Muratsan

Հարուստները զվարճանում են

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ

Գարնանային սիրուն երեկո էր: Արեգակը խոնարհվում էր դեպի յուր մուտքը: Օդը թեպետ մի փոքր տոթային, սակայն քաղցրաշունչ հովը բարեխառնում էր նրան և խիստ ախորժելի դարձնում զբոսասեր բազմությանը, որը լցված էր Ալեքսանդրյան այգու ճեմելիքները: «Ազնվականական» կոչված բարձրադիր ծառուղին գրեթե խեղդվում էր զբոսողների շատությամբ: Գեղեցիկ հանգված տիկիններ, վերջին տարազով պճնված օրիորդներ, նրբաճաշակ երիտասարդներ կոկված Փարիզի նորությանց համեմատ, միշտ չարություններ և սկանդալներ անելու համար պատրաստ ուսանողներ և վերջիններին պաշտող ուսանողուհիներ, բոլորն էլ խառնիխուռն զբոսնում էին այդտեղ: Նրանց անընդհատ անցուդարձը նմանվում էր մի հանդիսավոր կադրիլի, որը պարում են հարուստ իշխանի դահլիճում նրա բազմաթիվ հյուրերը:

«Ազնվականական» ծառուղիում արգելված չէր, իհարկե, և աղքատներին զբոսնելու, միայն թե նրանք քաղաքավարությամբ խույս էին տալիս դեպի մենավոր ճեմելիքները, որպեսզի իրենց ներկայությամբ չխանգարեն հարուստների, կամ գոնե հարուս երևացողների զվարճությունը: Հագուստի անշնորքությունն ստիպում էր նրանց շքեղության աչքից հեռու պտտելու: Իսկ նրանք, որոնք թեպետ աղքատ, բայց շնորհքով էին հագնված, կարծիք չկա, զբոսարանական, մրցումից չէին վախենում:

Այս վերջինների թվին պատկանում էին տիկին Բերնարի երեք նորատի կարողուհիները։ Սրանք բոլորն էլ հայուհիներ էին, խեղճ ընտանյաց աղջիկներ, որոնք կարանոցում հենց նոր էին ավարտել մի մեծ աշխատանք և Բերնարն արձակել էր նրանց մի փոքր ժամանակով այգում զբոսնելու համար:

Հեղինեն, որին յուր ընկերուհիները Ելենա էին կանչում, յուր ընկերուհիների մեջ փայլում էր յուր արտաքո կարգի գեղեցկությամբ: Նրա բարձր հասակը, շնորհալի քայլվածքը, և մանավանդ երկարատեգ արտևունքներով եզերված կախարդող հայացքը գրավել էին զբոսնողների ուշադրությունը:

Նրա դեմքի յուրաքանչյուր շարժվածքը, նրա նրբաձայն ծիծաղը, նրա խոսակցությունը, դիտում և զննում էին հարյուրավոր աչքեր: Հեղինեի ընկերուհիները, որոնք ավելի զարգացած էին այդ բաները նկատելու համար, հասկացնում էին նրան, և սա ընդ ակամբ զննում էր այդ բոլորը և հրճվում կատարյալ երեխայական անմեղությամբ: Բայց նա չէր տեսնում, թե ինչպիսի նախանձոտ հայացքներ էին գցում իր վրա շքեղ հանգված, բայց ոչ գեղեցիկ տիկինները և օրիորդները, մանավանդ երբ սրանց երիտասարդ ասպետները հիացմունքով մատնացույց էին անում յուր վրա և ցանկություն էին հայտնում յուր ո՞վ լիելն իմանալու համար:

Ո՞վ պետք է լինի, մի անառակ աղջիկ, պատասխանում էին նրանց օրիորդ տիկինները, արհամարհական հայացք ձգելով Հեղինեի վրա:

«Մի անառակ աղջիկ», և ինչպե՜ս շուտ և սահուն կերպով արտասանում է այդ բառերը կնոջ քնքուշ բերանը. ինչպե՜ս պատրաստ է նա առանց խղճահարվելու ցեխոտել յուր ցեղի ամենաանարատ հոգին, եթե սա հանդգնում է, յուր խեղճության մեջ, մի բանով գերազանցել իրենց, եթե նրա ճշմարիտ արժանիքը ճնշում է զգայուն սրտերը և խլում է իրենց զոռով վաստակած երկրպագուներին: Բայց Հեղինեն «անառակ աղջիկ» չէր. նրա արտաքին գեղեցկության չափ գեղեցիկ էր և նրա հոգին: Նա բարի էր ինչպես հրեշտակ և առաքինի, ինչպես անապատի միանձնուհին:

Դուք կարող եք կարծել, որ ես չափազանցնում եմ, որովհետև այս քաղաքի մեջ մեր օրով հազվագյուտ են այդ հատկությանց տեր աղջիկներ, մանավանդ երբ դրանք աշխատում են կարանոցներում։ Բայց իսկույն կծանոթացնեմ ձեզ նրա հետ: Հեղինեն թիֆլիսեցի չէր։ Նրա ծնողները նոր էին գաղթել այստեղ մի գավառական քաղաքից: Նրանք շատ պարկեշտ մարդիկներ էին, և Հեղինեն կրթվելով նրանց հոգատարության տակ, պարզ է, որ բոլորովին չպիտի նմաներ այստեղացիներին։ Հեղինեի հայրը պարապում էր հյուսնությամբ, մայրը մերձակա հարուստ տներում լվացարարություն էր անում, իսկ իրեն մի քանի ամիս էր, ինչ որ տվել էին տիկին Բերնարի մոտ կար ու ձև սովորելու։ Հեղինեն այդտեղ էլ մի քանի ուրիշ աղջիկների պես ապրում, ուտում և հագնվում էր տիկին Բերնարի հաշվով, և միայն կյուրակե օրերը գնում էր յուր ծնողացը այցելելու։

Հասարակությունը որի մեջ ապրում էր նա և որը բաղկացած էր աղքատ ընտանյաց աղջիկներից, կարող էր վնասավոր լինել Հեղինեի պես մի անփորձ աղջկա համար: Հաճախ նա լսում էր յուր ականջների համար բոլորովին խորթ զրույցներ, անպատկառ խոսակցություններ, որոնք առհասարակ անպակաս են լինում կարանոցներում։ Բայց նա կարողանում էր տիրել իրեն։ Նա զզվում էր, և այդ տեսակ անախորժ վայրաբանությունները չլսելու համար քաշվում էր կարանոցի մի հեռավոր անկյունը և լուռ ու մունջ կարում էր յուր գործը։ Բայց միշտ այդպես վարվել նրան չէր հաջողվում: Պատահում էր, որ նա ստիպված էր լինում կարել մի մեծ գործ, երեք-չորս աղջիկների հետ միասին, որոնք այդ ժամանակ էլ շարունակում էին իրենց վայրաբանությունները, մանավանդ, երբ տիկին Բերնարն այստեղ չէր լինում: Այդպիսի դիպվածներում Հեղինեն գործ էր դնում յուր բոլոր ուժը՝ այդ աղջիկների մեջ ամոթի զգացմունքը զարթեցնելու համար, և նրա ջանքը երբեմն պսակվում էր հաջողությամբ:

