Nar-Dos
Աստված և թագավորը
Հին ժամանակներում ապրում էր մի բարի թագավոր։ Սա սովորություն ուներ ամեն երեկո հասարակ մարդու հագուստով պտտվել քաղաքի փողոցները, որ իր աչքով տեսնի, թե ինչպես է ապրում իր ժողովուրդը։
Մի երեկո քաղաքի ետ ընկած թաղը պտտվելիս տեսավ մի աղքատ մարդ, որ իր խրճիթի դռան առաջ չոքած՝ աղոթք էր անում և աղոթքի մեջ ասում.
Տեր աստված, տուր ինձ հարյուր ոսկի. տեր աստված, տուր ինձ հարյուր ոսկի։
Թագավորը լսեց ու անցավ։ Մի քիչ որ անցավ, տեսավ մի ուրիշ աղքատ մար՛դ։ Սա էլ չոքած իր խրճիթի առաջ՝ մրմնջում էր աղքատի պես.
Տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի, տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի։
Թագավորը սրա խոսքն էլ լսեց ու անցավ։
«Այն առաջին աղքատը, որ աստծու անունն էր տալիս, հիմար մարդ է, ասաց նա ինքն իրեն, որովհետև աստծուն փող ո՞վ է տվել, որ նա էլ այդ հիմարին տա։ Իսկ մյուս աղքատը, որ թագավորի անունը տվեց, խելոք մարդ է, որովհետև գիտե, որ թագավորն ամենից շատ փող ունի և ուզողին կարող է տալ»։
Հետևյալ օրը թագավորը հրամայեց մի մեծ սինու վրա հարյուր ոսկի դնել, ոսկին ծածկել փլավի տակ և ուղարկել այն աղքատին, որ թագավորից հարյուր ոսկի էր խնդրում։
«Այն հիմարին էլ թող աստված տա», մտածեց թագավորը երկրորդ աղքատի մասին, ինքն իրեն ծիծաղելով։
Թագավորի հրամանը կատարվեց. հարյուր ոսկին, փլավը վրեն գլուխ արած, սինով տարան դրին թագավորի անունը տվող աղքատի առաջ։
Թագավորն ուղարկեց, անուշ արա, ասացին թագավորի ծառաներն ու վերադարձան։
Նույն օրն երեկոյան թագավորը նորից դուրս եկավ պալատից, որ տեսնի, թե հիմա ինչ է ասում այն աղքատը, որին ուղարկել էր հարյուր ոսկին։ Աղքատը նորից չոքած էր իր խրճիթի առաջ և ասում էր նույնը՝
Տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի, տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի:
Թագավորն այս որ լսեց, շատ զարմացավ:
Մոտեցավ աղքատին և հարցրեց.
Այ մարդ, թագավորից այսօր քեզ համար փլավ չբերի՞ն:
Բերին, շնորհակալ եմ։
Կերա՞ր։
Կերա։
Ի՞նչ կար մեջը:
Նուշ ու քիշմիշ:
Ուրի՞շ:
Խորոված գառան միս։
Ուրիշ ոչի՞նչ։
Ուրիշ ի՞նչ պետք է լիներ։
Բոլորը կերա՞ր։
Չէ, շատ էր։
Մնացածը ի՞նչ արիր։
Մի աղքատ հարևան ունեմ, ինձ պես աղքատ ու քաղցած. տարա տվի նրան, որ ուտի կշտանա։
Թագավորը մատը կծեց ու հեռացավ։
Երբ որ մոտեցավ երկրորդ աղքատի դռանը, տեսավ, որ նա երեկվա պես չոքած էր և այս անգամ աղոթքի մեջ այսպես է ասում.
Տեր աստված, շնորհակալ եմ, որ լսեցիր աղոթքս և հարյուր ոսկի տվիր ինձ։
Թագավորն այս որ լսեց, սուս արավ ու հեռացավ։
Նա համոզվեց, որ խելոքն այս աղքատն էր, որ դիմել էր աստծուն և ոչ թագավորին:
1901