Paruyr Sevak
Խոհ ջահելության մասին
I
Թարմությամբ է շնչում մեր մարմինը կայտառ,
Տանջում է մեզ հաճախ ավելցուկ կորովից.
Մկանների խաղից սուր խտուտ են զգում
Մեր բազուկներն առողջ...
Սիրում ենք մենք կարդալ
Աղջիկների հայացքը խռովիչ,
Նրանց ժպիտները, որոնք անբառ բառով
Զրուցում են մեզ հետ
Երազներից, սիրուց և գորովից...
Քայլից մեր կորովի - մայթերը ժպտում են,
Ժպտում՝ մերթ ծառերի կանաչ կատարներով
Ու մերթ խանութների ցուցափեղկով մաքուր.
Ժամի պես թռչում է, անէանում տարին,
Մինչ պատրաստ ենք կառչել ատամներով
Ուրախության անցնող ակնթարթից թեկուզ...
-Ջահել ենք մենք, այո՛,
Ինչպես որ չեն եղել տարեկիցները մեր
Ո՛չ մի երկնքի տակ, ո՛չ մի դարում...
Բայց լինելով առույգ, երջանիկ և առողջ,
Մենք անփույթ չենք եղել
Անգամ մեր մանկական տարիներում այն վառ.-
-Հանգամանքները մեզ հասուն են դարձրել
Կարծես մեր տարիքից ավելի վաղ...
II
Մեծ Հոկտեմբերն էր, որ մեզ սերմանեց,
Եվ առաջին ճիչը,
Մեր առաջին ճիչը
Անլսելի դարձավ այն խոլ կռիվներում,
Ուր թշնամին իբրև դժնատեսիլ անեծք
Կախվել էր մեր անմեղ օրոցքների վրա,
Մինչդեռ, իբրև բարի և փրկարար հուռութք,
Հնգճյուղանի աստղը
Իր բախտի հետ նաև մեր կյանքն էր պաշտպանում...
Մենք առաջինն էինք, որոնց մկրտեցին
Ո՛չ մյուռոնով թթված,
Այլ ռևոլյուցիայի ավազանում,
Եվ առաջին բառը, որ սերտեցինք,
Չէր կրկնված անուն,
Որով մորը, հորը, եղբորն են անվանում.-
Դեռևս քայլելով չորեքթաթիկ,
Մենք նախ շշնջացինք.
-Լենին պապիկ…
Մենք առաջինն էինք, որ մեր մոր ստինքից
Ներծծեցինք կարծես
Մոր կաթի հետ նաև հասուն խելք ու բնազդ,
Ու մեր մանկությունը անցավ և՛ մանկաձև,
Բայց յուրովի՛ այնքան,
Այնքան տարբե՛ր սակայն,
Որ հին սերունդներին թվար գուցե
Ո՛չ մանկություն բնավ...
Ի՞նչ էր հեքիաթների կրտսեր ու քաջ որդին
Նրա քեռու, իմ հոր և քո եղբոր առաջ.
Ի՞նչ էր հեքիաթների լուսավոր ու մթին՝
Իրար միշտ հակառակ աշխարհների
Ներհակությունը պա՜րզ և հասարակ -
Իրական աշխարհի ներհակության առաջ...
...Մեր խաղերն իսկ կարծես
Ձևված էին օրվա ահեղ անց ու դարձի
Եվ իրական կյանքի ներհակության վրա,
Երբ մենք փոշիներում նեղ փողոցի,
Այգիներում բերրի, արոտներում անբերք
Ո՛չ թե խաղում էինք «պահմտոցի»,
Այլ «մարտնչում» էինք «բուրժուի» դեմ...
Այսպես մենք մեծացանք ու ապրեցինք կյանքում,
Բայց դեռ չգիտեինք, թե ի՛նչ է «կյանք», «ապրել»,
Երբ ահավոր մահը մեզ հանդիպեց.-
...Տուն դառնալով «կռվից», փոշիներով «արնոտ»,
Դեռ առաջին անգամ մինչ այդ մեզ անծանոթ
«Ուրախություն» բառը նո՛ր միայն հասկացած
(Կռիվ-խաղում տարած մեր հաղթության պատվին),-
Ո՞վ չտեսավ արդյոք դառն արցունքի կաթիլ
Իր հոր արևախանձ քթարմատին,
Ո՞վ չլսեց արդյոք հեկեկանքը իր մոր.
-Ինչո՞ ւ:
-Մեռել է...
