Mkrtich Armen

Քաղպարապմունք

Հարցրու որեւէ չորհոգի մարդու, թե ինչի համար է բաղանիքը։ Նա քեզ կասի՝ լողանալու, մարմինը կեղտից մաքրելու համար։

Մի կարծիր, թե նա դադար տվեծ եւ հիմա կշարունակի՝ բաղանիքը նաեւ հաճույքի համար է…

Ոչ, նա ավարտեց։

Իսկ բաղանիքի մեծ լողարանի բարձր գմբեթից իջնում է խորհրդավոր կիսալույսը։ Օդը կիսովին բաղկացած է տաք մշուշից։ Դրա մեջ, ինչպես երազի, շարժվում են մարդկանց մերկ մարմինները։ Ջրի գուռի եզրին զնգում է պղնձե թասը եւ զնգոցն արձագանքում է բարձր առաստաղի գմբեթի տակ։ Ամեն կողմ լսվում են ջրի զանազան հնչյուններ․ լայն ծորակներից խշշոցով թասերի մեջ լցվող, ընդարձակ շրմփոցով գլուխների ու մարմինների վրա կործվող, հատակով մեկ անձայն հոսող, անկյունում գետնի տակ անհետանալիս խուլ քչքչացող…

Օդը հագեցած է մաքուր մարմինների բույրով՝ միախառնված տարբեր գույնի օճառակտորների զանազան հոտերի հետ։

Եվ մերկությունը, տղամարդկանց, թե կանանց՝ միեւնույնն է, մարդկային մերկ ու մաքուր մարմինների սիմֆոնիան…

Բայց այդ բոլորը չորհոգի մարդու համար չէ։ Նա բաղանիք է գնում միայն լողանալու, մարմինը կեղտից մաքրելու համար։

Իսկ դրա համար ձեռք կտա նույնիսկ ճամբարի բաղանիքը…

Կալանավորը ճամբարում զրկված է որեւէ հաճույքից։ Այդ թվում նաեւ լողանալու հաճույքից։ Դա նրա համար է, որ նա այլեւս ցանկություն չունենա վաճառելու իր հայրենիքը եւ ընկնելու ճամբար…

Հաճույքների փոխարեն կալանավորն ունի միայն անհրաժեշտություններ։ Անհրաժեշտություն՝ կուլ տալու հաց կոչվող ցեխակտորը՝ չմեռնելու համար սովից։ Անհրաժեշտություն՝ թելերով ու պարաններով կապկապելու մարմնի վրա կեղեվատրեխները, շալվարը, գլխարկը՝ չմեռնելու համար ցրտից։

Անհրաժեշտություն՝ գնալու բաղանիք, որպեսզի… ի՞նչ եք կարծում, որպեսզի ի՞նչ․ մաքրվելո՞ւ, առողջությունը պահպանելո՞ւ…

Գրողի ծոցը գնան թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Կալանավորը բաղանիք է գնում, որպեսզի դրանից հետո թույլ տան նրան՝ մտնել ճամբար, ընթրել եւ քնել…

Սկզբում նրանց բաղանիք էին տանում ընթրիքից հետո։ Բրիգադը վերադառնում էր աշխատանքից, մտնում անցատնակից ներս, ընթրում եւ ցրվում պառկելու իր տախտակների վրա։ Իսկ երբ հնչում էր՝ «այսինչ բրիգադ, հավաքվիր բաղանիք գնալու», բոլորն իսկույն վեր էին ցատկում տեղերից։ Բայց ոչ թե բաղանիք գնալու, այլ թաքնվելու համար՝ ով որտեղ կարող էր։

Իսկ ո՞րտեղ կարելի էր թաքնվել ճամբարում․ ուրիշ բրիգադների բարաքներում, արտաքնոցում, խոհանոցի ետեւը։ Այդ բոլոր տեղերում էլ հեշտությամբ գտնում էր նրանց վերակարգիչը, համոզելով կամ ծեծելով վերադարձնում բրիգադ։

Բայց, փախչելով, կալանավորները հույսը դնում էին ոչ թե թաքստոցների ապահովության վրա, այլ ժամանակի կորստի։ Մինչեւ հավաքեին բոլորին՝ կգար մի ուրիշ բրիգադի լողանալու հերթը։ Ուստի եւ, այլեւս չուշացնելու համար, վերակարգիչը բաղանիք էր տանում այնքանին, որքանին որ կարողանում էր հավաքել։ Այսինքն՝ բրիգադի քառորդից մի քիչ ավել, բայց կեսից անպայման պակաս։

Դուրս գալու համար այդ վիճակից, ճամբարի պետերը որոշեցին․ բրիգադները բաղանիք են գնում աշխատանքից վերադառնալուց անմիջապես հետո, դեռ ճամբար չմտած եւ չընթրած։ Այսօր՝ մի բրիգադը, վաղը՝ մյուսը եւ այլն։

