտքը չէր նահանջում: Երևակայական պատկերները հետևում էին մեկը մյուսին: Էմոցիաների մի ամբողջ շարան էր պատկերանում Գոլովկերին. զարմանք, ջղայնություն, ներողամտություն: Նրա ականջին հստակորեն լսվում էին առանձին նախադասություններ յուրաքանչյուր էպիզոդում: Օրինակ՝ ինչ-որ պատահական շինության ճակատային մասի մոտ.
– Պարդոն, ի՞նչ է նշանակում՝ «Գիպրովտորչերմետ»:
Կամ ինչ-որ կենցաղային անհարմարության դեպքում.
– Բոլշեվիկները ինձ իրոք որ հուզում են:
Կամ ճաշացանկը կարդալիս.
– Գները, ես ենթադրում եմ, ռուբլիո՞վ են նշված:
Կամ՝ երբ խոսքը գնա ներկայիս կառավարության մասին.
– Հուսով եմ, Գորբաչովը գոնե ցինիկ է: Իդեալիստը իշխանության ղեկին՝ աղետ է:
Կամ՝ եթե խոսքը գնա Ամերիկայի մասին.
– Ամերիկան դրախտ չէ: Բայց եթե դժոխք է, ապա լավագույնը՝ աշխարհում:
Կամ՝ ռեպլիկ աբստրակտ ոճով: Այն դեպքում, եթե ինչ-որ զարմանալի բան պատահի.
– Ֆանտաստի՜կ է: Անպայման կպատմեմ այդ մասին ընկերոջս՝ Ֆիլ Կերրիին…
Նրա մոտ պատրաստի ռեպլիկներ կային ամենատարբեր հնարավոր դեպքերի համար: Դուրս գալով բավականին լավ ռեստորանից, Գոլովկերը կասի.
– Սա արդեն կոպտություն չէ: Բայց և այնպես դեռևս սպասարկում չէ:
Դուրս գալով վատից՝ կնկատի.
– Այսպիսի բան ես չեմ հիշում, որ նույնիսկ Շանհայում լինի…
Գոլովկերը մշտապես ինչ-որ բան էր քրթմնջում, ժեստիկուլյացիա էր անում, ծիծաղում էր: Շփոթում էր անգլերեն և ռուսերեն բառերը: Հանկարծ դառնում էր մտածկոտ և լռակյաց: Շատ էր ծխում:
Եվ ահա նա հասկացավ՝ պետք է մեկնել: ՈՒղղակի վիզա պատվիրել և տոմս առնել: Այս գաղափարը կարժենա չորս հազար դոլար: Ներառյալ տոմսերի գինը, հյուրանոցը, նվերները և չնախատեսված ծախսերը:
Ժամանակները հիմա համեմատաբար լիբերալ են: Պրովոկացիաներ չպետք է որ լինեն: Փող կա:
Փաստաթղթերի ձևակերպումը տևեց երեք շաբաթ: Տոմսը նա պատվիրեց սեպտեմբերի տասնչորսի համար: Խանութներ էր գնում, նվերներ էր ընտրում:
Պարզվեց, որ ինքը շատ քիչ ընկերներ և ծանոթներ ունի: Ծնողները մահացել են: Զարմուհին ապրում էր Կազանում: Համակուրսեցիների հետ Գոլովկերը նամակագրություն չէր պահում: Համադասարանցիների անունները մոռացել էր:
Մնում էր Լիզան դստեր հետ: Օլենկայի տասներեք տարեկանը պետք է որ լրացած լիներ: Չէր կարելի ասել, որ Գոլովկերը սիրում էր այդ թախծոտ, քնքուշ աղջնակին: Նա ուղղակի ընտելացել էր աղջկան: Նամանավանդ, որ նա աշխարհում համարյա միակն էր, որ հարգանք էր տածում իր նկատմամբ:
Երբ մայրը նրան պատժում էր, նա խնդրում էր.