-Ո՞վ...
-Լենին պապին...
...Այսպես մեր հոգու մեջ կյանքը իրար խառնեց
Մեր առաջին վիշտը և առաջին խինդը,
Մեր առաջին վիշտը, որ մատներով քարե
Կմճտեց մեր սիրտը... սակայն բերեց նաև
Եվ առաջին միտքը.
-Ապրել ու պայքարել
Ինչպես Լենինն ինքը...
III
Իսկ նա պատվիրել էր նախ սովորել:
-Դպրո՛ց, ուսումնարա՛ն, գիրք ու հրա՛շք...
Մեր աչքերի առաջ միանգամից
Հանկարծակի իրեն դրսևորեց
Մի անծանո՜թ աշխարհ նո՛ւյն աշխարհի վրա:
Գալիքը մեր կյանքի
Հեռո՜ւ-հեռուներից մեզ երևաց արդեն,
Դրսևորեց իրեն պարզ ու որոշակի,
Երբ մեր առաջ կանգնեց անցյալի դեմ:
Մենք իմացանք արդեն,
Որ քարն իր ծավալով է ջուր արտամղում,
Ուստի հարկավոր է լինել ո՛չ թե թեթև,
Այլ մե՛ծ, ծանրաբարո՛ և ծավալո՜ւն:
Մենք իմացանք արդեն
Օրենքը հակադարձ բաղդատության.
Դու թո՛ւյլ լինես եթե՝
Ուժեղ պետք է լինի չար թշնամին քո տան:
Մենք իմացանք նաև,
Որ մենք ծնվել էինք, աշխարհ եկել
Ո՛չ լոկ մեր մայրերի արգանդից մերկ,
Այլ խավարից խարխուլ հին աշխարհի.-
Ուստի՝ նախ և առաջ մեզ օթևա՛ն էր պետք,
Հարկավոր էր կերտել դաստակերտնե՛ր քարից,
Հարկավոր էր կերտել գործարաննե՛ր բազում
Եվ քաղաքնե՜ր շինել պայծառ ու բազմամբոխ,
Քամել ու ամբարել բերք ու բարիք փարթամ,
Որ այնուհետ միայն մեր բերանում լեզո՛ւն
Եվ մեր կրծքի ներքո արդարացի խանդով
Սե՛րը, ցանկությո՜ւնը և տենչա՜նքը խայտար...
Եվ առաջին սերը մեզ շա՜տ ուշ այցելեց -
Պատանության փակվող դարպասների առաջ,
Քանզի կառուցման ու կերտման մոլուցքի մեջ,
Աննախադեպ մի նոր կյանքի համար
Պայքարի դիրքերում,
Կարծես ո՛չ ժամանակ և ո՛չ էլ ցանկություն
Ունեցանք մենք՝
Հույզերը անձնական,
Մեր զգացումները տեսնել և դիտելու...
Իսկ մինչ այդ, մինչ այն -
Նա մեր կրծքի ներքո միանգամից աճեց,
Հսկայացավ իբրև առասպելի մանուկ:
Բայց շատերը մեզնից
Մեկ ուրիշի առաջ դեռ այն չէին բացել,
Երբ անխուսափ դարձավ կամ այն կրկի՛ն գոցել,
Կամ նրա հետ մեկտեղ և միասին -
Մերթ այն իբրև ամուր զրահ հագած,
Մերթ զրահի ներքո՝ մեր կրծքի տակ փակած,-
Ելնել մեզ փրկելու չար օրհասից...
Նենգ թշնամին արդեն մեր դռանն էր հասել
Խաղաղ մեր շեները այրող իր առաջին ինքնաթիռով...
Ու մենք լուռ փակեցինք դասագիրքը մեր բաց,
Թողած դպրո՛ց, դասե՛ր,
Կիսատ թողած նաև խոստովանքը սիրո,
Ելանք ի մա՛րտ, գրո՜հ...
IV
Ջահելությունը մեր
Վրա հասավ կռվի թեժ դիրքերում,
Խրամատում խոնավ,
Մեր հայրենի տնից հաճախ այնքա՜ն հեռու,
Փրկության ու մահվան ակնթարթի առաջ:
Նա ծովերում թրջվեց և չխեղդվեց հազիվ
Ալիքներից գոռոզ և կատաղի,
Դուրս ելնելիս բերած մեջքի վրա
Ջրականի սպին, իսկ կոպերի վրա՝
Քարացած մրմուռը օվկիանոսյան աղի...
