Narek Sargsyan

Ամենամեծ հարստությունը

Լինում է, չի լինում, մի աղքատ գյուղացի է լինում: Նա ունենում է հինգ երեխա և մի գեղեցիկ կին: Այս խեղճն օրնիբուն աշխատում, չարչարվում էր, սակայն չէր կարողանում անգամ իր ընտանիքի հանապազօրյա հացը վաստակել:

Գյուղացին մի օր` սովորականի պես տուն վերադառնալիս, հանդիպեց Սատանային:

-Ինչու՞ ես տխուր, գյուղացի՛ եղբայր,- կեղծավորաբար հարցրեց Սատանան:

-Դե ախր ո՞նց տխուր չլինեմ, վերադառնում եմ տուն, իսկ կինս ու երեխաներս քաղցած ինձ են սպասում,-դառնորեն պատասխանեց գյուղացին:

-Լավ, այդքան մի տխրիր, ես գիտեմ, թե քեզ ինչպես կարող եմ օգնել,-ասաց Սատանան:

-Այդ ո՞նց, ախր դու Սատանան ես և բարի գործեր չես անում,-զարմացավ գյուղացին:

-Խաբել են քեզ, միամի'տ եղբայր, ես քեզ նման արժանավոր, աշխատասեր մարդկանց օգնում եմ: Ուզու՞մ ես հարստանալ:

-Դա հնարավո՞ր է- հարցրեց գյուղացին:

-Եղբա՛յրս, ինձ համար անհնարին ոչինչ չկա: Միայն թե դու կոնկրետ ասա` ինչ ես ուզում, և ես քո նվիրական երազանքը կկատարեմ:

-Ճի՞շտ ես ասում,-կասկածանքով հարցրեց գյուղացին:

-Գյուղացի' եղբայր, հասկանում եմ, որ դու իմ մասին մինչ օրս շատ վատ բաներ ես լսել, բայց դա ամբողջովին սուտ է, քանի որ նման լուրեր տարածում են ինձ նախանձողները: Եվ այսպես, ի՞նչ ես ուզում, եղբա՛յրս:

Սատանայի ինքնավստահ խոսքերն ու շարժուձևը վստահություն ներշնչեցին գյուղացուն, և նրա աչքերը փայլեցին երջանկությունից:

-Ուզում եմ հարստանալ, ունենալ շքեղ դղյակ, պարկերով ոսկի և այլ զարդեղեն, նաև ուզում եմ հեկտարներով պտղատու այգիներ, հարյուրավոր անասուններ:

-Ը~հ-ը, ապրես, դու արժանի ես նրան, ինչ ցանկանում ես: Վերջապես ինչո'վ ես պակաս մյուս հարուստներից: Հետո էլ բողոքում ես բախտիցդ: Քո բախտը հենց ես եմ, որին դու հիմա հանդիպեցիր: Այն, ինչ դու ուզում ես, հենց այսօր էլ կունենաս:

-Իսկապե՞ս,- ապշեց գյուղացին:

- Հա բա: Դե լավ, հիմա արի գնանք իմ դղյակ, մի փոքր գործ կա քեզ հետ,-ասաց Սատանան:

-Ի՞նչ գործ,- վախեցած հարցրեց գյուղացին:

-Մի՛ վախեցիր, վստահի՛ր ինձ, շուտով դու կունենաս այն, ինչ երազում ես:

Եվ այսպես, գյուղացին, հավատալով Սատանային, գնաց նրա ետևից: Գնացին, գնացին և վերջապես հասան Սատանայի դղյակին, որի դարպասները հսկում էին դևերը:

-Մի' վախեցիր, քեզ ոչ ոք վնաս չի տա,- ժպտալով ասաց Սատանան:

-Բայց եկել ենք այստեղ որ ի՞նչ անենք,- զարմացած և վախեցած հարցրեց գյուղացին:

Սատանան, շարունակելով անվրդով ժպտալ գյուղացուն, ուղեկցեց դեպի իր դղյակի խորշերում գտնվող մի մութ մառան, սնդուկից հանեց մի սև փայտիկ և ասաց.

