Mkrtich Armen

Իմ տառը

Նրանք հանդիպեցին ճամբարի առջեւի փոքրիկ հրապարակում, որտեղ տղամարդիկ եւ կանայք, քաղաքականներ եւ քրեականներ, խուռներամ կանգնած, սպասում էին ցուցակի ընթերցմանը։

Երեք օր շարունակ, զանազան ճամբարներից, կալանավորներին փոքր խմբերով բերում ու բերում էին այդտեղ, բաշխիչ կայան, ուղարկելու համար ուրիշ ճամբարներ։

Չորրորդ օրը նրանց դուրս հանեցին բարաքներից, բերեցին դարպասից դուրս։ Եվ այդտեղ, ճամբարի առջեւի փոքրիկ հրապարակում, առաջին անգամ, միախառնվեցին տղամարդիկ ու կանայք, որոնց բարաքները փշալարերի մի ներքին պարսպով անջատված էին միմյանցից։ Եվ այդ ժամանակ էլ հենց, նրանք հանդիպեցին իրար…

Տղամարդը, մոտ երեսուն տարեկան, մինչեւ իր ձերբակալության րոպեն ուսուցչություն էր արել Սիբիրի շատ փոքրիկ Կամեն քաղաքում, իսկ այժմ ֆրանսիական լրտես էր եւ անգլիական դիվերսանտ։

Աղջիկը, քսանչորս հազիվ անց, ուսանողուհի էր՝ Սարատով քաղաքից։ Ընդամենը երեք անգամ էր ծեծել նրան քննիչը, որից հետո պարզվել էր, որ նա տեռորիստուհի է եւ ուզեցել է սպանել այսինչի հավատարիմ աշակերտ այնինչին։

Սկզբում տղամարդկանց մեծաքանակ խումբը եւ կանանց փոքրաքանակ խումբը կանգնած էին առանձին֊առանձին, եւ պահակները հսկում էին, որ նրանք չմոտենան իրար։ Բայց արանքը երկու խմբերի միջեւ դառնում էր հետզհետե ավելի եւ ավելի նեղ։ Մոտենում էին, սակայն, միայն քրեականները, որոնք կազմում էին տղամարդկանց մոտ կեսը, իսկ կանանց՝ ամբողջ խումբը՝ բացառությամբ մի քանիսի։ Եվ դժվար էր ասել՝ տղամարդի՞կ էին ավելի մղվում առաջ, թե՞ կանայք։

Չանցած մի քանի րոպե, տղամարդկանց խմբի կենտրոնում քրեականները կազմեցին մի սեղմ շրջանակ՝ մեջքերը դեպի ներս արած, եւ սկսեցին հերթով մտնել այնտեղ ու դուրս գալ։ Կանանցից չհամաձայնեցին միայն քաղաքականները, որոնց սպառնացին դանակներով եւ կոտրեցին երկուսի դիմադրությունը։ Մնացածներին, որոնք սպառնում էին բղավել, խոստացան ձեռք չտալ, պայմանով, որ չմատնեն նրանց։

Դուրս գալով շրջանակից, հին ճամբարային Ճոճանովը՝ քսանութ տարեկան մի հաղթանդամ երիտասարդ, մոտեցավ ճրանսիական լրտես եւ անգլիական դիվերսանտ Կովալյովին, որի հետ մտերմացել էր այդ երեք օրվա ընթացքում, եւ ցույց տվեց գլխով․

Գնա։

Ես շուն չեմ։

Պատասխանը տարակուսանք պատճառեցց Ֆոճանովին, բայց նա հարգանքով նայեց այդ տարօրինակ մարդուն, որը բոլորովին նման չէր նրա ճանաչածներին։

Հիսունմեկ օր է մնացել քեզ ազատվելու եւ չես կարող համբերել գոնե այդքան, զզվանքով հանդիմանեց Կովալյովը եւ շուռ տվեց երեսը նրանից։ Եվ իսկապես, ի՞նչ ընդհանուր բան կա իր եւ այդ գողի, տասներկու տարի ճամբարներում թրծվածի միջեւ։ Պատահականության բերումով այդ երեք օրը նրանք պառկել էին կողք֊կողքի եւ ձանձրույթը փարատելու համար իրար պատմել էին իրենց կյանքի պատմությունները։