– Քեռի Բորյա, թույն առեք ինձ համար…
Գոլովկերը կապվել էր աղջկան: Չէ՞ որ մայրական և հայրական սերերը բացարձակապես տարբեր բաներ են: Մոր մոտ դա նախ և առաջ արյունակցական զգացմունք է: Իսկ հոր մոտ՝ հոգևոր հակում: Հայրերը նախընտրում են այն երեխաներին, որոնք իրենց կողքին են: Նույնիսկ եթե նրանք հարազատ էլ չեն: Այդ պատճառով էլ չար խորթ հայրերը անհամեմատ հազվադեպ են հանդիպում, քան բարկացած խորթ մայրերը: Դա արտահայտված է նույնիսկ ժողովրդական հեքիաթներում…
Լիզայի համար նա գնեց վերարկու և երկարաճիտ կոշիկներ: Օլյայի համար՝ բնական մորթուց մուշտակ և ուսումնական համակարգիչ: Գումարած՝ վերնաշապիկներ, ջինսեր, կոշիկներ և սպիտակեղեն: Ինչ-որ հուշանվերներ, գրիչներ, ռադիոընդունիչներ, երկու զույգ ժամացույց: Կարճ ասած՝ միայն նվերները երկու ճամպրուկ էին զբաղեցնում:
Գոլովկերին հաջողվեց փողը փոխել մեկը վեցի հաշվարկով: Գոլովկերը ինչ-որ Ֆայբիշեվսկու մոտավորապես յոթ հարյուր դոլար փոխանցեց: Լենինգրադում ոմն Մուզա նրան կփոխանցի չորս հազար ռուբլի:
Թռնում էր Գոլովկերը ամերիկյան ընկերության ինքնաթիռով: Ինչպես, սովորաբար, իրեն ունևոր տուրիստ էր զգում: Անհոգորեն իր համար մի բաժին ջին պատվիրեց:
– Բլու ջինսե ընդ տոնիկ, – կատակեց Գոլովկերը, – ջինսը տոնիկի հետ:
ՈՒղեկցորդուհին հարցրեց.
– Դուք Լեհաստանի՞ց եք:
Մի՞թե, մտածեց Գոլովկերը, առոգանությունս պահպանվել է…
Լենինգրադի օդանավակայանը նրա դուրը չեկավ: Ամեն ինչ մոխրագույն և միապաղաղ էր թվում: Միգուցե գովազդի բացակայության պատճառով: Բացի այդ, նա առաջին անգամ էր ժամանում այստեղ: Ի՞նչ արած, այդպես էր ստացվել: Երեսուն երկու տարի այստեղ ապրել էր, իսկ ինքնաթիռ չէր նստել:
Գոլովկերը մտածեց. ի՞նչ եմ ես զգում՝ հայրենի հողին ոտքս դնելով: Եվ հասկացավ՝ առանձնապես ոչինչ:
Նրան տեղավորեցին «Օկտյաբրսկայա» հյուրանոցում: Շուտով եկավ Մուզան՝ նյարդային և անհանգիստ շուրջը նայելով: Նրան տվեց փողի փաթեթը:
Գոլովկերը զգում էր վախ, հոգնածություն, հուզմունք: Հյուրանոցում նա անցկացրեց մեկ ժամից ավելի, բայց Լիզային այդպես էլ չէր զանգում: Ինչ-որ բան նրան կանգնեցնում էր և վախեցնում: Պարզվում է, չափից դուրս երկար էր Գոլովկերը դրան սպասում: Միգուցե, բոլոր վերջին տարիները: Կարող է, ամեն ինչ, որ նա անում էր և նախաձեռնում, միայն Լիզայի համա՞ր էր: Նրա ուշադրության համա՞ր:
Եթե դա այդպես է, մտածեց Գոլովկերը, ապա ինչքա՜ն շատ բան է անցնում կողքով: Ապրում ես ու չգիտես՝ ինչի համար: Ինչի՞ համար ես փող վաստակում: Ինչի՞ համար ես սեփականություն ձեռք բերում: Ինչի՞ համար ես անցնում անգլերեն լեզվի:
Գոլովկերը նայեց ժամացույցին՝ ինն անց կես է: Վերհիշեց հեռախոսի համարը՝ չորս, տասնվեց… Եվ հետո՝ հարյուր հիսուն վեց: Ամեն ինչ ճիշտ է: Չորս՝ խորանարդ բարձրացրած… Նա բացարձակապես մոռացել էր մաթեմատիկան: Բայց հեռախոսահամարը հիշում էր՝ չորս, տասնվեց… Եվ հետո՝ նույն տասնվեցը քառակուսի աստիճան բարձրացրած: Հարյուր հիսուն վեց…
Հուզված, Գոլովկերը լսում էր հեռախոսազանգը, որ հնչում էր իր սեփական բնակարանում: Մեկ, երկու, երեք անգամ…
– Ո՞վ է, – հարցրեց Լիզան:
Եվ մի վայրկյանից.