Թրջվե՜ց, օ, նա թրջվեց և ցամաքում՝
Քրտինքից ավելի իր արյունով,
Եվ չորացավ եթե՝ նա չորացավ անգութ
Բոցերից այն, հրից այն խոլ հրդեհների,
Որոնք իր հայրենի տունն էին ճարակում...
Ջահելությունը մեր...
Գնդակն առավ նրան և խոցոտեց,
Վառոդի ծուխն անգամ
Կարծրացավ կիսախանձ նրա թարթիչներին...
Տանկը նրան ոտնեց
Եվ արկերի անթիվ բեկոր-պատիճներից
Կերպարանքը նրա
Ոչ այն է թե կարծես նոր ծաղկատար դարձավ,
Ոչ այն է թե հանկարծ ընդմիշտ պեպենոտվեց...
Այո՛, տեսավ նա մահ, կործանում և ավեր
Ապրեց անկում, արյուն և արհավիրք,
Բայց ինքն իրեն երբե՜ք, երբե՛ք նա չդավեց
Եվ ինքն իրեն փրկեց օրհասական ժամին...
. . . . . . . . . . . . . . . . . . .
V
...Այսպես, պատերազմի սարսափները ապրած,
Ապրած զրկանքների, լարման պահեր,
Որոնց չէր դիմանա
Ուրիշ ոչ մի մկան, ուրիշ նյարդ ու ջիղ,-
Մենք քայլում ենք հիմա նորից առո՛ւյգ, ջահե՜լ,
Մենք քայլում ենք հիմա
Կեցվածքներով հպարտ և հայացքով վճիտ:
Մենք քայլում ենք հիմա
Եվ աշխատում, գործում և երազում նորից,
Եվ ժպտում ենք խաղաղ՝ նման մանկան,
Ու պատրաստ ենք անգամ
Մարող վերջալույսի երփներանգ գույներից
Նորից գծել ջահել կնոջ ու աղջկա
Կերպարանքներ թովիչ -
Հանդերձներով շքեղ, երերածուփ...
Ու պատրաստ ենք անգամ,
Առանց հարցընելու վաճառման գներից,
Նրանց համար գնել երկինքներ ու աստղեր,
Եվ դղյակներ՝ սիրո խորհուրդներով լեցուն...
Այո՛, ջահել ենք մենք,
Մեր մարմընով կայտառ, մեր սրտերով արի,
Մեր աշխարհո՛վ, հողո՛վ,ապագայո՛վ.
Ջահել ենք մենք, սակայն և միևնույն պահին
Կրած տառապանքով, մաքառումով, ցավով,
Անցած և դեռ գալիք փորձանքներից
Ո՛վ կարող է ասել՝ քանի՜ հազար դարի
Իմաստություն ու փորձ, զգոնություն մի սառն
Եվ տաք բոցկլտումներ ու ժայթքումներ դիզած...
Դո՛ւ, որ դարեր հետո
Փորձես պիտի կերտել մեզ արժանի արձան,
Դո՛ւ, որ լոկ գրքերի անկյանք արահետով
Կուզես մեր դեմքերը տեսնել պարզ ու պայծառ,
Հազարամյակների փոշիների տակից,-
Ուզում եմ քեզ օգնել, արվեստակի՛ց:
Պե՛տք չեն հղացումներ, գյուտեր տաղանդավոր,
Սլացումներ ըմբոստ ու կեցվածքներ խրոխտ,
Նույնպես անթեք գլուխ, համառ ծնոտ պետք չէ՛:
Աշակերտի նման
Դուք մեր դեմքը միայն... պատճենեցե՛ք:
Նա ամե՜ն ինչ կասի իր գծերով -
Եվ այնքա՜ն հասարակ,
Եվ այնքա՜ն անսովոր:
Պատվանդանի վրա
Պետք չէ փորագրել ո՛չ մի անուն:
Առանց այդ էլ պիտի մեզ ճանաչեն նրանք:
Ուրիշ այդ ո՛ր դարում,
Ուրիշ ո՛ր աշխարհում
Կա՛ր, կարո՛ղ էր լինել մի այսպիսի սերունդ -
Հավերժորեն կայտա՛ռ, երիտասա՜րդ,
Եվ միևնույն պահին՝
Իմաստությամբ, փորձով, տառապանքով հարուստ...
14-24.VIII.1947թ. 16.IX.1947թ.
Նավչալու Երևան
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Elegy
Singulart
Play Online