Ահա այդ պահին էր, որ քրեականների հետապնդումից սարսափած, քաղաքականների հովանավորությունը փնտրելու համար, մոտեցավ դեռ անփորձ աղջիկ եւ փորձված տեռորիստ, սարատովցի ուսանողուհին։

Իր չափսից ավելի մեծ բուշլատի մեջ նա թվում էր իրականից փոքր։ Սարսափով ու զզվանքով լի նրա աչքերի աղերսական հայացքը, որ թափառում էր դեսուդեն, կանգ առավ Կովալյովի վրա։

Կովալյովը մղվեց դեպի նա, թափով ձգեց նրան, առավ թեւի տակ՝ պատրաստվելով իր կյանքի գնով պաշտպանել նրան աշխարհի բոլոր չարիքներից ու վտանգներից։

Նա նույնիսկ, ինչպես պետքն էր, չտեսավ նրա դեմքը․ գեղեցի՞կ էր աղջիկը, թե ոչ։ Եվ մի՞թե դա կարեւոր էր։ Նա կին էր, որը մտել էր տղամարդու պաշտպանության տակ։ Եվ դա առաջին անգամն էր թե մեկի կյանքում, թե մյուսի։

Ֆոֆանովն այդ ամենն ընդունեց յուրովի։ Տասնվեց տարեկան հասակից ի վեր ճամբարներում ապրած, նա չգիտեր սիրո մի ուրիշ տեսակ, քան այն, որով զբաղվում էին ինքն ու իր նմանները՝ առիթից առիթ։ Նա պատրաստվեց իր լայն թիկունքով պատնեշել զույգին ուրիշների աչքերից, իսկ վերջում շուռ գալ եւ ծիծաղել․

Դուրս եկավ, որ դու էլ շուն ես, եղբայրս…

Աղջիկը նրա ետեւում հեծկլտում էր։ Տղամարդն անկապ խոսքերով մխիթարում էր նրան։ Ֆոֆանովը գաղտագողի նայեց նրանց եւ տարակուսանքով նկատեց, որ նրանք չէին էլ պատրաստվում կատարելու մի այլ բան, քան կատարում էին այժմ․ աղջիկը լաց էր լինում՝ տղամարդու թեւի տակ կծկված, իսկ տղամարդը սեղմել էր նրան իր կողին եւ շշնջում էր հույսի սարսափելի, որովհետեւ դատարկ, խոսքեր։ Հույսի եւ սիրո…

Իսկ ի՞նչ է սերը՝ խա՞ղ, երջանկությո՞ւն… Ճամբարում չէր կարող լինել այլ սեր, քան տղամարդու հովանավորությունը կնոջը։ Եվ ճամբարում չէր կարող չփոխվել սիրո՝ տղամարդու հովանավորությունը կնոջը… Առանց անգամ նայելու աղջկան, Կովալյովն զգում էր, որ այդ նա է, որին սպասում էր իր ամբողջ կյանքում, բայց բախտը վիճակել էր, որ նրանք հանդիպեին այդտեղ…

Ախ, դուք, իժեր, հանկարծ որոտաց պահակներից մեկը՝ քրեական կանանց հասցեին։ Ապա, մարշ ձեր տեղերը, թե չէ կկրակեմ…

Ամեն ինչ ավարտված էր, կարելի էր եւ վերադառնալ։ Կանայք, քմծիծաղելով պահակի երեսին, անջատվեցին տղամարդկանցից։

Ֆոֆանովի լայն թիկունքի ետեւում պահակը չտեսավ տեռորիստուհուն։

Աբդուլաեւ… լսվեց հանկարծ մի ձայն։

Սկսվում էր ցուցակի ընթերցումը։

Ես եմ։

Անուն֊հայրանուն…

Հայդար Ալի Հուսեին, Ալի֊Հասան֊զադե։

Սեղանի մոտ նստածները ծիծաղեցին։

Հոդվածդ…

Ուզեցել եմ եմ գյուղի կամուրջը պայթեցնել։ Դիվերսանտ։

Ժամկետդ…

Տասնհինգ։

Ինչքա՞ն է մնացել, հիմար։

Համարյա բոլորը տեղն է, տասներկու տարի։

Անցիր աջ։

Կովալյովը տագնապով բաց թողեց աղջկան իր թեւի տակից եւ նայեց երեսին․

Ի՞նչպես է ազգանունդ…

Անունը կարեւոր չէր, դա չէր վճռում ոչինչ։

Պեսկովա… շշնջաց աղջիկը։ Իսկ քո՞նը…

Ինձ կանչելու են քեզանից առաջ, ես Կովալյով եմ…

Աղջիկը խլեց նրա ձեռքը, բռնեց իր ձեռքերի մեջ, աղերսանքով ու սիրով նայեց նրա երեսին։ «Մի գնա», կարծես ասում էր նա։

