Raphael Patkanyan

Հայերուս բաղձանքը

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ տեսնել մեր հային
Ազատ, ապահով, կըրթյալ, ինքնագոհ,
Ամեն հայի տուն` դըրախտ երկնային․․․
Լոկ այդ բանն ինձնից չուզենար մեկ զոհ։

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ տեսնել Հայաստան
Մի օր ազատված թըշնամու ձեռքին,
Հայի երկիրը, հայի սեփական․․․
Լոկ այդ չի բաժաներ ինձ իմ կոպեկեն։

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ մեր հայերուս
Արծարծվեր սերը, ուսման, գիտության,
Հայի մեջ չի մնար մի հատիկ անուս․․․
Լոկ հեռի ինձնից թուղթ ստորագրության։

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ հայ պատանիք
Դեպ համալսարան խըմբով վազեին,
Եվ Զվիցերիա երթար հայ աղջիկ․․․
Լոկ ինձնից նոքա կոպեկ չուզեին։

Ա՜խ, ինչպե՜ս կուզեմ, որ մեր զեյթունցին
Միթռայլյոզ, շասպո, ռըմբկեն ունենար,
Ջարդ ու բուրդ աներ քուրդ ու չերքեզին․․․
Լոկ ինձնից զենքի նա փող չուզենար։

Երբ մեր հայրենին հրաշքով ազատվեր,
Մերոնք էլ ազատ կյանք-օր վարեին,
Ա՜խ, ինչպե՜ս, ինչպե՜ս լավ բան կըլներ,
Երբ հայք ինձ իրանց իշխան ընտրեին։

Be the first who will comment on this
Yatuk Music
Melody
Arno Babajanyan

Melody

Gazelles
Gazelles
Play Online