Narek Sargsyan
Առյուծն ու նապաստակը
Առյուծը, հպարտորեն գլուխը վեր պարզած, զբոսնելիս հանդիպեց նապաստակին: Վերջինս հոնգուր-հոնգուր լաց էր լինում:
-Ի՞նչ է պատահել, նապաստա՛կ, ինչու՞ ես այդպես դառնագին լաց լինում:
-Ինչպե՞ս լաց չլինեմ, առյու՛ծ արքա: Լալիս եմ, քանի որ տխուր եմ ու դժբախտ,-հեծկլտաց նապաստակը:
-Բայց ինչու՞ ես տխուր ու դժբախտ,-հետաքրքրությամբ հարցրեց առյուծը:
-Մտածում եմ, որ աշխարհն անարդար է, ինչու՞ ես պետք է թույլ և վախկոտ լինեմ, իսկ դու` ուժեղ և համարձակ:
-Սխալվում ես, նապաստա'կ, բնության մեջ ուժեղը և թույլը խիստ հարաբերական են: Դու ևս ուժեղ կողմեր ունես, բայց դրանք անտեսում ես:
-Է~, ես ոչ մի ուժեղ կողմ էլ չունեմ,-տխուր ասաց նապաստակը:
-Ուզու՞մ ես ապացուցեմ, որ սխալվում ես: Հիմա պատասխանի՛ր հարցիս: Այն գեղեցիկ ծաղիկը հեռվում տեսնու՞մ ես,-հարցրեց առյուծը:
-Այո’, իհարկե,-պատասխանեց նապաստակը:
-Մեզանից ո՞վ ավելի շուտ կհասնի և կքաղի այն:
-Իհարկե ես: Ճիշտ է, դու էլ ես շատ արագ վազում, բայց ես քեզանից ավելի արագավազ եմ,-ուրախ-ուրախ ասաց նապաստակը:
-Իսկ եթե որսորդներ նկատենք, ովքեր կփորձեն մեզ սպանել, այդ դեպքում մեզանից ավելի շուտ ու՞մ կհաջողվի փրկվել նրանց ձեռքից:
- Ինձ, քանի որ բացի այն, որ արագավազ եմ, միաժամանակ շատ ճարպիկ եմ և այս ու այն կողմ վազելով` հեշտությամբ կարող եմ շփոթեցնել նրանց:
-Տեսնու՞մ ես, որ դու նույնպես ունես քո ուժեղ կողմերը և փոխանակ ուրախանաս դրանցով, դժգոհում ես ու լալիս: Ճիշտ է, դու ինձ պես ուժեղ և համարձակ չես, բայց քո
վախի օգնությամբ կարողանում ես ակնթարթորեն զգալ վտանգը և քո ճարպկության ու արագավազության շնորհիվ խուսափել դրանից` փրկելով քո կյանքը: Ես քո չափ այդքան արագավազ չեմ, բայց դրա համար չեմ տխրում, չեմ լացում, այլ կենտրոնանում եմ իմ դրական հատկանիշների և ուժեղ կողմերի վրա ու փորձում դրանցից առավելագույնս օգուտ քաղել: Նույնը և քեզ եմ խորհուրդ տալիս:
Առյուծի խոսքերը ոգևորեցին նապաստակին: Նա հասկացավ, որ սխալ է կենտրոնանալ սեփական թուլությունների և թերությունների վրա, այլ պետք է կյանքին լավատեսորեն նայել, կենտրոնանալ ուժեղ կողմերի վրա, ուրախանալ իր առավելություններով և, ամենակարևորը, հպարտանալ դրանցով:
Komitas
Shooshiky