Raphael Patkanyan
Հիմի է՜լ լռենք
Հիմի է՜լ լռենք, եղբարք, հիմի է՜լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը՝ մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լացուկոծին:
Ասացե՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք,
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Դավով, հրապուրքով տիրեց մեր երկրին,
Ջնջեց աշխարհից Հայկա անունը
Հիմքից կործանեց Թորգոմա տունը:
Խլեց մեզանից թա՛գ, և՛ խոսք, և՛ զենք,
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Խլեց մեր սուրը - պաշտպան մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կռեց:
Վա՜յ մեզ, շղթայով կապված գերի ենք,
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Սոսկալի զենքը բռնած մեր գլխին՝
Կուլ տալ է տալիս արտասուք առատ՝
Աղեխարշ բողոք վարուց ապիրատ:
Մեր գլուխ լալու Եփրատ ո՛ւր փնտրենք,
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Լիրբ գոռոզությամբ լցրած իր հոգին՝
Արդարության ձայնը հանած իր սրտից՝
Արտաքսել է մեզ մեր բնիկ երկրից:
Պանդո՜ւխտ, հալածյալ եղբարք ո՞ւր դիմենք,
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Անգոհ մեր բերած ծանր զոհերին,
Յուր լիրբ նզովյալ ձեռքը կարկառեց,
Ազգությանս վերջին կապը պատառեց:
Հայի կորուստը մոտ է, ի՞նչ անենք,
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին
Արհամարհելով մեր փառքն ազգային,
Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ,
Գառնազգեստ գայլին մեզ գլուխ դրավ:
Սուրբ խորան չունենք, արդ ո՞ւր աղոթենք,
Հիմի է՞լ լռենք:
Հիմի է՞լ լռենք, մարդիկ ի՞նչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառժք խոսեն,
Չե՞ն ասիլ, որ Հայք արժանի էին
Այդ ըստրկական անարգ վիճակին:
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք,
Մինչև ե՞րբ լռենք:
Թո՛ղ լռե մունջը, անդամալույծը,
Կամ՝ որոց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ՝
Ե՛կ, անվախ ելնենք թշնամու առաջ:
Գոնե մեր փառքը մահով հետ խլենք.
Ու այսպես լռենք:
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Elegy
Battle of Avarair, 1948
Play Online