Բոլոր կարողների մեջ նա միայն երկու աղջիկների հավանեց, որոնք թե՛ բնավորությամբ և թե՛ աշխատասիրությամբ նմանվում էին իրեն։ Նրանցից մեկը Նինոն էր, խառատ Օսեփի աղջիկը, որ թեպետ մի առանձին գեղեցկություն չուներ, բայց հայտնի էր յուր չափազանց բարի և ազնիվ բնավորությամբ, իսկ մյուսը ղազազ Ալեքսի թոռը՝ Շուշանը, որ մեծ հեղինակություն ուներ կարանոցի մեջ, իբրև ամենից ավելի հառաջադեմ և լավ կարող աղջիկ: Այդ երկուսին էլ Հեղինեն յուր համար մշտական ընկերուհիներ ընտրեց: Նրանք երեքն էլ միմյանց չափից դուրս սիրում էին, սեղանի վրա միշտ միասին էին նստում, մեծ գործերը միասին կարում և ազատ ժամանակները միասին զբոսնում: Հենց այսօր էլ այգու մեջ դրանք երեքը միասին էին ման գալիս: Բայց ինչպես ասացինք, «Ազնվական» ծառուղիի մեջ զբոսնողների ուշադրությունը միայն Հեղինեն էր գրաված:

Երկու երիտասարդներ, որոնցից մեկն ավելի աչքի էր ընկնում յուր դեմքի և կազմվածքի գեղեցկությամբ և հագնված էր խիստ նուրբ ճակատով, ուշի ուշով հետևում էին տիկին Բերնարի կարողուհիներին։ Յուրաքանչուր անցուդարձի մեջ նրանք մի քանի անգամ պտույտ էին գալիս երեք աղջիկները դեմ առ դեմ պատահելու համար․ և նրանց հանդիպած ժամանակ խոր ուշադրությամբ սևեռում էին իրենց աչքերը Հեղինեի վրա, որն ամոթից իսկույն շառագունում էր։ Ամբողջ զբսանքի ժամանակ մի րոպե անգամ նրանք չհեռացան այդ աղջիկներից։ Նինոն և Շուշանը գիտեին, որ երկու երիտասարդների դեգերանքը Հեղինեի համար էր, սակայն նրանք ոչ միայն չէին նախանձում նրան, այլև այդ առիթով նրան հետ կատակներ էին անում։

Ելենան, այս երիտասարդները շատ են գրավվել քեզմով, նրանցից մեկը անպաճառ քեզ ուզելու է, ասում էր նրան Շուշանը ծիծաղելով։

Ինչո՞ւ համար ես կարծում, որ ինձմով են գրավվել և ոչ թե քեզմով կամ Նինոյով, պատասխանեց Ելենան շառագունելով։

Ի՞նչ հարկ այդ հարցնելու, որոհետև դու ավելի գեղեցիկ ես, քան թե մենք երկուքս, շտապավ կցեց Նինոն և գաղտուկ դիտեց Շուշանին։ Նրանք երկուսը միասին սկսան ծիծաղել։

Ա՜խ, Նինոն, ես չե՞, խնդրել, որ ինձ մոտ այդպես բաներ չխոսա՞ք, նեղացած տրտնջաց Ելենան։

Ի սեր ասծո, Ելենա՛, թողի՛ր այդ հիմարությունները։ մինչև ե՞րբ պետք է դու երեխա մնաս. Թիֆլիսո՞ւմ չես ապրում, ի՞նչ է, կշտամբեց նրան Շուշանը։

Քո արևը վկա՛, Շո՛ւշան, ես ձեր թիֆլիսեցիների պես չեմ սիրում տղաների վրա խոսելը, ի՞նչ անեմ, մի բան, որ ինձ դուր չէ գալիս, խո զոռով չպիտի՞ սիրեմ։ Ես սովոր չեմ այդ տեսակ խոսք ու զրույցների։

Լավ, լավ. տեսնենք մինչև ե՞րբ այդպես խելոք կմնաս, պատասխանեց նրան Շուշանը և լռեց։

Բայց իրավ, Ելենա՛, տե՛ս ի՞նչ գեղեցիկ տղա է այդ երիտասարդը, կրկին դիմեց նրան Նինոն ծիծաղելով, երբ երկու երիտասարդները դեմ առ դեմ հանդիպեցին նրանց։

Ա՜խ, Նինո, դու բոլորովին զայրացնում ես ինձ, բարկացած պատասխանեց նրան Ելենան ու ուղղվեցավ դեպի զառիվայր ճեմելիքը տուն վերադառնալու դիտավորությամբ։

Նինոն և Շուշանը քրքջալով հետևեցին նրան։

Բայց մի քանի քայլ հազիվ էր փոխել Ելենան, որ գեղեցիկ երիտասարդը հեռվից յուր աչքովն ընկավ։ Նրանց հայացքները պատահեցին միմյանց և մի քանի րոպե դեպի իրար սևեռած մնացին։ Ելենան տեսավ, որ երիտասարդն իրոք շատ գեղեցիկ էր, Նինոն իրավունք ուներ նրանով հետաքրքրվելու։ Բայց նա շատ երկար չնայեց նրան, այլ աչքերը դարձնելով շարունակեց յուր ճանապարհը։

Յուր ընկերուհիները երկու հայացքների միմյանց պատահելը չնկատեցին։

Երկու երիտասարդները նույնպես ուղղվեցան դեպի զառիվայր ծառուղին։ Նրանք հետևում էին երեք ընկերուհիներին։

Սամվել, մի՞թե դու չես ճանաչում այս աղջկանը, հարցնում էր գեղեցիկ երիտասարդին յուր ընկեր Մարգարը։

Չեմ ճանաչում, մինչև այսօր էլ տեսած չեմ։

Զարմանք, ի՛նչ է շինում ուրեմն քո Սալոմեն, եթե այսպիսի թռչունները քեզանից անհայտ կարող են ապրել Թիֆլիսում։

Ի՞նչ զարմանք, նա խո ամբողջ քաղաքը չի ճանաչում:

Չէ, բարեկամ, չէ. ես չեմ հավատում, թե դու այս աղջկան տեսած չլինիս. երևի ժլատություն ես անում և կամ փորձել ես ու ձեռքդ խաղողին չէ հասել:

Ինչ վերաբերում է ժլատության, կարծում եմ՝ դու ինքդ էլ չես կարող հավատալ, թե երբևիցե ես կարող եմ ժլատ լինել: Բայց թե փորձել եմ ու ձեռքս խաղողին չէ հասնել, այդ ինձ համար չէ ասված. եթե այդպես բան պատահելու լինի ինձ հետ, դա առաջին անհաջողությունը կլինի իմ ամբողջ կյանքում:

Դու կարո՞ղ ես ապացուցանել, որ այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չես արել դու:

Ո՞րքան ժամանակ ես տալիս ինձ:

Մի ամիս:

Սամվելը ոչինչ չպատասխանեց:

Եթե այդ քիչ է, ես մի ամիս էլ կավելացնեմ, հեգնելով ավելացրեց Մարգարը:

Մի փոք սպասիր, բարեկամ, թո՛ղ տեսնեմ այս աղջիկները ո՞րտեղ են մտնում և հետո ես քեզ կպատասխանեմ, ասաց նրան Սամվելը և լռեց: Մարգարը նույնպես լռեց։ Նրանք երկուսը միասին քայլ առ քայլ հետևեցին երեք աղջիկներն։