-Հիմա դու արդեն ունես այն, ինչ ուզում ես, և որպես շնորհավորանք, թու՛յլ տուր այս փայտիկով երեք անգամ հարվածեմ քո գլխին:

Սատանան երեք անգամ փայտիկով գյուղացու գլխին հարվածելուց հետո քթի տակ աննկատ քմծիծաղելով ասաց.

-Վերջ, բարեկա՛մս, հիմա կարող ես հանգիստ տուն վերադառնալ և վայելել քո հարստությունը:

-Շատ շնորհակալ եմ,- ուրախ ասաց գյուղացին և վազելով՝ վերադարձավ տուն:

Տան ճանապարհին նկատեց, որ իր հին տան տեղը մի գեղեցիկ նոր դղյակ էր դեպի վեր խոյացել: Ուրախությունից խելքը կորցրեց, ներս մտավ ու տեսավ իր երեխաների և կնոջ` երջանկությունից փայլող դեմքերը, տեսավ ոսկով և թանկարժեք քարերով լցված պարկերը, իսկ դղյակից դուրս` մի փոքր հեռվում` հեկտարներով

պտղատու այգիներ և հարյուրավոր անասուններ, որոնք մեկ ակնթարթում դարձել էին իրենը:

Անցավ որոշ ժամանակ, և հանկարծ անսպասելիորեն կինն ու երեխաները սկսեցին հիվանդանալ: Գյուղացին կանչեց աշխարհի ամենահմուտ և խելացի բժիշկներին, սակայն բոլորը, ուսերը թափ տալով, զարմացած հեռանում էին` պնդելով, որ հիվանդությունն իրենց անծանոթ է, հետևաբար բուժել չեն կարող: Գնալով՝ երեխաների և կնոջ հիվանդությունն ավելի էր սրվում. նրանք հյուծվել էին, մարմնի տարբեր մասերում վերքեր և խոցեր էին գոյացել, ցավերից գալարվում էին:

Գյուղացին հուսահատությունից գլուխը կորցրել էր, չգիտեր՝ ինչ աներ: ԵՎ մի օր պատահաբար հանդիպեց Սատանային:

-Գյուղացի՛ եղբայր, ինչու՞ ես տխուր, քեզ այդքան հարստության տեր դարձրի, բայց ոնց որ թե էլի դժգոհ ես:

-Բա ո՞նց ուրախ և գոհ լինեմ: Ճիշտ է, ես ստացա այն, ինչ երազում էի, ինչին ձգտում էի, սակայն կնոջս և երեխաներիս առողջությունն ու կյանքն ինձ համար ամենաթանկն են, աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել նրանց: Չլինի՞ քո մատը խառն է այս ամենի մեջ,- զայրացած հարցրեց գյուղացին:

-Ա'յ մարդ, էս ժողովուրդը իրոք անշնորհակ և երախտամոռ է: Ամբողջ օրը ձեզ համար չարչարվում եմ, բայց մեկ է, ինձանից միշտ դժգոհ եք լինում: Հարգելիս, ես քո նվիրական երազանքը կատարել եմ, էլ ինչի՞ց ես դժգոհ: Հետո էլ բա ի՞նչ էիր կարծում, երբ ինձ հետ գործարքի մեջ էիր մտնում: Իմացի՛ր, կյանքի օրենքը հետևյալն է. ինչ ուզում ես ստանալ, դրա դիմաց ինչ որ բան պետք է զոհաբերես: Դու էլ զոհաբերել ես քո ընտանիքի երջանկությունը և առողջությունը, որպեսզի ստանաս քո ուզածը: Վերջապես ես ի'նչ մեղք ունեմ, որ դու այնքան հիմար ես, որ կարծում ես, թե ես քեզ հենց այնպես պետք է օգնեմ` փոխարենը ոչինչ չվերցնելով:

-Բայց սրիկա՛, դու պետք է նախօրոք ինձ զգուշացնեիր հետևանքների մասին: Հիմա եմ հասկանում, թե ինչու ինձ տարար քո դղյակ և դիվային փայտիկովդ երեք անգամ հարվածեցիր գլխիս:

-Բարեկա՛մս, դու հետևանքների համար ոչինչ չես հարցրել, ես էլ մոռացել եմ քեզ ասել: Այնպես որ, ամեն ինչ արդար է, և ես քեզ չեմ խաբել: Հիմա ես պետք է գնամ, շատ գործեր ունեմ, դեռ շատ մարդկանց պետք է օգնեմ,-ասաց Սատանան և հեռացավ:

Գյուղացին չգիտեր, թե ինչ աներ: Տխուր-տրտում քայլում էր և հանկարծ հանդիպեց մի հրեշտակի:

-Հրեշտա՛կ իմ բարի, խնդրում եմ ինձ օգնիր:

-Ի՞նչ է պատահել, գյուղացի՛ եղբայր,- հետաքրքրվեց հրեշտակը: Գյուղացին պատմեց, թե Սատանան ինչ փորձանք է բերել իր գլխին:

-Դե լավ, մի՛ հուսահատվիր, ես քեզ կօգնեմ: Դու չպետք է օգնություն խնդրեիր Սատանայից: Չէ՞ որ շատ լավ գիտես, որ Սատանան չարիքի արարիչն է աշխարհում:

-Ախր այդ ժամանակ ես շատ տխուր և հիասթափված էի, իսկ նա էլ օգնություն առաջարկեց...

-Լսի՛ր, -ասաց հրեշտակը,- այս կյանքում քո ուզածին հասնելու համար պետք է ջանք ու եռանդ ներդնես. ոչինչ հենց այնպես մարդուն չի տրվում: Ուզու՞մ ես պտղատու այգի ունենալ, ուրեմն սկսիր այն տնկել, ուզու՞մ ես բազում անասուններ ունենալ, սկսիր մեկ կով պահելուց, իսկ դու ընտանիքդ պահելու և հարստանալու հեշտ ճանապարհներ ես փնտրում: Բացի դրանից դու մինչ այդ օրնիբուն աշխատում էիր այս կամ այն հարուստի համար, իսկ նրանք էլ օրվա վերջում քեզ խաբում և չէին վարձատրում, ու դրա հետևանքով չէիր կարողանում ընտանիքդ կերակրել: Իսկ այդքան խաբվելուց հետո չե՞ս մտածել, որ օրինակ, կարելի է, վարձատրությունը պահանջել գործը սկսելուց առաջ, այդպես քեզ չեն խաբի:

Գյուղացու միտքը շողաց: Մինչ այդ նա դրանց մասին չէր մտածել:

-Ես հասկացա իմ բոլոր սխալները, բարի՛ հրեշտակ, բայց հիմա ինձ ասա, թե ինչպե՞ս անեմ, որ կինս ու երեխաներս բուժվեն,-հարցրեց գյուղացին:

-Ուշադիր լսիր, թե ինչ եմ ասում,-ասաց հրեշտակը,-գնա' տուն, պտղատու այգիներդ և ողջ հարստությունդ բաժանիր աղքատներին, իսկ գլխիդ այն տեղը, որը Սատանան իր փայտիկով երեք անգամ հարվածել է, կլվանաս այս շշի ջրով:

Գյուղացին արեց այնպես, ինչպես ասաց հրեշտակը: Կինն ու երեխաներն ապաքինվեցին, սկսեցին երջանիկ ապրել: Գյուղացին սկսեց իր քրտինքով դատել, անասուն պահել, պտղատու այգի հիմնել: Արդեն հարուստների մոտ աշխատելիս վճարը նախօրոք էր վերցնում և չէր խաբվում ու այլևս չէր ձգտում հարստության, քանի որ հասկացավ, որ իր ամենամեծ հարստությունն ընտանիքն է:

Be the first who will comment on this
Yatuk Music
Song of the Aisors
George Gurdjieff

Song of the Aisors

The farmer and the land, 2023
The farmer and the land, 2023
Play Online

Support us! Buy our art based products from online shop