Narek Sargsyan

Հակաքայլը

Փոխնախարար Սողոմոնյանը՝ հաղթանդամ, սպիտակած մազերով, կլոր դեմքով, մոտ 56 տարեկան մի տղամարդ, նստած իր հարմարավետ աթոռին, համակարգչով խաղ էր խաղում։

Ներս է մտնում քարտուղարուհին․

-Պարո՛ն Սողոմոնյան, Ձեզ մոտ ցանկանում է մի քաղաքացի մտնել, ասում է կարևոր զրույց ունի Ձեզ հետ։

-Կարևոր զրու՞յց, էդ ո՞վ ա։

-Լրագրող է,-պատասխանեց քարտուղարուհին։

-Լավ, ասա թող ներս գա, տեսնեմ, ինչ ա ուզում,-անտարբեր ասաց Սողոմոնյանը՝ հայացքը չկտրելով համակարգչի խաղից։

-Շատ լավ։

Շուտով ներս է մտնում լրագրող Գայանեն։ Վերջինս մոտ 30 տարեկան, կարճահասակ, սև մազերով, փոքր ինչ գեր կին էր։ Մի քանի ամիս առաջ Գայանեն աշխատում էր հայաստանյան հայտնի լրատվականներից մեկում, սակայն, երբ լրատվականի խմբագրի ու սեփականատիրոջ հետ անհաղթահարելի հակասություններ ծագեցին, նա իր կամքով

ազատվեց աշխատանքից։ Հետո որոշեց ինքնուրույն զբաղվել լրագրությամբ․ ստեղծեց իր լրագրողական հեղինակային Յութուբ ալիքը և սոցիալական ցանցի էջը։

-Բարև Ձեզ, պարո՛ն Սողոմոնյան, կարելի է՞։

-Դե եթե արդեն ներս եք եկել, ուրեմն կարելի է,-պատասխանեց Սողոմոնյանը՝ զննող հայացքով Գայանեին նայելով։

-Ինչպե՞ս եք, պարո՛ն Սողոմոնյան, ինչպե՞ս են Ձեր գործերը,-մեղմ ժպտալով հարցրեց Գայանեն՝ փորձելով ավելի մտերմիկ ու անմիջական դարձնել զրույցը։

-Ինչպե՞ս է Ձեր անունը,-արհամարհական հայացքով նայելով Գայանեին՝ հարցրեց Սողոմոնյանը։

-Անունս Գայանե է, ես․․․

-Հարգելի՛ Գայանե, ինչո՞վ կարող եմ Ձեզ օգտակար լինել, ինչի՞ համար եք եկել, ընդհատելով Գայանեին՝ հարցրեց Սողոմոնյանը։

-Պարո՛ն Սողոմոնյան, ինչպես գիտեք, ես երկար տարիներ աշխատել եմ հայտնի լրատվականում որպես լրագրող․․․

-Խնդրում եմ, առանց երկար պատմությունների,- դժգոհ տոնով ընդհատեց Գայանեի խոսքը Սողոմոնյանը,-կոնկրետ ասեք՝ ինչ ե՞ք ուզում, ես այդքան ժամանակ չունեմ, իմ աշխատանքային գրաֆիկը խիստ ծանրաբեռնված է։

Գայանեի դեմքը շփոթմունքից ու զայրութից կարմրեց։

-Շատ բարի, մի վայրկայն սպասե՛ք,-ասաց Գայանեն՝ պայուսակից հանելով սմարթֆոնը։ Հետո սմարթֆոնի մեջ գտավ ինչ որ մի տեսանյութ ու փոխանցեց Սողոմոնյանին։

-Խնդրում եմ նայել այս տեսանյութը։

Սողոմոնյանը հետաքրքրությամբ վերցրեց սմարթֆոնն ու դիտեց տեսանյութը։ Մի պահ ապշեց ու միաժամանակ վախեցավ, բայց շատ արագ հավաքելով իրեն ու ցույց տալով, որ այդ տեսանյութը որևէ տպավարություն չթողեց իր վրա՝ ինքնավստահ տոնով հարցրեց․

-Ու ի՞նչ․․․

-Ու այն, որ ես այս տեսանյութը կարող էի տեղադրել համացանցում, ու Դուք շատ մեծ պրոբլեմներ կունենայիք։ Բայց ես դա չեմ արել, առայժմ չեմ արել․․․

-Ի՞նչ ես ուզում,- կտրուկ հարցրեց Սողոմոնյանը։

-Եթե դուք ինձ տաք 5000 դոլար, ես այս տեսանյութը կջնջեմ իմ հեռախոսի միջից ու կմոռանամ նրա մասին,-ցածր, ամոթխած ձայնով ասաց Գայանեն։

-Հա՜, հա՜, հա՜, 5000 դոլա՞ր․․, հա՜, հա՜, հ՜ա․․,-կեղծ ծիծաղեց Սողոմոնյանը՝ ցույց տալու համար, որ ընդհանրապես չվախեցավ, ու այդ տեսանյութն իր վրա որևէ տպավորություն չթողեց։