Այստեղ արդեն խուսափել չես կարող։ Ուզես, թե չուզես՝ պիտի գնաս։ Իսկ որ գնացիր՝ հո պարապ չե՞ս նստելու, կլողանաս։ Հագոստդ վերցնելու են ախտահանման, փորձիր մերկ նստել՝ նույնիսկ ոչ թե սառցային ցուրտ հանդերձարանում, այլ հենց թեկուզ լողարանում, որի հատակի տախտակների լայն արանքներից վեր են հարվածում ցրտի թրերը, իսկ անկյուններում ցածի գերանները պատել են ողորկ սառույցով։

Քո միակ փրկությունը ջուրն է՝ հսկայական տակառի մեջ պաշարված եւ արդեն հարկ եղածից ավելի հովացած։

Կալանավորները տակառը միշտ տեսնում են կիսով չափ դատարկ։ Դա նրանից է, որ ցերեկը, նախքան բրիգադների վերադառնալը, այնտեղից օգտվել են ուրիշները․ կամ գրասենյակի «հիմարկոտներն» ու ճամբարին կից աշխատողները՝ հաց կտրողը, խոհարարը, թիթեղագործը, վարսավիրը եւ այլք, կամ «ազատուկները», այսինքն՝ ազատ մարդիկ։

Բայց մի անգամ կալանավորներն ականատես եղան, թե ինչպես բաղանիքում լողացել էին մի կալանավոր եւ մի ազատ մարդ՝ միասին։ Այդպիսի անհավատալի բան հնարավոր էր եղել միայն այն պատճառով, որ կալանավորը տղամարդ էր, իսկ ազատը՝ կին…

Տղամարդն Իվան Գրեբենն էր, Հեռավոր արեւելքի մի բարձրահասակ, նիհարկոտ մարդ՝ քսանութ֊երեսուն տարեկան, բավական գեղեցիկ եւ, չնայած իր նուրբ տեսքին, շատ ուժեղ։ Բայց նա ոչ ոքի նկատմամբ չէր գործադրում իր ուժը, այլ միայն աշխատանքի մեջ։ Նա թիթեղագործ էր։ Ճամբարի կողքին գտնվող նրա կրպակ֊արհեստանոցում պատրաստվում կամ նորոգվում էին ազատ մարդկանց թիթեղե վառարանները։ Իսկ կալանավորների համար նա սեւ թիթեղի մնացորդներից սարքում էր ճաշի կաթսայիկներ եւ տալիս՝ առանց դիմացը որեւէ բան պահանջելու։ Նա միշտ կուշտ էր, ոչնչի կարիք չուներ։ Բանտարկյալները շատ էին սիրում նրան եւ հարգում։

Կինն ամուսին չուներ։ Ապրում էր մենակ, աշխատում էր որպես ազատ կանանց դաշտային բրիգադիր, իսկ ձմեռները՝ որպես կարտոֆիլի պահեստների պետ։ Կալանավորներից մի երկուսը, որոնք մի ամիս առաջ գնացել էին Իվան Գրեբենից կաթսայիկներ խնդրելու՝ իրենց ժանգոտվածների ու ծակվածների փոխարեն, տեսել էին այդ կնոջը նրա մոտ՝ իր վառարանը պատրաստել տալիս։ Հետո Գրեբենը գնացել էր նրա սենյակը՝ վառարանն անձամբ տեղադրելու համար եւ, ինչպես երեւում է, այդտեղ էլ սկսվել էր նրանց մերձեցումը։

Երբ բրիգադը՝ հոգնած, սոված, ցրտահար, մոտեցավ ճամբարին, անցատնակի մուտքի մոտ պահակների փոխարեն նրանց սպասում էր վերակարգիչը։ Դա լավ բան չէր գուշակում…

Եվ իրոք, երբ բրիգադը կանգ առավ, վերակարգիչը պատվիվեց․

Սղոցներն ու կացինները հանձնել գործիքանոց եւ գնալ բաղանիք։ Շո՛ւտ, շո՛ւտ, տղերք…

Բարձրացավ անասելի աղմուկ։

Երկու շաբաթ էլ չկա, որ լողացել ենք, բողոքեց մեկը։

Սա ի՞նչ կարգ է, զայրացավ երկրորդը եւ կոպիտ հայհոյեց։

Ոչ թե միայն այդ մեկը, այլ բոլորը հայհոյեցին բթամիտ ու կեղտոտ այնպիսի հայհոյանքներով, որոնք հանդիպում են միայն ճամբարներում եւ ուրիշ ոչ մի տեղ։ Ոչ սրամտություն, ոչ հնարագիտություն կար դրանց մեջ։ Ընդամենը երեք֊չորս տեսակ, բոլորն էլ տարիներից ի վեր ծանոթ, ձնաձրացրած ոչ ոքի վրա այլեւս չներգործող…

Մազակալված դեմքերով, եղեւնում խեժով ներծծված ձեռքերով, այլանդակ հագուստների մեջ ավելի այլանդակված արտաքիններով այդ սոված մարդկանց տրտունջն ու գոռգոռոցը կարող էր տեւել շատ երկար, բայց վերակարգիչն ասաց․

