Narek Sargsyan

Էքստրասենսը

Վիգենը, նստած իր գրասենյակում, ծխում էր։ Հնչում է սմարթֆոնի հեռախոսազանգը։

-Ալո,-պատասխանեց հեռախոսազանգին Վիգենը։

-Ալո, բարև Ձեզ, ես էքստրասենս Վիգեն Դանիելյանի՞ հետ եմ խոսում։

-Այո, իսկ Դուք ո՞վ եք ու ի՞նչ հարցով եք զանգել,-հարցրեց Վիգենը։

-Ես հաղորդավար Արթուրն եմ, պարո՛ն Դանիելյան, ես զանգահարում եմ Ձեզ հրավիրելու մասնակցել մեր բացառիկ հաղորդմանը էքստրասենսների ու մոգերի մասին։ Հաղորդման մեջ Դուք պետք է ցուցադրեք Ձեր բացառիկ ունակությունները։

-Միայն ե՞ս եմ մասնակցելու, թե այլ մասնագետների էլ եք հրավիրել,-հետաքրքությամբ հարցրեց Վիգենը։

-Անկեղծ ասած, պարո՛ն Դանիելյան, մի քանիսին հրավիրեցինք, բայց մերժեցին։ Դե երևի վստահ չէին իրենց ուժերի վրա։ Ես համոզված եմ, որ Դուք բաց չեք թողնի այս բացառիկ հնարավորությունը ցույց տալու Ձեր էքստրասենսոր ունակությունները։

-Կներեք, մի ժամից կարո՞ղ եք զանգել։ Ճիշտ ասած, հիմա շատ զբաղված եմ,-ասաց Վիգենը, թեև զբաղված չէր, պարզապես այդ մեկ ժամը իրեն պետք էր մտածելու, ծանր ու թեթև անելու, որ որոշի մասնակցել, թե՝ ոչ։

-Շատ լավ, ես մի ժամից Ձեզ կզանգահարեմ,-ասաց Արթուրը։

-Պայմանավորվեցինք։

Հեռախոսը սեղանին դնելուց հետո Վիգենը մի բաժակ ջուր լցրեց, խմեց ու սկսեց մտածել․

<< Հետաքրքիր առաջարկ ա, բայց ռիսկը շատ մեծ ա։ Եթե ստացվի, ապա իմ ռեյտինգը կտրուկ կբարձրանա, ինչը նշանակում ա հաճախորդների կտրուկ աճ։ Բայց եթե ձախողվեմ, ապա վերջակետ կդնեմ իմ կարիերային։ Առանց էն էլ վերջին 3-4 տարիներին լրատվամիջոցներն էլ ինձանից հարցազրույցներ չեն վերցնում, հեռուստատեսություն չեն հրավիրում։

Բայց շատ հնարավոր ա, որ էս հրավերը ծուղակ լինի ինձ համար, քանի որ միգուցե դրանց մտքին էն ա, որ ապացուցեն, որ էքստրասենսները շառլատաններ են։ Ի՞նչ անեմ>>։

Մոտ 30-40 րոպե Վիգենը մտքում հաշվարկում էր բոլոր հնարավոր սցենարներն ու փորձում ամենաօպտիմալ որոշումը կայացնել։

<<Չէ, ես պիտի ռիսկի դիմեմ, մեկ ա, էսպես որ մնա, իմ անձը գնալով մոռացության կմատնվի, բայց էսպես ես նորից կհիշեցնեմ իմ մասին ու պատվով դուրս կգամ։ Ախր ես աշխարհի ամենաուժեղ էքստրասենսներից մեկն եմ>>։

Հնչում է սմարթֆոնի հեռախոսազանգը։ Արթուրն էր, զանգահարում էր պատասխանն իմանալու։

-Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ որոշեցիք։

-Արթուր, ես ընդունում եմ մարտահրավերը, քանի որ իմ դեմ խաղ չկա, ու ես կմասնակցեմ հաղորդմանը դա ապացուցելու համար։

Լսելով Վիգենի դրական պատասխանը՝ Արթուրը շատ ուրախացավ։

-Հիանալի է, պարոն Դանիելյան, ես չեմ էլ կասկածում, որ Դուք մեր հաղորդման գլխավոր հերոսը կլինեք։

-Արթուր ջան, մի բան կարո՞ղ եմ Ձեզ խնդրել։

-Իհարկե, պարո՛ն Դանիելյան։

-Ինձ կարո՞ղ եք ասել, թե ի՛նչ առաջադրանքներ են լինելու,-հարցրեց Վիգենը։

-Ներկա պահին դեռ հաղորդման սցենարը պատրաստման փուլում է։ Երբ այն ավարտենք, Ձեզ այդ մասին անպայման տեղյակ կպահենք։

-Շատ բարի, իսկ ե՞րբ է նկարահանվելու հաղորդումը,-հարցրեց Վիգենը։

-Պլանավորում ենք այն նկարահանել 20-30 օրից։ Մի շաբաթից ես Ձեզ հստակ օրն ու ժամը պաշտոնական նամակ-հրավերով կուղարկեմ։ Հիմա խնդրում եմ ինձ ասել, թե տալի՞ս եք Ձեր վերջնական համաձայնությունը

հաղորդմանը մասնակցելու համար, քանի որ եթե Դուք հետագայում հրաժարվեք, ապա մենք անհարմար իրավիճակում կհայտնվենք։

-Անհոգ եղեք, ես անպայման կմասնակցեմ հաղորդմանը։

-Շատ լավ։ Դե առայժմ, պարո՛ն Դանիելյան։

-Ցտեսություն։

Վիգենը հեռախոսազանգի ավարտից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցի մեսինջերով սկսեց գրել մի օգտատիրոջ, ով գրանցված էր

<<Ավտոմեքենաների տեխսպասարկում>> անվամբ։

<<Բարև, մենք պետք ա այս երկու օրվա ընթացքում հանդիպենք։ Ինձ պետք ա օգնես>>։

Քիչ անց ստացավ պատասխան նամակը՝ հետևյալ բովանդակությամբ․

<<Վաղը՝ առավոտյան ժամը 08։00-ին, մեր տեղում>>։

***

Արթուրը զանգահարեց իրենց հեռուստատեսության գլխավոր խմբագրին։

-Բարև Ձեզ, պարո՛ն Ալեքսանյան։

-Բարև Արթուր, հ՜ը, ի՞նչ պատասխանեց։

-Կուտը կերավ, պարո՛ն Ալեքսանյան,- ուրախ ասաց Արթուրը։

-Հիանալի է, մենք այդ խաբեբային խայտառակ կանենք հաղորդման ժամանակ, ու ժողովուրդը կտեսնի, թե իրականում դա ինչ ա իրենց ներկայացնում։ Սցենարի աշխատանքները ո՞նց են ընթանում։

-Հիանալի է, պարոն Ալեքսանյան, մենք այնպես ենք մտածել, որ էդ խաբեբան ոչ մի շանս չունենա։ Ինձանից հարցնում էր առաջադրանքները։

-Դա լավ է։ Արթուր, մի 2 օրից դրան զանգիր, ասա առաջադրանքները, բայց հաղորդման ժամանակ լրիվ ուրիշ առաջադրանքներ իրեն պետք ա տրվի։ Էնպես պետք ա արվի, որ էդ սրիկան ոչ մի շանս չունենա մեր ձեռքից դուրս պրծնելու։

-Անհոգ եղեք, պարո՛ն Ալեքսանյան։ Ես էդ բոլորի մասին մանրամասն մտածել եմ։

-Դե լավ, Արթուր ջան, կապի մեջ կլինենք։

***

Հաջորդ օրվա առավոտյան ժամը 07։50 էր։ Վիգենը երևանյան զբոսայգիներից մեկում սպասում էր իր ծանոթին, որի հետ երեկ ֆեյսբուքյան նամակով պայմանավորվել էր հանդիպել։

Վիգենը 43 տարեկան էր, բարձրահասակ, հաղթանդամ, շագանակագույն աչքերով, դեմքի նուրբ դիմագծերով։

Վերջինս ուներ երկու բարձրագույն կրթություն՝ մաթեմատիկոս էր ու հոգեբան։ Մոտ տասը տարի առաջ սկսել էր զբաղվել էզոթերիկայով ու հրապարակավ հայտարարել, որ ինքն իր մեջ արթնացրել է էքստրասենսոր գերբնական ունակություններ։ Դրանից հետո նրա համբավը ողջ երկրով գնալով տարածվել էր, ու վերջինս համարվում էր Հայաստանի ամենահայտնի էքստրասենսներից մեկը։ Վիգենն իրեն աշխարհի լավագույն էքստրասենսն էր համարում։ 2014 թվականին նա սկսում է համագործակցել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հետ, հատուկ դասընթացներ անցնում, դառնում գաղտնի գործակալ ու գործուղվում տարբեր երկրներ հատուկ առաջադրանքով։

2024 թվականից Վիգենի համագործակցությունը Ազգային անվտանգության ծառայության հետ դադարեցվում է, քանի որ նրա ծառայությունների կարիքն այլևս չկար։

Վիգենի հետ հանդիպմանը պետք է գար ԱԱԾ նախկին սպա, այժմ թոշակի անցած Նարեկ Գրիգորյանը, ով եղել էր Վիգենի կուրատորը, երբ վերջինս գործակալ էր։ Հենց Գրիգորյանից էլ Վիգենը ստացել էր իր առաջադրանքները։