-Աղջի՛կ ջան, գիտե՞ս, որ դա կոչվում է շանտաժ ու դրա համար քրեական օրենսգրքով պատիժ է սահմանվում, գիտե՞ս, ա՛յ հիմար։

-Պարո՛ն Սողոմոնյան, ես Ձեզ մոտ եկա, որպեսզի մարդավարի զրուցենք ու իրար հասկանանք, ես Ձեզ շանտաժ չեմ անում, այլ ասում եմ, որ ես այն կտեղադրեմ համացանցում, բայց ես կարող եմ այն չտեղադրել Ձեր շնորհակալություն դիմաց, որը գին ունի, որի մասին Ձեզ ասացի,-փոքր-ինչ բարկացած ու բարձր տոնով ասաց Գայանեն։

-Դու՛րս կորիր աշխատասենյակիցս, դու՛րս,-բղավեց Սողոմոնյանը։

-Եթե մեկ շաբաթվա ընթացքում Դուք ինձ այդ գումարը չվճարեք, վիդեոն կհայտնվի ինտերնետում,-ասաց Գայանեն՝ աշխատասենյակից դուրս գալուց առաջ։

Հետո վախեցած դուրս եկավ աշխատասենյակից ու շտապեց հեռանալ։ Բարկացած՝ Սողոմոնյանը բռունցքով հարվածեց սեղանին։

Լսելով ձայնը՝ քարտուղարուհին վախեցած ներս մտավ․

-Ի՞նչ է պատահել, պարո՛ն Սողոմոնյան։

-Աղջիկ ջան, ես քեզ կանչե՞լ էի, որ ներս մտար։

-Ոչ, պարզապես․․․,-կմկմաց քարտուղարուհին։

-Դե, եթե ոչ, ուրեմն դու՛րս արի, կգաս, երբ քեզ կկանչեմ, լա՞վ,-զայրացավ քարտուղարուհու վրա Սողոմոնյանը։

Քարտուղարուհին դուրս եկավ։ Մենակ մնալով՝ պահարանի միջից հանեց մի թանկարժեք կոնյակ, որն իրեն նվիրել էին, լցրեց բաժակը ու ումպ արեց՝ նյարդերը թուլացնելու համար։

Հետո վերցրեց սմարթֆոնն ու զանգահարեց․

-Ալո, Կարե՞ն․․․

-Լսում եմ, պարո՛ն Սողոմոնյան, ինչպե՞ս եք, ի՞նչ է պատահել։

-Կարե՛ն, շտապ արի՛ր ինձ մոտ։

-Հո բան չի՞ պատահել, պարո՛ն Սողոմոնյան։

-Հեռախոսային զրույց չի, արի՛ կասեմ։

-Լավ, մի ժամից Ձեզ մոտ կլինեմ։

***

Ինչպես և խոստացել էր, Կարենը մոտ մեկ ժամ անց եկավ Սողոմոնյանի աշխատասենյակ։ Կարենը միջահասակ ու նիհար տղամարդ էր։ Նա բարձրաստիճան ոստիկան էր ու այդ պաշտոնին հասել էր ոչ թե իր բարձր մասնագիտական որակների շնորհիվ, այլ Սողոմոնյանի անմիջական միջնորդության արդյունքում։ Բացի այդ, Սողոմոնյանը ժամանակին շատ լավություններ էր արել Կարենին, քանի որ հին ընկերներ էին։

Ներս մտավ քարտուղարուհին, սուրճ բերեց Կարենի և Սողոմոնյանի համար։

-Շնորհակալ եմ, Շուշան ջան, կարող ես գնալ,-ասաց Սողոմոնյանը քարտուղարուհուն, ով սուրճը մատուցելուց հետո դուրս եկավ աշխատասենյակից։

-Պատվակա՛ն ջան,- դիմեց Կարենը Սողոմոնյանին անունով,- ես էստեղ գալու ճանապարհին զանգեր արեցի ու որոշ բաներ իմացա էդ աղջկա մասին։ Միայնակ ա, ամուսնացած չի, երեխաներ չունի, ծնողների հետ գժտված ա, ապրում ա առանձին՝ հիփոթեքով 2 տարի առաջ ձեռք բերած իր բնակարանում, ունի թանկարժեք մեքենա։ Ախր Պատվական ջան, ո՞նց չես ձայնագրել ձեր խոսակցությունը, հիմա էլ չենք կարող ապացուցել, որ նա քեզանից 5000 դոլար ա պահանջել։

-Լսի՛ր, Կարեն տղա,-կշտամբող հայացքով նայելով Կարենին՝ ասաց Սողոմոնյանը,- ես քեզ էստեղ նրա համար չեմ կանչել, որ դու ինձ պատմես այդ լրագրողի կենսագրությունը կամ ասես, թե ի՛նչ ունի կամ ի՛նչ չունի։

