Nar-Dos

Մարդու աչքը

(Ավանդություն)

Մի անգամ այդ ոչ շատ հին և ոչ շատ նոր ժամանակներումս էր մի չքավոր մարդ մի ինչ֊որ բան գտավ։ Գտած իրը կակուղ էր, կլոր և փոքրիկ ընկյուզի չափ։ Գտնողը զարմացավ. նա չէր իմանում, թե այդ ինչ է. այդպիսի բան յուր ողջ կյանքում ոչ ոքի ձեռքին չէր տեսել։ Նա տարավ տուն, կնոջը ցույց տվավ. կինն էլ զարմացավ. նա էլ յուր ողջ կյանքում այդպիսի բան առաջին անգամն էր տեսնում։ Այնուհետև նա ցույց տվավ հարևան֊ծանոթներին, բարեկամ-ազգականներին, օտար-անծանոթներին, մի խոսքով ամեն մի պատահողին՝ լիներ նա կին թե մարդ, ծեր թե մանուկ, խելոք թե հիմար, գիտուն թե տգետ, բայց ո՛չ ոք և ո՛չ ոք չկարողացավ իմանալ, թե ինչ է իսկապես նրա գտած իրը։ Մեկն ասում էր՝ քար է։

Բաս ինչո՞ւ կակուղ է, հակառակում էր մյուսը։

Սա պտուղ է։

Այդպիսի պտուղներ ո՞ր ծառի վրա են դուրս գալիս, հակառակում էր մի ուրիշը։

Սա ադամանդ է, տեսնում եք՝ փայլում է։

Բաս ինչո՞ւ կակուղ է, հակառակում էր առաջինը։

Եվ այսպես ամեն մեկն յուր կարծիքն էր հայտնում, իսկ մյուսները հերքում. գտած իրը ոչ հասարակ քար էր, ոչ ադամանդ և ոչ... աստված գիտե, թէ ինչ էր:

Շուտով ողջ քաղաքում լուր տարածվեցավ, թե այսինչ չքավոր մարդը մի ինչ֊որ չտեսնված բան է գտել, և ոչ ոք չի կարողանում իմանալ, թե ինչ է այն իսկապես։ Այդ լուրը լսելուն պես՝ հետաքրքրվողների ահագին խմբեր սկսան վազել դեպի այդ մարդու տունը՝ տեսնելու նրա գտած չտեսնված իրը։ Ամենքը զարմանում էին, գլուխ էին կոտրում, բայց ոչ ոք և ոչ ոք չէր կարողանում իմանալ, թե ինչ է այն։

Վերջապես այդ լուրը թագավորին էլ հասավ։ Նա շատ զարմացավ, երբ լսեց, որ գտնվածը մի չտեսնված, հազվագյուտ բան է, որի ինչ լինելը ոչ ոք չի կարողանում իմանալ։ Նրա հետաքրքրությունը սաստիկ շարժվեցավ, ուստի հրամայեց, որ գտնողին կանչեն յուր մոտ և հրամայեց, որ նա գտած իրն Էլ հետը բերե։ Իսկույն վազեցին չքավոր մարդու հետևից և նրան թագավորի մոտ բերին։

Ես լսեցի, որ դու մի ինչ-որ չտեսնված բան ես գտել, որի ինչ լինելը ոչ ոք չի կարողանում իմանալ, ասաց նրան թագավորը։։ Ցույց տուր այն տեսնեմ։

Չքավոր մարդն իսկույն հանեց գրպանից գտած իրը և տվավ թագավորին։ Թագավորն սկսեց նայել, շուռ ու մուռ տալ ձեռքին, զարմացավ, ապշեց, մտածեց, գլուխ կոտրեց, ոչինչ չհասկացավ։

«Ի՞նչ պիտի լինի այս, մրթմրթում էր նա ինքն իրեն և ուսերը վեր քաշում։ Եթե ասեմ քար է՝ քար չէ. եթե ասեմ պտուղ է՝ պտուղ էլ չէ. եթե ասեմ... ի՞նչ ասեմ»։ Նա մնաց տարակուսած։ «Բայց ինչ որ է, հազվագյուտ և չտեսնված բան է իսկապես, մտածեց նա նորից։ Ուրեմն ինձ համար մեծ պարծանք կլինի, եթե ես ունենամ այս իմ թանգարանում»։

Այս կծախե՞ս ինձ, հարցրեց նա չքավոր մարդուն։

Ինչո՞ւ չեմ ծախիլ, թագավորն ապրած կենա, պատասխանեց վերջինս։

Ո՞նց կտաս։

Ոնց որ քո մեծ կամքը կլինի, թագավորն ապրած կենա։

Ոչ, ծախողը դու ես, ասաց թագավորը։ Դու չքավոր ես, տեսնում եմ, ասա, ինչ որ ուզես կտամ։

Չքավոր մարդը մտատանջվեց։ Ի՞նչ գին դներ գտած իրին, քանի որ չգիտեր, թե ինչ է այն և ինչ արժե։ Վերջապես, մի րոպե մտածելուց հետո, ասաց.