Ինչո՞ւ հանդիպեցինք, ինչո՞ւ այստեղ… տնքաց տղամարդը։ Չեմ կարող այլեւս բաժանվել քեզանից, Պեսկովա, ինչո՞ւ հանդիպեցինք…

Բայց գուցե մենք ընկնենք միեւնույն ճամբա՞րը, փայլատակեց հույսն աղջկա հոգում։

Ոչ, իմ տառն ու քոնը հեռու են իրարից, մեզ կտանեն տարբեր կողմեր…

Ալեքսանդրով…

Ես եմ։

Իսկ չի՞ կարելի խնդրել, աղերսել, որ գնանք միասին, Կովալյով։

Բայց այդ արդեն՝ հուսահատության ճիչն էր՝ բանականության հողից կտրված։ Ո՞վ կլսեր լրտես֊դիվերսանտի եւ տեռորիստուհու աղերսը, երբ կենակցությունը ճամբարներում արգելված էր նույնիսկ անմեղ քրեականների համար…

Բախրամեեւա…

Մի թողնիր ինձ մենակ, Կովալյով, խնդրում եմ քեզ, աղերսեց աղջիկը։ Ես լավ կին կլինեմ քեզ համար։ Ես էլ քեզ եմ սիրում, Կովալյով, դու տեսնո՞ւմ ես…

Աշխարհում ասեիր այդ խոսքերն ինձ, աշխարհում… աչքերը փակելով, գլուխը կսկիծով օրորեց Կովալյովը։ Ի՞նչ անեմ ես հիմա, ինչպե՞ս թողնեմ քեզ…

Գեննադիեւ…

Ես եմ։

Ե՞րբ հասան «Գ» տառին, սառեց Կովալյովը։ Շուտով կգա իմ տառը։ Այս ի՞նչ դժբախտություն է, շուտով կգա իմ տառը… Ժամանակ չկա, Պեսկովա, ի՞նչ անենք, ասա, ի՞նչ անենք… Պատմիր քո մասին, Պեսկովա…

Ես նստել եմ երեք եւ կես տարի, ունեմ վեց եւ կես։ Իսկ դո՞ւ։

Ես նույնպես։ Բայց պատմիր քո ազատության մասին, երբ դու աշխարհում էիր։ Ո՞րտեղացի էիր, ի՞նչ էիր անում դրսում, ո՞վ ունեիր…

Դավիդով…

Ես եմ։

Պատմիր, խնդրում եմ, Պեսկովա, արդեն կանչեցին «Դ» տառը։ Կհանդիպե՞նք երբեւէ կյանքում…

Երբեք… Երբեք… Ես կմեռնեմ։ Վեց եւ կես տարի…

Եվստիգենով…

Ես եմ։

Իմ տառը… Շուտով կլինի իմ տառը… Ասա գոնե քո տան հասցեն, Պեսկովա։ Ո՞վ գիտե, գուցե հանդիպենք աշխարհում…

Ես տուն չունեմ, թանկագին։ Մերոնց աքսորել են իմ պատճառով։ Ո՞ւր՝ չգիտեմ։

Ուրեմն լսիր իմ հասցեն։ Քաղաք Կամեն…

Ելագին…

Լսիր իմ հասցեն, լսիր… Քաղաք Կամեն, փողոց… Սպասիր, մոռացել եմ մեր փողոցը… Ասում են՝ դա ավիտամինոզից է։ Մեր փողոցը… Մեր փողոցը…

Զախարով…

Իմ տառը… Մեր փողոցը… Շուտով կլինի իմ տառը… Ի՞նչպես էր մեր փողոցը…

Մի փնտրիր, Կովալյով, ինձ պետք չի գա ձեր փողոցը, ես կմեռնեմ…

Ես չեմ թողնի, Պեսկովա, չեմ թողնի։ Ես հրաշք կգործեմ, ես սիրում եմ քեզ։ Բայց ի՞նչ հրաշք գործեմ, ի՞նչ, ի՞նչ…