Վերջիններս դուրս եկան պրոսպեկտի վրա, անցան առաջին և երկրորդ փողոցները և ապա խոտորվելով դեպի ձախակողմյան նեղ ճանապարհը, մտին մի խանութ, որի լայն պարավորի վերա ոսկեզոծ մեծ տառերով գրված էր՝ «Տիկին Մարգարիտա Բերնար»։ Սա տիկին Բերնարի կարանոցն էր։

Սամվելը տեսնելով, թե որտեղ մտան աղջիկները՝ հանգստացավ և դառնալավ դեպի ընկերը հարցրեց․

Դու ո՞րքան ժամանակ տվիր ինձ ապացուցելու համար, որ ես այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չեմ արե՞լ։

Մի ամիս, պատասխանեց Մարգարը։

Այդ շատ է․ կյուրակե օրն այդ աղջիկը իմ առանձնանում կլինի, և ես քեզ կհրավիրեմ այնտեղ միասին նրա հետ ճաշելու։ Ճշմարի՞տ ես ասում, ծիծաղելով հարցրավ Մարգարը։

Դու այդ կտեսնես, հակրիճ պատասխանեց Սամվելը և ողջունելով բարեկամին, հեռացավ։

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒՆ

Կաթոլիկների գերեզմանատան աջ կողմում, մի բավական ընդարձակ զառիվայրի վերա ընկած են մի երկու նեղ փողոցներ, մոտ հարյուրաչափ տներով, որոնք շինված են խիստ խառն ու անկարգ դության մեջ։ Ճարտարապետի կարակինը ոչինչ աշխատանք չի կրել այս անորոշ թաղի համար։ Այդտեղ շինությունները կարծես բնությունն ինքն է բուսեցրել առանց մարդիկներին նեղություն պատճառելու։ Շատ տեղ նրանք ներկայացնում են բազմաթիվ խորշերի մի խառնուրդ։ Շատ տեղ էլ մեկի կտուրը կազմում է մի ուրիշի բակը․ և երբեմն երրորդի դուռը մտնելու համար ստիպված ես անցնելու առաջինի պատշգամբով և երկրորդի խարխուլ սանդուղքներով։ Այդ տներից մի քանիսը կպած են բարձր զառիվայրի ապառաժի կրծքին, և նմանվում են ավելի անգղների բներին։

Այս փոքրիկ թաղի մեջ բնակվում են ամեն սեռի և ամեն տեսակի մարդիկներ։ Սկսած արհեստավորներից, լվացարարներից, կարողուհիներից և վերջացրած խաբեբա գրբացներով, վհուկներով և անառակ կանանցով։ Սրանք բոլորը միմյանց ճանաչում են, ծանոթ են մինչև անգամ միմյանց մանրամասն կենսագրության։ Բայց դրսի թաղերից շատ քչերն են իրենց ճանաչում։ Եվ այն էլ մի որոշ արհեստների ծառայող անձինք, որոնք շարունակ հարաբերություն ունին իրանց հետ։ Երբեմն էլ այս թաղին գիշերով այցելում են հարուստ տներից զանազան երիտասարդ և պառավ անձիք, իրենց ծանոթներին զանազան պատվերներ տալու համար։

Երեկոյան ութ ժամն էր։ Երկինքը թեպետ պարզ և աստեղավառ, բայց լուսինը դեռ ծածկված էր հեռու լեռների ետևում և նրա շուտ ծագելու հույս չկար։ Այս ժամին, երբ Թիֆլիսի գլխավոր փողոցներում դեռ մեծ կենդանություն է տիրում, այս թաղի մեջ լռությունը կատարյալ էր. միայն թե այս ու այն բակում շների աննպատակ հաչոցը մերթ ընդ մերթ ընդհատում էր նրան։

Զառիվայրի կրծքին կպած տներից մեկի նեղ բակում այս միջոցին անց ու դարձ էր անում մի սև ստվեր, նա երբեմն գալիս հասնում էր յուր բակի շարունակությունը կազմող հարևան տան կտուրի ծայրը և երկար արձանացած կանգնում էր այնտեղ, և երբեմն անցուդարձ անելուց հոգնելով նստում էր կտուրի ճակատին։ Իրենից մի փոքր հեռու, երկու փոքրիկ պատուհաններում երևում էր ճրագի նվազ լույս, դա ստվերի կացարանն էր։ Գիշերվա այս խավար ժամին ամենափորձ խուզարկուն անգամ չէր կարող գտնել այդ խորհրդավոր բարձրության ճանապարհը:

Մի ընդարձակ և ուղղաձիգ փողոց, որի վրա անընդհատ անցուդարձ էին անում կառքերը, կազմում էր զառիվայր թաղի ստորոտը։ Մեզ ծանոթ ստվերի դեմքը միշտ ուղղված էր լինում դեպի այդ կողմը։ Հանկարծ փողոցի ծայրում երևաց կարմիր լապտերներով մի կառք։ Ստվերը, որ նստած էր կտուրի ճակատին, իսկույն բարձրացավ տեղից և մի քանի արագ քայլեր փոխելով դեպի ներքև, անհայտացավ խավարի մեջ։ Կարմիր լապտերներով կառքը խուլ դղրդյունով, ինչպես այդ հատուկ է հարուստների սեփական կառքերին, առաջանում էր դեպի զառիվայրի թաղը։ Հասնելով այն բարձրության հանդեպը, ուր անցուդարձ էր անում ստվերը, նա կանգնեց։

Կառքի միջից դուրս եկավ մի բարձրահասակ երիտասարդ ծածկված վերարկուի մեջ և հապճեպ քայլերով ուղղվեցավ դեպի զառիվայրը հանող ճանապարհը։ Բայց նա հարյուր քայլ դեռ չէր հեռացել, երբ նրան հանդիպեց մի սևազգեստ կին. սա մեզ ծանոթ ստվերն էր։ Երիտասարդը ողջունեց նրան առանց ձեռք պարզելու։ Երևում էր, որ կինը նույնպես անկեղծությամբ է վերաբերվում դեպի նրան, որովհետև խոնարհ գլուխ իջեցնելով միայն պատասխանեց երիտասարդի ողջույնին։

Ի՞նչ պատահեց քեզ, որդի, էս քանի՜ օր է էլ քո Սալոմեին չես հարցնում,– խոսեց սևազգեստ կինը, հետևելով երիտասարդին, որ բարձրանում էր դեպի զառիվայրը։

–Ես քեզ վերա շատ եմ բարկացած, Սալոմե, գիտե՞ս, թե ոչ։

–Ի՞նձ վերա, և ինչո՞ւ համար, որդի,– վախենալով հարցրեց Սալոմեն։

–Տիկին Բերնարի կարանոցում մի աղջիկ կա, դու նրա մասին ինձ ոչինչ տեղեկություն չես տվել մինչև այսօր։

–Տիկին Բերդարի՞․․․ այդ կարանոցը ես․․․

–Այդ կարանոցը դու երևի չես էլ ճանաչում։

–Այո՛, որդի՛, ինչ թաքցնեմ, չեմ ճանաչում։

–Հիմա՛ր թե ասում էիր ամբողջ Թիֆլիսը ճանաչում ես. մինչև այսօր խաբու՞մ էիր ինձ։

–Ինչո՞ւ այդպես բան ես ասում, որդի, ես քեզ ինչո՞ւ համար պիտի խաբեմ․ մի՞թե ամբողջ Թիֆլիսում մի այնպիսի կորած անկյուն չի՞ պատահիլ, որը ես չճանաչեմ։