-Իսկ ինչի՞ համար ես կանչել, Պատվակա՛ն ջան,-հետաքրքրությամբ հարցրեց Կարենը։

-Լսի՛ր, Կարեն, դու ապու՞շ ես, թե՞ քեզ ես ապուշի տեղ դնում։ Էդպիսի բարձր պաշտոն ես զբաղեցնում ոստիկանությունում, բայց, տեսնում եմ, ուղեղդ հեչ չի աշխատում։

-Պարո՛ն Սողոմոնյան,-Կարենն արդեն խիստ տոնով փոխեց խոսակցության բնույթը մտերմիկից պաշտոնականի,-Դուք ինձ համար շատ բան եք արել, ես շատ շնորհակալ եմ

Ձեզանից, բայց պետք չի ինձ հետ էդ տոնով խոսել․․․

-Լսի՛ր, ա՛յ տղա։ Ես քեզ համար էնքան բան եմ արել, որ իրավունք ունեմ ամեն անգամ քեզ տեսնելիս մի լավ ապտակ հասցնել երեսիդ, մոռացե՞լ ես, թե քեզ ինչերից եմ փրկել։ Ես որ չլինեի, դու հիմա բանտում կլինեիր, իսկ որ բանտում լինեիր, էդպիսի հանցանք գործածների հետ գիտես չէ՞ թե ինչ են անում։ Բերանս բացել մի տուր։

Կարենն ամոթից ու վախից ձայնը կտրեց ու գլուխը կախեց։ Հիշեցրեցին նրան այն, ինչը նա երբեք չէր ուզի հիշել։ Դա անցյալի մի ծանր բեռ էր իր համար, որից ազատվելու համար պատրաստ էր ամեն ինչ տալու։

-Դու ինձանից ի՞նչ ես պահանջում,-կիսավախվորած ձայնով հարցրեց Կարենը։

-Դե որ էդքան անհասկացող ես, ասեմ։ Էդ աղջկան իր տեղը պետք ա ցույց տաս։ Նենց արա, որ ինքն էլ իր կյանքում չհամարձակվի նման քայլ կատարել իմ հանդեպ, հասկացա՞ր։

-Բայց ես ի՞նչ պիտի անեմ, կոնկրե՛տ ասա, - զարմացած հարցրեց Կարենը։

-Վա՜յ քո տունը շինվի, մեր միջից ոստիկանը ե՞ս եմ, թե դու։

-Ուզու՞մ ես, որ ավտոյի մեջ նարկոտիկ գցե՞մ,-շշնջալով հարցրեց Կարենը։

-Ա՛յ բութ,-բղավեց Սողոմոնյանը,- ես քեզ ըտենց բան ասցի՞,-բարկացած գոռաց Սողոմոնյանը։

-Իսկ չի՞ լինի Սողոմոնան ջան, որ փողը տաս ու պրծնես։

-Դե իհարկե, որպեսզի դու անելիք չունենաս։ Խելոք տղա ես․․․Արա՛, հարցը փողը չի, հարցն էն ա, որ մի հատ լրագրող ուզում ա ինձանից փող տանի։ Էդ նախ՝ արժանապատվության հարց ա, հետո էլ ոչ մի գարանտիա չկա, որ մի անգամ փող տալուց հետո, դա ինձ էլի շանտաժ չի անի, հասկացա՞ր։

-Իսկ էդ վիդեոյում ի՞նչ կա։ Հրապարակում ա, թող հրապարակի։

-Լսի՛ր ապուշ, էդ քո գործը չի։ Եթե ամեն ինչ էդքան լուրջ չլիներ, դու էստեղ նստած չէիր լինի։ Ես պաշտոնիս մասին չեմ մտածում։ Ուղղակի․․․ուղղակի, ես դրանից հետո կնոջս ու երեխեքիս աչքերի մեջ չեմ կարող նայել։

-Բայց ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ կարող եմ անել, ես ոստիկան էլ, ոչ թե հրաշագործ,-զարմացած հարցրեց Կարենը։

-Կարեն ջան,-զայրույթը մի կերպ զսպելով ու ձայնի տոնը իջեցնելով՝ շարունակեց Սողոմոնյանը,-քեզանից ընդամենը պահանջվում ա գործել բացառապես օրենքի սահմաններում։

-Էդ ո՞նց։

-Ասեմ ոնց։ Մարդիկ հաճախ կատարում են էնպիսի արարքներ, որոնք արգելված են վարչական իրավախախտումների կամ քրեական օրենսգրքով, ու հարցն էլ հենց էն ա, որ հաճախ մարդը չգիտի, որ իր արաքը հանցագործություն կամ զանցանք ա համարվում։ Գայանեն բացառություն չի։ Քեզանից ընդամենը պահանջվում ա լինել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ու հանցանքի պահին բռնել նրա ձեռքը օրենքի սահմաններում։ Հասկացա՞ր, չնայած գիտեմ, որ դժվար ես հասկանում։

-Լա՜վ, հասկացա,-ասաց Կարենը՝ մեծ հայտնագործություն արած մարդու շարժուձևով ու հնչերանգով։