Թագավորն ապրած կենա, քանի որ ոչ ես գիտեմ, թե ինչ է իմ այդ գտած իրը, ոչ ուրիշն և ոչ քո հրամանքը, ուստի ես մի այնպիսի գին կդնեմ նրան, որ ոչ քո հրամանքիդ կողմը կլինի և ոչ իմ։

Ասա, ասա տեսնեմ, ասաց թագավորը։

Դրա քաշովն ինձ ոսկի տուր։ Թագավորը զարմացավ։

Սրա քաշի ոսկին ի՞նչ պիտի լինի, ասաց նա ծիծաղելով։ Շատ ուզիր, շատ։

Ոչ, թագավորն ապրած կենա, ավելի չեմ ուզիլ, դրա քաշով ոսկին էլ բավական է։

Շատ լավ, ասաց թագավորը։ Եկ գնանք գանձարան, կշռել տամ, և ստացիր ոսկին։

Նա առաջ ընկավ, չքավոր մարդը հետևեց նրան։ Նրանք մտան գանձարանը, որն ամենահարուստն էր ամբողջ աշխարհի երեսին։ Թագավորը գտած իրը տվավ գանձապետին, հրամայեց, որ կշռե և նրա քաշով ոսկի տա չքավոր մարդուն։ Գանձապետն իսկույն վերցրեց ամենափոքրիկ կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսում նրա չափ մի ոսկի, կարծելով, որ այդ բավական կլինի նրան կշռելու, բայց կշեռքի թաթը չշարժվեցավ։ Գանձապետը մի ուրիշ ոսկի էլ դրեց կշեռքի թաթը դարձյալ անշարժ մնաց։ Երրորդ ոսկին դրեց, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, տասներորդը, քսաներորդը... կշեռքի թաթը լցվեց, բայց դարձյալ և դարձյալ անշարժ մնաց։ Այն թաթը, որի վրա դրված էր գտնված իրը, ցած էր կանգնած այն թաթից, որի վրա մեկը մյուսի հետևից դրվում էին ոսկիները։ Թագավորը, գանձապետն ու չքավոր մարդը շատ զարմացան։ Թագավորը հրամայեց, որ գտնված իրը մեծ կշեռքով կշռվի, որպեսզի թաթում ոսկիների համար տեղ լինի։ Գանձապետը կշեռքը փոխեց, ավելի մեծը վերցրեց և նորից սկսեց կշռել։ Բայց որքան եղավ նրանց զարմանքը, երբ այդ կշեռքի թաթն էլ լցվեց ոսկիներով, և դարձյալ գտնված իրը ծանր մնաց։ Թագավորը հրամայեց բոլորովին մեծ կշեռքով կշռել։ Գանձապետն այդպես էլ արեց, նա վերցրեց բոլորովին մեծ կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսում այս անգամ սկսեց տոպրակներով դնել ոսկիները և հետզհետե ավելացնել, մինչև որ վերջապես այնքան հարուստ գանձարանի ոսկին հատավ և գտնված իրը դարձյալ ծանր մնաց. նրա թաթը մինչև անգամ մի մազաչափ չբարձրացավ։ Թագավորը և գանձապետը մնացին բերանները բաց։

«Այս հրա՞շք է, թե մենք ենք երազում», մտածում էին նրանք։ Ձեռքով վերցնում են գտնված իրը, թեթև է, շատ թեթև, այնինչ բանից դուրս է գալիս, որ մինչև անգամ ողջ գանձարանի ոսկին չէր կարողանում նրան կշռել։

Թագավորն սաստիկ բարկացած դարձավ չքավոր մարդուն, որ երկյուղից ու զարմանքից սաստիկ դողում էր, և ասաց.

Դու անպիտա՛ն և ավազա՛կ... Դու ուզում ես ինձ խաբե՞լ, դու ուզում ես ինձ աղքատացնե՞լ, դու կախարդ ես, հա՞... իսկույն ևեթ գլուխդ թռցնել կտամ, եթե չես ասիլ, թե այս ի՛նչ բան է. և ով ես դու։

Չքավոր մարդը լաց լինելով ընկավ թագավորի ոտները:

Թագավորն ապրած կենա, ասաց նա՝ լիզելով նրա ոտները, ես մի խեղճ, աղքատ մարդ եմ... ես ի՞նչ գիտեմ, թե այդ ինչ բան է... ես միայն գտել եմ... բաշխի՛ր ինձ...

