Raffi

Սոֆի

Հայոց աղջի ՜կ, հայոց աղջի՜կ, գնա ՜ առաջ, մի ՜ վախիլ,
Բլեդնիյ դեմքդ, շինծու խոսքդ ովի՞ն ասես չեն խաբիլ,
Բայց մի՜ թողնիլ դու ժորժ Սանդիս, իդեալիդ մ’ուրանալ,
Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնա քեզ Ռուս գեներալ:

ԳԱՄԱՌ ՔԱԹԻՊԱ

Ա

Գեղեցիկ է իմ Սոֆին,
Քաղցրիկ, ուրախ և սիրուն,
Նորան արդեն տասն և ութ
Ծաղկում է դեռ նոր գարուն:

Իշխանական արյունից
Շառավիղ է իմ Սոֆին,
Մեծատոհմիկ ծնողաց
Միակ զավակ է անգին:

Նա դեռ նոր է ազատվել
Ինստիտուտի հագուստից,
Նոր մտել է լայն աշխարհ,
Որպես թռչնիկ վանդակից:

Կրթությունն արտաքին
Խիստ ազնիվ է, վայելուչ,
Վարվողություն՝ շնորհալի,
Իսկ խոսվածքը` սրտառուչ:

Լավ ածում է դաշնամուր
Եվ սիրում է մուզիկա,
Գիտե պարի ողջ ձևեր,
Մինչև վրաց լեզգինկա:

Հիանալի ձայն ունի,
Նա սիրում է օպերա,
Երբ երգում է ռոմանս՝
Ծռմռում է հոնքերը:

Ատում է յուր երկրի
Հագուստի ձևն անպիտան,
Բարեկիրթ է յուր ճաշակ...
Նա պաշտում է պերճ մոդան:

Նա գիտե քանի լեզվի
Եվ կարդալը և գրել,
Բայց հայերե՞ն. է՛ հ արժե՞
Միթե նորան սովորել...

Նորա համար հայ ազգը,
Հայոց կրոն և լեզու՝
Են խիստ անարգ նախատինք,
Որից փախչեր միշտ հեռու:

Նա չէ գնում հայոց ժամ,
Զի շարական չէ սիրում,
Այլև հայոց խունկի հոտ
Նորան վատ է միշտ բուրում...

Բ

Հայրն էր հին ծառայող,
Չը կաշառվող, ջերմեռանդ (?)
Հավատարիմ յուր գործին,
Մեծավորին հնազանդ:

Իսկ պատահած միջոցին
Նա երբեք չէր արգելում՝
(Ռամկորեն ասում են)
Գցել յուր ետքի ջիբում...

Եվ այդպեսով վաստակեց
Փառավոր տուն, մեծ գումար,
Յուր ընտանյացը թողեց
Ապրուստ սև օրվա համար:

Նորա կինն յուր ժամուն
Էր գեղեցիկ բավական,
Հյուրերի հետ զվարճասեր,
Ծանոթներին դուրեկան:

Եվ մանավանդ հաճելի
Ամուսնի մեծավորին,
Շողոքորթում էր սիրտը
Ամուրի գեներալին...

Դորանով հարթեց ուղին
Մարդու հառաջադիմության,
Որով ստացավ աստիճան,
Բարձր տեղ ծառայության:

Խիստ ընդունակ էր կինը
Կրթված աշխարհի պահանջին,
Կառավարում էր տունը՝
Պատշաճավոր, ըստ կարգին.

Մաքուր հագնված ծառաներ,
Աղախին, սպասավոր,
Շքեղ և թանկ կարասիք,
Սեղանը՝ ճոխ, փառավոր:

Տարին մի քանի անգամ
Նոքա տալիս են խնջույք,
Դաշնամուրը հնչում է,
Եռ են գալիս սեր, հաճույք:

Այդ բոլոր հանդեսների
Պսակը և թագուհին՝
Էր միշտ նոցա աղջիկը
Ուրախ, նազելի Սոֆին:

Դ

Կես-գիշեր էր: Աշխարհին
Գիրկ էր ածել քաղցրիկ քուն,
Եվ ընդհանուր տիրում էր
Խոր, սրբազան լռություն:

Իսկ լուսինը, խիստ ուրախ
Երկնքի հարսը, նազելով,
Ամպերի պարզ օվկիանում
Լեղ էր տալիս խայտալով:

Խորհրդական այդ ժամուն,
Իմ Սոֆին, մորից թաքուն,
Ախտաբորբոք հսկում է,
Չէ՜ վայելում անուշ քուն:

Վաղուց մի քանի հատոր
Կան նորա բարձի տակին,
Բաբարիկին, Տուրգենև,
Հայնե, Շիլլեր և Պուշկին:

Լուսամուտի մոտ նստած,
Յուր սենյակում միայնակ,
Նա կարդում է ռոման
Լուսնի լուսով, անճրագ:

Եվ կուսական սրտումը
Նոր-նոր կրքեր են խաղում,
Կախարդական տողերեն
Բյուր հրապուրանք է քաղում...