-Փա՜ռք Աստծո․․ Դե Կարեն, ի՞նչ ես նստել, վեր կաց, գործի անցիր, քեզ ամենաուշը 7 օր ժամանակ՝ էդ հարցը լուծելու համար։ Բայց նայիր, հա՜, համը չհանես։ Կգործես միայն օրենքի սահմաններում։

-Հասկացա, Սողոմոնյան։ Դե լավ, ես գնամ, լիքը գործեր ունեմ։ Նորություն լինի, կզանգեմ։

-Դե լավ, ինձ կուրսի կպահես, թե ինչ ես պլանավորում անել։

Կարենը Սողոմոնյանի ձեռքը սեղմելուց ու հրաժեշտ տալուց հետո դուրս եկավ աշխատասենյակից։

***

Գայանեն ավտոմեքենայով մարզից վերադառնում էր Երևան։ Մի քանի կիլոմետր էր մնացել, ինչ կհասներ Երևան, հանկարծ, անսպասելիորեն, նրա ավտոմեքենան կանգնեցնում է ոստիկանության պարեկային ծառայությունը։ Գայանեն, կանգնեցնելով ավտոմեքենան, սպասում է մինչև պարեկը կմոտենա իրեն։ Պարեկը, առանց շտապելու, մոտեցավ Գայանեի

ավտոմեքենային։ Վերջինս իջեցրեց ավտոմեքենայի դռան ապակին, ու պարեկն ասաց․

-Կրտսեր պարեկ Գրիգորյան․․․

-Ինչ ա՞ պատահել, ես ի՞նչ խախտում եմ արել․գոտին գցած ա, դանդաղ էլ քշում էի,-չլսելով մինչև վերջ ոստիկանին՝ հարցրեց Գայանեն։

-Հարգելի՛ քաղաքացի, խնդրում եմ ներկայացնել Ձեր անձնագիրն ու վարորդական իրավունքի վկայականը։

-Ի՞նչի, ինչ եմ արե՞լ, կասե՞ք։

-Տիկի՛ն, ես նկատեցի, որ Դուք դեղատուփ չունեք, իսկ կրակմարիչ և վթարային կանգառի նշան ունե՞ք, ես չեմ տեսնում։ Միգուցե բեռնախցիկու՞մ է։

-Կրակմարի՞չ, դեղատու՞փ, էս նոր օրե՞նք ա փոխվել,-զարմացած հարցրեց Գայանեն։

-Ոչ մի օրենք էլ չի փոխվել։ Համաձայն ՀՀ կառավարության որոշման ՝ եթե տրանսպորտային միջոցում բացակայում են դեղատուփը, կրակմարիչը, վթարային կանգառի նշանը, ապա այդ տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է։ Այդ որոշումը նոր չէ, արդեն երկար տարիներ է, ինչ գործում է։

Գայանեն զարմանքից չգիտեր՝ ինչ ասեր կամ ինչ աներ։ Պարեկի ասածը կառավարության որոշման մասին առաջին անգամ էր լսում։

-Ցու՛յց տվեք այդ որոշումը, չեմ հավատում։

-Մի րոպե սպասեք, տիկի՛ն,-ասաց պարեկը՝ գնալով իր ծառայողական մեքենան, որի միջից հանեց թղթեր ու վերադարձավ։

-Ահա, կարդացեք։

Գայանեն ուշադիր կարդաց կառավարության որոշման պատճենը։

-Չի կարա սենց բան լինի։ Կսպասեք՞, ես ինտերնետով մտնեմ ARLIS ստուգեմ։

-Դե որ կասկածում եք, լավ, նայեք։

Գայանեն իր սմարթֆոնով ստուգեց, որ իսկապես կա նման կառավարության որոշում։

-Բայց էս որոշումը վաղուց ա, ինչ կա, բայց ես մինչ օրս չեմ լսել, որ կրակմարիչի համար կամ էդ վթարային չգիտեմ ինչի համար մեքենա կանգնեցնեն ու պահանջեն։

-Եթե Դուք չեք լսել, դա դեռ չի նշանակում, որ մենք՝ ոստիկաններս, մեր աշխատանքը չենք կատարում։ Մենք հետևում ենք օրենքի պահանջներին։

-Էդ ի՞նչ եք խոսում,-բարկացավ Գայանեն,-գրազ կգամ, որ մեր կողքով անցնող ավտոմեքենաներից ոչ մեկում կրակմարիչ չկա, բայց նրանց բան չեք ասում, չեք կանգնեցնում։

-Տիկի՛ն, հավատացնում եմ Ձեզ, Դուք չարաչար սխալվում եք, նման բան չկա։ Բոլոր խախտումները մենք արձանագրում ու իրավական գնահատական եք տալիս։