Եթե դու չգիտեիր, թե այս ինչ բան է և սրա զորությունն ինչ, բաս ինչո՞ւ ասացիր, որ սրա քաշով քեզ ոսկի տամ։

Աստվա՛ծ է վկա, չգիտեի...: Ես ի՛նչ գիտեի... ես ոնց սուտ կխոսեի քո առաջ... ես միայն այնպես... ես միայն այնպես... բերանումս եկավ, ասացի... Քո որդկերանց արևսադաղին, թագավոր, բաշխիր ինձ, ես էլ որդիք ունիմ, բա ո՞վ պահի նրանց...

Թագավորի սիրտը լցվեց, խղճաց նրա վրա և հրամայեց, որ վեր կենա։

Բայց ես պե՛տք է իմանամ, թե այս ինչ բան է, անպատճա՛ռ պետք է իմանամ։

Եվ իսկույն ևեթ հրամայեց, որ յուր տերության մեջ ինչ գիտնականներ կան, բոլորը շուտով հավաքվեն յուր պալատում։ Թագավորի հրամանն էր, անշուշտ պիտի կատարվեր։ Երբ բոլոր գիտնականներն արդեն հավաքվեցին պալատում, թագավորը դուրս բերեց նրանց մոտ գտնված իրը, պատմեց, թե ինչպես յուր ողջ գանձարանի ոսկին չկարողացավ նրան կշռել ու հրամայեց, որ իսկույն ևեթ ասեն, թե այդ ինչ է, ապա թե բոլորի գլուխներն էլ կտրել կտա։ Գիտնականներն ահ ու դողով սկսեցին հերթով նայել, զննել, քննել գտնված իրը։ Ժամանակ խնդրեցին թագավորից։ Թագավորը երկու ժամ ժամանակ տվավ։ Նրանք շատ չարչարվեցին, շատ գլուխ կոտրեցին, շատ գրքեր թերթեցին, բայց ոչ ոք և ոչ ոք չկարողացավ իմանալ, թե ինչ է իսկապես գտնված իրը։ Խեղճերը հույսները կտրեցին, ձեռքերը խաչեցին, քթերը վայր թողին և պատրաստվեցին վերջին մնաս բարևն ասելու իրենց ծանր գլուխներին։

Հը՛, ի՞նչ է, չգտա՞ք, երկու ժամից հետո հարցրեց թագավորը։

Ոչ, թագավորն ապրած կենա, կամաց պատասխանեցին բոլոր գիտնականները։

Ուրեմն տարեք սրանց և բոլորի գլուխներն էլ կտրեցեք, բարկացած հրամայեց թագավորը դահիճներին։ Սրանց գիտությունը մի կոպեկ չարժե...

Դահիճներն իսկույն դուրս տարան նրանց և բոլորին էլ մի առ մի գլխատեցին։ Բայց թագավորն անպատճառ ուզում էր իմանալ, թե ինչ էր իսկապես գտնված իրը, որը բացի նրանից, որ ողջ գանձարանի ոսկով չէր կշռում, բայց և այնքան զոհեր էլ տարավ։ Հետաքրքրությունից ու անհամբերությունից քիչ էր մնում, որ ճաքի։ Նա հարցրեց, թե մնացե՞լ է արդյոք յուր պետության մեջ մի ուրիշ գիտնական մարդ։ Պատասխաննցին ոչ։

Գնացե՛ք, դարձյալ փնտրեցե՛ք և անպատճառ գտեք։ Չկա․ ստեղծեցե՛ք։ Ես կամենում եմ, ես հրամայում եմ։ Գնացե՛ք։

Գնացին, շատ ման եկան, շատ կոշիկ մաշեցին, շատ փնտրեցին, շատ ծակ ու ծուկ մտան և վերջապես գտան մի զառամյալ, սպիտակահեր, փորձված, թեև ոչ կարդացած, գիտնական, բայց խելոք մարդ։ Ուրախացան և նրան թագավորի մոտ բերին։ Թագավորը տվավ նրան գտնված իրը, ասաց, որ յուր տերության մեջ գտնված բոլոր գիտնականներից ոչ ոք չկարողացավ իմանալ դրա ինչ լինելը և որ յուր գանձարանի բոլոր ոսկին չկարողացավ դրան կշռել։ Վերջը հրամայեց, որ անպատճառ իմանա, թե ինչ է այդ իսկապես, ապա թե ոչ նրա սպիտակ գլուխն էլ մյուսների նման թռցնել կտա։ Ծերունին մի անգամ միայն նայեց գտնված իրին և ասաց.

Թագավորն ապրած կենա, դու ասում ես, թե քո գանձարանի բոլոր ոսկին չկարողացավ սրան կշռել։

Be the first who will comment on this
Yatuk Music
Elegy
Arno Babajanyan

Elegy

Sea of Butterflies
Sea of Butterflies
Play Online