Անսպառ այդ աղբյուրեն`
Սրտի ծարավը բորբոքյալ
Զովացնում է, յուր գլխում
Ստեղծում է իդեալ:

Այդ ցնորքը նորա մեջ
Ստանում է կերպարան,
Մի գաղտնի հուր սրտի մեջ
Բորբոքում է միշտ նորան:

Քնած սերը զերթ արծիվ
Ստանում է արթնություն,
Յուր կարիքն անհրաժեշտ
Պահանջում է բնություն...

Գրկում է յուր իդեալ,
Նա կոչում է հիացած,
«Քեզ եմ զոհվում, ով սուրբ սեր,
Դո ՜ւ ես այժմ իմ աստված»:

Գ

Մեծահանդես էր խիստ բալ.
Լուսով վառվում է դահլիճ,
Նորա հարուստ զարդարանք
Են ճոխ, շքեղ, գրավիչ:

Եռ է գալիս բազմություն,
Եվ հագուստներ խըշխըշուն
Մետաքս, շալ, ոսկի, արծաթ՝
Ալեկոծվում են ողջույն:

Հիանալի զարդարված,
Որպես մանուկ թագուհի,
Հայտնվում է սիգաճեմ
Դուստրը Հայոց աշխարհի.

Ներս է մտնում իմ Սոֆին,
Ձեռքում բռնած հովահար,
Նորա կուրծք ու բազուկներ
Փայլում են որպես գոհար:

Շփոթվում է բազմություն,
Շըշնջում են մեղմ ձայներ,
«Գեղեցկության դիցուհին
Եկավ ահա՜, եղբայրներ»:

Վսեմապանծ նազելով
Ընթանում է իմ Սոֆին,
Նորա առջև թափվում են
Սիրո վարդեր կաթոգին:

Ծեր և մանուկ, պատանի,
Լինեն նորան երկրպագ,
Եվ քաղցրախոս բառերով
Ողջունում են իմ հրեշտակ:

Բայց նա հպարտ և անփույթ
Շրջան տվեց ընթացքին,
Տարփածուի սեթևեթ
Չ’արժեց նորա հայացքին:

Ի՛նչ մեծ բախտ է տղամարդին,
Նորա դեմքին խնդամիտ,
Որսալ գոնյա մի թեթև,
Սիրաբարբառ, թարմ ժպիտ:

Զո՛ւր վրդովմունք, պարոններ,
Զո՛ւր է ցավը ձեզ տանջում,
Զի մեծասիրտ իմ Սոֆին
Ազնիվ զոհ է պահանջում:

Ե

Փոթորկվում է պարահանդես,
Երբ հնչում է մուզիկան.
Սկսվում են կաքավներ
Վալս, պոլկա և մազուրկան...

Մոտենում է մի հարուստ
Հայ տղամարդ, ազնվաբար
Գլուխ տալով իմ Սոֆուն,
Խնդրեց յուր հետ պարել պար:

Հրաժարվում է իմ Սոֆին,
Հայկական դեմք հարստին
Չը դյուր եկավ գեղասեր
Ճաշակով օրիորդին:

Մոտենում է մի ասպետ,
Ուսին դրած էպոլետ,
Կուրծքը պատած օրդենով,
Պարել կամեր նորա հետ:

Հրաժարվում է իմ Սոֆին`
Վայրենի դեմք զինվորին`
Օրիորդին փափկասիրտ
Սարսափ և զզվանք բերին:

Մոտենում է շիկահեր,
Կապտաչյա երիտասարդ,
Հասակը` նուրբ, վայելուչ,
Դեմքը` քնքուշ, որպես վարդ:

Կանգնում է իմ Սոֆին:
(Փոխվեց պարի եղանակ):
Նոքա, միմյանց փաթաթված,
Պտըտվում են զերթ թռչնակ:

Քսքսվում են … շըփշըփվում
Կուսի սրտումը հանկարծ
Վառվեց վաղուց թաքուցած
Սիրո էլեկտրական կայծ…

Դադարեցավ և այդ պար,
Հոգնած նստեց իմ Սոֆին:
Յուր պարընկեր գեղեցիկ
Մինակ կանգնած էր մոտին:

Քանի զրույց դյութական
Կնքեց ուխտ նոցա միջին.
«Մեք կը տեսնվենք հետո»
Եղավ նոցա խոսք վերջին:

Զ

Քանի մի օրից հետո,
Իմ Սոֆին յուրյանց տանում,
Շաբաթը քանի անգամ.
Մի նոր հյուր էր ընդունում:

Օտարազգի էր հյուրը՝
Ուրախ, գրավիչ դեմքով,
Անունը՝ Պյոտր Իվանիչ,
Տոհմանունը՝ Պուստյակով:

Որպես մեղր և շաքար
Բառեր թափվում են բերնից,
Նա խոսում է անդադար,
Չես կշտանում խոսքերից:

Նա գիտե հարյուրավոր
Ծիծաղելի առակներ,
Նա գիտե հազարավոր
Ֆրանսիական առածներ:

Նա ածում է, նա երգում է,
Ներկայացնում է և պարում է,
Ծաղրական պատկերներ
Խազխզում, նկարում է:

Շարադրում է կուպլետներ,
Նոցա ամեն մի տողեր
Արտասանում են կատակ,
Կոշտ սրախոսություն և սեր:

Երբեմն նա ծանր էր,
Որպես մտածող, գիտնական,
Չերնիշևսկի, Դոբրոլյոլբով`
Են խոսքերի առարկան:

Խոսում էր նա Դարվինից,
Թեև անհետևաբար,
Եվ հերքում էր բնավին
Ազգայնության գաղափար:

Նորա մոտ արժեք չուներ
Բարոյական սրբություն,
Նիգիլիստ էր պարոնը,
Հերքում էր ամուսնություն:

Նորա բոլոր խոսքերին
Սոֆին շատ էր համակրում,
Որպես առատ անձրևը
Ծարավ, ցամաք երկրում:

Է

Զվարճասեր բազմությամբ
Միախմբվում է թատրոն,
Ուր քարոզվում էր բեմեն
Մեղպոմնի վսեմ կրոն:

Օթյակ, աթոռ, բազկաթոռ.
Բռնած են հանդիսականք,
Պայծառ, ուրախ շնչում է
Քաղաքացու հանգիստ կյանք:

Հիանալի զուգված է
Խումբը գեղեցիկ սեռի,
Մի օթյակում նստած է
Սոֆին բեմից ոչ հեռի:

Հնչվում է մուզիկան,
Երգում է իտալուհին,
Ներկայացնում են Մովսես,
Դարձը ուխտյալ աշխարհին:

Բայց դեպի բեմ իմ Սոֆին
Չէ՜, երբեք չէ՜ ուշադիր,
Նա ունի յուր նպատակ,
Այլ է սրտին յուր խնդիր:

Երկփողյա յուր դիտակ
Դրած է նա աչքերուն,
Նկատում է՝ տղերքից
Ո՜րն է տգեղ, ո՞րը սիրուն:

Հանկարծ գտավ իմ Սոֆին
Նազելին յուր ծանոթ դեմք,
Դա էր նորա ցանկալին,
Եթե փոքր-ինչ պարզ ասենք:

Սիրտը թնդաց, բորբոքեց,
Էլ չըսպասեց մինչ վախճան,
Նա դուրս եկավ օթյակից,
Գտավ սիրո առարկան:

Թատրոնական սրահում
Ճեմում էին միասին,
Բայց թե ի՞նչ էին խոսում,
Լավ է լռել այդ մասին...