–Բերնարի կարանոցը կորած անկյուն չէ, նա քաղաքի մեջտեղումն է և ամենալավ փողոցի վրա։

Հազար անգամ ներողություն եմ խնդրում։ Բայց ի՞նչ ես հրամայում, ասա, որդիս, ես իսկույն կկատարեմ։

–Վաղը ամեն բան վերաջավ պետք է լինի։

–Այժմ իսկ կարող ես վերջացած համարել, միայն պատմիր, թե բանն ինչումն է։

Մինչ այս նրանք հասել էին Սալոմեի տան բակը, մի շատ կարճ ճանապարհով։ Պառավը հրավիրեց երիտասարդին յուր կացարանը։ Սա մի փոքիկ տնակ էր, բաղկացած երկու սենյակներից։ Նրանցից մեկը տանտիրուհու և՛ հյուրանոցը, և՛ սեղանատունը և՛ դահլիճը, և՛ ննջարանն էր, կահավորված ամենահասարակ կարասիներով որոնք աչքի էին ընկնում իրենց զանազանակերպ աններդաշնակությամբ։ Նրա աջ կողմը դրված էր մի թախտ, ծածկված թաղիքներով, իսկ նրանց վրայով փռված էր մի կոշտ և կեղտոտ օթոց։ Պահարանի նման մի խորության մեջ վառվում էր կանթեղը, որի ծուռ կտրված պատրյուգից առաջացած ծուխը սևացրել էր ապակիի ամբողջ կեսը։ Հարևան սենյակը Սալոմեի խոհանոցը մառանը, և փայտատունն էր։ Նրա բաց դռներից փչում էր մի տեսակ սառն խոնավություն, որը միանալով կանթեղից առաջացած ծխի հետ, լցրել էր սենյակը մի անախորժ գարշահոտությամբ։

Այսուամենայնիվ, երիտասարդն առանց ոչինչ զզվանք զգալու մտավ այդտեղ և անցնելով նստավ թախթի պատվավոր տեղում, այսինքն այնտեղ, ուր դրված էր հին թավշապատ մութաքը: Նրա շարժվածքից երևում էր, որ առաջին անգամը չէ այցելում այս տնակին:

Հա՛, տիկին Բերնարի կարանոցը գտնվում է Ս... փողոցի վրա, շարունակեց երիտասարդն ընդհատված խոսակցությունը: Այդտեղ մի աղջիկ կա Ելենա անունով. բարձրահասակ, գեղեցիկ դեմքով, սև և գրավիչ աչքերով, միով բանիվ բոլոր կարողուհիների մեջ նա ամենից գեղեցիկն է: Երեկ ես նրան պատահեցա այգիում յուր ընկերուհիների հետ զբոսնելիս: Հետո ավելի մոտիկից զննելու համար անձամբ մտի տիկին Բերնարի մոտ և նրան դիտամբ կես դյուժին շապիկներ պավիրեցի:

Այդ առիթով ես մոտեցա և այդ աղջկանը. նա հայուհի է. մի քառորդ ժամու չափ խոսեցի նրա հետ. նա ինձ կախարդեց. ես հիացած եմ նրանով. հասկանո՞ւմ ես հիացած եմ...

Հասկանում եմ, որդի հասկանում եմ, բոլոր աղջիկներն առաջին անգամ քեզ հիացնում են...

Ա՛յ, որ ոչինչ չես հասկանում, նա բոլորովին ուրիշ աղջիկ է, ես մինչև անգամ նրան սիրեցի. հասկանո՞ւմ ես...

Հասկանում եմ, որդի, հասկանում եմ, ամենախոնարհ ձայնով պատասխանեց Սալոմեն:

Այդպես. նա շատ սիրուն աղջիկ է, ես մինչև անգամ լավ տեղեկացա, թե նա ով է և որտեղացի է:

Մի՞թե թիֆլիսեցի չէ:

Ո՛չ, նա գավառական քաղաքներից է:

Օ՜, օ՜, ասա կռո՜ է էլի. բաս բանը շատ դժվար պիտի գլուխ գա, հուսհատաբար խոսեց Սալոմեն և շարժեց գլուխը:

Դժվար մժվար չգիտեմ: Այսօր հինգիշաբթի է, կյուրակե օրը նա իմ առանձնարանում պիտի լինի, որովհետև ես խոստացել եմ մեր Մարգարին, որ այդ օրը Ելենայի հետ միասին ճաշ տամ նրան այնտեղ։

Պառավը մի փոքր ժամանակ մնաց լուռ և աչքերը սևեռեց գետնին: Երևում էր, որ նա մի մեծ արգելք է նկատում յուր ճանապարհի վրա. նա հետզհետե ընկղմվում էր մտածողության մեջ։

Սալոմե՛, ի՞նչ ես լռել, քնո՞ւմ ես, գոչեց հանկարծ երիտասարդն այնպիսի ձայնով, որ պառավը վեր թռավ:

Չեմ քնում, որդի, մտածում եմ։

Ի՞նչ ես մտածում. քեզ խոսք եմ ասում, կյուրակե օրը Ելենան իմ առանձնարանում պիտի լինի։

Լսեցի, որդի, լսեցի։

Լսելը բավական չէ. դու ինձ ասա՛, խոստանո՞ւմ ես, որ նրան կբերես ինձ մոտ։

Մի փոքր համբերություն ունեցիր, որդի, առաջ մի տեսնեմ ինչ աղջիկ է, ասում ես, թե թիֆլիսեցի չէ, կարելի է ծնողները չեն համաձայնում, այն ժամանակ շատ դժվար…

Լռի՛ր, լռի՛ր, ընդհատեց Սալոմեին երիտասարդը, ես քեզ ասել եմ, որ ինձ մոտ այդպիսի բաներ չխոսես. «չեմ կարող, կամ դժվար է» բառերն ինձ մոտ բերանիցդ չհանես, հասկացա՞ր։ Կյուրակե օրը նա ինձ մոտ պիտի լինի:

Այս ասելով երիտասարդը վեր կացավ տեղից։

Ինչո՞ւ ես բարկանում, որդիս, եթե այդ է քո ցանկությունը, ինչպե՞ս կարող եմ հակառակել, հեզությամբ պատասխանեց պառավը, միամիտ եղիր, կերթամ, կաշխատեմ և չեմ ուտիլ, չեմ քնիլ, մինչև չկատարեմ քո ցանկությունը, Սալոմեի համար այդ խո առաջինը չէ՞։

Ա՛յ, այդպես պետք է խոսես, Սալոմե, այն ժամանակ ես քեզանից շնորհակալ կլինիմ. աշխատիր, որ երբեք ինձ չբարկացնես. դու խո գիտե՞ս, ես ինչ բնություն ունեմ։

Այս ասելով երիտասարդը հանեց գրպանից յուր պորտմոնեն և մի քանի թղթադրամներ պառավի ձեռքը խրելով դուրս գնաց սենյակից։

Սալոմեն դարձյալ նույն ճանապարհով ուղեկցեց նրան մինչև կառքը: Կյուրակե օ՛րը, չմոռանաս,- կրկին հիշեցրեց նա պառավին իր պստվերը և կառքը նստելով հեռացավ:

Ընթերցողները ճանաչեցին, իհարկե, որ այս երիտասարդը Սամվեն էր, որին նրանք տեսել էին Ալեքսանդրյան այգիում Բերնարի կարողուհիների ետևից դեգերելու ժամանակ:

Սալոմեն վերադարձավ յուր բնակարանը:

ԳՐԲԱՑ ՍԱԼՈՄԵՆ

Մեզ ծանոթ Սալոմեի արտաքին կերպարանքը հակակրական չէր, ինչպես այդ հատուկ է այս քաղաքի պառավներից շատերին: Նա կարճահասակ էր, կլորիկ և քաղցր երեսով, միշտ ժպտող բերանով: Նրա աչքերը թեպետ պառավությունից կկոցված, բայց դեռ պահել էին իրենց մեջ վաղեմի գեղեցկության հետքերը. խորշոմները դեռ բոլորովին չէին գրավել նրա այտերը, որոնց վրա միշտ փայլում էր մի կարմություն:

Նրա հայացքը երբեմն քաղցր էր և պարզ, և երբեմն սուր և խորհրդավոր: Սալոմեն թեպետ սիրուն էր շատախոսել, բայց նա յուր գաղտնիքներից ոչինչ չէր հայտնում յուր մերձավորներին, իսկ գաղտնիքներ նա շատ ուներ: Եվ այդ գաղտնիքների սկիզբը դրվեցավ այն օրից, երբ յուր հանգուցյալ ամուսին դերձակ Սանդրոն գինու տկճուրը մի ձեռքում և խորովածի շամփուրը մյուսում քարափից ներքև գլորեցավ և խեղդվեցավ Քռի մեջ: Հանգուցյալի համփոսններն ասում էին, որ իբր Սանդրոն հարբած լինելով գինու տկճուրը և խորովածը ձեռքին կամեցել է պարել քարափի ծայրին, բայց չկարողանալով պահել իրան, սահել է և գինու ու խորովածի հետ միասին գլորվել Քռի մեջ: Իսկ Սալոմեն, իհարկե, չէր հավատում Սանդրոյի համփսոնների պատմության, որովհետև յուր ամուսնու խեղդված գիշերը սուրբ Ծիրանավորը երևացել էր նրան և ասել էր, թե Սանդրոյին ինքն է տարել իր մոտ, որ սուրբերի համար շորեր կարի: Իսկ դրա փոխարեն սուրբ Ծիրանավորը տվել էր Սալոմենի մարգարեության շնորհք, որով նա կարող էր բոլոր երիտասարդների և աղջկերանց գաղտնիքները հասկանալ, նրանց ապագան գուշակել, աստծու բարկությունը մարդիկներից հեռացնել և այլն, և այլն։

Հարկ չկա ասել, որ Սանդրոյի մահից հետո, Սալոմեն քաղցից կմեռներ, եթե սուրբ Ծիրանավորը նրան մարգարեության այդ շնորհքը չտար։

Եվ այսպես, տասը տարի առաջ Հավլաբարում «դերձակ Սանդրոյի կին» անունով հայտնի Սալոմեն մի գեղեցիկ օր երևեցավ մեզ հայտնի թաղում «գրբաց Սալոմե» անունով և ամսական երկու ռուբլիով վարձեց ա՛յն տունը, որի մեջ մինչև այսօր էլ ապրում է նա:

Հետզհետե նրա մոտ սկսավ հաճախել իրենց ապագայի հետ ծանոթանալ ցանկացող կանայք և աղջիկներ: Սալոմեն շատ ճշտությամբ գուշակում էր նրանց սրտի ցանկությունները, ցավերը, հոգեկան վշտերը և զարմանալի մարգարեություններ էր անում նրանց ապագայի համար, որոնք միշտ կատարվում էին։

Այսպես, օրինակ, մի մանկամարդ կին հայտնում էր նրան, որ ինքը սիրում է այսինչ երիտասարդին, բայց ամաչում է յուր սերը հայտնել նրան. ուստի խնդրում էր Սալոմեին, որ փալին նայե ու տեսնե, արդյոք հույս կա՞, որ այդ երիտասարդն էլ իրեն սիրե։

Սալոմեն իսկույն շարում էր յուր թղթերը զանազան ուղղությամբ, երկար նայում էր նրանց վրա, ապա զատում էր նրանցից մի քանիսը, կրկին խառնում էր, կրկին շարում, և հետո սկսում էր յուր գուշակությունները: «Այդ երիտասարդը երեք օրից հետո առանձին քեզ նամակ կգրե, կհայտնե քեզ յուր սերը, մի տեղ կնշանակե, ուր դուք իրար հետ կտեսնվիք և ապա կսկսեք ձեր բարեկամությունը...»։ Եվ իրավ, երեք օրից հետո մանկամարդ կինը ստանում էր յուր սիրած երիտասարդից առանձին նամակ, նրանք տեսնվում էին իրար հետ և սկսում էին իրենց երջանիկ բարեկամությունը...

Ի՞նչպես էր պատահում այդ. հրաշքո՞վ, ո՛չ. ամենապարզ եղանակով։ Սալոմեն մանկամարդ տիկնոջ գաղտնիքն իմանալուց հետո անձամբ տեսնվում էր երիտասարդի հետ, հայտնում էր նրան տիկնոջ խոսածները և գործը կարգադրում էր այնպես, ինչպես ինքն էր գուշակել։ Հարկ չկա ասելու, որ երիտասարդն էլ իր կողմից մեծ հաճությամբ կատարում էր Սալոմեի պատվերը թե՛ նրա գուշակությունը սուտ չհանելու և թե յուր բախտը լիովին վայելելու համար։ Իսկ Սալոմեն պարզ է, որ երկու կողմից էլ առատ վարձատրություն էր ստանում:

Այսպիսի հրաշագործություններով քիչ ժամանակի մեջ նա այնպիսի հռչակ ստացավ, որ քաղաքի ամեն անկյուններից կանայք, աղջիկներ և նախապաշարյալ մարդիկ բազմությամբ դիմում էին նրա մոտ իրենց ցավերին դեղ ու դարման անելու համար։ Իսկ ավելի բարձր ընտանիքները նրան պատվով հրավիրում էին իրենց տունը, և ամենայն տեղ էլ առատ վարձատրությամբ վարձատրում նրան։

Նախապաշարմունքը, կախարդության և հմայության հավատալը՝ միայն աղքատ և տգետ կանանց բաժինը չէ. մեր մեջ այդ ախտով տոգորված են նույնիսկ զարգացածները» դպրոցներ և վարժարաններ ավարտած կանայք, արիստոկրատ տիկնայք և մեծանուն օրիորդներ։ Փիլիսոփայական խորհրդածություններ կարդացող և հասկացող աղջիկը նույնչափ հավատով և հաճությամբ է նայում գրբացությանը, հմայական հռութներին և նոր կախարդական խաբեություններին, որչափ հավլաբարցի մի տգետ կալատոզի աղջիկը։ Պարզ է, ուրեմն, որ Սալոմեի նման մի խաբեբա պառավը մեծ ժողովրդականություն պիտի վաստակեր այս քաղաքի մեջ։ Բայց այդ դեռ բոլորը չէ:

Սալոմեն յուր այդ արհեստի շնորհիվ հետզհետե ծանոթանալով քաղաքի ամեն անկյունների հետ, յուր համար մի այլ եկամտի աղբյուր էլ հնարեց, այն է գտնել հարուստ և շռայլող երիտասարդների համար զվարճության նորանոր առարկաներ, այսինքն՝ բարեկամուհիներ, տարփածուներ... Նա այնքան հնարագետ և ճարպիկ էր, որ այդ տեսակ գործերից ամենադժվարին անգամ աներկյուղ ձեռնարկում էր և հաջողությամբ գլուխ հանում։ Յուր արհեստը այդ բանում օգնում էր նրան։ Ծանոթ լինելով ամեն տեսակ ընտանիքների հետ, նա յուր առաջ փակ դուռ չուներ։ Նա թափանցում էր անմատչելի գաղտնարանները, մտնում էր սկեսրարներով և տագրներով շրջապատված հարսի առանձնարարը, խոսակցում էր հոր բռնության տակ ապրող աղջկա հետ, հիմարացնում էր հարուստ և աղքատ, բայց միշտ գեղեցիկ այրիներին, խաբում էր չքավոր մայրերին և հրապուրում թեթևսոլիկ աղջիկներին․․․

Ահա այսպիսի մի ծարայության համար էլ նա ծանոթացավ քաղաքի մի շատ հարուստ մարդու, այն է՝ Աղաբաբ Փուլշատյանի որդու Սամվելի հեՏ; Վերջին մի քանի դեպքերում տեսնելով Սալոմեի արտաքո կարգի խորամանկությունը և ճարպկությունը յուր սիրած գործերում, ընտրեց նրան յուր համար մշտական զվաչճությանց մատակարար ամսական որոշ թոշակ կապելով նրա համար: Այսպիսով Սալոմեն պարտավոր էր քաղաքի մեջ լույս ընկնող ամեն մի գեղեցկուհու մասին տեղեկություններ տալ երիտասարդ Փուլշատյանին, թե արդյոք ո՞վ և ո՞ր տեղացի է այդ գեղեցկուհին, ի՞նչ պաշտպաներ ունի, ինչո՞վ կարելի է նրան ձեռք բերել ոսկո՞վ, թե ուրիշ միջոցներով, և այս ամենը ստուգելուց հետո ծանոթացնելով և բարեկամացնել նրան Սամվելի հետ…

Գրբացությունը և զանազան հմայություններ, որոնք մինչև այն Սալոմեի համար միակ ապրուստի միջոցներն էին, այժմ ծառայում էին նրան իբր մի ուռկան, որի մեջ անխտիր բռնվում էին թե՚ խեղճ ծնողաց աղջիկները, թե՚ անպաշտպան որբուկները թե՛ նույնիսկ, և՛ հարստություն, և՛ պաշտպանություն վայելող գեղանիները: Հարկ չկա ասել, որ զվարճասեր Փուլշատյանն այս բավականության համար ոչինչ չէր խնայում այն մեծ հարստությունից, որը դիզել էր յուր հայրը ճակատի քրտինքով, ինչպես նա միշտ սովոր էր ասել: Եվ Սալոմեն յուր սկսած գործերի մեջ երևան եկող դժվարություններն և արգելքները հաղթելու համար ամեն միջոց առձեռն ուներ․ որովհետև յուր երիտասարդը պարոնի մոտ վայելում էր անսահման վարկ և հվատարմություն:

Զվարճության մի «առարկան» ձեռք բերելուց ետ, խորամանկ պառավը իսկույն ևեթ սկսում էր որոնել մի ուրիշը, որովհետև այնպես էր հրամայված յուր երիտասարդ պարոնից, որը շատ սիրում էր փոփոխությունները… Իսկ այդ «ուրիշը» գրավելուց հետո նա պարտավոր էր հետամուտ լինել «երրորդին» և այնպես շարունակ:

Նախընթաց գլխում Սալոմեի մոտ գիշերով այցելող երիտասարդի հանձնարարությունը նույնպես վերաբերում էր այս «ուրիշներից» կամ «երրորդներից» մինին:

ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈՒՄ

Ա՛յն խանութները, որոնց մեջ զետեղված էր տիկին Բերնարի կարանոցը, բաղկացած էին մի քանի մասերից: Առաջին բաժման մեջ, որը նայում էր մեծ փողոցի վրա, բանում էին նրա կարողուհիները, իսկ նրա ետքի սենյակներում բնակվում էր ինքը՝ տիկին Բերնարը և յուր գիշերօթիկ բանողները:

Չնայելով, որ դեռ առավոտյան ժամը յոթն էր, Բերնարի կարանոցում արդեն աշխատանքները սկսված էին: Մոտ քսանևհինգ աղջիկները, ոմանք խմբակներով, ոմանք երկ երկու և այլք առանձին առանձին նստած, գլխակոր և անխոս կարում էին: Նրանց մեջ լուռ և մունջ անցուդարձ էր անում ինքը՝ տիկին Բերնարը: Սա մի հաստլիկ, միջահասակ և համակրական դեմքով կնիկ էր: Թեպետ տեսնողը նրան հազիվ քառասուն տարեկան կկարծեր, բայց, իրոք, հիսունից անց էր: Տիկին Բերնարի անյցալի մասին շատ քչերը միայն տեղեկություններ ունեին, և այդ քչերը պատկանում էին վաթսունական թվակաների այն երիտասարդական խմբին, որ յուր կյանքի ամենաթանկ րոպեներն անցուցել է Օրթաճալայի այգիներում, անուշ գինիների և գեղեցիկ աղջիկների ընկերակցությամբ: Պատմում են, որ տիկին Բերնարն այդ միջոցներում արտասահմանից դեռ նոր էր եկել Կովկաս: Նա նշանավոր էր յուր գեղեցկությամբ, այդ պատճառով էլ իսկույն գնահատվեցավ զարգացած ճաշակ ունեցող երիտասարդությունից: Այդ ժամանակ ամենակատարյալ քեֆերը սարքվում էին միայն տիկին Բերնարի համար. ամենագեղեցիկ երգերը երգվում էին նրա ներկայությամբ և ամենաթանկագին գինիներով խմում էին նրա կենացը։

Ինչպես պատմում են՝ լոգարանը(вanna) շամպանիայով լցնելը, նրա մեջ լողանալը և յուր մարմինը լվացած շամպանիայով երկրպագուներին արբեցնելը՝ առաջին անգամ Կովկաս մտցրեց տիկին Բերնարը։ Քեֆերի ժամանակ նրա երկրպագուներից շատերը բաժակի փոխարեն նրա ոտնամաններով էին գինի խմում: Նա ինքը մի օր գրել է Նիցցայում ապրող յուր մի բարեկամուհուն հետևյալը.

