Raffi

Սուրբ ոսկերք

Անապատ, անշեն, դաշտ էր ընդհանուր,
Ուր թափառում եմ մտահույզ, տխուր,
Ուր ավերակաց տրտում տեսարան
Բերե անախորժ զգացմունք իմ վերան:

Ադամա որդվոց չէր լսվում աստ շունչ,
Այլ բուի ճչյուն, աղվիսաց մռունչ,
Միակ հիշատակ աստ հին մարդկության
Ներկայանում է ցուրտ դամբանարան:

Անգութ ժամանակ, կռովն ծերունին,
Ստեղծագործության այդ հին թշնամին,
Մարդկանց մարմիններ փոշի դարձրել ողջ,
Մի կառափ միայն մնացել էր ամբողջ:

Անապատի մեջ, թեև դուզնաքյա,
Վաղամեռ մարդու այդ մնացորդը
Ինձ շատ գրավեց, վեր առա նորան,
Դրած նայում եմ, իմ ծնկի վերան:

Երանի՛ վերին գրոց սրբազան,
Լինեի դպիր, և տառք զանազան
Ես բացատրեի այդ լայն ճակատին,
Թե ո՞վ էր արդյոք մարդու այդ որդին:

Արդյո՞ք արքայի դա գլուխ թագազարդ,
Որ յուր գահույից մահվան սուր գեղարդ
Զարկեց, կործանեց, տարավ հողի տակ,
Կորավ նորա փառք, մարգարտյա պսակ:

Արդյո՞ք մի աղքատ, քրքրված մուրացիկ,
Որո կենաց թել սովո կտրեց ժանիք,
Եվ բարի մարդիկ նորա մեռած դին
Բերին թաղեցին մեջ այդ ցուրտ հողին:

Արդյո՞ք ծերունի մի սուրբ րաբուն,
Քարոզող փրկչի կտակ և անուն,
Վարվարաց ձեռքից խմավ դառն բաժակ,
Հիսուսի սիրուն եղավ նահատակ:

Ասա՜, ո՜վ վերին գողտրիկ Զվարթուն,
Որ պահպանում ես այդ փթած աճյուն,
Ո ՞ւմ կըպատկանի փշրած այդ կառափ,
Որ բերե գաղտնի ինձ վերա սարսափ:

Հանկարծ լսելի եղավ մի հնչյուն,
Որպես զեփյուռի հեզիկ շշնջյուն.
Եվ նորա միջից որոշ այդ ձայներ,
Ինձ զմայլանաց բերին հիացում:

«Դա էր քաջ Վարդանն՝ այն հայ տղամարդ,
Շավարշան դաշտում մարտնչեց յուր մարտ,
Կրոնի, հայրենյաց և ազգի համար
Նա թափեց արյուն, եղավ զոհ արդար:

Դա սպարապետ էր Հայոց զորքին,
Սիրող հայրենյաց, սիրող յուր ազգին,
Որ մինչև կենաց յուր վերջին վայրկյան
Եղավ յուր ազգին շահավետ անդամ:

Աներևույթ ձայն ազդեց իմ սրտին,
Ես սուրբ նշխարքը դրեցի գետին.
Եվ նորա առջև ծունկ իջա շուտով,
Երկրպագեցի երկյուղած սրտով:

Ինձ տիրեց սարսափ: Կոչեմ սաստկագին.
Դա ազգասերի գլուխ է անգին,
Դա մեր հերոսի գանգն է քաջազեն,
Որ փրկեց կրոն զենտի կրակեն:

Քեզ, ո՜վ սուրբ ոսկերք, ես պիտի պաշտեմ,
Ոսկի, արծաթի սափորում կամփոփեմ,
Կըշինեմ մատուռ, տաճար, սուրբ սեղան,
Կըկանգնեմ քեզի մի անմահ արձան:

Առավոտյան շուտ ես քո առջևը,
Եվ երեկոյան ծնկներու վերա,
Կըլամ, կըվերուղղեմ աղոթք ջերմաջերմ,
Դու իմ բարեխոս, ես քեզ կաղերսեմ:

Երբ որ դավ դնե անգութ թշնամին,
Եվ պատժել պետք էր այն անզգամին,
Ես կըռվի դաշտում, սուրբ իմ ձեռքում,
Կըխնդրեմ միայն քեզնից օգնություն:

Ծովի միջումն, երբ տանջե մրրիկ,
Ինձ տակով անեն լեռնացյալ ալիք,
Երբ կըսպառնա ինձ մահ և սարսափ
Անապատի մեջ մի Բետով-արաբ.

Ամեն տեղ, ամեն փորձանքում
Քո անուն կըհիշեմ, քեզնից օգնություն,
Քեզնից փրկություն ես միշտ կըխնդրեմ,
Դու ես մեր Փրկիչ, ես քեզ կը պաշտեմ:

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Childhood
Childhood
Play Online

Support us! Buy our art based products from online shop