Միայն Սոֆու ականջին
Նա շշնջեց քանի բառ`
«Ձեր պարտեզում այս գիշեր
Ինձ կըգտնես անպատճառ»:

Ը

Հիանալի զով գիշեր
Պարգևել էր այն ամառ,
Պայծառ երկնքի ողջ աստղեր
Լույս կը տային վառիվառ:

Գեղազվարճ և ուրախ
Ներկայանար բնություն,
Իսկ պարտեզում, թարմ ծաղկանց
Տիրեր ամպարհոտություն:

Բարձր, բարձր լսվում էր
Սոխակի երգի հնչյուն,
Նիրհած տերևը շարժում էր
Մեղմիկ հովի սոսափյուն:

Ծաղկազարդ ճեմելիքներով,
Որպես ցնորված հրեշտակ,
Թափառում էր իմ Սոֆին,
Խիստ անհամբեր, միայնակ:

Հանկարծ լսեց նա թխկոց,
Շուտ մոտ վազեց վրդոված,
Տեսավ, մինը լուռ ու մունջ
Ցանկապատեն իջավ ցած:

«Սոֆի՛». հնչեց մեղմիկ ձայն:
«Ա՛խ, Պյոտր». եղավ պատասխան:
Նոքա շուտով մեկմեկու
Ուրախ-ուրախ մոտեցան:

Ի՞նչ գրիչ այն առաջին
Կարե նկարել րոպեն,
Երբ որ սիրող, սիրուհին՝
Գաղտնի միմյանց կը հանդիպեն:

Թե սիրել ես, ընթերցող,
Կարես զգալ ինքնին...
Ինսարովի խոսքերը
Հանկարծ ասաց պատանին՝

Դու, առաջի աստուծո,
Հրեշտակների առաջև,
Իմ կինն ես պատվավոր,
Ես քո այր այսուհետև...

Պսակող մի քահանա
Այդ խոստման չեղավ ներկա,
Միայն աստեղք և լուսին
Երկնքեն դարձան վկա:

Թ

Անցան օրեր, ամիսներ,
Անցավ ամբողջ մի տարի,
Սահում է կյանքը Սոֆու
Ուրախ, անհոգ և բարի:

Նորա ծնողք անհանգիստ
Խորհում էի՜ն միասին,
Արժանավոր փեսայի
Սոֆուն առնել ամուսին:

Բայց փեսաներ խմբովին
Դիմում էին ինքնին,
Ո՞վ չէր ուզի ունենալ
Սոֆու նման սիրուն կին:

Երբեմն դիմեր հարուստ,
Հայազգի վաճառական,
Պատվավոր քաղաքացի,
Ոչ ազնիվ արմատական:

Է՛հ. մուժիկի՞ կին դառնալ,
(Մեղք է անգամ մտածել),
Իշխանական յուր արյուն
Ապականել ու պղծել…

Երբեմն դիմեր նորահաս
Վրացի սիրուն թավադ,
Ազնվական հին տոհմից,
Թեև թեթև, դյուրհավատ:

Դա էլ գլխում խելք չունի,
Ոչ գրպանումը կոպեկ փող,
Կախեթումը գրավ դրած
Ունի քանի կտոր հող:

Երբեմն դիմեր հաշտարար
Սուդիաներից քաղաքին,
Նադըվորնիյ սովետնիկ,
Աննա խաչը շլինքին:

Եվ դորան չէր նա հավան,
Զի տգեղ էր կերպարան.
Քիթը՝ կարճ, աչքերը՝ ծուռ,
Սաստիկ մեծ էր և բերան:

Մի խոսքով, ամեն մինին
Մի-մի արատ էր դնում,
Որովհետև յուր սիրտը
Ուրիշին էր պատկանում:

Ժ

Դեռ ուսանող էր Պյոտրը,
Ծնողքը մտան գերեզման.
Մտածում էր այնուհետև
Նա գնալ արտասահման:

Ֆոխտը, Բոկլը և Դարվին
Մի լավ ուսումնասիրել,
Գերմանական գիտությամբ
Յուր մտքերը զարգացնել:

Հանկարծ կարծես դև մտավ
Նորա անփորձ սրտումը,
Մոլորվեցավ մրրկալի
Մայրաքաղաքյան կյանքումը:

Վատնելով առողջություն,
Պատիվ, արծաթ, համարում,
Նա դատարկ գրպաններով
Հայտնվեցավ Կավկազում:

Նորա գրավիչ ձևերը,
Կերպարանքն և լեզուն,
Սալոններում մուտք տվին
Համարյա ողջ Թիֆլիզում:

Որտեղ տալիս են խնջույք,
Ուր տոն է ընտանեկան,
Նա էր աղջկերանց հերոսը,
Նոցա ցնորքի առարկան:

Նա ամեն ծակ մտնում է՝
Բալ, կոնցերտ, մասկարադ,
Որքա՛ն խելքից հանում է
Գլուխներ անմեղ, անարատ...