– Խոսե՛ք:
Եվ այդ ժամանակ նա խուլ ձայնով արտասանեց.
– Գոլովկերների բնակարա՞նն է: Լի՛զա, դու ճանաչեցի՞ր ինձ:
– Մի րոպե սպասի՛ր, – լսում է նա, – թեյնիկը անջատեմ:
Եվ հետո՝ լռություն մի ամբողջ րոպե: Հետո ինչ-որ պարզ, ոչ անպայման բառեր.
– Դու եկե՞լ ես: Ես հուսով եմ, ամեն ինչ օրինակա՞ն է: Ինչպե՞ս: Դե ոչինչ… լողավազան է գնում: Դու գործերո՞վ ես: Դու ճամփորդու՞մ ես:
Գոլովկերը լռեց, հետո պատասխանեց.
– Արտահանում-ներմուծում: Դա քեզ չի հետաքրքրի: Մտածում եմ ոչ մեծ կոնցեսիայի մասին, բամբակի նման մի բանի…
Հետո նա որքան հնարավոր է անփութորեն հարցրեց.
– Հուսով եմ, կտեսնվե՞նք:
Եվ ավելի վստահ լինելու համար ավելացրեց.
– Ես պետք է որոշ բաներ փոխանցեմ ձեզ: Քեզ և Օլյային:
Նա ուզում էր ասել՝ իմ մոտ երկու ճամպրուկ նվերներ կան: Բայց միտքը փոխեց:
– Վաղը ես աշխատում եմ,- ասաց Լիզան,- երեկոյան Օլգան հրավիրված է Նախիմովների մոտ: Վաղը չէ մյուս օրը նա փորձի է: Դու երկա՞ր ժամանակով ես եկել: Հինգշաբթի օրը զանգի ինձ:
– Լիզա,– արտաբերեց նա լքված, խղճալի տոնով, – դեռ տասը չկա: Մենք այսքան տարի չենք տեսել իրար: Իմ մոտ երկու ճամպրուկ նվերներ կան: Ես կարո՞ղ եմ գալ: Մեքենայով:
– Մեր մոտ խնդիրներ կան դրա հետ կապված:
– Դու ի նկատի ունես տաքսի՞ն: Չէ՞ որ ես մեքենա եմ վարձակալում…
Ահա նա մտնում է (ինքն իրեն պատկերացնում էր Գոլովկերը) «Ավտովարձակալություն»- ում աշխատող մարդու մոտ: Լսում է.
– Սպասարկում ենք միայն արտասահմանցիներին:
Գոլովկերը համարյա շփոթված ժպտում է.
– Ես ախր, գիտեք ինչ… ՈՒզում էի ասել…
– Ես ախր ասում եմ, – կրկնում է պաշտոնյան, – միայն արտասահմանցիների համար: Դուք ռուսերեն հասկանո՞6մ եք:
– Դժվարությամբ, – պատասխանում է Գոլովկերը և անցնում է անգլերենի…
Լիզան ասում է.
– Այսինքն իհարկե, արի՛: Չնայած, գիտես… Մի խոսքով, ես բավականին շուտ եմ պառկում քնելու: Իմիջիայլոց, դու որտե՞ղ ես:
– «Օկտյաբրսկի»-ում:
– Դա մի քառասուն րոպեի ճանապարհ է:
– Լիզա՛:
– Լա՛վ, ես սպասում եմ: Բայց Օլյային ես չեմ պատրաստվում արթնացնել…
Այստեղ սկսվեցին սովորական խորհրդային խնդիրները: «Ավտովարձակալությունը» փակվել էր: Տաքսի բռնել չէր հաջողվում: Մի ինչ-որ մասնավոր մեքենա կանգնեցրեց, մեքենան Գոլովկերից ամերիկյան ծխախոտ վերցրեց և քշեց – գնաց:
Նա տեղ հասավ ժամը տասներկուսին: Ավելի ճիշտ տասներկուսին քառորդ պակաս: Զանգեց: Դուռը բացեցին: Նախկին կինը սկսեց խոսել կցկտուր և համարյա մեղավորի նման.
