Ruben Sevak
Կարապները
Գիշեր է լուռ, հանդարտ գիշեր ամառվան.
Մութը պատեր է երկինքը համորեն.
Հեռուներեն քանի մը լույսեր միայն
Իրենց ձյունը վար կկաթեն հուլորեն:
Ո՛չ մեկ շշուկ: Լռությունը կթրթռար
Անծի՜ր, անծա՜յր լայնության մեջ օդերուն.
ՈՒ բացխփվող աչքերուն պես, ափին վրա,
Քաղաքներու կպլպլա լույսն հեռուն:
Բարձրը, մութին ալքերուն մեջ, հեռակա
Ժյուրաններու ստվերը լո՜ւռ կմրափե.
Ավելի՛ վեր, արհամարհոտ ու հսկա,
Ալպյաններու սեգ ճակատն է սատափե:
Զույգ ալեփա՜ռ շղթաներու դարավոր
Օրրանին մեջ ընկողմանած հոլանի՛,
Լեռներուն վեհ հուրիներուն պես աղվոր,
Կքնանա կապույտ հոգին Լեմանի:
* * *
Գիշերն է լուռ, լիճը տրտում: Հեռուեն,
Ճաճանչներու, փրփուրների պես աղվոր,
Քնացող ջուրին երեսին վրա մեղմորեն
Երկու կարապ կսահին լուռ, մենավոր:
Իրենց մարմի՛նը քնքույշ է, գեղեցիկ.
Իրենց թեւերն արծաթակերտ, ձյունագես.
Ու մարմարի իրենց վիզը սլացիկ՝
Երազային տաճարներու հուրին պես:
Կմոտենան անոնք իրար մեղմովին,
Ու կտուցնին իրար կուտան ուղղակի,
Այնպե՛ս ինչպես ո՛չ մեկ շրթունք տակավին
Այնքա՜ն սիրով չէ՛ մոտեցած շրթունքի:
Ու ձյունափառ իրենց թեւերն կ՚առնին վեր
Կգալարեն իրենց վիզը երկնասլաց,
Այնպես ինչպես երկու բազուկ անձնվեր
Այնքա՜ն սիրով իրարու չեն գալարած:
* * *
Գյուղերու լո՛ւյսը կցոլա հեռուե՜ն.
Վերը շո՛ւքը Ժյուրաններու հեռակա.
Ավելի՛ վեր, Ալպյանները համորեն.
Ավելի՛ վեր, Երկի՛նք կանգներ է վկա…
Վա՛րը, քնացող ջուրին վրա տրտմաբար,
Վեհ պարտքի մը գիտակցությա՛մբը լեցված,
Բերան բերնի, վիզը վիզին անբարբա՛ռ,