Raffi

Վասակ

Միհրներսեհը... խոստացավ նորան տալ ավելի մեծ իշխանություն. քան ինչքան ուներ ինքը...: Նա ասում էր` իբր թե Վասակը կարող է հասնել մինչև թագավորական աստիճանի, եթե մի հնար գտնի հայոց ուխտի միաբանությունը քանդելու և թագավորի հրամանը նրանց կատարել տալու:
ԵՂԻՇԵ

Ասաց պարսիկն՝ ահա՜ քեզ, Վասակ,
Ստացի՜ր մեզնից լի ոսկով քսակ,
Եթե ուրանաս քո ազգությունը,
Կստանաս այլև՝ փառք, պատիվ, պսակ:

Վասակը նորան տվեց պատասխան՝
Հոժար եմ կամքիդ, վեհափառ իշխան,
Ես ուրանում եմ իմ ազգությունը,
Այդ մեծ շնորհաց թո՜ղ լինի փոխան:

Ասաց պարսիկն՝ արի դու, պարոն,
Քո հայրենական ուրացիր կրոն,
Այլև աշխատիր, քո համազգիքը
Մեր օրենքների կատարեն պաշտոն:

Այո՜, կաշխատեմ, իմ տեր, անդադար
Եվ այդ հրամանն ածել ի կատար,
Թե ձեր վեհությունն ինձ Հայաստանի
Թագն ու գահը փոխարեն կըտար:

Կստանաս բոլորը, վկա է երկինք,
Միայն աշխատիր, որ քո ազգայինք
Մեր լեզվով խոսեն, մեր գրով գրեն,
Թողնեն հայրավանդ դպրություն, օրենք:

Այդ ինձ կատարել է խիստ դյուրին,
Թեև չափազանց գործ է դժվարին,
Բայց ես կըջնջեմ, միամիտ կացեք,
Ողջ սրբությունքը համառ հայերին:

Մենք ճանաչել ենք քեզ այր գործունյա,
Մեր նպատակին մտերիմ պաշտոնյա,
Եվ քո փառք, պատիվ՝ կավելանան կրկին,
Վերջին իմ հրաման կատարե, գոնյա՜:

Ցանիր ազգիդ մեջ խռովության սերմեր,
Բաժա բաժանությունք՝ ընդ ամեն կողմեր,
Մատնի՜ր դու մեզ քո երկիրը հայրենի,
Տարածիր այնտեղ իշխանությունը մեր:

Եվ այդ հրամանին հաճեցավ Վասակ,
Առեց նա յուր վարձ՝ լի ոսկով քսակ,
Վազեց դիվաբար դեպ սուրբ Հայաստան`
Յուր հետ մոգերի ամբողջ հրոսակ:

Հեռ, խռովություն սերմեց ընդհանուր,
Ձգեց բաժանմունք, հարուց հուր և սուր,
Եվ եդեմատիպ՝ խաղաղ Հայաստան
Ավերեց, շինեց անապատ տխուր…

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

Mount Abul near Akhalkalaki
Mount Abul near Akhalkalaki
Play Online