– Նե՛րս արի… Դու չես փոխվել… Ես անկեղծ ասած, շուտ եմ արթնանում… Դե նե՛րս արի՝ ասում եմ, նստի՛ր: Սուրճ դնե՞մ… Բոլորովին չես փոխվել… Դու գլխա՞րկ ես կրում:
– «Բորսալինո» ֆիրմայի , – հուսահատ արտահայտվեց Գոլովկերը:
Հետո քաշեց-հանեց անհեթեթ, պիստակի գույնի գլխարկը:
– Սուրճ ուզո՞ւմ ես:
– Մի՛ անհանգստացիր:
– Օլյան, բնականաբար, քնած է: Ես ահավոր հոգնում եմ աշխատանքի վայրում:
– Ես շուտ եմ գնալու, – խոսք գցեց Գոլովկերը:
– Ես դրա համար չեմ ասում: Ապրելը քանի գնում դժվարանում է: Հրապարակայնություն, վերակառուցում, մարդիկ գրգռված են, ինչ-որ բանի են սպասում: Եթե Գորբաչովին հանեն, մենք դրան չենք դիմանա…Դու ասացիր՝ նվերնե՞ր: Շնորհակալություն, թո՛ղ միջանցքում: Ճամպրուկները վերադարձնե՞մ:
– Փոստով կուղարկես, – անսպասելի ժպտաց Գոլովկերը:
– Չէ, ես լուրջ եմ ասում:
– Ավելի լավ է՝ ասա, ինչպե՞ս ես ապրում: Ամուսնացա՞ծ ես:
Նա այս հարցը տվեց անփութորեն, ժպիտով:
– Ոչ: Ժամանակ չկա: Սուրճ ուզո՞ւմ ես:
– Որտեղի՞ց ես այն ճարում:
– Ոչ մի տեղից:
– Իսկ ինչո՞ւ չես ամուսնացել:
– Կյանքս է այդպես դասավորվել: Ինչ վերաբերվում է տղամարդկանց, նրանց պակասը չի զգացվում, և բոլորի ուշքը գնում է շփվելու համար: Իսկ ամուսնությունը՝ դա լուրջ բան է: Դու չե՞ս ամուսնացել:
– Ոչ:
– Եվ, ինչպե՞ս է այնտեղ, Ամերիկայում:
Գոլովկերը ուրախությամբ արտահայտվեց նախօրոք պատրաստած նախադասությամբ.
– Գիտե՞ս, հիանալի բան է՝ հարգել երկիրը, որում ապրում ես: Ո՛չ թե սիրել, այլ հենց հարգե՛լ:
Դադար:
– Միգուցե նայե՞ս, թե ինչեր եմ բերել: ՈՒզում եմ համոզված լինել, որ չափսերը համապատասխանում են:
– Մեզ բոլոր չափսերը համապատասխանում են, – ասաց Լիզան, – չէ՞ որ մենք առանց չափսի ենք: Իսկ ընդհանրապես, շնորհակալություն: Մի ուրիշը կմոռանար էլ այդ ալիմենտների մասին:.
– Սա ալիմենտ չէ, – ասաց Գոլովկերը, – սա՝ հենց այնպես: Քեզ և Օլյային:
– Գիտե՞ս ինչպես են ձեզ հիմա անվանում:
– Ու՞մ:
– Դե ձեզ:
– Այդ ու՞մ՝ ձեզ:
– Էմիգրանտներին:
– Ո՞վ է անվանում:
– Թերթերում գրում են՝ «մեր արտասահմանյան հայրենակիցները»: Ինչպես նաև՝
«շատ պատճառների բերումով արտասահմանում հայտնված անձինք»…
Եվ նորից դադար: Եվս մեկ րոպե, և ստիպված պետք կլինի գնալ: Հուսահատությամբ Գոլովկերը արտասանում է.
– Լիզա՛:
– Հա՞:
Գոլովկերը մի քանի վայրկյան լռում է, հետո հանկարծ.