Զբոսայգին սակավամարդ էր։ Երկու ծերուկ, քիչ հեռու նստարանին նստած, զրուցում էին։ Մոտակայքում էլ մի երիտասարդ կին մանկասայլակով զբոսանքի էր դուրս բերել իր փոքր երեխային։

Գալիս է Նարեկ Գրիգորյանը, ով 60 տարեկան, միջահասակ, սպիտակած մազերով տղամարդ էր։

-Բարև Վիգեն, ո՞նց ես,-հարցրեց Նարեկը՝ սեղմելով Վիգենի ձեռքն ու նստելով նրա կողքին՝ նստարանին։

-Բարև, Նարեկ, նորմալ, դու ո՞նց ես։

-Լավ, ի՞նչ ա պատահել, հո վատ բան չի՞ եղել,-հարցրեց Նարեկը։

-Չէ, ոչ մի վատ բան չի եղել, պարզապես ես քո օգնության կարիք ունեմ, մի հարցով պետք ա ինձ օգնես։

-Ասա՛, լսում եմ։

-Էրեգ, ինձ հեռուստատեսությունից մի հաղորդավար էր զանգել Արթուր անունով, հրավիրում էր հաղորդման։ Էդ հաղորդման մեջ ես պետք ա ցուցադրեմ իմ էքստրասենսոր ունակությունները։

-Էդ հասկանալի ա։ Բայց դու ինձ էն ասա, Վիգեն, թե ես էդ ամենի հետ ի՞նչ կապ ունեմ, չե՞մ հասկանում։ Դու հայտարարում ես քեզ որպես էքստրասենս։ Ու նորմալ ա, որ դրանից հետո քեզ էդպիսի հաղորդման են հրավիրում։ Ես էստեղ ի՞նչ կապ ունեմ,-զարմացած նկատեց Վիգենը։

-Նարեկ, ես ուզում եմ, որ դու, օգտագործելով քո կապերը, պարզես, թե էդ հաղորդման կազմակերպիչների իրական նպատակը որն ա։ Նրանց ի՞նչ ա

պետք, շոու՞, հրաշքների ցուցադրու՞մ, թե ուզում են ապացուցել, որ էքստրասենսները խաբեբաներ են, ու էդ հաղորդումը հենց դրա համար են կազմակերպում,-ասաց Վիգենը։

-Վիգեն, դու գիտես, որ ես հիմա թոշակի եմ անցել, առաջվա հնարավորությունները չունեմ, ԱԱԾ-ում սերնդափոխություն է եղել, նոր ջահելներ են եկել, որոնց հետ ես ոչ մի առնչություն չունեմ։

-Նարեկ, քեզանից շատ բան չի պահանջվում, դու ընդամենը պետք ա մանրամասն տեղեկություններ հավաքես այդ Արթուր կոչվածի, հեռուստատեսության գլխավոր խմբագրի, կազմակերպչի ու պատվիրատուի վերաբերյալ։ Շեշտը պետք ա դնես նրա վրա, թե ինչ նպատակով ա էդ հաղորդումը կազմակերպվում։

-Վիգեն, քեզ ի՞նչ ա թվում, որ կարող ես ինձ կանչել ու առաջադրանք տալ, մոռացե՞լ ես՝ կողքիդ ո՛վ ա նստած,-փոքր-ինչ բարկացած տոնով բացականչեց Նարեկը։

-Նարեկ, ես լավ էլ տեղն եմ բերում, թե ում հետ եմ խոսում։ Բանն էն ա, որ դու ես մոռացել, թե ում հետ ես խոսում։ Ես էն մարդն եմ, որ հսկայական աշխատանք է կատարել ԱԱԾ-ի համար։ Էն գործը, որ ես եմ արել, ոչ ոք չէր կարող։ Իմ գործողությունների շնորհիվ ես իմ երկիրը մեծ արհավիրքից եմ փրկել։ Էնպես որ էն, ինչ քեզանից խնդրում եմ, շատ փոքր բան ա նրա համեմատ, ինչ ես արել եմ իմ երկրի ու քեզ համար։ Էնպես որ բերանս մի բացիր․ ․ ․

-Ցածր,-անհանգիստ շուրջը նայելով՝ ասաց Նարեկը,-լավ, ես քո ուզածը կանեմ։ Բայց խո՛սք տուր, որ դրանից հետո էլ ինձ չես հիշի ու որևէ հարցով էլ երբեք չես դիմի։

-Մեծ հաշվով հետո դու էլ ինձ պետք չես լինի։

-Բայց Վիգեն, եթե դու իրոք էքստրասենս ես, ինչպես ասում ես, չե՞ս կարող էդ ինֆորմացիան ինքդ պարզել։ Ինչպես դու ես ասում, մտնես նրանց էներգոինֆորմացիոն դաշտ ու պարզես,-նկատեց Նարեկը։

-Թե ես ինչ կարող եմ անել կամ ինչ չեմ կարող, էդ քո խելքի բանը չի,-բարկացած ասաց Վիգենը։

-Լսիր Վիգեն տղա, էդ ի՞նչ տոնով ես հետս խոսում։

-Բա ի՞նչ տոնով էիր ուզում, որ ես խոսամ էն մարդու հետ, ով վերջին օպերացիայի ժամանակ փորձում էր ինձ փուռը տալ,-ասաց Վիգենը ծակող հայացքով նայելով Նարեկի աչքերի մեջ։

-Վիգեն ջան, ես քեզ ասել եմ, որ ես չգիտեի, որ․․․

-Լավ, ես չեմ եկել էստեղ, որ էդ հին հեքիաթդ նորից լսեմ։ Վոբշեմ, ասածս կանես, ու ես քեզ խոսք եմ տալիս, որ ոչ մի հարցով էլ չեմ դիմի քեզ։

-Պայմանավորվեցինք,-ասաց Նարեկը՝ վեր կենալով նստարանից ու առանց հրաժեշտ տալու՝ հեռացավ։

<<Սրա հաղորդած տեղեկությունները ես պետք ա այլ աղբյուրով ստուգեմ։ Էս կրիսին հավատալ չի կարելի։ Ի՞նչ իմանաս, միգուցե որոշի ինձ քցի։ Էնպես որ սրա հայտնած ինֆորմացիան ես պետք ա հալած յուղի տեղ չընդունեմ>>,-մտածում էր Վիգենը։

***

Նարեկի հետ հանդիպումից հետո Վիգենը գնաց գրասենյակ, իր համար սուրճ պատրաստեց։ Նայեց ժամացույցին, ժամը 09։36-ն էր։

<<Դեռ մի ժամ կա մինչ հաճախորդիս գալը, մինչ էդ ես փորձեմ տենամ ինչ կարամ ինտերնետով փորփրել դրանց մասին>>,-մտածեց Վիգենը, միացրեց համակարգիչն ու սուրճը կում-կում խմելով՝ առաջին հերթին այցելեց այդ հեռուստաընկերության պաշտոնական կայք էջը։

<<Տակ, ինչքան ես գիտեմ, հեռուստատեսություններում հաղորդումների բովանդակության գլխավոր պատասխանատուն գլխավոր խմբագիրն ա։ Մի հատ տենամ ո՞վ ա դրանց գլխավոր խմբագիրը>>։

Վիգենը կայքի միջոցով գտնում է գլխավոր խմբագրին՝ Ռոբերտ Ալեքսանյանին։ Նրա լուսանկարն ու անուն ազգանունն առաջին հայացքից Վիգենին ոչինչ չէին ասում, հետևաբար նա որոշեց ուսումնասիրել Ռոբերտի ֆեյսբուքյան օգտահաշիվը։ Հեշտությամբ գտավ նրան ու առաջին հերթին բացեց լուսանկարները։ Լուսանկարները շատ էին։ Վիգենը համբերատար, առանց շտապելու ուսումնասիրում էր նկարները՝ թուղթ ու գրիչով իր տետրում նշումներ անելով։

Տեսնելով լուսանկարներից մեկը՝ մի պահ կանգ առավ։ Լուսանկարում Ռոբերտն էր իր կնոջ հետ, ով, ըստ տակը գրված մեկնաբանությունների, մահացել էր։

<<Էս կնոջ դեմքն ինձ շատ ծանոթ ա։ Ոնց որ ինքը ինձ մոտ տարիներ առաջ եկել ա>>,-զարմացած բացականչեց Վիգենը։

Կենտրոնանալով ու լարելով հիշողությունը՝ Վիգենը մտաբերեց․<<Հիշեցի, էս կինը տարիներ առաջ եղել ա ինձ մոտ, ընդ որում մի քանի անգամ։ Քաղցկեղ էր, հոգնել էր երկարատև քիմիոթերապիայից,

որոշել էր այլևս բժիշկների չայցելել։ Լսելով իմ մասին՝ եկել էր մոտս՝

հավատացած լինելով, որ կբժշկվի։ Ես իրա էներգիան մաքրեցի, հետո իմ բիոդաշտով մի քանի սեանսներ անցկացրի։ Սեանսերից հետո շատ գոհ էր, իրեն լավ էր զգում, ասում էր, որ ահագին տարբերություն կա։ Հիշում եմ, վերջին անգամ ինձ մոտ գալով, ասաց, որ իրեն ամբողջովին առողջ է զգում ու հաղթահարել է հիվանդությունը։ Դրանից հետո նա էլ չեկավ ինձ մոտ, ու ես չիմացա, թե հետո ինչ եղավ։ Հիմա փորձեմ իմանալ, թե էս կինը, երբ ա մահացել>>։