-Լու՞րջ եք ասում,-հեգնեց Գայանեն։

-Տիկին, խնդրում եմ, ներկայացրեք Ձեր փաստաթղթերը։

-Փաստաթղթերն ինձ մոտ չեն, տանն եմ մոռացել։

-Ասեք Ձեր անուն և ազգանունը։

-Դու չգիտե՞ք, որ ես հայտնի լրագրող եմ։

-Ոչ, չգիտեմ, ինձ համար բոլոր քաղաքացիները հավասար են։

-Գոնե Դուք Ձեր ասածին հավատու՞մ եք։

-Տիկին, ես Ձեր ավտոմեքենան տանում եմ տուգանային հրապարակ, քանի որ առանց դեղատուփի, կրակմարիչի ու վթարային կանգառի նշանի Դուք իրավունք չունեք ավտոմեքենան վարելու,-խիստ պաշտոնական տոնով ասաց պարեկ Գրիգորյանը։

-Լսիր, այ պարե՛կ,- հունից դուրս եկավ Գայանեն՝ ձեռքը պարզելով դեպի ոստիկանը,-հլա փորձիր, տես ես քեզ ինչ օրն եմ գցելու։

Մյուս պարեկը, որ հեռվից հետևում էր զրույցին, տեսնելով, որ լարվածությունը մեծանում է, մոտեցավ ու հարցրեց․

-Ի՞նչ խնդիր կա, Գրիգորյան։

-Պարո՛ն Սիմոնյան, քաղաքացին տրանսպորտային միջոցը վարում է՝ չունենալով դեղատուփ, կրակմարիչ ու վթարային կանգառի նշան։

-Այդ դեպքում, հարգելի՛ Գրիգորյան, ինչու՞ չեք կազմում արձանագրություն, ինչին՞ եք սպասում,- ասաց Սիմոնյանը և դառնալով Գայանեին՝ շարունակեց․

-Հարգելի՛ քաղաքացի, խնդրում եմ ներկայացրեք Ձեր անձը հաստատող փաստաթուղթը։

-Ես արդեն ասել եմ, որ տանն եմ մոռացել,-ճչաց Գայանեն։

-Այդ դեպքում Դուք պետք է գաք բաժին,-հանգիստ տոնով ասաց Սիմոնյանը։

-Ի՞նչ հիմքով, ո՞ր հոդվածի համաձայն, ես իմ իրավունքները լավ գիտեմ,-ասաց Գայանեն ու հանելով սմարթֆոնը՝ սոցիալական ցանցով ուղիղ եթեր մտավ։ <<Հարգելի բարեկամներ, ինձ կանգնեցրել են պարեկները ու ապօրինի պահանջներ են ներկայացնում, ասում են կրակմարիչ

չկա, դեղատուփ չկա, էլի տենց բաներ․․․ Սա ոստիկանական բեսպրիդել ա>>,-շնչակտուր խոսում էր Գայանեն։

-Հարգելի՛ քաղաքացի, մենք հիմա պետք է վարչական իրավախախտման արձանագրություն կազմենք, բայց քանի որ Դուք անձը հաստատող փաստաթուղթ չեք ներկայացնում, բանավոր չեք ներկայանում, ես ստիպված եմ կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 259-րդ հոդվածը՝, այն է՝ վարչական ձեռբակալման Ձեզ ենթարկել։ Պարո՛ն, Գրիգորյան,-դիմեց գործընկերոջը Սիմոնյանը, - վարչական ձեռբակալման արձանագրություն

կազմեք, հետո քաղաքացուն բերման ենթարկեք բաժին, իսկ ավտոմեքենան էլ կտարվի տուգանային հրապարակ։

Գայանեն իր տարերքի մեջ էր։ Ոգևորված իր ուղիղ եթերից ու դրա տակ գրվող մեկնաբանություններից՝ գոռաց․

-Չեք կարող ինձ բաժին բերման ենթարկեք, լսա՞ք։

Սիմոնյանն ու Գրիգորյանը, բռնելով Գայանեի ձեռքերը, փորձեցին ուժով ավտոմեքենան նստեցնել։ Գայանեն դիմադրեց, քաշքշեց ոստիկաններին։ Այնպես ստացվեց, որ պարեկ Գրիգորյանին թեթև հարվածեց։

-Օգնեցե՜ք, հասե՜ք ժողովուրդ,-բղավում էր Գայանեն։

Ի վերջո հաջողվում է Գայանեին ուժով նստեցնել ոստիկանական ավտոմեքենան ու բերման ենթարկել բաժին։

***

Գայանեին ոստիկաները տարել էին բաժին, սակայն դեռևս ոչ մի գործողություն չէին կատարում։ Մոտ 30 րոպե անց Գայանեին է մոտենում Կարենը՝ Սողոմոնյանի ընկերը, ով, ինչպես գիտեք, պետք է օգներ փոխնախարարին։

-Եկեք իմ հետևից,-ասաց Կարենը Գայանեին։

Գայանեն լուռ հետևեց նրան։ Կարենը Գայանեին տարավ իր աշխատասենյակ, հրավիրեց նստել ու հետո բացելով թղթապանակն՝ ասաց․