– Դե, կուզե՞ս պարենք:
– Ի՞նչ:
– Ես ռադիոընդունիչ ունեմ ճամպրուկում:
– Դու աննորմալ ես, Օլյան քնած է…
Գոլովկերը տենդագին մտածում է՝ դե, էլ ինչպե՞ս են սիրատածում կանանց: Ինչպե՞ս: Նվերները մնացին դռան ետևում: Ռեստորան գնալու համար՝ ուշ է: Պարել՝ նա չի համաձայնում:
Եվ այստեղ նա հանկարծ ասաց.
– Ես գնամ:
– Արդե՞ն… Չնայած, շուտով մեկն է: Հուսով եմ դու կզանգե՞ս ինձ:
– Վաղը ես գործնական հանդիպում ունեմ: Մտածում եմ մի ինչ-որ ոչ մեծ կոնցեսիայի մասին…
– Դու միևնույնն է՝ զանգի՛ր: Եվ շնորհակալություն ճամպրուկների համար:
Գոլովկերը ճամպրուկների համար չէր, որ նեղացավ, այլ նվերներո՛վ ճամպրուկների համար: Բայց լուռ մնաց:
– Դե, ես գնամ, – ասաց նա:
– Մի՛ նեղացիր: Ես բառացիորեն ոտքի վրա կանգնել չեմ կարողանում:
Լիզան ճանապարհում էր նրան: Դուրս եկավ դեպի սանդղահարթակ:
– Գնա՜ս բարով, – ասում է, – իմ արտասահմանցի հայրենակից: Անձ, որ հայտնվել է արտասահմանում…
Գոլովկերը դուրս է գալիս փողոց: Սկզբում նրան թվում է, թե անձրև է սկսվել: Բայց դա մառախուղ է: Խտացած խավարում աղոտ տարածվում են լապտերների դեղին հետքերը:
Անկյունից, ճոճվելով, դուրս է գալիս լույսով լեցուն ավտոբուսը: Կարևոր չէ, թե ուր է այն գնում: Երևի, կենտրոն: Ուրիշ էլ ու՞ր կարող են տանել ճանապարհները ծայրամասից:
Գոլովկերը նստում է ավտոբուս: Նետում է մետաղադրամը: Վարորդի քնկոտ ձայնը ասում է.
– Հաջորդ կանգառը՝ Ռոպշինսկայա, նախկին Զելենին, խաչմերուկ…
Գոլովկերը դուրս է գալիս: Հայտնվում է մի ամայի տեղի և աղյուսե անվերջանալի պատի միջև: Հեռվում՝ համարյա հորիզոնում, տներն են սևին տալիս՝ առկայծող դեղին և վարդագույն պատուհաններով:
Ինչ-որ տեղից լսվում է խուլ, միալար թակոց: Կարծես հսկայական շտամպ ունեցող ժամացույց է թկթկում: Ջրիմուռների և հիվանդանոցային զուգարանի հոտ է գալիս:
Գոլովկերը ծխում է վերջին ծխախոտը: Ժամը մեկին մոտ տաքսի է կանգնեցնում: Ինտելիգենտ տեսքով վարորդը ասում է՝ «կրկնակի տարիֆ»: Գոլովկերը մեխանիկորեն թարգմանում է նրա բառերը անգլերենի՝ «դաբլ թաքս»: Ինչո՞ւ: Ավելի լավ է չհարցնել: Բացի այդ՝ հիմա Գոլովկերի ինչի՞ն են պետք սովետական ռուբլիները:
Ճանապարհին վարորդը նրա հետ կոոպերացիայի մասին զրույց է բացում: Գովաբանում է ինչ-որ Նույկինի: Կշտամբում է ինչ-որ Զաբեժինսկու:
Գոլովկերը համառորեն լռում է: Նա մտածում է՝ ոնց որ ինձ առաջին անգամ արտասահմանցու տեղ դրին:
Հետո նա վճարում է վարորդին: Տալիս է նրան հասարակ ամերիկյան կրակվառիչ: Վերջինս, առանց շնորհակալություն հայտնելու, խցկում է դա գրպանը:
Գոլովկերը ձեռքով է անում.
– Եկե՛ք Ամերիկա:
– Բենզինս չի հերիքի, – հնչում է ի պատասխան…
Լուսավորված մայթին՝ հյուրանոցի դիմաց կանգնած են երկու կին՝ կարճ շրջազգեստներով: Նրանցից մեկը ծուլորեն մոտենում է Գոլովկերին.