Վիգենը շարունակեց ուսումնասիրել Ռոբերտի ֆեյսբուքյան օգտահաշիվը։ Երկար փնտրելուց հետո գտավ այն գրառումը, որով Ռոբերտը ցավով հայտնում էր, որ կինը մահացել է։ Տեսնելով գրառման

տարին ու ամիսը՝ Ռոբերտը բացականչեց․

<<Փաստորեն ինքը մահացել ա մեր վերջին հանդիպումից 6 ամիս անց։ Բայց էդպես պիտի որ չլիներ, ես ամեն ինչ ճիշտ էի արել>>։

Վիգենը հետո գտավ Ռոբերտի, Արթուրի ու հեռուստատեսության գլխավոր տնօրենի միասին նկարը ռեստորանում։ Դրանից հետո Վիգենն այցելեց Արթուրի ֆեյսբուքյան օգտահաշիվ ու այնտեղ տեսավ մի գրառում, որով Արթուրը Ռոբերտի ծնունդն էր շնորհավորում ։ Գրառումը հետևյալն

էր․<<Ծնունդդ, շնորհավոր, ախպե՛րս, քո համար ամեն ինչի պատրաստ եմ․․․․>>։

Վիգենը հասկացավ, որ իրեն փորձում են ծուղակը գցել։ Դա վրեժ էր, կնոջը կորցրած հուսահատ տղամարդու վրեժ։

Մի պահ ուզում էր զանգահարել Արթուրին ու ասեր, որ հաղորդմանը չի մասնակցելու, բայց երկար մտածելուց հետո որոշեց դա չանել։

<<Ուրեմն փորձում եք ինձ ծուղակը գցել, խայտառակել ողջ երկրում։ Պարզ ա, բայց ձեր մոտ ոչինչ չի ստացվի։ Ես էս իրավիճակը շուռ կտամ իմ օգտին ու հաղթած դուրս կգամ։ Էս հիմարները թերագնահատում են իմ հնարավորությունները, գիտեն ես չեմ իմանալու էդ մասին։ Լավ, ես պիտի ձևացնեմ, թե ոչնչից տեղյակ չեմ ու խաղամ իմ խաղը։ Էս պահից սկսած՝ ես ունեմ առավելություն, քանի որ գիտեմ, թե իրենց մտքին ինչ կա, ու իրենք չգիտեն, որ ես գլխի եմ ընկել իրենց մտահաղացումը։ Էդ Արթուրն ինձ ասաց, որ առաջադրանքները մի քանի օրից կուղարկի։ Ուրեմն էն առաջադրանքները, որ նա ինձ կուղարկի, դրանք հաղորդման ժամանակ չեն լինի, այլ կլինեն բոլորովին ուրիշ առաջադրանքներ, որպեսզի ինձ փաստի առջև կանգնացնեն>>,-մտքերի մեջ էր խորասուզվել Վիգենը։

Զանգահարում են։

-Ալո,-հեռախոսազանգին պատասխանեց Վիգենը։

-Բարև Ձեզ, Վիգեն ջան, Արմինեն է:

-Հա, Արմինե ջան։

-Մենք երեկ պայմանավորվել ենք հանդիպման համար։ Հիմա ես Ձեր գրասենյակի մոտ եմ, դուռը բացեք, ներս գամ։

-Հա, հիմա դուռը կբացեմ, մի րոպե սպասեք,-պատասխանեց Վիգենը՝ վեր կենալով ու գնալով դիմավորելու հաճախորդին։

***

Ռոբերտ Ալեքսանյանը, ով 58 տարեկան, գեր ու ցածրահասակ տղամարդ էր, ակնոցն աչքերին համակարգչով աշխատում էր։

Դուռը ծեծելով՝ ներս է մտնում Արթուրը՝ թղթապանակը ձեռքին։ Վերջինս միջահասակ, 45 տարեկան սպիտակած մազերով, չսափրված դեմքով տղամարդ էր։

-Կարելի՞ է, պարոն Ալեքսանյան,-հարցրեց Արթուրը։

-Հա, արի Արթուր, տենամ ի՞նչ եք արել։

-Պարոն Ալեքսանյան, մենք որոշել ենք, թե հաղորդման ժամանակ ինչ առաջադրանքներ պետք ա լինեն։ Հիմա եկել եմ Ձեզ մոտ՝ դրանք ներկայացնելու ու Ձեր կարծիքն իմանալու համար։

-Դե ասա, լսում եմ,-ասաց Ռոբերտը՝ հանելով ակնոցը։

-Մենք էնպիսի առաջադրանքներ ենք մտածել, որ էդ Վիգենը չկարողանա տակից դուրս գալ։ Օրինակ՝ մենք ցույց կտանք նրան մի տղամարդու նկար ու կխնդրենք, որ պատմի այդ տղամարդու մասին։

-Էդտեղ ի՞նչ կա որ։ Բա որ իր ասածը ճիշտ դուրս գա,-նկատեց Ալեքսանյանը։

-Հարցն էլ հենց էն ա, որ իր ասածը չի կարա ճիշտ դուրս գա,-ժպտալով ոգևորված ասաց Արթուրը։

-Էդ ո՞նց,-զարմացած հարցրեց Ռոբերտը։

-Մենք նրան կտանք ոչ թե իրական մարդու լուսանկար, այլ նկար՝ գեներացված արհեստական բանականության կողմից։

-Բա նկարին նայելով չի՞ հասկանա, որ դա սարքած ա,-հարցրեց Ռոբերտը։

Արթուրն իր թղթապանակից հանեց մի տղամարդու նկար ու տվեց Ռոբերտին։

-Պարոն Ալեքսանյան, էս նկարն ա, տեսեք, որ չի նկատվում, որ սարքած ա, քանի որ մենք օգտագործել ենք արհեստական բանականության պլատնի վերսիան։ Անվճար վերսիաները լավ որակի մարդկանց նկարներ չեն սարքում, երևում ա, որ սարքած ա, բայց այ պլատնի վերսիաները հրաշքներ են գործում։

Նկարին ուշադիր նայելուց հետո՝ Ռոբերտն ասած․

-Ապրեք, հեչ չի երևում, որ սարքած ա, իրական տղամարդու նկար ա՝ հայի դիմագծերով՝ երկար քթով ու հաստ հոնքերով։ Անզեն աչքով հնարավոր չի ասել, որ էս նկարը սարքած ա։

-Տենու՞մ եք, պարոն Ալեքսանյան, թե ի՞նչ հանճար եմ ես,-ոգևորված բացականչեց Արթուրը։

-Լավ, հիմա ասա հաջորդ առաջադրանքը,-հետաքրքրությամբ հարցրեց Ռոբերտը։

-Հաջորդ առաջադրանքն էն ա, որ աուդիտորյայից պատահականորեն կընտրենք մի մարդու ու կհրավիրենք։ Նրան կտանք թուղթ ու գրիչ, կասենք, որ գրի ցանկացած թիվ, ինչ մտքով անցնում է, հետո այդ թուղթը կդնի փակ ծրարի մեջ։ Վիգենը պետք ա առանց ծրարին դիպչելու, ասի, թե ինչ թիվ ա գրված։

-Բա որ ասի,-մտահոգվեց Ռոբերտը։

-Եթե նա իրոք կախարդ ա, ինչպես ինքն ա ներկայանում, ապա կասի, բայց քանի որ մենք գիտենք, որ դա սուտ ա, ու նա շարքային խաբեբա ա, պարզ ա, որ չի կարա ասի,-ասաց Արթուրը։

-Ճիշտ ես, սա էն դեպքն ա, որ անգամ պատահականությունը չի կարա օգնի նրան։ Բայց կարող ա դահլիճում էդ սրիկան իր մարդիկ ունենա ու ընտրված պատահական մարդն էլ հենց նրա մարդը լինի։

-Պարոն Ալեքսանյան, Դուք ծայրահեղությունների մեջ եք մտնում։ Նախ՝ մինչ էս պահը մենք չգիտենք, թե դահլիճում ովքեր են նստած լինելու։ Էդ մարդկանց կընտրենք վերջին օրը։ Հետո էլ դահլիճում նստած կլինի հիսունի մոտ մարդ։ Բոլորը նրա մարդիկ լինել չեն կարող։ Եթե անգամ Ձեր ասածով էլ լինի, նրանք չգիտեն, թե ինչ առաջադրանք ա լինելու, որ նախապես պայմանավորվեն նման կերպ,-ասաց Արթուրը։

-Ճիշտ ես։ Մյուս առաջադրանքն ասա՛։

-Մյուս առաջադրանքն ավելի հետաքրքիր ա։ Ստուդիա կբերենք փոքրիկ շարժական ռուլետկա ու մինչև գնդակը նետելը Վիգենը պետք ա կռահի, թե ինչ թիվ կընկնի։ Հավանականությունը, որ ճիշտ կգուշակի, ընդամենը 1/37 է, կամ 2,7 տոկոս:

-Բա որ բախտը բերի ու համընկնի,-դժգոհ տոնով նկատեց Ռոբերտն ու շարունակեց,- հասկանու՞մ ես Արթուր, ես ուզում եմ, որ էդ սրիկան անգամ մի տոկոսի շանս չունենա, 2,7 տոկոսը շա՞տ չի նրա համար։

-Մի՛ անհանգստացեք, պարոն Ալեքսանյան, էդ մասին էլ ենք մտածել։ Եթե հանկարծ համընկնի, կխնդրենք երկրորդ անգամ գուշակել ռուլետկայի թիվը, որպեսզի ոչ ոքի մոտ կասկած չմնա, որ նա հրաշագործ է, իսկ գիտեք, որ անհնար բան ա, որ երկու անգամ անընդմեջ նա պատահականորեն ճիշտ գուշակի ռուլետկայի թիվը։

-Լավ ես մտածել, ապրես,-գովեց Ռոբերտը։

-Բա որ մյուս առաջադրանքն իմանաս, ինչ կասես, Ալեքսանյան ջան,-ոգևորված շարունակեց Արթուրը։

-Ասա։

-Մենք դահլիճ ներս կհրավիրենք մեր մարդկանցից մեկին, որին նախօրոք ներքին օրգանների սոնոգրաֆիա արած կլինեն, ու կխնդրենք Վիգենին, որ վերջինս ասի, թե նա ինչ հիվանդություններ ունի։ Նա իհարկե սխալ բաներ կասի ու հետո մենք այդ սոնոգրաֆիան բոլորին ցույց կտանք։ Իսկ եթե ինչ-որ ասածներ համընկնեն, ապա մենք ուրիշ մարդու սոնոգրաֆիա ցույց կտանք՝ ապացուցելու համար, որ սխալ ա ասում։ Մենք նախօրոք մեր ձեռքի տակ երկու սոնոգրաֆիայի արդյունք պետք ա ունենանք, որ ծայրահեղ դեպքում երկրորդը՝ մեկ ուրիշ մարդու սոնոգրաֆիան ցույց տանք։ Մեր հեռուստատեսության աշխատակազմի մարդկանց ենք սոնոգրաֆիա անելու։ Նադոժնի մարդիկ են, ինֆոյի արտահոսքը բացառվում ա։

-Ապրես, Արթուր, շատ գոհ եմ քեզանից։ Ոնց տենում եմ էդ սրիկան էս ամենի տակից ձև չունի դուրս գալու,-գովեց Ռոբերտն Արթուրին ու շարունակեց,- ի դեպ Արթուր, ես որոշել եմ, որ հաղորդումն ուղիղ եթեր պիտի լինի, տնօրենի հետ ես էդ հարցը համաձայնեցրել եմ, նա իր դաբրոն տվել ա։

Արթուրն անսպասելիի եկավ Ռոբերտի ասածներից։

-Բայց պարոն Ալեքսանյան, լավ գաղափար չի, քանի որ սովորական նկարահանման դեպքում, մենք ոնց ուզենք, մեր ձևով կմոնտաժենք ի վնաս իրեն, բայց էսպես․․․

-Արթուր, հասկանում եմ, թե ինչ ես ուզում ասել։ Բայց ի տարբերություն քեզ, ես կարողանում եմ մարդկանց վարքագիծը կանխատեսել,-ասաց Ռոբերտը։

-Չեմ հասկանում․․․

-Ի՞նչ կա չհասկանալու, Արթուր։ Էդ Վիգենը մեր հաղորդաշարի ժամանակ ամբողջովին ձախողվելու ա ու դրանից հետո նա ամեն ինչ կանի, որ էդ հաղորդումը եթեր չգնա։ Դու էդ Վիգենին մի՛ թերագնահատի, նա մեծ շրջապատ ու ծանոթություններ ունի, և շատ հնարավոր ա, որ նա, օգտագործելով իր կապերը, էնպես անի, որ էդ հաղորդումը եթեր չգնա։

Գիտես, որ հաղորդման եթեր գնալու վերջանական որոշումը կայացնում է հեռուստատեսության գործադիր տնօրենը։ Շատ հնարավոր ա, որ հզոր ու ազդեցիկ մարդիկ զանգեն մեր տնօրենին ու ստիպեն դա անել։ Տնօրենը մեր աղբերն ա գիտես, բայց ես ու դու գիտենք նաև, որ նա շատ կեղտեր ունի, ու կլինեն մարդիկ, որ կոմպրոմատներ կունենան նրա դեմ։ Իսկ եթե հաղորդումը ուղիղ եթեր լինի, էդ դեպքում արդեն ոչ ոք ոչինչ անել չի կարող։

-Մտքովս չէր անցել, պարոն Ալեքսանյան, շատ խելացի եք ու հեռատես,-նկատեց Արթուրը։

-Արթուր ջան, սա կոչվում ա ստրատեգիական մտածողություն։ Էս մտածողության շնորհիվ ա, որ ես դարձել եմ հեռուստատեսության գլխավոր խմբագիր։ Բայց դու ինձ էն ասա, թե որտեղից եք հնարել էդ առաջադրանքները։ Վստահ եմ, էդ ո՛չ քո ու ո՛չ էլ քո մարդկանց խելքի բանը չի։ Չլինի՞ արհեստական բանականությանն եք հարցրել։

Ալեքսանյանի հարցից Արթուրը կարմրեց, հայացքը թաքցրեց ու սկսեց կմկմալ․

-Ճիշտ ասած, պարոն Ալեքսանյան․․․․

-Պարզ ա, փաստորեն ճիշտ եմ։ Բայց քեզ վատ մի՛ զգա Արթուր։ Բոլորս էլ էդ անտերից օգտվում եք։ Մեկ ա, տենց բաներ իմ ու քո մտքով հաստատ չէին անցնելու։ Էնպես որ դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Երբ որ հաղորդումը բարով-խերով անենք-վերջացնենք, ես կմտնեմ տնօրենի մոտ, կմիջնորդեմ, որ քեզ խոշոր պարգևատրում գրի, կասեմ, որ հերոսական ու հանրօգուտ գործ ես արել՝ բազմաթիվ մարդկանց փրկելով խաբեությունից։

-Շատ շնորհակալ եմ,-ամոթխած ձայնով ասաց Արթուրը։

***

Անցնում է մեկ շաբաթ։ Երեկո էր։ Վիգենը վերջին հաճախորդին ճանապարհելուց հետո հոգնած բազմել էր իր գրասենյակի բազմոցին ու մտածում էր։

<<Վաղը ես պետք ա ինձ մոտ մարդ չընդունեմ, քանի որ պետք ա պատրաստվեմ հաղորդմանը։ Ի՛նչ պիտի անեմ առաջին հերթին։ Պետք ա կանխատեսեմ, թե ինչ առաջադրանքներ պատրաստած կլինեն դրանք ինձ համար։ Ընդ որում առաջադրանքներն էնպես կընտրեն, որ ես ոչ մի շանս չունենամ տակից դուրս գալու,-սկսեց ժպտալ ու շարունակեց խորհել,-ա՜խ, հիմարներ, եթե իմանայիք, թե ինչ պատրաստվածության տեր մարդու հետ գործ ունեք, ձեր դատարկ գլխով անգամ չէր անցնի նման բան կազմակերպել։ Բայց, ոչինչ, տեսեք, թե ձեզ ի՛նչ օրն եմ գցելու։ Հիմա փորձեմ կանխատեսել էդ ապուշ Արթուրի վարքագիծը։ Նա իր խելքով չի կարա ընտրի էնպիսի բարդ վարժություններ, որտեղ էքստրասենսններն ու մոգերը կձախողվեն։ Դա պետք ա երկար ժամերով էքստրասենսների վերաբերյալ հաղորդումներ նայի, որպեսզի գտնի նրանց թույլ կողմերը։ Բայց ինքը հաստատ էդ ճանապարհով չի գնա, քանի որ դա շատ ժամանակատար ու բարդ գործ ա։ Ինքը կգնա հեշտ ճանապարհով։ Կհարցնի արհեստական բանականությանը։ Հիմա ես էլ կհարցնեմ>>։

Չնայած հոգնած էր, բայց Վիգենը չալարեց վեր կենալ, գնալ նստել համակարգչի մոտ ու արհեստական բանականությանը հարցնել այդ մասին։ Մոտ երկու ժամ Վիգենը չաթով գրում էր արհեստական բանականությանը՝ տալով նրան բազմաթիվ խաչաձև ու խորքային հարցեր։

<<Պարզ ա արդեն ինձ համար, թե ինչ կարգի առաջադրանքներ են պատրաստել։ Լա՜վ>>։

Երկար աշխատելուց հետո Վիգենը վերցրեց իր տետրն ու սկսեց բարձրաձայն մտածել՝ միաժամանակ գրելով։

<<Էսպես, ես պիտի իմանամ, թե ո՞նց կարելի ա պարզել, թե մարդու նկարը բնակա՞ն ա, թե արհեստական բանականության միջոցով սարքած։ Պիտի

