Sergey Dovlatov

Դասալիք Լիմոնովը

…Էդուարդ Լիմոնովը հանգիստ հայտարարեց, որ չի ուզում լինել ռուս գրող։

Ինձ թվում է՝ դա նրա անձնական գործն է։

Բայց չգիտես ինչու բոլորը սարսափելի վիրավորվեցին։ Ելույթ ունեցողներից գրեթե յուրաքանչյուրը քամահրեց Լիմոնովին, գործածելով, օրինակ, այսպիսի չարախինդ ձեւակերպումներ․

«…Պարոնը, որ չի ուզում ռուս գրող լինել…»

Կարծես թե Լիմոնովը մարտահրավեր է նետել մարդկային ցեղին։

Ակամա հիշում ես այսպիսի պատմական դեպք։ Մոտենում էր Ստալինի ծննդյան օրը։ Եթե չեմ սխալվում՝ յոթանասունամյա հոբելյանը։ Հրավիրված էին խորհրդային առավել երեւելի քաղաքացիներ։ Գրողներ, գիտնականներ, արտիստներ։ Այդ թվում՝ ակադեմիկով Կապիցան։

Եվ ահա հանդուգն Կապիցան իր մոտիկ մարդկանցից մեկին ասաց․

Ես Ստալինի մոտ չեմ գնա։

Մոտիկ մարդը տականքի մեկը դուրս եկավ։ Կապիցայի հանդգնությունը հայտնի դարձավ։

Զայրացուցիչ արտահայտությունը փոխանցեցին Ստալինին։ Բոլորը վստահ էին, թե Կապիցան դատապարտված է։

Իսկ Ստալինը մտածել, մտածել ու ասել է․

Դե, գլուխը քարը…

Նույնիսկ չի գնդակահարել ակադեմիկոսին։

Եվ դա Ստալինն էր։ Գուցե մենք էլ լինենք փոքր֊ինչ հանդուրժող։

Կարծես թե «ռուսգրողը» բարոյական մեծ նվաճում է։ Իսկ մարդը, որ այդ կոչումը ձեռք չի բերել, հրեշ ու սատանա է։

ԽՍՀՄ֊ում շուրջ երկու հազար ռուս գրող կա։ Նրանց մեջ՝ համառ ու հուսահատ խարդախներ։ Բոլոր նրանք երրորդ եւ չորրորդ բաժակների միջեւ սիրում են կրկնել․

Ես ռուս գրող եմ։

Մեղա քեզ, պատահել է՝ ես էլ եմ բացականչել նման բան։ Տասներեքերորդ եւ տասնչորսերորդ բաժակների միջեւ…

Ես, օրինակ, ուզում եմ լինել ռուս գրող։

Ես, ըստ էության, հենց դրան էլ հետամուտ եմ։ Իսկ Լիմոնովը չի ուզում։ Դա, կրկնում եմ, նրա անձնական գործն է։

Այնուամենայնիվ, Լիմոնովը հիմարություն է դուրս տվել։ Գրողի ազգությունը որոշում է լեզուն։ Այն, որով գրում է։ Հակառակ դեպքում՝ ամեն ինչ ահավոր խճճվում է։

Բաբելը, օրինակ, ի՞նչ գրող է։ Ասենք՝ հրեական։ Քանի որ նա հրեա էր Օդեսայից։

Բայց Վենիամին Կավերինը նույնպես հրեա է։ Ճիշտ է, Խարկովից։ Դանիել Գրանինն էլ է հրեա։ Եվ սրիկա Չակովսկին է հրեա…

Բաբելի պատմվածքներում կերպավորվում են հրեաները։ Բայց Կուպերի պատմվածքներում՝ հնդկացիներ են։ Ուելսի գործերում՝ մարսեցիներ։ Սետտոն֊Թոմփսոնի պատմվածքներում առյուծները, աղվեսներն ու ոչխարներն են հերոսները… Մի՞թե Ուելսը մարսեցի գրող է…

Լիմոնովը, իհարկե, ռուս գրող է։ Լավ թե վատ, դա արդեն ուրիշ հարց է։ Ուզում է թե չի ուզում Լիմոնովը՝ լինել ռուս գրող աննշան հանգամանք է։ Եվ Լիմոնովից իզուր են վիրավորվել։

Ես կասկածում եմ՝ դա խորհրդային բնազդների դրսեւորում է։ Հեռանում են Ռուսաստանից՝ նշանակում է դավաճան են։ Չարժե այդպես բորբոքվել…

Լիմոնովը տաղանդավոր մարդ է, ռուս ժամանակակից նիհիլիստ։ Էդիկ Լիմոնովը ուղղակի շուկայական զարմ է։ Հեղձուցիչ, անթեւ, գռեհիկ մատերիալիզմի պտուղ…

Այդպիսի բան եղել է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արեւմուտքում։ Եղել է Հենրի Մյուլերը։ Եղել է Լուի Ֆերդինանդ Սելինը։ Թվում է՝ դեռ ողջ է մեծն Ուիլյամ Բերրոուզը։

Լիմոնովը չի գերազանցել Հենրի Մյուլլերին /իսկ ո՞ւմ է գերազանցել…/

Զարմանալի է, որ Լիմոնովին առանձնահատուկ եռանդով է քննադատել Ալեշկովսկին։ Երկուսն էլ կյանքը պատկերում են բավական մռայլ գույներով։ Երկուսն էլ «սեւ» ժանրի տաղանդավոր ներկայացուցիչներ են։

Մի խոսքով՝ ակնհայտ էր սարսափելի կոնֆլիկտը ավելի հրեշավոր հետեւանքներով…

Այն խորհրդաժողովում Լիմոնովին հայհոյել են բոլորը։ Մինչդեռ նրա վեպը ընթերցում են։ Երեւի տաղանդը մեծ գործ է։ Որովհետեւ հազվադեպ է պատահում։ Բարոյական կայունությունը հանդիպում է ավելի հաճախ։ Առավելաբար հետաքրքրություն հարուցելով յուրայինների մոտ…

Be the first who will comment on this
Yatuk Music
Violin concerto in D Minor
Aram Khachatryan

Violin concerto in D Minor

Pears, peaches and pitcher
Pears, peaches and pitcher
Play Online