«Իզուր են կարծում թե Կովկասում վայրենիներ են ապրում: Թիֆլիսը ճաշակի զարգացման կողմից ոչնչով ետ չի մնում եվրոպական նշանավոր քաղաքներից: Չի պիտի զարմանք եթե ասեմ, թե այստեղի ապրել գիտցող երիտասարդությունը տասը տարվա ընթացքում ինձ համար զոհել է հինգ միլիոն ֆրանկից ավելի: Եվ թեպետ այդ բոլորը գործադրվել է միմիայն մեր բարեկամական շրջանի կյանքը մասամբ քաղցրացնելու համար, այսուամենայնիվ հենց այդ բարեկամաց շնորհիվ ես այսօր մի ապահովված դրություն ունիմ…»:

Այո՛, տիկին Բերնարը մի օր Թիֆլիսի երիտասարդության աստվածուհին էր. բայց չէ՞ որ քսանհինգ տարին մի շատ երկար ժամանակ է: Իսկ ժամանակը, որ կոթողները մաշում է և կամարները կործանում, պետք է յուր դրոշմը դներ տիկին Բերնարի գեղեցիկ դեմքին և խորշոմներով ծածկեր նրան… Այդ շատ անախորժ բան է, որ հարմարվում է ժամանակի հետ:

Ահա՛ թե ինչո՞ւ այսօր տիկին Բերնարը կարանոց էր պահում և այժմ էլ այդ ճանապարհով է փող վաստակում:

Դառնանք այժմ մեր պատմության:

Տիկին Բերնարը շարունակում էր յուր լուռ անցուդարձը կարանոցի մեջ. երբեմն-երբեմն էլ խոնարհվելով դեպի այս ու այն կարողը դիտում էր նրա գործը և զանազան նկատողություններ անում: Կարողուհիներից ոչ ոք գրեթե ոչինչ չէր խոսում, բացի այն ժամանակ, երբ հարկավոր էր մի բան հարցնել տիկնոջից: Այս միջոցին Բերնարի աղախինը մտավ կարանոցը և հայտնեց տիկնոջը, որ մի հայ կին ուզում է իրեն տեսնել։ Տիկին Բերնարը դուրս գնաց։ Կարողուհիներն սկսան իրենց խոսք ու զրույցը։

Մի րոպեի մեջ կարանոցը նմանվեցավ դպրոցի այն դասատուններից մեկին, որի վարժապետը բացակա է։

Ամեն անկյունից այժմ լսվում էին հարց ու պատասխաններ, ծիծաղ, քրքիջ և երբեմն էլ կանացի փոքրիկ հայհոյանքներ, անեծքներ։

Կարանոցի աջ անկյունի մոտ գտնվող մեծ պատուհանի առաջ դարձյալ միասին նստած էին մեր նախածանոթ երեք կարողուհիները՝ Ելենան, Նինոն և Շուշանը և փոքրիկ զրուցատրությամբ կարում էին իրենց գործը։ Նրանց խոսակցության առարկան դարձյալ երեկվա գեղեցիկ երիտասարդն էր։

Լավ, Ելենա, եթե այն տղի աչքը քեզ վրա չէր, ինչո՞ւ համար մեր ետքից մտավ այստեղ և շապիկներ պատվիրեց, կամացուկ խոսում էր Շուշանը։

Զարմանալի բան ես հարցնում․ այդ մարդուն շապիկներ էին հարկավոր և եկավ պատվիրեց, ինչո՞ւ անպատճառ իմ պատճառով պիտի լիներ։ Եվ վերջապես մի՞թե ես միայնակ եմ այստեղ և ուրիշ աղջիկներ չկա՞ն, որ նրանց պատճառով լիներ։

Ուրիշ աղջիկներ էլ կան, տեսա՞ր, որ նա միայն քեզ մոտեցավ և քեզ հետ խոսեց։

Ձեզ հետ էլ խոսեց։

Ո՛չ, մեզ հետ միայն քո պատճառով խոսեց։

Դուք էլի՞ սկսեցիք վիճել, մեջ մտավ Նինոն։

Ի՞նչ անեմ, չե՞ս տեսնում, Շուշանը ուզում է անպատճառ հաստատել, որ այդ երիտասարդն ինձ ուզում է, կես բարկությամբ հարեց Ելենան, չեմ իմանում ի՞նչն է ստիպում նրան միշտ այդ առարկայի վերա խոսել։

է՜հ, լավ, Ելենա, ճշմարիտն ասա, եթե այդ տղան քեզ ուզելու լինի, չե՞ս գնալ, հարցրեց Նինոն։

Ելենան ոչինչ չպատասխանեց։

Քեզ հետ չե՞մ, ինչու՞ չես պատասխանում, կրկին խոսեց Նինոն և կարը թողնելով սևեռեց աչքերը Ելենայի վրա։ Իմ գլխի տերը ես չեմ, որ գնամ կամ չգնամ, այդ իմ ծնողների գործն է, պատասխանեց նա։

Իսկ եթե նրանք համաձայնվելու լինեն, կերթա՞ս։

Ինչու չէ, կամացուկ պատասխանեց Ելենան և ժպտաց:

Ա՜, ուրեմն դու սկսել ես նրան սիրել:

Այնպես երիտասարդին ո՞վ չի սիրիլ, նկատեց Շուշանը:

Ճշմարի՞տ չէ, սկսել ես սիրել, կրկին հարցրեց Նինոն։

Այո՛, այո՛, սկսել եմ սիրել, իբր թե բարկացած պատասխանեց Ելենան, բայց նրա հանկարծակի շառագունիլը հայտնի ապացուցանում էր, որ օրիորդն անտարբեր չէր դեպի գեղեցիկ երիտասարդը։

Համեստությունը, որ այնքան զորեղ կերպով կապանքներ է դնում պարկեշտ աղջկա բերանին, միշտ անզոր է գտնվել նրա սիրտը շղթայելու համար։ Իզուր միամիտ խնամակալները սրտի անմեղությունը չափում են նրա բերանի լռությամբ։ Այդ լռությունը շատ անգամ ավելի է խոսում, քան լեզուն, որ նրան հնազանդվում է. միայն ցավալին այն է, որ շատ քչերն են ըմբռնում լռության խոսքը։ Ելենան, չնայելով յուր լռակեցությանը, ճշմարիտ, որ սկսել էր սիրել գեղեցիկ երիտասարդին։ Առաջին անգամից իսկ, երբ այգու մեջ նրա հայացքը հանդիպեցավ երիտասարդի հայացքին և նրանից հեռացավ, մի անծանոթ անհանգստություն պղտորեց նրա սիրտը, ի՞նչ զգացում էր այդ, նա չգիտեր, բայց կցանկանար, որ այդ հայացքը կրկին պատահեր իրեն, միայն այնպես, որ ուրիշները չնկատեին, որ նույնիսկ երիտասարդն այդ չհասկանար։ Հենց այդ րոպեից սկսած նա անուշադիր էր յուր ընկերուհիների խոսակցության, և միայն այն ժամանակն էր մտադրությամբ լսում նրանց, երբ խոսքը դառնում էր գեղեցիկ երիտասարդի վրա։

Երեկ իսկ, երբ նա մտավ կարանոցը շապիկներ պատվիրելու համար, և մոտեցավ իրեն հետ խոսելու, Ելենան սաստիկ շառագունեցավ, նրա սիրտն սկսեց անհանգստությամբ տրոփել, այդ բանը նկատեցին յուր ընկերուհիները և սկսան ծիծաղել, նրանք այդ վերագրում էին միայն նրա ամոթխածությանը, որը միշտ ծաղրում էին։ Իսկ այս գիշեր նա մինչև անգամ շատ անհանգիստ քնեց, յուր երազներում հաճախ տեսնում էր գեղեցիկ երիտասարդին և փախչում էր նրանից։

Անմեղ սիրտը սկսել էր խաղալիք դառնալ սիրո անդրանիկ հարվածին...