– Տղամա՛րդ, դուք եկվո՞ր եք: Կուզե՞ք ձեզ ցույց տամ քաղաքը և նրա շրջակայքը:
– Ցու՛յց տվեք, – շշնջում է նա մի տեսակ խունացած ձայնով.
Եվ հետո.
– Միայն թե, ահա, ծխախոտս վերջացավ:
Կինը թևանցուկ է անում նրան.
– Բարում կգնես:
Գոլովկերը տեսնում է նրա ձեռքերը՝ երկար սադափե եղունգներով, և առանց կրնկամասի կոշիկները: Նկատում է հսկայական չափսերի խաչը՝ «Խիրոպրակտիկ Ալտշուլեր» մակագրությամբ տրիկոտաժե վերնաշապկի վրայով ընկած: Որսում է իր վրա ուղղված նրա պչրասեր և մռայլ հայացքը: Հետո համարյա անձայն արտաբերում է.
– Օրիո՛րդ, ներեցեք, դուք մարմնավաճառո՞ւհի եք:
Ի պատասխան լսվում է.
– Գռեհկություններ ասելը անպայման չէ: Իսկ ես էլ մտածեցի՝ «կուլտուրական ինտուրիստ՝ Եվրոպայից»:
– Ես Ամերիկայից եմ, – ասաց Գոլովկերը:
– Առավել ևս… Երեք ռուբլի տուր սրան, ճարպոտին:
– Փողը խնդիր չէ…
Անսպասելիորեն Գոլովկերը ավելի ինքնավստահ զգաց իրեն: Առավել ևս, որ այս ամենը թեթևակի հիշեցնում էր արևմտյան կյանքը:
Հինգ րոպեից նրանք նստած էին բարում: Աղոտ դեղնին էին տալիս լամպերը՝ քողարկված գիպսից պատրաստված ծովային խխունջներով: Երաժշտություն էր հնչում, որը Գոլովկերին հնաոճ թվաց: Սեղանների միջև թափառում էին մատուցողները, որոնք ինչ-որ բանով հիշեցնում էին հասիդների:
Գոլովկերի միտքն եկավ Մոնթիսելոյի շրջանի հասիդական գաղութը: Հին ժամանակների ինչպիսի՜ սև ու սպիտակ վերապրուկ՝ սովորական կյանքի գունավոր կինեմատոգրաֆում…
Նրանք նստած էին բարում: Կարամելի, թաց կոշիկների և մոտիկ գտնվող զուգարանից եկող ջրիմուռների հոտ էր գալիս: Վաճառասեղանի ետևում սպայական տեսակի տղամարդ էր վեր խոյանում. Գոլովկերը մի քանի դոլար մեկնեց նրան և ասաց.
– Ջին՝ տոնիկով:
Հետո հատուկ կարևորությամբ ավելացրեց.
– Բայց առանց լիմոնի:
Նա խմեց և իրեն նույնիսկ ավելի լավ զգաց:
– Ի՞նչ է ձեր անունը, – հարցրեց Գոլովկերը:
– Մամուլյաս Լյուսենկա էր անվանում: Իսկ ընդհանրապես՝ Լյուդմիլա:
– Ռուսլան, – հնարամտորեն ներկայացավ Գոլովկերը:
Նա պատվիրեց ևս երկու ջին, ծխախոտ գնեց: Նա ցանկանում էր սիրալիր լինել, շռայլ: Նա շշնջաց.
– Դուք տիպիկ Լայզա Մինելլին եք:
– Մինելլի՞, – կրկնեց կինը և բավականին ուժեղ բոթեց նրա կողքին: – Էլ ի՞նչ կուզեիր…
Լյուդմիլային այստեղ, ըստ երևույթին գիտեին: Ինչ-որ մեկին նա ձեռքով արեց: Ինչ-որ մեկին չցանկացավ տեսնել. «Ներողություն, ես տեղս փոխեմ»: Ինչ-որ մեկին նույնիսկ հյուրասիրեց իր՝ Գոլովկերի հաշվին:
Բայց Գոլովկերին դա էլ դուր եկավ: Նա իրեն հիասքանչ էր զգում:
Երբ մատուցողը սկուտեղով դիպավ նրան, Գոլովկերը ասաց Լյուդմիլային.
