Raphael Patkanyan

Հայ վիշտը

Գիտեմ, խեղճ հային չեն տալ Հայաստան,
Մեզ ազգ կազմելու ամենքն են խափան,
Նախանձ, քեն ու ահ տիրել է հոգին
Դեպի հայերուս շատ ու շատ ազգին։

Թե թուր վերցնեինք` մեզ պիտ մորթեին,
Ոչ ոք պիտ ելներ պաշտպան խեղճ հային․
Երբոր լուռ կեցանք մենք խոհեմաբար,
Ասին․ «Մեռել եք հոգեպես իսպառ»։

Ի՞նչ անենք ուրեմն, ինչպե՞ս փըրկըվինք,
Մեզ հալածողեն մենք որտե՞ղ փախչինք,
Հայության անվան խարանած կընիք,
Հայի ճակատին կոխել են մարդիկ։

Վեց հարյուր տարի մենք կիսակենդան`
Կըսողանք տրորած ճըճուի նըման,
Փոխան շիջելու նախանձը մարդոց`
Սաստակացավ, ավա՜ղ, զերդ հըրդեհ ու բոց։

Կուզեն որ հայքըս մեր սուրբ հավատքեն
Հրաժարվինք, ինչպես մահացու մեղքեն,
Մեր լեզուն, մեր ծեսք` նըշանք ազգության,
Երբեք չըհիշվին ի մեջ մարդկության։

Կըրնա՞մ ուրանալ ես իմ պապերուս,
«Մորդ ատե՛» խրատել հարազատ որդուս,
Իմ ձեռքով պըղծել իմ սուրբ ավազան,
Ազգուրացն, ասե՛ք, չէ՞ վայրի գազան։

Ինչպե՞ս կըկըրնամ ես տալ մոռացման
Քո սուրբ հիշատակն, Մամիկոն Վարդան։
Ո՞ր ազգի պատմիչք չորս-հինգ հատ ցուցին
Նըման մեր անմահ Ղևոնդ Երեցին։

Չէ՛, անհընար է ազգեն հրաժարվել,
Ինչպես որ միսը ոսկորեն բաժնել․
Սինլըքոր կըմնամ, ըստոր ու ատած,
Բայց ես չեմ լինիլ երբեք ազգուրաց։

Be the first who will comment on this
Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Church Karmravor of VII century
Church Karmravor of VII century
Play Online