Raffi

Գերեզմանք

Անապատ դաշտում, խուլ, լայնատարած,
Սփռված են անթիվ հիշատակարանք,
Այստեղ մարդերի, հինավուրց մեռած,
Պահվում են խնամքով մարմնի փշրանք:

Ահա՜ նոր աշխարհ, ուր որ տիրում է
Աստուծո հանգիստ միաբանություն,
Այստեղ ճշտորեն հանդիսանում է`
Սեր, եղբայրություն, հավասարություն:

Արքա և կայսր, երկրի տիրապետ,
Բավականացած քանի գազ հողով,
Յուրյանց ստրուկ հպատակաց հետ
Են պառկած միասին՝ հաշտությամբ, սիրով:

Եվ բռնակալն, արյան ծարավին,
Թափելով սրտեն թույն և չար նախանձ,
Վրեժխնդիր սիրտն էլ չէ բնավին
Խորհում յուր զոհերն առնել գիշախանձ:

Եվ հարստականն, արծաթո մոլին,
(Փողից կշտացած է սիրտն անհագ)
Էլ չէ աշխատում խաբել ընկերին,
Որսալ նորանից շահավետ վաստակ:

Եվ ավազակը՝ թողելով կողոպուտ,
Նա էլ աչք չունի հարստի կամքին,
Չէ հափշտակում նա այլոց օգուտ,
Կարծես, զղջացել է նորա հոգին:

Եվ մուրացկանը, օտարի կարոտ,
Ձեռքը չէ ձգում խնդրելու դրամ,
Անգութ ագահի դեմքը կնճռոտ
Չէ՜ զարհուրեցնում խղճին անխնամ:

Եվ ախտաբորբոք, մոլի տարփածուն,
Հուպ գեղագանգուր, մատղահաս կուսին,
Նորա սիրտն որսալ էլ չէ մտածում,
Հանգած է սերը նոցա երկուսին:

Ահա՜ մարգարեի5 գուշակած աշխարհ,
Ուր բնակվում են գայլն ու գառնուկ,
Ուր են հավասար, միմյանց եղբայր՝
Իշխան, թագավոր, գերի և ստրուկ...

Be the first who will comment on this
Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

St. Hripsime Monastery
St. Hripsime Monastery
Play Online