Paruyr Sevak

Աստծո քարտուղարը

Ձորակն ասես լինի մի նեղ թանաքաման,
Ու նրա մեջ շեղ տնկված է հին ջրվեժը՝
Այնպե՜ս նման փղոսկըրե գրչակոթի:
Կողքին՝ մի դաշտ քառակուսի և գույնզգույն,
Ասես մի մեծ նամականիշ, որ կնքված է
Դեմի լեռան մեծ դրոշմով...
Եթե բառերն էլի՛ բռնեն
Իրենց նախկին իմաստների տեղը լքված,
Եթե բայերն իրո՛ք դառնան գործողություն,
Ածականներն իրոք դառնան հատկանիշներ շոշափելի,
Ինչպես որ, տե՛ս, այս հին հողը
Եվ քարքարոտ այս լեռները
Հիմա կրկին՝
Միջնորդությամբ ամառնացող արեգակի՝
Իրենց նախկին - հրահեղուկ շեկ ջերմության
Գեթ մի մասն են վերստանում,
Եթե նաև ե՛ս մոռացած չլինեի
Շատ հեռավոր նախնիներիս առողջ լեզուն,
Որ ամեն բան կոչում էր միշտ իր անունով,
Ուներ խոսքեր ոչ թե մաշված ու լպրծուն՝
Ինչպես ողորկ գետաքարը,
Այլ սրակող և արյունող՝
Ինչպես ցասկոտ որձաքարի թարմ բեկորը...
Ա՜խ, թե լինե՛ր,
Այսպե՛ս լիներ,-
Ես համարձակ կմեկնեի հիմա աջըս,
Կխլեի փղոսկըրե այդ գրիչը,
Թաթախելով
Նեղլիկ ձորի շրջադարձող սահանքի մեջ՝
Ճերմակ - փրփուր այդ թանաքով կգրեի,
Թավ անտառի միատարած մուգ կանաչի լայնքի վրա,
Կգրեի հին գրբացի՛ - կախարդի՜ պես,
Կգրեի
Հնամենի մի հմայի՛լ,
Հուռու՛թք մի հին,
Որ... չի՜ կարող չկատարվել։
Ու... երկո՛ւ բառ կգրեի ընդամենը.
«Տենչա՜մ զքեզ»:
Կգրեի՜,
Տեղն ու տեղն էլ կվառեի՛,
Որ երկինքը
Զոհի ծխի խաբկանքն զգար,
Ու ծխայիր այդ տենչանքով նաև ի՛նքըդ...
Այնժամ նորից գրչակոթը
Կվերածվեր հին ջրվեժի,
Թանաքամանն անմիջապես ձոր կդառնար,
Դաշտ կդառնար նամականիշն իսկույնևեթ,
Ու չէր լինի լեռը դրոշմ:
Բայց բառե՜րը
Կմնային նո՛ւյնքան սուրսայր ու սրակող,
Հնչյունի տակ իմաստները չէի՛ն մեռնի,
Ուստի ինքս էլ կդառնայի մի բանաստեղծ
Կամ... հի՜ն աստծու նո՛ր քարտուղար...

23.III.1964թ.
Դիլիջան
Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Greeting
Greeting
Play Online