Paruyr Sevak

Աղմկում եմ

Այս ամենը արդյոք ի՞նչ է.
Խեղճի նվոց ու ճռի՞նչ է,
Թե՞ մի ճիչ է
Ու մորմոքում
Հզոր հոգու:
Եվ գալիքի աչքում ի՞նչ եմ.
Ճո՞րտ եմ արդյոք,
Թե՞ ազատ եմ,
Հարազա՞տ եմ,
Թե՞ լոկ բիճ եմ:
Կենդանաշատ մի հատա՞կ եմ,
Թե՞ լոկ այնտեղ ննջող խիճ եմ,
Կախարդում եմ ու մոգո՞ւմ եմ,
Թե՞... պարզապես աղմըկում եմ:
Եվ իրար հետ դաշնակի՞ց են,
Թե՞ թշնամի զույգ բանակ են
Իմ մեջ քանակն ու որակը:
Եվ ապագա ինչ-որ ժամի
Ես՝ գազանըս,
Ես՝ վազանըս,
Չե՞մ շորորա ու չե՞մ քայլի հենափայտով:
Սա
Ո՛չ աղքատ ձևանալ է,
Ոչ հանաք է.
Հանրահաշվի մի խնդիր է՝ զույգ անհայտով,
Որ կարող է լուծել միայն ժամանակը:
Իսկ առայժըմ աղմըկում եմ,
Ինչպես ջուրը,
Որը ի՞նչ է,
Ծո՞վ է,
Լի՞ճ է,
Թե՞ ճահիճ է.
Տա՞ք է,
Պղտո՞ր,
Պաղ ու ջի՞նջ է,-
Վերջին հաշվով ջրի համար
Միևնույնն է կամ ոչինչ է.
Նա հոսում է
Ու խոսում է՝
Իր սեփական ձայնը բնա՜վ չլսելով,
Ո՛չ ցավ զգում,
Ո՛չ էլ սգում՝
Իր գեղեցիկ մահը բնա՜վ չափսոսալով...
Իսկ առայժըմ աղմըկում եմ.
-Գոնե լսե՜ք...

13.XI.1957թ.
Մոսկվա
Be the first who will comment on this
Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn

Aspiration
Aspiration
Play Online