-Եվ այսպես, հարգելի քաղաքացի, Դուք․․․

-Նախ՝ ներկայացեք,-ընդհատելով Կարենին՝ պահանջեց Գայանեն։

-Ոստիկանության գնդապետ Ասատրյան․․․

-Լսում եմ Ձեզ, գնդապետ Ասատրյան։

-Հարգելի Գայանե, ի՞նչ կցանկանաք, որ Ձեզ հյուրասիրեմ, սու՞րճ, թե՞յ․․․

-Լսեք, ես րոպե եմ հաշվում, թե երբ է երեք ժամը լրանալու, որ Դուք ինձ բաց թողնեք։ Ինձ Ձեր հյուրասիրությունը հարկավոր չէ։

-Իզուր, Գայանե ջան,- մեղմ տոնով նկատեց Կարենը,-շատ հնարավոր է, որ Դուք դեռ շատ երկար մնաք էստեղ։

-Էս ձե՞ռ եք առնում ինչ ա, կրակմարիչի, դեղատուփի համար բերել եք էստեղ ու հիմա էլ ասում եք, թե կարող ա ինձ ազատ չարձակե՞ք։ Վարչական ձեռբակալության տևողությունը երեք ժամ չի՞։

-Այո, երեք ժամ է, ու եթե հարցը միայն վարչական պատասխանատվության ենթարկելու մեջ լիներ, ապա երեք ժամից Ձեզ ազատ կարձակեին՝ վարչական իրավախախտման

արձանագրությունը կազմելուց հետո, բայց․․․

-Բայց ի՞նչ,-ագրեսիվ տոնով հարցրեց Գայանեն։

-Գայանե ջան, գիտե՞ս ինչ կա հիմա այս թղթապանակում։

-Որտեղի՞ց պետք է իմանամ, հանելուկներով հետս մի խոսեք։

-Շատ լավ։ Բանն այն է, որ կրտսեր պարեկ Գրիգորյանը զեկուցագիր է ինձ գրել այն մասին, որ Դուք իր նկատմամբ բռնություն եք գործադրել այն պահին, երբ նա կատարում էր օրենքով սահմանված իր ծառայողական պարտականությունները։

-Էս գլխիս սարքու՞մ եք,-զայրացած, բայց միաժամանակ վախեցած բացականչեց Գայանեն,-հերիք չի հորինեցիք էդ դեղատուփի, կրակմարիչի ու էն վթարային․․․ի՞նչ էիք ասում

-Վթարային կանգառի նշան,-հիշեցրեց Կարենը։

-Ու էդ վթարային կանգառի նշանի բացակայության պատճառով ինձ անհիմն ապօրինի կանգնեցնում են Ձեր աշխատակիցները, հիմա էլ գործ ե՞ք ուզում կարել վրաս, չեմ հասկանում։

-Հարգելի՛ Գայանե, Ձեր վրա ոչ ոք գործ չի կարում։ Կառավարության որոշման մեջ հստակ սահմանվում է, որ տրանսպորտային միջոցն առանց դեղատուփի, կրակմարիչի ու վթարային կանգառի նշանի չպետք է շահագործվի։ Երբ մեր աշխատակիցները կանգնեցրել են Ձեր ավտոմեքենան, նրանք դեղատուփը չեն տեսել, հարցրել են, թե արդյո՞ք կրակմարիչն ու վթարային կանգառի նշանը բեռնախցիկում են, չեք պատասխանել նրանց հարցին, հետո հրաժարվել եք ներկայանալ։ Ձեզ բերման ենթարկելիս անձնական զննությամբ Ձեզ մոտ մենք հայտնաբերել ենք Ձեր անձնագիրը, այնինչ ոստիկանության աշխատակիցներին Դուք ստել էիք, թե փաստաթղթերը տանն եք մոռացել։ Վերջապես, Ձեր ավտոմեքենայի զննության արդյունքում արձանագրվել է, որ այնտեղ չի եղել կրակմարիչ, դեղատուփ և վթարային կանգառի նշան։ Բացի այդ, ինչպես գիտեք, պարեկները իրենց մոտ ունեն հատուկ սարք, որը տեսաձայնագրում է նրանց աշխատանքը։ Ես ուսումնասիրել եմ Ձեզ բերման ենթարկելու տեսանյութը, այնտեղ երևում է, որ Դուք հարվածում եք մեր կրտսեր պարեկին։ Տեսանյութի առկայությունը և Գրիգորյանի զեկուցագիրը բավարար են Ձեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

-Բայց ես Ձեր էդ կրտսեր պարեկին չեմ հարվածել, պահի տակ ըտենց ա ստացվել, ինքն էր մեղավոր,-բորբոքված բացականչեց Գայանեն։

-Դե դա արդեն դատարանը կորոշի, թե ով էր մեղավոր և ով անմեղ,-անտարբեր ասաց Կարենը։

-Լսե՛ք, Ձեր արածն անբարոյականություն ա,-բացականչեց Գայանեն։

-Իսկ մարդուց շանտաժով 5000 դոլար պահանջելը ի՞նչ է,-կտրուկ ու արտահայտիչ տոնով հարցրեց Կարենը։