Մեծ էր նորա ներգործող
Բարոյական զորություն,
Նորան պաշտում են որպես կուռք,
Որպես նոր հեղինակություն:

Հատուկտոր ֆրազներ՝
Սերտած, մոդնի խոսքերուն,
Համարում են այեթներ
Բարձր, վսեմ մտքերուն:

Նա հերքում է, նա մերժում է
Օրենք և ճշմարտություն,
Նա փշրում է և ջարդում է
Ուսում, արհեստ, գիտություն:

ԺԱ

Պարզամիտ Սոֆու վերա
Մեծ էր նորա ազդեցություն.
Նա եղավ լուռ, մտածող,
Փոխեց կյանքի կացություն:

Կարճացրուց մազերը,
Սկսեց չըսանրվել,
Արհամարհել ամեն բան,
Եվ հասարակ հագնվել:

Եվ առանց պառավ տատին
Փողոցները չափչըփել,
Իվանովի գրքատունը
Ստեպ-ստեպ հաճախել:

Գոտևորված էր Սոֆին
Սև և մաշկյա քամարով,
Նա գիտության նահատակ
Ձևանում էր նորանով:

Համալսարանից թերուս
Արտաքսածի կացարան՝
Գիշերային ժամերի՝
Էր նորա զվարճարան:

Ուր բաժակները զեղուն
Քամում էին երգելով,
Ուր ջութակը չէր լռում,
Կյանքն ուրախ էր, անխռով:

Ուր ազատ հերոսուհին
Դրոշմում էր խիստ սիրով՝
Յուր կուսական թշերը
Կոմունական համբուրով:

Բայց հայրենի աշխարհի
Կյանքն, ապրուստ և շրջան,
Տաղտկալի էր խիստ նորան
Մինչև վերջին աստիճան:

Նորա սիրտը ձգում էր
Մի գաղտնի ցանկություն,
Դեպի Ժենև և Ցյուրիխ,
Ալպիների բնություն:

Բայց թե ի ՞նչ էր նպատակ,
Նա ինքն էլ չըգիտեր,
Միայն Ցյուրիխ գնալը
Այն օրերում մոդա էր:

ԺԲ

Անցա՛ն, անցա՛ն տարիներ,
Անցա՛ն տարիք կրկնակի,
Երսուն ամին կանգնած էր
Միջօրեում հասակի...

Եվ ժամանակն անգութ
Յուր հոսանքով աննկատ`
Քաղում էր նորա դեմքից
Թարմ վարդերը անընդհատ:

Հնանո՜ւմ էր իմ Սոֆին...
Գեղեցկությունը, ավա ՛ղ,
Օրըստօրե կորչում էր
Սիրուն դեմքիցը չքնաղ:

Չքացել էր մեր Պյոտրը,
Սոֆու անգութ հերոսը,
Կլուբների դյուցազնը,
Գիտության մարտիրոսը...??

Տանիլ տվեց մեծ գումար,
Նա զզվեցավ Թիֆլիզից,
Պարտատիրոջ երկյուղեն
Անհետացավ Կավկազից...

Փեսաներ այնուհետև
Սկսան ուշ հայտնվել,
Եվ նազելի իմ Սոֆուն
Պակաս, ստոր գին դնել:

Դիմողները միշտ էին
Գռեհիկ և ցած մարդիկ,
Եվ ո ՜չ թավադ, հաշտարար,
Կամ նադվորնիյ սովետնիկ:

«Հայի խարջ չէ», ասում էր
Պատվավոր քաղաքացին,
«Էլ պետքը չէ», ասում էր
Կախեթացի վրացին:

«Լըպզտած է», ասում էր
Դատավորը հաշտարար,
Խեղճ Սոֆուն ամեն մինը
Բիծ էր դնում անհամար...

Խոնարհեցա՛ վ և ընկա՛վ
Հպարտ սիրտը կուսական,
Սի՜րտը խաբված սերիցը
Կոտրած, հանգած, անկենդան...

Հաշտվեցավ բախտի հետ
Այնուհետև խե՜ղճ Սոֆին,
Աղքատ, ծերուկ չինովնիկ
Ընտրեց յուրյան ամուսին:

Հունադավան քահանան
Կատարեց յուր պսակը,
Բայց մոռանալ չէր կարող
Նա Պյոտրի հիշատակը...

Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby
Alexander Spendiaryan

Lullaby

Awakening, 1963
Awakening, 1963
Play Online