Դրանով ձեր ընթրիքն եք ուշացնում, տղերք…

Դա էլ էր ծանոթ՝ տարիներից ի վեր, կրկնվում էր երկու կամ երեք շաբաթը մի անգամ…

Ճար չկար։ Կալանավորները շուռ եկան եւ անցնելով պահակների եւ մյուս ազատ աշխատողների տնակների մոտով, մոտեցան միայնակ կանգնած բաղանիքի փոքրիկ տնակին, մտան ներս՝ իրենց հետ տանելով դրսի ցուրտը։

Մտան ներս եւ կանգ առան քարացած։

Իվան Գրեբենը, համարյա լրիվ հագնված, սանրում էր իր բարձր մազերը։ Մի քիչ այն կողմ, բոլորովին մերկ, երեսով դեպի ներս մտածները, կանգնել եւ խավոտ սրբիչով կուրծքն էր չորացնում կինը…

Դա մի սքանչելի կին էր, կարծես ոչ այն, որին հաճախ էին տեսել կալանավորները հագուստով։

Ամենից առաջ՝ նա շատ փոքրամարմին էր, ուղղակի՝ «գրպանի կին»։ Երեսուն֊երեսուներկու տարեկան, նա կարող էր թողնել աղջկա տպավորություն՝ եթե չնայեիր նրա հասուն դեմքին՝ լուրջ եւ խիստ արտահայտությամբ։

Կինն ուներ ոչ շատ գեր եւ ոչ շատ նիհար մարմին, այլ այնպես, ինչպես պետք է լիներ իսկական կինը։ Նրա մարմինը թուխ էր եւ այնպես սքանչելիորեն համաչափ, ուղղակի՝ չարխված, որ թողնում էր ոչ թե կնոջ մարմնի, այլ կնոջ արձանի տպավորություն։ Եվ այն, որ նա զգալիորեն փոքր էր սովորական կանանցից, նույնպես նրան դարձնում էր արձան, փոքրիկ, կենդանի արձան։

Նա չէ՞ր արդյոք պատճառը, որ կալանավորները, տեսնելով նրան, չարձակեցին ոչ մի լպիրշ բացականչություն, այլ քարացան մնացին՝ ինչպես մոլեռանդ հավատացյալներն՝ իրենց աստծու պատկերի առաջ…

Բայց միայն այդ չէր պատճառը։ Այդ կնոջ հետ լողացել էր բոլոր կալանավորների կողմից սիրված ու հարգված Իվան Գրեբենը։ Անհնար էր ցինիկ վերաբերվել Գրեբենի «կնկան»։

Կինն ինքը եւս, ներշնչում էր ոչ միայն հիացմունք, այլեւ հարգանք։ Տեսնելով ներխուժող կալանավորներին, նա բոլորովին չշփոթվեց, այլ անխռով շարունակեց իր գործը՝ խավոտ սրբիչով չորացրեց կրծքերը, որոնք, ցցուն ու պիրկ, քարի պես անշարժ էին նրա ձեռքի շարժումների տակ։

Դեմքի վրա մտահոգ֊գործնական, բայց ոչ անհյուրընկալ արտահայտություն, նա դիմեց կալանավորներին․

Մտեք, տղերք։ Սկսեցեք հանվել, մենք հիմա դուրս կգանք։

Ոչ ոք ձայն չհանեց։ Բոլորն անթարթ նայում էին նրան, նրա սքանչելի գլխիկին՝ լողանալուց շառագունած այտերով, հար սանրած եւ ծոծրակի վրա ամուր կապած մազերով, լայն ճակատով… Նայում էին արդեն սրբված եւ անփայլ֊ողորկ ուսերին, ցցուն ու պինդ կրծքերին, դեռ ջրի թափանցիկ ուլունքները վրան ցանցնված փոքրիկ փորին, լիքը ազդրերին, աղջկային սրունքներին, ոտքերի փոքրիկ թաթերին՝ կանոնավոր մատներով ու եղունգներով…

Կինն ավարտեց չորացնել մարմինը եւ ժպտաց․

Դե, տղերք, իսկ հիմա շուռ եկեք ուրիշ կողմ, որ հագնվեմ…

Եվ բոլորը՝ գրպանահատներ, տնային գողեր, քաղաքական մեղադրանքներ ունեցող անմեղ կալանավորներ, թրծված քրեականներ, գեղեցկության ուժին ու հմայքին հավասարապես հլու, շուռ եկան եւ սկսեցին հանվել՝ շարունակ լուռ։ Այժմ նրանց աչքերի առջեւ նորից միայն հանդերձարանի կեղտոտ ու ծռմռված գերաններն էին եւ իրենց կյանքը՝ նույնքան կեղտոտ ու ծռմռված, զուրկ գեղեցկության նշույլից անգամ։ Ըստ երեւույթին, պատժի ամենածանր միջոցներից մեկն էլ դա էր՝ նրանց կյանքի տգեղությունը…

Երբ զույգը, հագնվելն ավարտելով, դուրս ելավ բաղնիքից, կինը մտածկոտ կիսաշշուկով ասաց Իվան Գրեբենին․

Ի՜նչ գեղեցիկ տղամարդիկ էին բոլորը…

Be the first who will comment on this
Yatuk Music
Masquerade - Romance
Aram Khachatryan

Masquerade - Romance

De Profundis
De Profundis
Play Online