Raffi

Հայի կաղանդը

Համաշխարհային ժամացույց
Զարկեց վայրկյան յուր վերջին,
Հին տարին տեղի տվեց
Կաղանդին օր առաջին:

Դղյակների գագաթեն
Գոռացին թնդանոթներ,
Եվ բյուրավոր հրացայտ
Որոտացին անոթներ:

Հարա՛յ-հրոց, աղաղակ,
Երգ և աղոթք խառնաձայն,
Խառնիճաղանջ ամբոխից
Դեպի երկինք բարձրացան:

Շուկա, փողոց, հրապարակ,
Լի են մարդկանց բազմություն.
Նոքա ուրախ, խնդամիտ,
Խումբ-խումբ շրջեն տընից տուն:

Շնորհավոր նոր կաղանդ,
Շնորհավոր նոր տարի.
Բարեմաղթում են շատ բախտ,
Եվ ապագա կյանք բարի:

Դու մի՜ ժպտա, դժբախտ հայ,
Մի՜ նախանձիր օտարին,
Քեզ համար չէ՜ բերկրություն,
Քեզ համար չէ՜ նոր տարին:

Նա քեզ համար չէ՜ բերել
Ո՜չ նոր կյանք, ոչ նոր օր,
Քեզ երեկն և այսօր՝
Նույն վիճակն է դարևոր...

Ի՞նչ գործեցիր դու հերվան
Իզուր վատնած քո տարում,
Ո՞ր թերությանց, ո՞ր կարյաց
Տվեցիր դու կատարում:

Պանդխտության վարանքից՝
Քո որդիքը ցիրուցան՝
Դեպ բնիկ յուրյանց երկիր՝
Դարձա՞ն դեպի Հայաստան:

Թե նոքա դեռ թափառ են
Ամեն գոտի աշխարհաց,
Բոբիկ ոտքով, կիսամերկ,
Մուրանալու պատառ հաց:

Հայրենական յուր երկրում
Վաստակավոր մշակը
Բանեցնո՞ւմ է արորը,
Բարվո՞ք է յուր վիճակը:

Թե նորա հողն աղայի
Ժառանգական է կալվածք,
Յուր որդիքը սովատանջ
Չունեն տանում պատառ հաց:

Վտարեցա՞ն մեր միջեն
Վասակների սև ոհմակ,
Թե դեռ տիրեն՝ Բրքիշո,
Պապ, Մերուժան և Սուրմակ:

Կրոնական մրրիկով
Եղբայրք զատված մեզանից
Ազգայնության սուրբ ուխտով՝
Մեզ հետ եղա ՞ն կապակից:

Թե դեռևս պրոտներ
Եվ եզվիտը դաժան՝
Մեր մեջ ձգեն հերձված,
Ազգն առնեն բաժան-բաժան:

Եվ ազա՞տ է մեր կրոնք
Մահմեդի հալածանքեն.
Թուրքն ու պարսիկ չե՞ն զրկում
Հային յուր սուրբ բաղձանքեն:

Թե մեր դստերք գեղեցիկ,
Նշնված հայի տղային,
Քարշ են տալիս դեպ հարեմ,
Տանեն թուրքի տղային:

Հալածեցի՞նք մեր միջեն
Այն դարևոր սև խավար,
Մտցրի՞նք արհեստ, գիտություն
Եվ լուսավոր գաղափար:

Եվ մեր մանուկ սերունդին
Տվի՞նք մտավոր զարգացում,
Թե դեռ սաղմոս, ժամագիրք
Տիրում են մեր դպրոցում:

Ո՜չ, հային չէ նոր տարի,
Դեռ դժբախտ է մեր վիճակ,
Հայը դեռ հին ախտերի
Վայելում է դառն բաժակ...

Հայնժամ է մեր նոր տարի,
Երբ կընորոգվի մեր դրություն,
Մանկահասակ նոր կյանքով
Կստանանք նոր գոյություն:

Be the first who will comment on this
Yatuk Music
Elegy
Arno Babajanyan

Elegy