Գայանեի գլխին ասես սառ ջուր լցրեցին։ Արդեն ամեն ինչ հասկացավ։ Հասկացավ, որ ոստիկաններն իր ավտոմեքենան պատահական չէին կանգնեցրել։ Դա պատվեր էր, իսկ ինքն էլ իր անզգուշ գործողություններով ընկել էր ծուղակը։

-Լավ, ինձ համար ամեն ինչ հասկանալի է։ Շեֆիդ կփոխանցեց, որ ես այդ տեսանյութը ինտերնետում տեղադրելու եմ։ Հիմի ես կզանգեմ իմ փաստաբաններին, կասեմ թող հետներն էլ լրագրողներ վերցնեն ու գան։ Հեսա տես ես ձեր գլխին ի՞նչ եմ դնելու։ Ամբողջ Հայաստանում դուք՝ ստրկամիտ ու պատվեր կատարող ոստիկաններդ, պետք է խայտառակվեք։

-Լավ գաղափար է, լրագրողներ հրավիրեք, թող գան նաև Ձեր փաստաբանները, ու ես բոլորի ներկայաթյամբ կհրապարակեմ այն ձայնագրությունը, որում Դուք 5000 դոլար եք պահանջում Սողոմոնյանից՝ տեսանյութը չհրապարակելու համար։ Կանչե՛ք, թող գան։

-Ի՞նչ տեսանյութ, ի՞նչ 5000 դոլար,-զարմացած ձևանալով՝ հարցրեց Գայանեն։

-Իբր թե չգիտեք։ Ասեմ, որ Սողոմոնյանը Ձեզ գաղտնի ձայնագրել է, ու հիմա այդ ձայնագրությունն ինձ մոտ է։ Կանչեք լրագրողներին, որ ես հրապարակեմ։

-Ոչ մի ձայնագրություն էլ չկա, խաբում եք։

-Դե եթե խաբում եմ, ապա կանչեք Ձեր փաստաբաններին ու լրագրողներին, թող գան ու ինձ ամոթանք տան։

Կարենի վստահ խոսքերից ու շարժուձևից Գայանեն իրոք սկսեց հավատալ, որ այդ ձայնագրությունը գոյություն ունի։

<<Վայ՜, ես քաշվա, եթե սա լրագրողների մոտ հրապարակի էդ ձայնագրությունը, ես ամբողջ երկրով մեկ խայտառակ կլինեմ, իմ լրագրողական կարիերային մեծ վնաս կհասցվի, ի՞նչ անեմ>>,- մտածում էր Գայանեն։

-Գայանե, ես քեզ համար լավ առաջարկ ունեմ։ Այն առաջին հերթին քո շահերից է բխում։

-Ի՞նչ եք ուզում։

-Շատ պարզ բան։ Դուք ջնջում եք պարոն Սողոմոնյանի վերաբերյալ Ձեզ մոտ առկա տեսանյութը ու էլ երբեք պարոն Սողոմոնյանին չեք անհանգստացնում, ես էլ երաշխավորում եմ, որ Ձեր դեմ քրեական գործ չի հարուցվի, ավելին ասեմ՝ անգամ վարչական իրավախախտման արձանագրություն չենք կազմի ու Ձեզ վարչական պատասխանատվության չենք ենթարկի, իսկ ավտոմեքենան էլ կարող եք հենց հիմա գնալ վերցնել տուգանային հրապարակից։

<<Ի՞նչ անեմ, համաձայնեմ, թե՞ չէ։ Եթե չհամաձայնեմ, սա կհրապարակի ձայնագրությունը, ու ես խայտառակ կլինեմ, կընկնի իմ հեղինակությունը։ Հետո էլ սրանք կարող ա իմ դեմ քրեական

գործ հարուցեն էդ պարեկին խփելու համար։ Էս ամենի տակից ես չեմ կարող դուրս գալ։ Սրանք ինձ ծուղակը գցեցին։ Ստիպված պիտի համաձայնեմ, ուրիշ տարբերակ չունեմ>>,-մտածեց Գայանեն։

-Լավ, համաձայն եմ։ Ես տեսանյութը չեմ հրապարակի ու կջնջեմ հեռախոսիցս, Սողոմոնյանի հետ էլ երբեք գործ չեմ ունենա։

-Շատ ճիշտ որոշում է։ Ես էլ կպատռեմ կրտսեր պարեկի զեկուցագիրը, կջնջեմ տեսանյութը, որտեղ Դուք հարվածում եք նրան։ Դուք արդեն ազատ եք, կարող եք գնալ ավտոմեքենան վերցնել ու հանգիստ երթևեկել։ Խոստանում եմ, որ կրակմարիչի կամ վթարային կանգառի նշանի բացակայության համար Ձեզ ոչ ոք չի անհանգստացնի։

***

Գայանեի հեռանալուց հետո Կարենը զանգահարեց Սողոմոնյանին։

-Ասա՛ Կարեն, նորություն ունե՞ս,-անհամբեր հարցրեց Սողոմոնյանը։

-Պարո՛ն Սողոմոնյան, հարցը լուծված ա։ Էդ աղջիկը վիդեոն չի տեղադրի ու այլևս Ձեզ չի անհանգստացնի,-ուրախ ու ոգևորված պատասխանեց Կարենը։