Զուեւ…

Զուեւ… Քա՞նի տառ մնաց մինչեւ իմ տառը… Պեսկովա, լսիր, ես սիրում եմ քեզ։ Որքա՛ն երջանիկ կլինեինք մենք միասին։ Լսիր, պատմեմ քեզ իմ մասին, ուզո՞ւմ ես։

Պատմիր, շուտ, շուտ, արդեն կանչեցին «Ի» տառը…

Չի կարող պատահել, մի՞թե Զուեւը չէր վերջինը…

Իվանովա Ալեքսանդրա Պետրովնա…

Հետեւյալն իմ տառն է…

Ոչինչ, Կովալյով, ոչինչ, դեռ ժամանակ կա, Իվանովները շատ են։ Պատմիր։ Բայց ոչ, ասա մի քանի լավ քոսքեր, որ տանեմ ինձ հետ…

Իվանով Ալեքսեյ Պավլովիչ…

Քրեականներից մեկը, տեսնելով գեղեցիկ աղջկան այդ «ֆրաերի» հետ, մոտեցավ խլելու։ Բայց այդ պահին լայն ձեռքով տված մի շառաչուն ապտակ փակեց նրա քիթն ու բերանը։

Ես դարձիր, իժ, ֆշշաց Ֆոֆանովը։

Զույգը ոչինչ չնկատեց։

Իվանով…

Մոտենում է իմ տառը, Պեսկովա, ես ոչինչ չեմ կարող պատմել։ Պատմիր գոնե դու մի բան… Խոսիր, ասա ինչ որ ուզում ես…

Եկ լուռ կանգնենք այսպես, ես նույնպես ուժ չունեմ խոսելու…

Ֆոֆանովը, լայն թիկունքը նրանց արած, մոռացել էր ամեն ինչ շրջապատում, լսում էր միայն նրանց՝ հազիվ զսպելով իր հուզմունքը։ Նրանց յուրաքանչյուր հառաչանքը, ձայների յուրաքանչյուր ելեւէջը արտահայտում էին նրա համար բոլորովին անծանոթ մի զգացմունք, որից թունդ էր ելնում նրա հոգին, պտտվում էր գլուխը։ Տասնվեց տարեկան հասակից, ինչ նա ապրել էր ճամբարներում, եւ մինչեւ հիմա, երբ տղամարդ էր՝ քսանութ տարեկան, ոչ մի կին այդպիսի ձայնով չէր արտասանել նրա ազգանունը, եւ ոչ մի կնոջ նա չէր անվանել այդպիսի քնքշությամբ…

Իվանով…

Եկ հրաժեշտ տանք միմյանց, Պեսկովա, իմ հարազատ, մոտենում է իմ տառը…

Իվանով…

Մնաս բարով ընդմիշտ, Կովալյով, իմ սեր, իմ ապավեն…

Իվանով…

Դանդաղ կարդացեք, իժեր, դղրդաձայն որոտաց հանկարծ Ֆոֆանովը։

Ո՞վ էր… զայրույթից խզված ձայնով ծղրտաց պետը սեղանի մոտ, ցատկելով ոտքի։

Շտապում եք՝ կարծես մեղրաճանճ է ընկել ձեր ետեւից, շարունակեց Ֆոֆանովը՝ անցնելով զույգի առաջ եւ այժմ սեղանի կողմից պատնեշելով նրանց։ Կխառնեք բոլոր Իվանովներին իրար հետ, սատանան չի ջոկի։

Ազգանունդ, պահանջեց պետը։

Հերթը կհասնի՝ կիմանաս։

Հոդվածդ…

Իմ ֆորմուլյարը սեղանիդ վրա է, ինչո՞ւ ես ինձ հարցնում։

Լավ, մենք հետո կխոսենք քեզ հետ, սպառնաց պետը՝ նորից նստելով։

Իվանով…

Երկու «Իվանով»֊ից հետո, սակայն, նա ընդհատեց ընթերցումը։ Առաջին խումբը լրիվ էր։ Ուղեպահակների պետն ստորագրեց ստացականը, վերցրեց կանչվածների ֆորմուլյարները։ Ուղեպահակներն ու շները շրջապատեցին կալանավորներին, եւ խումբը, քայլելով դեպի աջ, ընկավ մի նեղ կածան եւ շուտով անհետացավ մեծ տայգայում։

Ժամանակի մի անսպասելի կաթիլ էր դա, որ ընկավ Կովալյովի ու Պեսկովայի պապակ հոգիների վրա։ Երեք րոպե հետո վերսկսվեց ցուցակի ընթերցումը․

Իվանչենկո…

Երբ ես գնամ՝ չարտասվես, Պեսկովա, ամուր կաց, իմ անգին… Ամուր կաց միշտ, միշտ, որ ապրես։ Հիմա կկարդան իմ տառը…

Իվանչուկ…

Ես քեզ չեմ մոռանա երբեք, Կավալյով, մինչեւ մահ…

Եվ ես քեզ չեմ մոռանա, Պեսկովա…

Կասատկինա…

Իմ տառը… խեղդված ձայնով արտասանեց Կովալյուվը։

Համբուրիր ինձ, Կովալյով, վերջին անգամ…

Ես դեռ առաջին անգամ էլ չեմ համբուրել քեզ…

Կովալյովը համբուրեց աղջկա այտը՝ արցունքից թրվջած։ Ուրիշ արցունքներ, ավելի խոշոր ու տաք, կաթեցին աղջկա այտի վրա։

Գոնե հինգ րոպե եւս, կծկված կոկորդից հազիվ արտաբերեց Կովալյովը։ Գոնե հինգ րոպե։ Ո՞ւմ խնդրել՝ աստծո՞ւն, սատանայի՞ն՝ եթե անկարելի է խնդրել մարդկանց…

Կաշինցեւ…

Կովալյովն ու Պեսկովան լռեցին կես խոսքի վրա, սարսափով սեղմվեցին իրար եւ նույնիսկ ընկրկեցին մի քայլ՝ կարծես գրոհող վտանգից։

Սեղանի կողմից, դաժան հանգստությամբ, ցուցակը մոտենում էր Կովալյովին…

Կելլեր…

Կովալյովը տագնապից դողացող մատներով շոշափեց֊գտավ աղջկա ձեռքերը՝ շոյելու եւ նրան հանգստացնելու համար։ Բայց նույն բանի համար Պեսկովայի մատները փնտրում էին տղամարդու ձեռքերը։ Նրանց մատներն անկանոն խճճվեցին իրար՝ ավելի խտացնելով նրանց տագնապը։

Կիչիգին…

Կովալյովը լեզվով խոնավացրեց իր չորացած ու գունատ շրթունքները, արեց կուլ տալու մի անզոր շարժում՝ պատրաստվելով արտասանել «ես եմ» բառերը, բայց զգալով, որ անկարող է արտասանել ոչ մի հնչյուն։

«Ձեռքս կբարձրացնեմ», մտածեց նա։

Կնորին…

Եվս մի ազգանուն… Ե՞րբ պիտի վերջանա այս տառապանքը…

Կնյազեւ…

Եվս մի ազգանուն…

Կովալյով…

Ես եմ, բարձր ու հստակ հնչեց Ֆոֆանովի ձայնը։

Խենթ, կիսաձայն բղավեց Կովալյովը եւ քաշեց նրա թեւքը։ Ֆոֆանովը կոպիտ ցնցումով ազատեց իր թեւը։

Այդ դո՞ւ էիր քիչ առաջ բղավողը, սրիկա, կիսատ բարձրանալով սեղանի ետեւում, ասաց պետը։ Անուն հայրանուն…

Գլեբ Իվանովիչ։

Հոդվածդ…

Ֆրանսիական լրտես եւ անգլիական դիվերսանտ։

Պարծենո՞ւմ ես, իժի ծնունդ, ինչո՞ւ չես անվանում հոդվածիդ համարը։

Մոռացել եմ։

Ժամկետ…

Վեց եւ կես տարի։

Անցիր ձախ։

Քաղաքացի պետ… ուզեց բղավել Կովալյովը, բայց հաղթանդամ երիտասարդն իր կատաղի աչքերը ոլորեց նրա վրա։ Ապա, մի աննկատելի շարժումով շոյեց նրա ձեռքը։

Մնաս բարով, մարդ… շշնջաց նա։

Շոյեց նաեւ աղջկա ձեռքը։

Եղեք երջանիկ… գոնե էլի հինգ րոպե… Ուրիշ ոչնչով չեմ կարող ձեզ օգնել…

Be the first who will comment on this
Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Sea view
Sea view
Play Online