– Սա արդեն կոպտություն չէ: Բայց և այնպես դեռևս սպասարկում չէ…
Երբ նրա վրա պատահաբար գարեջուր թափեցին, Գոլովկերը ծիծաղեց.
– Այսպիսի բան նույնիսկ Շանհայում հետս չի պատահել…
Երբ նրա ներկայությամբ խոսեցին քաղաքականության մասին, Գոլովկերը արտահայտվեց այսպես.
– Հուսով եմ, Գորբաչովը գոնե ցինիկ է: Իդեալիստը իշխանության ղեկին՝ աղետ է… Երբ նրան հարցուփորձ արեցին Ամերիկայի մասին, ի պատասխան հնչում էր.
– Ամերիկան դրախտ չէ: Բայց եթե դժոխք է, ապա՝ լավագույնը աշխարհում…
Մեկ կամ երկու անգամ Գոլովկերը նետեց.
– Անպայման կպատմեմ այդ մասին ընկերոջս՝ Ֆիլ Կերրիին…
Հետո Գոլովկերը ինչ-որ մեկի հետ վիճում էր: Ինչ-որ բան էր ապացուցում, գրազ գալիս: Ինչ-որ մեկին տվեց փողկապը, գրիչը և ժամացույցը:
Հետո Գոլովկերի սիրտը խառնեց: Ինչ-որ ձեռքեր աստիճաններով քարշ էին տալիս նրան: Նա ընկնում էր և գոռում. «Ես Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի՜ եմ….»:
Թե ինչ եղավ հետո, նա չէր հիշում: Արթնացավ իր համարում, մենակ: Լյուդմիլան անհետացել էր: Բնականաբար փողերի հետ միասին:
Գոլովկերը ինքնաթիռի տոմս պատվիրեց: Ցնցուղ ընդունեց: Իջավ սուրճ փնտրելու:
Նախասրահում նրան ձայն տվեց Լյուդմիլան: Նա միևնույն վերնաշապիկով էր: Մոտեցավ նրան շուրջը նայելով և ասում է.
– Ես փողերը թաքցրել եմ, որ չկորեն:
– Քիփ իթ, – ասաց Գոլովկերը, – թողեք ձեզ:
– Օ՛յ, – ասաց Լյուդմիլան, – իրո՞ք… Ամենակարևո՛րը, որ պատերազմ չլինի…
Հանգստացավ Գոլովկերը միայն «Պանամ» ընկերության ինքնաթիռում: Օդաչուներից մեկը սև էր: Գոլովկերը անչափ ուրախացավ, երբ նրան տեսավ: Սևամորթը, ճիշտ է, պարզվեց, որ չխոսկան է և մռայլ: Փոխարենը՝ ուղեկցորդուհին շփվող դուրս եկավ, տիպիկ ամերիկուհի…

Ամառը մենք կնոջս հետ ամառանոց գնեցինք: Երկարաժամկետ բանկային վարկը մեր համար Գոլովկերն էր կազմակերպել: Նա իրեն պահում էր հասարակ և ինքնավստահ: Երբեմն առ երբեմն անցնում էր անգլերենից ռուսերենի: Եվ հակառակը:
Կինս կամացուկ հարցրեց.
– Ինչո՞ւ Ռոն Ֆիննին դա չի անում:
– Ի՞նչը:
– Չի շփոթում անգլերեն բառերն ու ռուսերենները:
Ես պատասխանեցի.
–Քանի որ Ֆիննին երկու լեզուն էլ լիարժեք գիտի…
Այդպես մենք ծանոթացանք Բորյա Գոլովկերի հետ:
Մի ամիս առաջ մի էմիգրանտական շաբաթաթերթի լրագրող զրուցում էր Գոլովկերի հետ: Նրանից հարցազրույց էր վերցնում: Հետաքրքրվեց Ռուսաստան այցելությամբ: Սկսեց տարբեր հարցեր տալ գործարարին և հասարակական գործչին (Գոլովկերը հասցրել էր դառնալ Գրակֆոնդի խոշոր նվիրատու): Մասնավորապես այսպիսի.
– ՈՒրեմն, վերադարձե՞լ եք:
Գոլովկերը դադարեց ժպտալ և հաստատակամորեն պատասխանեց.
– Ես ընտրեցի ազատությունը:

Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

Seedlings
Seedlings
Play Online

Support us! Buy our art based products from online shop