-Հո համը չե՞ս հանել,-հարցրեց Սողոմոնյանը։

-Ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, ինչպես Դուք էիք ասել,-գերազանցիկ աշակերտի ոգևորությամբ շարունակեց Կարենը։

-Լավ, ապրես։ Էս անգամ քեզանից գոհ եմ։ Ինչպես ասում են, չմեռա, բայց քեզանից խեր էլ տեսա։

-Պարոն Սողոմոնյան, նեղացնում եք,-վիրավորված ձևացավ Կարենը։

-Լավ, կատակ եմ անում, մի՛ նեղվիր։ Կարե՛ն, հիմա խորհրդակցության պետք է գնամ, էնպես որ էլ խոսել չեմ կարող։ Դե լավ մնա։

-Ցտեսություն, պարոն Սողոմոնյան։

***

Կիրակի օր էր։ Գայանեն երևանյան սուպերմարկետներից մեկում գնումներ էր կատարում։ Հանկարծ անսպասելի տեսնում է իր ընկերուհուն՝ Աննային։

-Ա՜ն․․,-բացականչում է Գայանեն։

-Պրիվետ Գայ ջան։

-Ո՞նց ես, աղչի, վաղուց ա, ինչ քեզ չեմ տեսել,-հարցրեց Գայանեն։

-Դե Գայ ջան նորմալ։ Հա, լսիր, բայց լավ եղավ, որ քեզ հիմա տեսա, որովհետև պիտի քեզ էս երկու օրս զանգեի կարևոր գործով։

-Ի՞նչ կարևոր գործ, Ան․․

Աննան բռնում է Գայանեի ձեռքն ու տանում նրան սուպերմարկետի խորքի անկյուններից մեկը, որպեսզի նրանց զրույցը ոչ ոք չլսի, ու ասում․

-Լսի՛ր աղչի, քեզ համար լավ լուր ունեմ,- շշնջալով ոգևորված ասում է Աննան։

-Ի՞նչ ա պատահել,- հետաքրքրությամբ հարցնում է Գայանեն։

-Լսիր, աղչի։ Ես մի ծանոթ ունեմ, ով քաղաքական գործիչ ա ու բիզնեսներ ունի։ Ինքը ուզում ա քեզ հետ համագործակցի։

-Ո՞նց թե համագործակցի, ինչի՞ շուրջ,-զարմացած հարցրեց Գայանեն։

-Ինքը գիտի քո մասին։ Քեզ շատ ա հարգում։ Լսել ա, որ դու աշխատանքից դուրս ես եկել ու հիմա որպես անկախ լրագրող ես հանդես գալիս։

-Հետո՞

-Հետո էն, որ ինքը ուզում ա քո հետ համագործակցի։

-Էդ հասկացա, Ան, բայց ինչու՞մ պետք ա կայանա էդ համագործակցությունը,-նյարդայնացած հարցրեց Գայանեն։

-Ասեմ, ինքը դառնում ա քո ֆինանսական հովանավորը, ամեն ամիս կլորիկ գումար ա քեզ տալիս քո անձնական ծախսերի համար, իսկ դրա դիմաց էլ դու պետք է գրես ու հրապարկես էն, ինչ ինքն ա ուզում։

-Ո՞վ ա էդ մարդը,-հարցրեց Գայանեն՝ այրվելով հետաքրքրությունից։

Աննան Գայանեի ականջին ինչ որ բան շշնջեց, թեև եթե բարձրաձայն էլ ասեր, նրանց զրույցը ոչ ոք չէր լսի։

-Գիտես ինչ, Ան ջան, ես պետք ա անձամբ էդ մարդու հետ խոսեմ ու քննարկեմ համագործակցության մանրամասները։

-Դե իհարկե, ուրիշ ձև չէր էլ կարա լիներ։ Հիմա ես իրեն ասե՞մ, որ ուզում ես հանդիպել։

-Հա, ասա, որ պատրաստ եմ իր հետ հանդիպել։

-Շատ լավ։ Ես էսօր իրեն տեղյակ կպահեմ։ Հետո քեզ կզանգեմ ու կասեմ հանդիպման տեղը, օրը և ժամը։

-Շատ լավ, Ան ջան։

-Գայ, ես հիմա պետք ա գնամ, ամուսինս ավտոյի մեջ ինձ ա սպասում։ Ես քեզ հանդիպման պահով կզանգեմ ու կասեմ, սպասիր զանգես, լա՞վ։

-Դե լավ, պակա, Ան ջան։

-Պակա, Գայ։

Աննան դուրս եկավ սուպերմարկետից։ Գայանեի տրամադրությունը կտրուկ բարձրացավ։ Ավարտեց իր գնումներն ու ուրախ տրամադրությամբ վերադառձավ տուն։

Be the first who will comment on this
Yatuk Music
Spartacus - Adagio
Aram Khachatryan

Spartacus - Adagio

Landscape, 1968
Landscape, 1968
Play Online

Support us! Buy our art based products from online shop