Այն միջոցին, երբ երեք ընկերուհիներն իրենց ծանոթ երիտասարդի մասին կամացուկ խոսելով էին զբաղված, կարանոցի ետքը առանձնարանումն էլ մի ուրիշ խոսակցություն էր շարունակվում տիկին Բերնարի և գրբաց Սալոմեի մեջ։ Թե ինչ էր, իսկապես, դրանց խոսակցության առարկան, հայտնի չէր, միայն թե նրանց հետևյալ խոսքերից կարելի էր եզրակացնել, որ մի ինչ֊որ խորհրդավոր առևտուր պիտի լիներ նա։

Հավատացնում եմ ձեզ, որ չեմ կարող, համոզում էր տիկին Բերնարը Սալոմեին, ձեր առաջարկածը շատ չնչին գին է համեմատելով առարկայի մեծության և այն վտանգի հետ, որին ինքս ինձ ենթարկում եմ։

Թե առարկան մեծ և արժանավոր է, դրան խոսք չունեմ. բայց պիտի իմանաք, որ մեր առաջարկած վարձատրությունն էլ պակաս գին չէ։ Ես այդ գնով ավելի լավերն եմ ձեռք բերել։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե դուք վտանգի եք ենթարկվում մեր առաջարկությունն ընդունելով, դա բոլորովին ավելորդ երկյուղ է։ Մենք խո այս բանի մասին միմյանց թուղթ չե՞նք տալիս։ Ո՞վ կարող է ապացուցանել, որ այդ գործում դուք եք մեղավորը։

Այս միամտացնող խոսքերի վերա տիկին Բերնարը ժպտաց։ Նա կարծես դրանով կամենում էր հասկացնել Սալոմեին թե «քո կողմից ինձ խելք սովորեցնելն ավելորդ է. այս առաջին անգամը չէ, որ ես այդ տեսակ առևտուր եմ անում։ Ուրեմն որքան էլ որ քիչ հասկացողություն ունենամ այդ ճանապարհների մասին, գոնե մի որևէ գրբաց Սալոմեից հետ չեմ մնալ»:

Այսպես թե այնպես, մա՛յրիկ, ես ձեր առաջարկությունն ընդունել չեմ կարող, վճռաբար խոսաց տիկին Բերնարը, ես, մի գին ասացի, վերջացրի. Կամենո՛ւմ եք, տվեք` չե՞ք կամենում, բարով եկիք. ես երկար խոսելու ժամանակ չունիմ։

Լավ, ուրեմն թող կրկնապատիկը լինի, սրա դեմ հո խոսք չունի՞ք, վստահությամբ հարցրավ Սալոմեն։

Ձեզ ասացի, որ պակաս անկարելի է, ինչո՞ւ համար իզուր տեղը ժամանակ եք վատնում։ Այս ասելով, իբրև թե բարկացած, վեր կացավ տիկին Բերնարը և ուղղվեցավ դեպի դուռը։

Երևում էր, որ էլ խոսելու տեղ չկար, Սալոմեն մնացել էր շվարած։

Լավ, մի՛ գնաք, համաձայն եմ, գոչեց նա տիկին Բերնարի ետևից և յուր ձեռքը պարզեց դեպի նրան ի նշան հաճության։ Տիկին Բերնարն յուր կողմից սեղմեց նրան, և առևտուրը վերջացավ։

Ուրեմն ի՞նչպես կանեք, որ էգուց երեկոյան ես տանեմ նրան, հարցրավ Սալոմեն տիկին Բերնարին։

Դուք գնացեք փողը բերեք, իսկ մնացածը թողեք ինձ կարգադրելու, հակիրճ պատասխանեց տիկին Բերնարը և հեռացավ։

Սալոմեն ուրախությամբ դուրս գնաց։

Աղջիկներ, ինչո՞վ եք զբաղվում, մի քանիսդ թողեցեք քիչ հարկավոր գործերը և սկսեցեք կարել երեկվա պատվիրած շապիկները, նրանք շատ հարկավոր են, ես խոստացա վաղը երեկոյան հանձնել տիրոջը։ Այս խոսքերով տիկին Բերնարը մտավ կարանոցը և մի քանի աղջկերանց ձեռքից իրենց կարերը վերցնելով, փոխարենը բաժանեց պարոն Փուլշատյանի պատվիրած շապիկներից մի֊մի հատ։

Այս կարողների շարքում կային Ելենան և յուր երկու ընկերուհիները։ Նրանք անընդհատ նայում էին միմյանց իրենց խորհրդավոր հայացքներով և ժպտում։

Ուրախացի՛ր, Ելենա, էգուց պետք է գեղեցիկ երիտասարդին տեսնես, կամացուկ շշնջաց Նինոն Ելենայի ականջում, տիկին Բերնարի ծանուցումը լսելուց ետ։

Անշուշտ վաղը դու մեզ նրա հետ կծանոթացնես այնպես չէ՞, դու արդեն նրա ծանոթն ես, ավելացնում էր մյուս կողմից Շուշանը։ Իսկ Ելենան, որ արտաքուստ բնավ չէր հաշտվում յուր ընկերուհիների կատակների հետ, ներքուստ մեծ հրճվանք էր զգում սիրած երիտասարդի մասին այդքան արձակ խոսակցություններ լսելուն համար։ Նա մինչև անգամ մի առանձին փութաջանությամբ սկսեց յուր կարը։ Բայց տիկին Բերնարի նոր պատվերն անհանգստացնելու չափ հետաքրքրում էր նրան։


Ի՞նչ էր արդյոք պատճառը, որ նա շտապեցնում էր երիտասարդի գործը։ Ելենան շատ լավ հիշում էր, որ երեկ տիկին Բերնարը նրան ոչինչ խոստում չէր արել շապիկները շուտ հանձնելու համար, և եթե արած էլ լիներ, ինչո՞ւ առավոտվանից չտվավ նա այդ պատվերը կարողներին։ Եվ վերջապես ո՞վ էր այն կինը, որ նրան կանչեց, ինչ էր խոսում նա նրա հետ, այդ մանավանդ շատ հետաքրքրում էր իրեն, որովհետև նրա խոսածների և տիկին Բերնարի նոր պատվերի մեջ նա մի կապ էր նշմարում, բայց ճշմարտության հասու լինել չէր կարողանում։

Մինչև այն, տիկին Բերնարի մոտ շատ կանայք էին եկել, և տիկին Բերնարը շատ նոր պատվերներ էր տվել յուր կարողներին, բայց այդ դեպքերից և ոչ մեկն իրեն չէին հետաքրքրել։ Իսկ այսօր.․․այսօր նա ամեն ել ու մուտ հետաքրքրությամբ դիտում է, բոլոր խոսակցությունները լսում է, բոլոր ակնարկները զննում է։ Մի գաղտնի նախազգացմունք անհանգստացնում է նրան, նա սպասում է մի ինչ-որ նորության, որ անշուշտ իրեն պիտի վերաբերեր... և այդ նորությունը, որի ինչ լինելն ինքը չգիտեր, մերթ ուրախացնում և մերթ սարսափեցնում էր նրան:

Be the first who will comment on this

Other parts of "Հարուստները զվարճանում են"

Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn