Raphael Patkanyan

Ո՛չ խնդիր, ո՛չ հրաման

Ի՞նչ է, հայերիս նորե՞ն մոռացար,
Ոսոխքըդ ուրեմն ճըշմարիտ կասեն,
Որ «Թուրքը կույր է, խուլ է ու համառ,
Շնորհ ու գութ հայերն իզուր կըսպասեն»։

Տաճի՛կ՝ պատրանքը քեզ թույլ ասպար է,
Պատրելով կերթաս, բայց ետ չես դառնալ․
Մի՛ սփոփիլ քեզի, որ հայն տըկար է,
Քու լըծեն հեշտ է մեկ հրացան բառնալ։

Չեռնյաև մեկ ռուս ցնցեց քու գահը,
Իգնատև՝ կարգըդ տակն ու վրա արավ,
Հայերուս ձեռքն է քու կյանքն ու մահը
(Փողիդ հետ մի՞թե խելքըդ ա՞լ կորավ)։

Եռսուն հազար զենք ունի զեյթունցին,
Որ կարժե քուկիդ հարուր հազարին,
Արցախեն կուգա մեր քաջ այրուձին՝
Հիշեցնել օրերն Կարմիր Վարդանին․․․

Հայքըս դանդաղ ենք, բայց դեռ մեռած չենք,
Համբերատար ենք, և ո՛չ թե հիմար․
Թե այսքան ձըրի քեզ ծառայել ենք,
Կսպասենք քեզմեն վըճիռըդ արդար։

Կարծեմ ողջը մեկ է քեզի համար,
Որ հայք ձախե աջ կըխաչակընքեն,
Ուրեմըն ինչո՞ւ Սլավին հավասար
Հայք պիտի չառնուն շընորհք քու ձեռքեն։

Մեզ ի՞նչ է պակաս մեկ ազգ կազմելու
(Ոխ, քեն ու նախանձ չէ՛ փաստ անաչառ)
Բարեկիրթ ազգաց կարգը կանգնելու․․․
Թուրք, մի՞թե այդկից քեզ վընաս տեսար։

Թո՛ւրք, լավ պահպանե դու հայոց ազգին,
Նա քարե պատ է քեզ, ոչ թըշնամի․
Վաղ կամ ուշ Հայքը ոտքի պիտ կանգնին․
Բայց վա՜յ քեզ, թե այդ առանց քեզ լինի։

Թե թուր վերցնեինք՝ մեզ պիտ մորթեին․
Ոչ ոք պիտ ելներ պաշտպան խեղճ հային․
Երբոր լուռ կեցանք մենք խոհեմաբար,
Ասին․ «Մեոել եք հոգեպես իսպառ»։

Ի՞նչ անենք ուրեմն, ինչպե՞ս փըրկըվինք,
Մեզ հալածողեն մենք որտե՞ղ փախչինք,
Հայության անվան խարանած կընիք,
Հայի ճակատին կոխել են մարդիկ։

Վեց հարյուր տարի մենք կիսակենդան՝
Կըսողանք տրորած ճըճուի նըման,
Փոխան շիջելու նախանձը մարդոց՝
Սաստկացավ, ավա՜ղ, զերդ հըրդեհ ու բոց։

Կուզեն որ հայքըս մեր սուրբ հավատքեն
Հրաժարվինք, ինչպես մահացու մեղքեն,
Մեր լեզուն, մեր ծեսք՝ նըշանք ազգության,
Երբեք չըհիշվին ի մեջ մարդկության։

Կըրնա՞մ ուրանալ ես իմ պապերուս,
«Մորդ ատե՛» խրատել հարազատ որդուս,
Իմ ձեռքով պըղծել իմ սուրբ ավազան,
Ազգուրացն, ասե՛ք, չէ՞ վայրի գազան։

Ինպե՞ս կըկըրնամ ես տալ մոռացման
Քո սուրբ հիշատակն, Մամիկոն Վարդան։
Ո՞ր ազգի պատմիչք չորս-հինգ հատ ցուցին
Նըման մեր անմահ Ղևոնդ Երեցին։

Չէ՛, անհընար է ազգեն հրաժարվել,
Ինչպես որ միսը ոսկորեն բաժնել․
Սինլըքոր կըմնամ, ըստոր ու ատած,
Բայց ես չեմ լինիլ երբեք ազգուրաց։

Be the first who will comment on this
Yatuk Music
Spartacus - Adagio
Aram Khachatryan

Spartacus - Adagio

Egyptian masks
Egyptian masks
Play Online