որ հատուկ մաթեմատիկական պարամետրեր լինեն դրա համար։ Հետո ինտերնետով կնայեմ համաշխարհային առողջապահության՝ հիվանդությունների մասին վիճակագրությունը։ Էդ ինձ թույլ կտա իմանալ, թե ո՞ր տարիքի և ո՞ր սեռի մարդկանց մոտ ինչ հիվանդություններ են 90 տոկոս կամ ավել հավանականությամբ առկա։ Պիտի վերհիշեմ ու բարելավեմ իմ հմտությունները հոգեբանական ֆորսինգից։ Բացի էդ, պետք ա նկատի ունենամ, որ էդ Արթուրը իմանալու ա առաջադրանքի ճիշտ պատասխանները։ Ուրեմն մինչ պատասխանը տալը ես պետք ա շատ ուշադիր հետևեմ նրա դեմքի միմիկային, մարմնի շարժուձևին, քանի որ մարմնի լեզուն երբեք չի խաբում։ Արթուրն ուզում ա, որ ես բոլոր հարցերին սխալ պատասխաններ տամ։ Էդ նշանակում ա, որ երբ փորձեմ տալ ճիշտ պատասխանը, նրա մարմինը անհանգստության նշաններ ցույց կտա, իսկ երբ կփորձեմ սխալ պատասխան տալ, ապա պիտի տենամ թաքնված ուրախության կամ հանգստության ու ապահովության զգացողության նշաններ։ Էստեղ տեղին ա հիշել իրանահայ հայտնի հոգեբան Ալբերտ Մեհրաբյանին, ով ասում ա, որ մարդու էմոցիաներն ու վերաբերմունքը 55 տոկոսով դրսևորվում է մարմինի լեզվով, դիմախաղով

ու ժեստերով․․․ Լավ, հոգնած եմ, էլ վրես հալ չկա։ Գնամ տուն, վաղն առավոտյան կգամ ու կկպնեմ գործին>>։

***

Երեք օրից կրկին հանդիպում են Վիգենն ու Նարեկը։ Հանդիպումը նշանակել էր Նարեկը էլի իրենց նույն տեղում՝ զբոսայգում։ Դրանով Նարեկը կատարում էր իր տված խոստումը։

Առանց ձեռքսեղմումի, անտարբեր իրար բարևելուց հետո նստում են նստարանին։

-Ես, օգտագործելով իմ ներկայիս հնարավորությունները, պարզել եմ էն, ինչ քեզ պետք ա,-ասաց Նարեկը Վիգենին՝ նայելով քիչ հեռու խաղացող երեխաների կողմը։

-Դե, ասա, լսում եմ,-ասաց Վիգենը։

-Քեզ հետաքրքող մարդիկ իրենց առջև նպատակ չեն դրել հեռուստատեսությունում հրաշքներ ցուցադրել, ընդհակառակը՝ երկրի ղեկավարության կողմից բոլոր հեռուստաընկերություններին գաղտնի հանձնարական ա իջեցվել, որ ոչ մի ձև գուշակների, մոգերի ուղղակի կամ անուղղակի գովազդ չանեն ու չնպաստեն նրանց ռեյտինգի բարձրացմանը։ Եթե կազմակերպվել ա հեռուստատեսությունում նման հաղորդում, ապա էդ նշանակում ա, որ նրանց նպատակը ցույց տալն ա, որ էքստրասենսենրը խաբեբաներ են։ Բորիս Սոբոլյովի հայտնի փաստավավերագրական ֆիլմից հետո նախկին խորհրդային երկրների հեռուստատեսություններում կտրուկ նվազեց էքստրասենսների մասին հաղորդումների ստեղծումը։

-Ինձ էստեղ կանչես ես, որ է՞դ ասես։ Էդ ամենի մասին ես ինքս էլ եմ գլխի ընկնում։ Էլ ուրիշ ի՞նչ կարաս ասես, որ ինձ կհետաքրքի,-դժգոհ ձայնի տոնով հարցրեց Վիգենը։

-Քո խնդրանքը կատարելու համար ես ստիպված էի դիմել իմ նախկին գործակալին, ով դուրս եկավ էդ հեռուստաընկերության վարորդի վրա։ Ուրեմն էսպես՝ իմ գործակալը խոսցրել ա էդ վարորդին ու նա ասել ա, որ 3-4 օր առաջ իրեն հանձնարարել էին գնալ խանութ ու գնել փոքրիկ շարժական ռուլետկա։ Եվ սա դեռ ամենը չի։ Սրանից երկու օր առաջ էլ վարորդը էդ հեռուստաընկերության 2 աշխատակցի տարել ա հիվանդանոց, որտեղ նրանք ներքին օրգանների սոնոգրաֆիա են անցել։ Ամբողջ ճանապարհին էդ աշխատողները ծաղրել են էն էքստրասենսին, ով պիտի կռահի իրենց հիվանդությունները։ Վիգեն, էլի եմ ասում, հրաժարվիր մասնակցել էդ հաղորդմանը։ Դու տակից չես կարողանալու դուրս գալ, խայտառակ ես լինելու, ես քեզ որպես մոտիկ եմ ասում։

-Շնորհակալ եմ անհանգստության համար, բայց ես քո խորհուրդների կարիքը չունեմ։ Ուրիշ ինֆորմացիա ունե՞ս ինձ տալու,-հարցրեց Վիգենը։

-Չէ, միայն էսքանն ա հաջողվել պարզել։ Բայց իմ պարզածը բավարար ա հասկանալու համար, որ քո դեմ թակարդ ա լարվում,-ասաց Նարեկը։

-Լավ, դու կատարեցիր քո խոստումը։ Խոսք եմ տալիս էլ քեզ ոչ մի հարցով չանհանգստացնել,-ասաց Վիգենը՝ վեր կենալով ու պատրաստվելով գնալ։

-Քեզ հաջողություն, Վիգեն,-հրաժեշտ տվեց Նարեկը։

-Քեզ էլ,-ասաց Վիգենն ու ձեռքը վեր բարձրացնելով՝ հրաժեշտ տվեց և հեռացավ։

Մինչ մեքենային հասնելը Վիգենը մոտ հարյուր մետր պետք է քայլեր։ Քայլելիս մտածում էր․

<<Նարեկն ինձ շատ կարևոր ինֆորմացիա տվեց։ Նրա միջոցով ես պարզեցի առաջադրանքներից երկուսը։ Առաջինը՝ էն ա, որ ստուդիա կբերվի ռուլետկա, ու ես պիտի գուշակեմ էն թիվը, որի վրա կընկնի գնդակը։ Երկրորդը՝ երևի էն կլինի, որ էդ աշխատողներից մեկը կամ երկուսը կհրավիրվի ստուդիա, ես պետք ա ասեմ, թե ի՞նչ հիվանդություններ են ունեն նրանք։ Հետո կհրապարակեն սոնոգրաֆիայի

արդյունքերը․․․․Բայց մի րոպե, սրանք կարող ա խարդախության դիմեն։ Չի բացառվում, որ եթե տենան, որ իմ ասածները համընկում ա սոնոգրաֆիայի արդյունքների հետ, հրապարակեն էն մյուս սոնոգրաֆիան, որպեսզի ես սխալ դուրս գամ։ Դրա համար էլ նախապես

երկու հոգու են սոնոգրաֆիա արել՝ որպես զապասնոյ վարիատ՝ ինձ նեղը

գցելու համար։ Պարզ ա։ Բայց ոչինչ, ես գիտեմ, թե ինչ պիտի անեմ>>։

***

Անցնում է երկու շաբաթ։

Վիգենն ավտոմեքնայով ժամանում է հեռուստաընկերություն՝ մասնակցելու հաղորդմանը, որը հեռարձակվելու էր ուղիղ եթերում։ Ավտոմեքենան հարմար տեղ կանգնեցնելուց հետո, իջավ ու մտավ հեռուստաընկերության շենք։

Վիգենին նախապատրաստեցին հաղորդմանը։ Սահմանված ժամին սկսեց հաղորդումը։ Հաղորդավարն Արթուրն էր՝ պլանավորվածի համաձայն։ Ներկա էր շուրջ հիսուն մարդ, ովքեր դահլիճից էին հետևելու այդ ամենին։

Արթուրը բացման խոսքում ներկայացրեց, թե ինչի մասին է հաղորդումը, հետո ստուդիա հրավիրեց մի արվետագետի, ով պնդեց, թե մոգություն ու էքստրասենսորիկա գոյություն չունի, և որ բոլոր էքստրասենսները կա՛մ հոգեկան հիվանդ են, կա՛մ էլ խաբեբա։

Դրանից հետո Արթուրն ասաց․

-Հարգելի բարեկամներ, այժմ ստուդիա ենք հրավիրում հայտնի էքստրասենս Վիգեն Դանիելյանին։

Վիգենը ներս է մտնում ստուդիա։ Դահլիճը, տեսնելով նրան, սկսում է ծափահարել։ Նա, երկու ձեռքերը վեր պարզած, ողջունում է դահլիճում նստած մարդկանց։ Վիգենն ինքնավստահ տեսք ուներ։ Հագել էր ալիքաձև փայլփլուն վերնաշապիկ։ Աջ ձեռքի մատնեմատին կրում էր թանկարժեք մոգական մատանի՝ լաբրադորիտի քարից, իսկ ձախ ձեռքի միջնամատին՝ մատանի՝ ամեթիստի քարից։ Կրում էր նաև ձեռնաշղթաներ՝ պատրաստված տուրմալինի, օբսիդիանի և օնիքսի քարերից։ Պարանոցը զարդարում էր ոսկուց պատրաստված պենտագրամը։

