Petros Duryan

Դրժել

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մըթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
Որ կըշպարե դեմքը լուսնույն։

Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
Հուզեց ներա հոգին ու լանջ։

Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալ–ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։

Օվկեան մը տրտունջ լսեցի,
«Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։

Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
Նրա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող
Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝
Կվառե երազ մ՚որուն մեկ շող։

Ամպրոպ մը սաստ ցընցեց հոգիս,
Գոչեց. «Սիրել չե՛ս կրնար զիս»։

Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին՝
Խնկարկելու սիրտն անապատ,
Ցուցի իրեն ճակատս գունատ,
Կուրծըս գոգած՝ մառն իմ աչքին,
Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին,
Զինքը սիրելս հըծծեցին հայտ։

Նե հեռացավ ինձմե, ըսավ՝
«Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։

Որոտացին խոկմանցս ամպեր,
Կայծակնահար ըրին հոգիս,
Մոխիր դարձան երազներս հիս,
Ճակատագիրս խնծղաց ի վեր,
Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր,
Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս․․․

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

1871
Be the first who will comment on this
Yatuk Music
Song of the Aisors
George Gurdjieff

Song of the Aisors

Divination with a cup of coffee
Divination with a cup of coffee
Play Online