-Վիգեն,-դիմեց հաղորդավարը,-մեր հյուրը պնդում է, որ էքստրասենսները կա՛մ հոգեկան հիվանդ են, կա՛մ էլ խաբեբա, ի՞նչ կասեք։

-Ես գիտեմ, որ վերջին տարիներին, համենայնդեպս Հայաստանում, ոչ մի էքստրասենս չի դատվել խարդախության և խաբեբայության համար ու ոչ մի էքստրասենսի վերաբերյալ հոգեբույժները եզրակացություն չեն տվել

հոգեկան խանգարման կամ հիվանդության առկայության մասին։ Եվ այսքանից հետո նման հայտարարություններ անելը, մեղմ ասած, անպատասխանատու արարք է,-ասաց Վիգենը։

-Շատ բարի, Վիգեն, իսկ Դուք մեր հաղորդաշարի ժամանակ կարո՞ղ եք ապացուցել, որ այն, ինչ Դուք անում եք, իրականում խաբեություն չէ, և որ Դուք իրոք գերբնական ուժ ունեք,-հարցրեց Արթուրը։

-Այո, իհարկե։ Հենց այդ նպատակով էլ ես մասնակցում եմ այս հաղորդմանը։

-Վիգեն, մեր հաղորդման ժամանակ Դուք հնարավորություն կունենաք ապացուցել Ձեր գերբնական ունակությունները, պատրա՞ստ եք,-ոգևորված հարցրեց հաղորդավարը։

-Իհարկե, պատրաստ եմ,-վստահ ու հանգիստ ասաց Վիգենը։ Հանդիսատեսը սկսեց ծափահարել։

-Վիգեն, խնդրում եմ մոտենալ ու նստել սեղանի շուրջ,-ասաց Արթուրը։

Վիգենը մոտեցավ ու նստեց ստուդիայի կենտրոնում գտնվող սեղանի շուրջ։

-Հարգելի բարեկամներ, հիմա ստուդիա կբերվի երկու ծրար։ Մեկի մեջ մարդու լուսանկար է, իսկ երկրորդ ծրարում գրված է այդ մարդու բնութագիրը։ Վիգենը պետք է, նայելով նկարին, պատմի այդ մարդու մասին։ Իսկ հետո մենք կբացենք ծրարը, որպեսզի կարդանք իրականությունը լուսանկարի մարդու մասին։

Ստուդիա է բերվում երկու ծրար։ Արթուրը բացում է առաջին ծրարը, հանում մի տղամարդու լուսանկար, տալիս Վիգենին ու ասում․

-Վիգեն, ի՞նչ կարող եք պատմել այս տղամարդու մասին։

Վիգենն ուշադիր նայելով նկարին՝ անմիջապես հասկանում է, որ այն գեներացված է արհեստական բանականության միջոցով, ինչքան էլ որ այն շատ որակյալ էր պատրաստված։ Սակայն ձևացնում է, թե իբր չհասկացավ

այդ։ Աջ ձեռքի ափը պահելով նկարից մի փոքր հեռու՝ աչքերը փակեց ու մի քանի վայրկյան ոչինչ չասաց։ Հետո անսպասելիորեն ասաց․

-Ես այս տղամարդու էներգետիկան չեմ զգում ո՛չ ողջերի ու ո՛չ էլ մեռածների մեջ։

Արթուրն անսպասելիի եկավ նման պատասխանից։ Վիգենի խոսքերն իր պլանների մեջ չէին մտնում։ Նա համոզված էր, որ Վիգենը պետք է սկսեր նկարագրել այդ մարդուն, բայց դա տեղի չունեցավ։ Սակայն Արթուրը, լինելով պրոֆեսիոնալ հաղորդավար, ցույց չտվեց իր շփոթմունքն ու

զարմանքը և հարցրեց․

-Ի՞նչ է նշանակում այդ ամենը, Վիգեն։

-Նշանակում է, որ նման մարդ դեռևս չի ծնվել։ Ես նրա էներգինֆորմացիոն դաշտը չեմ տեսնում։

-Էլ ուրի՞շ բան չունեք ասելու, Վիգեն։ Կարծես թե Ձեզ մոտ ոչինչ չստացվեց, քանի որ ինչպե՞ս կարող է մարդը ծնված չլինել, եթե նրա լուսանկարը կա։ Միգուցե նորից փորձեք,-ասաց Արթուրը՝ փորձելով ապակողմնորոշել Վիգենին։

-Բացեք մյուս ծրարը և կարդացեք պատասխանը,-վստահ ասաց Վիգենը։

Արթուրը, ըստ հաղորդման սցենարի, ստուդիայում գտնվող մարդկանցից մեկին կանչեց՝ ծրարը բացելու ու պատասխանը կարդալու։ Մասնակիցը մոտեցավ, բացեց ծրարն ու բարձրաձայն կարդաց․<<Նկարը ստեղծվել է

արհեստական բանականության միջոցով>>։

Հանդիսատեսը սկսեց ծափահարել ու բացականչել <<Բռա՜վո>>։

Առաջին փորձությունը Վիգենը հաղթահարեց։ Արթուրը ցույց էր տալիս, որ շատ ուրախ է Վիգենի հաջողության համար ու ցանկանում է, որ նա բոլոր փորձությունները հաղթահարի։

-Հարգելի բարեկամներ, ինչպես տեսնում եք, Վիգենը հեշտությամբ հաղթահարեց առաջին փորձությունը։ Կհաջողվի՞ նրան հաղթահարել հաջորդ փորձությունը, կիմանանք քիչ անց։

Ստուդիա է բերվում հինգ հատ փոքր փայտյա փայլող արկղեր։

-Այս հինգ արկղերից մեկում գումար կա, իսկ մնացած արկղերը դատարկ են։ Վիգենը պետք է, առանց բացելու արկղերը, ցույց տա այն արկղը, որի մեջ գտնվում է գումարը։

Վիգենն անցավ առաջադրանքի կատարմանը։ Ձեռքի աջ ափը պարզեց դեպի արկղերն ու աչքերը փակեց։ Ափով սկսեց հերթով անցնել բոլոր արկղերի վրայով՝ առանց նրանց դիպչելու։ Թեև Վիգենն աչքերը փակել էր, բայց իրականում աչքի տակով շատ ուշադիր թաքուն հետևում էր Արթուրի միմիկային, շարժուձևին՝ փորձելով հասկանալ նրա զգացմունքների ու հոգեվիճակների տարբերությունը, երբ նա ձեռքի ափով հերթով անցնում էր արկղերի վրայով։ Անցնելով բոլոր հինգ արկղերի վրայով՝ Վիգենը ոչ մի անհանգստության նշան չտեսավ Արթուրի շարժուձի մեջ, ընդհակառակը, վերջինս շատ հանգիստ էր ու ապահով։

<<Նրա շարժուձևում էական փոփոխություն ես չտեսա։ Էս նշանակում ա, որ արկղերից ոչ մեկի մեջ էլ փող չկա։ Էս հինգ արկղերից ոչ մեկը նրա մոտ ներքին տագնապ չի առաջացնում>>,-մտածեց Վիգենն ու ասաց։

-Հարգելի հաղորդավար, Դուք ասացիք, որ այս հինգ արկղերից մեկի մեջ գումար կա, իսկ մյուսները դատարկ են, այդպե՞ս է,-հարցրեց Արթուրին Վիգենը։

Արթուրն ապշեց, հասկացավ, որ Վիգենը բռնեց իր սուտը։ Նա չէր կարող հրաժարվել իր ասած խոսքերից․չէ՞ որ հաղորդումը հեռարձակվում էր ուղիղ եթերում։

-Այն, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել,-ասաց Արթուրը՝ թաքցնելով իր շփոթմունքն ու անհանգստությունը։

-Ոչ, ճիշտ չեք ասել։ Ըստ Ձեր ասածի՝ այս արկղերից մեկի մեջ պետք է գումար լինի, իսկ մյուսները պետք է դատարկ լինեն։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ դա սուտ է։

Դահլիճում քար լռություն տիրեց։

Արթուրը սկսեց կեղծ ծիծաղել, որպեսզի ցույց տա, որ Վիգենի ասածը լուրջ չի ընդունում, ուստի ծիծաղում է։

-Վիգեն, վերջապես ո՞րն է Ձեր պատասխանը, ո՞ր արկղում է գտնվում գումարը,- հարցրեց Արթուրը։

-Բոլոր արկղերն էլ դատարկ են։ Ոչ մի արկղի մեջ գումար չկա,-ասաց Վիգենը։

Արթուրը հերթով բացեց բոլոր հինգ արկղերը, և նրանցից ոչ մեկի մեջ գումար չկար։ Բոլորը դատարկ էին։

-Այո, Վիգեն, Դուք ճիշտ ասացիք, բոլոր արկղերը դատարկ են։ Ծափահարեք Վիգենին,-բացականչեց Արթուրը։

Ծափահարություններից ողջ դահլիճը թնդաց։

-Վիգեն, մենք միտումնավոր էինք այդպես արել, որպեսզի համոզվենք, որ Դուք ունեք արտասովոր ունակություններ,-ստիպված այդպես ասաց Արթուրը և հարցրեց․

-Պատրա՞ստ եք անցնելու հաջորդ առաջադրանքին։

-Այո։

-Հարգելի բարեկամներ, հիմա մենք ստուդիա կհրավիրենք մի մարդու, ով մի քանի օր առաջ հետազոտվել է։ Հետազոտության արդյունքները գտնվում են ինձ մոտ։ Վիգենը պետք է ասի, թե այս մարդը ի՞նչ հիվանդություններ ունի։

Ստուդիա է գալիս հիսուն տարեկանի մոտ մի տղամարդ, ով հենց այդ հեռուստաընկերության աշխատակիցն էր։

-Հիմա Վիգենը կասի, թե մեր հյուրն ի՛նչ հիվանդություններ ունի, որից հետո ես կկարդամ հետազոտության արդյունքները։

Վիգենը մոտեցավ այդ մարդուն, բռնեց ձեռքն այնպես, որ բութ մատը լինի զարկերակի վրա, որպեսզի լսի սրտի աշխատանքը։ Հետո սովորականի նման փակեց աչքերը, և ափով սկսեց հերթով անցնել այդ մարդու օրգաններով, կարծես փորձելով սկանավորել։ Այդ պահին Վիգենն ամբողջ իր ուշադրությունը կենտրոնացրել էր այդ մարդու սրտի բաբախյունների վրա։ Հերթով անցավ օրգաններով։ Երբ հասել էր շագանակագեղձին, զգաց, որ այդ մարդու սիրտը սկսեց արագ աշխատել։

<<Ահա՜, սրտի աշխատանքը միանգամից փոխվեց։ Էս մարդը 50-ի մոտ կլինի։ Սա շագանակագեղձի պրոբլեմ ունի։ Բայց հալա էս տարիքում շագանակագեղձը այդքան չի մեծանում, որ ասեմ, ադենոմա է, ուրեմն սրա մոտ պրոստատիտ է>>,-արագ մտածեց Վիգենն ու սկսեց բարձրաձայն

խոսել․

-Տեսնում եմ, որ այս մարդը հաճախ է երեկոյան քնից վեր կենում։ Ունի հաճախամիզություն։ Էս մարդու մոտ ես տեսնում եմ շագանակագեղձի պրոստատիտ, երիկամներում ավազ կա, ենթաստամոքսային գեղձը դիֆուզ փոփոխված է։ Ուրիշ արտառոց առողջական խնդիրներ ես չեմ տեսնում։

-Շատ լավ, բոլորս լսեցինք։ Հիմա ես կկարդամ ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության արդյունքները,-ոգևորված ասաց Արթուրը։

-Կներեք, որ ընդհատում եմ,-ասաց Վիգենը և դիմեց հյուրին,-ի՞նձ կասեք Ձեր անուն ազգանունը և ծննդյան տարեթիվը։

Հյուրը շփոթվեց, անակնկալի եկավ այդ անսպասելի հարցից ու ենթագիտակցաբար, առանց մտածելու ճիշտ ասաց իր անուն-ազգանունը և ծննդյան տարեթիվը։

Արթուրի նախօրոք մշակած պլանը հօդս ցնդեց։ Վիգենն այդ հարցով խառնեց բոլոր խաղաքարտերը։ Այժմ Արթուրը չէր կարող կարդալ և ցույց

տալ ուրիշի հետազոտության արդյունքը, քանի որ հետազոտության արդյունքների վերևում գրվում է հետազոտվողի տարիքը և անուն ազգանունը։ Եթե ուրիշի արդյունքը կարդար, ապա Վիգենը պահանջելու էր ցուցադրել արդյունքը, իսկ այդպես բոլորը կհասկանային, որ դա այդ մարդու հետազոտության արդյունքը չէ։

Արթուրին ոչինչ չէր մնում, քան կարդալ հենց այդ մարդու սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքը։ Պարզվեց, որ Վիգենի ասածներն ամբողջովին համընկան սոնոգրաֆիկ հետազոտության պատասխանին։

Արթուրը չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Ախր այդպես չպետք է լիներ։

<<Էդ ո՞նց ա սա կարողանում ճիշտ ասի բոլոր հարցերի պատասխանները, չնայած մեր ջանքերին։ Չէ, էս մարդն ուրեմն ունի գերբնական ունակություններ, սա խաբեբա չի։ Լավ, տենամ մյուս առաջադրանքները կարողանալու՞ ա ճիշտ ասի։ Ենթադրենք էս ամենը պատահաբար համընկավ։ Մյուս առաջադրանքներում բացառվում ա, որ պատահական ինչ-որ բան համընկի>>,-մտածում էր Արթուրը։

Ստուդիա է բերվում փոքր շարժական ռուլետկա։

-Հարգելի բարեկամներ, ինչպես տեսնում ենք, սա շարժական ռուլետկա է, ու այն բերել ենք Վիգենի համար։ Մինչ կնետենք գնդակն ու կտեսնենք, թե այն ո՛ր թվի վրա է ընկնում, Վիգենը նախապես պետք է ասի այդ թիվը, մինչ գնդակի նետումը,-ասաց Արթուրը։

Վիգենն ասաց․

-Առաջադրանքը բավականին բարդ է։ Դեռևս ոչ մի էքստրասենսի հեռուստաշոուներում նման առաջադրանք չեն տվել, բայց ինձ համար այս առաջադրանքը խնդիր չի։ Պարզապես ես պետք է նախապատրաստվեմ։ Խնդրում եմ ինձ թույլ տալ, մոտենալ սեղանին, վառել ինձ հետ բերված մոմերը։

-Իհարկե, Վիգեն, Ձեզ թույլատրվում է անել այն, ինչ ուզում ենք, միայն թե նախապես ճիշտ գուշակեք թիվը։

Վիգենը մոտեցավ սեղանին, վառեց մոմերը, իր հետ բերած փոքր սև շորով փակեց աչքերը։

-Վիգեն, կներեք, որ Ձեր աշխատանքն ընդհատում եմ, բայց խնդրում եմ մեր հեռուստադիտողների ու ներկաների համար ասեք, թե ինչ եք պատրաստվում անել, որովհետև շատ հետաքրքիր կլինի իմանալ,-դիմեց Վիգենին հաղորդավարը։

-Ես հիմա կապի եմ դուրս գալու պատահականության աստվածուհի Տյխեյի հոգու հետ,-պատասխանեց Վիգենը։

Դահլիճը զարմանքից քար կտրեց։

Վիգենը, վառելով մոմերը, 2-3 րոպե անհասկանալի բառեր էր շշնջում։ Ավարտելով աշխատանքը՝ շորն աչքերից հանեց, խորը շունչ քաշեց ու ասաց։

-Աստվածուհին այսօր քմահաճ էր, ինձ ուղիղ պատասխան չտվեց, բայց որոշեց պատասխանը տալ մաթեմատիկական լեզվով։

-Ու ի՞նչ ասաց ասվածուհին,-հետաքրքությամբ հարցրեց Արթուրը։

-Տյխե աստվածուհին ասաց, որ այն թիվը, որ ընկնելու է, գտնվում է փակ ինտերվալում և իրենից ներկայացնում է ամբողջ թվային կետ՝ սահմանափակված Եվկլիդյան տարածության մեկաչափ ենթաբազմության մեջ։

Արթուրը զարմանքից չգիտեր՝ ինչ աներ։ Նա սպասում էր, որ Վիգենը կոնկրետ թիվ կասեր, բայց վերջինս իրեն անհասկանալի մաթեմատիկական տերմիններով ինչ-որ բան ասաց։

-Վիգեն, ես ոչինչ չհասկացա։ Ես մաթեմատիկայից դպրոցում ուժեղ չեմ եղել։ Դու կարո՞ղ ես թվի անունը տալ,-հարցրեց Արթուրը։

-Արթուր ջան, բանն այն է, որ ես էլ մաթեմատիկական տերմիններից բան չեմ հասկանում, ես ուղղակի դիմեցի աստվածուհուն ու նա ինձ այդպես պատասխանեց։

-Դահլիճում կա՞ մարդ, ով շատ լավ է մաթեմատիկայից ու կարող է ասել, թե Վիգենի ասածն ի՞նչ է նշանակում,-դահլիճում նստածներին դիմեց հաղորդավարը։

Լռություն տիրեց, ոչ ոք ոչինչ չասաց։

-Ուրեմն մենք այսպես կանենք, հիմա ռուլետկայի պտույտը կանենք, տեսնենք, թե ինչ թիվ է ընկնում, հետո բոլորիդ ներկայությամբ արհեստական բանականությանը կհարցնենք, թե ընկած թիվն ունի՞ այդ մաթեմատիկան հատկանիշները, թե՝ ոչ,-հայտարարեց Արթուրը։

Նետեցին գնդակը ռուլետկայի մեջ, ընկավ <<28>> թիվը։ Դրանից հետո ներկաներն իրենց սմարթֆոնով արհեստական բանականությանը հարցրին, թե արդյոք <<28>> թիվը գտնվու՞մ է փակ ինտերվալում և իրենից ներկայացնու՞մ է ամբողջ թվային կետ՝ սահմանափակված Եվկլիդյան տարածության մեկաչափ ենթաբազմության մեջ։

Դահլիճում նստածները սկսեցին հոտնկայս ծափահարել Վիգենին՝ չնայած Արթուրը դեռ չէր ստուգել պատասխանը։

-Բոլորը ծափահարում են Վիգենին, սա նշանակում է, որ նրանք ստուգել են Վիգենի տված պատասխանն ու համարում են, որ նա ճիշտ պատասխան է տվել,-ասաց Արթուրը։

-Ես առաջարկում եմ ստուդիայի մեծ էկրանին համացանցով կամ արհեստական բանականությամբ ստուգել պատասխանը,-ասաց Վիգենը։

Արթուրը չէր հավատում, որ Վիգենի պատասխանը ճիշտ կարող է դուրս գալ ու համաձայնեց Վիգենի ասածին։ Ստուդիայի մեծ էկրանին Արթուրն արհեստական բանականությանը հարցրեց, թե <<28>> թիվը գտնվու՞մ է փակ ինտերվալում և իրենից ներկայացնու՞մ է ամբողջ թվային կետ՝ սահմանափակված Եվկլիդյան տարածության մեկաչափ ենթաբազմության մեջ։

Արհեստական բանականությունը դրական պատասխան տվեց։

Արթուրն արդեն չգիտեր, ինչ աներ ու իրեն ինչպես պահեր։ Իր և Ռոբերտի մտահաղացումը ձախողվել էր։ Արդեն չգիտեր, թե ինչ պատասխան էր տալու Ռոբերտին։

<<Արթուր, քեզ հավաքիր, դու չպիտի այլայլված ու շփոթված տեսք ունենաս։ Դեռ մի առաջադրանք էլ կա, ու հաստատ Վիգենը ձախողվելու ա, ձև չկա, որ նա կարողանա դրա տակից դուրս գա>>,-մտածում էր Արթուրը։

-Հարգելի բարեկամներ, հիմա անցնում ենք վերջին ու ամենաբարդ առաջադրանքին։ Ստուդիայից կանչում ենք պատահական մարդու, ով պետք է թղթի վրա գրի ցանկացած թիվ ու այն դնի փակ ծրարի մեջ։ Վիգենը պետք է հեռվից առանց ծրարին մոտիկանալու, ասի, թե ինչ թիվ է գրված,-ասաց հաղորդավարը։

<<Էս արդեն լուրջ ա։ Ամեն գնով սրանք ինձ ուզում են խայտառակ անեն, բայց ոչինչ էլ չի ստացվի։ Ի՞նչ անեմ։ Ես էդ մարդուն հիպնոս անել չեմ կարող ուղիղ եթերում, կնկատեն, պիտի դիմեմ հոգեբանական ֆորսինգի մեթոդին։ Բայդ դա էս պահին ինչքանո՞վ արդյունավետ կլինի։ Ես սխալվելու իրավունք չունեմ, սրանք անհամբեր դրան եմ սպասում, որ չարախնդան։ Իսկ միգուցե՞ համատեղեմ հիպնոսն ու հոգեբանական ֆորսինգը։ ԱԱԾ-ում վերապատրաստումների ժամանակ նման վարժություններ արել ենք>>,-մտածում էր Վիգենը։

Ստուդիայում նստածներից պատահական ընտրեցին մի երիտասարդ աղջկա, ով կլիներ 20-23 տարեկան։

Վիգենն աղջկան ասաց․

-Ձեզ կարևոր մի հարց է տանջում։ Ես գիտեմ, թե խոսքն ինչի մասին է, ուղղակի չեմ բարձրաձայնի, քանի որ դա Ձեր գաղտնիքն է։ Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի, ու այդ խնդիրը ժամանակի ընթացքում կլուծվի։

Աղջիկը գունատվեց Վիգենի խոսքերից։ Վիգենը կարողացավ նրան զարմացնել և միաժամանակ խուճապի մատնել՝ դրանով իսկ թուլացնելով նրա զգոնությունը։

-Խնդրում եմ ինձ ասել Ձեր անուն-ազգանունը և համառոտ պատմել Ձեր մասին,-հարցրեց Վիգենը, որպեսզի տեսնի, թե աղջիկն ի՞նչ առոգանությամբ է խոսում, խոսելիս ի՞նչ շարժումներ է անում, ինչպե՞ս է շնչում։

Արթուրին այդ ամենը կասկածելի չթվաց, քանի որ թվի հետ կապված բան չէր հարցնում Վիգենը, որը հուշում կլիներ, հետևաբար թույլատրեց, որ Վիգենը զրուցի այդ աղջկա հետ։

Աղջիկն ասաց իր անուն ազգանունը, տարիքը և համառոտ ներկայացրեց, թե ինչով է զբաղվում ու ինչ հետաքրքություններ ունի։

Վիգենը, շնչելով այնպես, ինչպես շնչում էր աղջիկը, խոսելիս անելով նույն շարժումները, ձայնի նույն առոգանությամբ ու նույն դադարներով հարցրեց․

-Հավատու՞մ եք էքստրասենսներին։

-Ես միայն Աստծուն եմ հավատում,-պատասխանեց աղջիկը։

-Դա շատ լավ է, հավատա Աստծուն և հետևիր նրա պատվիրաններին,-ասաց Վիգենը։

Դրանից հետո աղջիկը կանգնեց հեռու, գրեց թիվը, թուղթը դրեց ծրարի մեջ։

Վիգենը պետք է ասեր, թե ինչ թիվ էր գրել աղջիկը։

Դահլիճում կրկին լռություն տիրեց։ Ներկաներին հուզում էր այն հարցը, թե արդյոք Վիգենը կկարողանա այս անգամ ևս գտնել հարցի պատասխանը։

Վիգենը փակեց աչքերը, ձեռքի ափերը միացրեց իրար ու սկսեց դանդաղ շփել։ 30-45 վայրկյան այց Վիգենը բացեց աչքերը և ասաց․

-Թղթի վրա գրված է <<10>> թիվը։

Արթուրը և մնացած բոլորը չգիտեին, թե ինչ թիվ է գրված թղթի վրա։ Արթուրն ուրախացավ։

<<Ը՜հ՜ը, բռնվեցիր Վիգեն տղա, դու կոնկրետ թիվ ասացիր, որը պատահաբար չի կարա համընկի։ Դու ձախողվեցիր>>,-մտածեց նա։

-Եվ այսպես, Վիգենն ասում է, որ թղթի վրա գրված է <<10>> թիվը, հիմա ես բոլորիդ ներկայությամբ կբացեմ ծրարը, ու բոլորս կտեսնենք, թե ինչ թիվ է գրված,-ոգևորված ասաց Արթուրը։

Բացելով ծրարը՝ Արթուրն աչքերին չհավատաց։ Մինչ այդ հաղորդման ժամանակ Արթուրը հմտորեն կարողացել էր թաքցնել իր զարմանքը, խուճապը և շփոթմունքը, բայց այս անգամ էլ չկարողացավ ձևացնել։ Մի քանի վայրկյան ոչինչ չասաց։

-Հարգելի հաղորդավար, խնդրում եմ բոլորիս ցույց տալ, թե ի՞նչ թիվ է գրված,-հաղթական ձայնով ասաց Վիգենը։

Արթուրը, ոչինչ չասելով, զարմացած ցույց տվեց թուղթը։ Հաղորդման օպերատորը ցուցադրեց այն խոշոր պլանով։

Դահլիճում ներկաները կրկին ոտքի ելան ու ծափահարեցին։

Արթուրը հասկացավ, որ ինքը և իր թիմը ջախջախվեցին, միայն թե չէր հասկանում, թե ինչպես Վիգենին հաջողվեց բոլոր հարցերին ճիշտ պատասխան տալ։ Ի վերջ հավաքելով իրեն՝ ասաց․

-Հարգելի բարեկամներ, բոլորս ականատես եղանք, թե ինչպես հայտնի էքստրասենս Վիգեն Դանիելյանը կարողացավ բոլոր առաջադրանքները կատարել, սա հրաշք էր։

***

Հաղորդումը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։ Այն Յութուբով մի քանի օրում միլիոնից ավելի դիտումներ ունեցավ։ Մոտ մի շաբաթ ողջ ժողովուրդը խոսում էր Վիգենի ցուցադրած հրաշքների մասին։ Ոմանք չէին հավատում ու ասում էին, որ ամեն ինչ <<սարքած>> էր, իսկ ոմանք էլ Վիգենին համարում էին հրաշագործ ու հզոր էքստրասենս։ Հեռուստատեսության ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի ղեկավարությանը դուր չեկավ, որ հայաստանյան մեդիայում նման հաղորդում է ուղիղ եթերով հեռարձակվել, հետևաբար հեռուստաընկերության սեփականատիրոջ հորդորով մի ամիս անց գործադիր տնօրենը, գլխավոր խմբագիրը և հաղորդավար Արթուրն ազատման դիմում են գրում՝ հեռանալով հեռուստաընկերությունից։

Վիգենն իր փառահեղ ելույթից հետո արտերկրից ստանում է բազմաթիվ առաջարկներ՝ հեռուստատեսային շոուների, էզոթերիկայի վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմերի ու այլ հաղորդումների նկարահանումներին մասնակցելու համար։

Բացի այդ նա սկսում է հեռահար՝ համացանցի միջոցով խորհրդատվություններ ու էզոթերիկ ծառայություններ մատուցել ոչ միայն հայերին, այլև օտարերկրացիներին:

Մեղրի, 2026

Be the first who will comment on this
Yatuk Music
Sobre Dance
Aram Khachatryan

Sobre Dance

Miss Planet 2023
Miss Planet 2023
Play Online

Support us! Buy our art based products from online shop